Սուրբ Նշան վանք (Սեբաստիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նշան վանք (այլ կիրառումներ)
Սուրբ Նշան վանք (Սեբաստիա)
| |
վանական համալիր | |
---|---|
Տեղադրություն | Սեբաստիա, Արևմտյան Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | անհայտ |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 11-րդ դար |
Ավերում | 1915 թ․ |
39°34′19″ հս․ լ. 36°53′33″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Նշան վանք (նաև՝ Սուրբ Հովհաննես Ոսկեբերան վանք), հայկական միջնադարյան եկեղեցական համալիր։ Ըստ Արիստակես Լաստիվերցու՝ վանքը 11-րդ դարում կառուցել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունու որդի Ատոմը։ Սուրբ Նշան վանքում է պահվել Վարագավանքից տեղափոխված հարուստ մատենադարանը, Սենեքերիմ-Հովհաննեսի գահը, Վարագա Սուրբ Խաչը և այլ արժեքավոր իրեր։ 19-րդ դարի 2-րդ կեսին վանքում գործել է հոգևոր դպրոց։
Վանական համալիրի կառույցները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչ մեծ, գրեթե քառակուսի հատակագծով, քառախորան գմբեթավոր շինություն է։ Խորանների հատման անկյուններում ուղղանկյուն խորշեր կան, որոնց արևելքից մուտք է բացվում դեպի կիսաշրջանաձև, փոքր աբսիդներով զույգ ավանդատները։ Գմբեթը բարձրանում է խորանների անկյունների կիսասյուների միջև ձգվող կամարների վրա։ Եկեղեցին 19-րդ դարի սկզբին նորոգվել է, որի ընթացքում աղավաղվել են նրա որոշ հատվածներ (արևմտյան խորանը կիսաշրջանից փոխվել է սեղանաձևի, ավելացվել են կիսասյուներ)։ Մաքուր տաշված կրաքարից շարված, առանց խորշերի արտաքին պատերն ունեն բազմաստիճան որմնախարիսխ և զարդարված են դեկորատիվ կամարաշարով։ Այս եկեղեցին իր հորինվածքով Ավան-Հռիփսիմե տիպի հուշարձանների զուգահեռներից է։
Սուրբ Նշան եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Նշան եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթերով։ Բեմի խորանի երկու կողմի ուղղանկյուն, կիսաշրջանաձև աբսիդներով ավանդատները երկհարկանի են։ Եկեղեցու ներսակողմը բարձրության կիսով չափ երեսապատված է Արևմտյան Հայաստանի Կուտինա բնակավայրի հախճապակե սալիկներով։ Արտաքին պատերի մեջ ագուցված են խաչքարեր։ 11-րդ դարում եկեղեցին օծել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աշակերտ, վանահայր Եղիշե եպիսկոպոսը։
Սուրբ Կարապետ եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրի երրորդ՝ Սուրբ Կարապետ գմբեթավոր եկեղեցին, ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Լուսավորիչը՝ որպես մատուռ։ Այն հիմնովին վերակառուցվել է 1857 թ․-ին։
Վանական համալիրի ճակատագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին Սուրբ Նշան վանքը եղել է միջնադարյան հայկական ձեռագրերի հիմնական շտեմարանը Սեբաստիայում, այնտեղ գրանցված է եղել առնվազն 283 ձեռագիր։ Գրադարանը Հայոց ցեղասպանության ժամանակ չի ավերվել, և ձեռագրերի մեծ մասը պահպանվել է։ 1918 թվականին նրանցից մոտ 100-ը փոխանցվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքություն։ Մյուսներն այժմ գտնվում են Երևանի Մատենադարանում կամ հանրային և մասնավոր հավաքածուներում[1]։
1939 թվականին ճանապարհորդ Հ. Է. Քինգը այցելել է Սուրբ Նշան։ Նա պարզել է, որ վանքն օգտագործվում է որպես ռազմական պահեստ, իսկ իրեն թույլ չեն տվել ներս մտնել։ Նա գրել է, որ վանքի պարիսպը դեռևս անձեռնմխելի է, և գլխավոր եկեղեցին գմբեթով «կարծես գերազանց պահպանված վիճակում է»[1]։
Վանքն այժմ ամբողջությամբ ավերված է, և տեղանքը զբաղեցնում է մեծ ռազմաբազա։ Ոչնչացման ամսաթիվն անորոշ է։ «Արմինիըն Ռիփորթրի» 1978 թվականի մարտի 30-ի կարճ հոդվածում ասվում է, որ Ստամբուլ են հասել լուրեր այն մասին, որ Սիվասի Սուրբ Նշան եկեղեցին քանդվում է, և որ Պոլսո հայոց պատրիարքությունը պետք է բողոք ներկայացնի։ Որոշ գրքեր[2] ասում են, որ վանքի վերջին մնացորդները քանդվել են 1980-ական թվականներին։ Ինչ-որ մուսուլմանական սրբավայր դեռևս գոյություն ունի ռազմաբազայում, որը կարելի է այցելել շաբաթվա միայն մեկ օր մի քանի ժամով[1]։
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Armenian Architecture - VirtualANI - Sivas (Sebastia) Surb Nishan monastery & Surb Anapat». virtualani.org. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Hovhanissian in Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia states unequivocally that "in 1980 the military authorities of the Republic of Turkey razed the Monastery of Surb Nishan – The Holy Cross". He gives as a source for this information pages 38-39 of Patmagirk-hushamatian Sebastikoy ev gavari hayutian (History of the Armenians of Sebastia and neighbouring villages), New York, 1983. In the same volume S. Peter Cowie describes Surb Nishan as "currently in a reasonable state of preservation but is not accessible" – he has probably mistaken the Surp Anapat church with the monastery.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան 2002, էջ 898-900։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Նշան վանք (Սեբաստիա) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 258)։ |