Սամվել Կամրջաձորեցի
Սամվել Կամրջաձորեցի (ծննդյան և մահվան թվականները անհայտ), X–XI դարերի հայ մատենագիր, աստվածաբան։
Ենթադրվում է, որ ուսումը ստացել է Այրարատի Արշարունիք գավառի Կամրջաձոր վանքում, որի վանահայրն է դարձել հետագայում։ Ըստ միջնադարյան աղբյուրների, 1007-ի Ծռազատկի խռովություններից հետո բյուզանդական Վասիլ II կայսրի հրավերով մեկնել է Կ. Պոլիս, մասնակցել զատկական վեճերին և հիմնավորել Զատիկի վերաբերյալ Հայ եկեղեցու տոմարական հաշվարկների պատմականությունն ու ճշգրտությունը։
Սամվել Կամրջաձորեցին հեղինակ է մի շարք աստվածաբանական, մեկնողական երկերի։ Խաչիկ Ա Արշարունու հանձնարարությամբ 986 թվականին գրել է ջատագովական մի թուղթ՝ ուղղված հունաց Թեոդորոս մետրոպոլիտին։ Սամվել Կամրջաձորեցու անունով մեզ է հասել դավանաբանական մի հարց ու պատասխան, որը պարունակում է Ոսկեձեռն անունով մի իշխանի հարցերն ու Սամվել Կամրջաձորեցու պատասխանները։
Նրա գրչին է պատկանում նաև Տերունի տոների իմաստը մեկնաբանող մի երկ։ Համաձայն Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) և Մատթեոս Ուռհայեցու, Սամվել Կամրջաձորեցին գործուն մասնակցություն է ունեցել Հայսմավուրք և Տոնապատճառ ժողովածուների կազմման և խմբագրման աշխատանքին, նաև իր երկերով հարստացրել դրանք։ Տոնապատճառում նրա գրչին են պատկանում արարչության օրվա պատճառը կամ մեկնաբանությունը։ Այդտեղ տեղ են գտել նաև հատվածներ Սամվել Կամրջաձորեցու «Վերլուծութիւն ընթերցուածոց գրոց» և «Վասն աղուհացից» երկերից, որոնք պարունակում են ծիսական ընթերցվածների և պահքի բացատրությունը։
Սամվել Կամրջաձորեցին թաղվել է Կամրջաձոր վանքում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անթաբյան Փ., «Տօնապատճառ» ժողովածուն, ԲՄ, դ 10, 1971։
- Պողարյան Ն., Հայ գրողներ, Երուսաղեմ, 1971, էջ 162–163։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |