Սեբեոս
Սեբեոս եպիսկոպոս Բագրատունի | |
---|---|
Սեբեոսի պատմության հրատարակության առաջին էջը, Սանկտ-Պետերբուրգ, 1879․ | |
Ծնվել է | 6-րդ դար |
Վախճանվել է | 7-րդ դար |
Մասնագիտություն | քահանա և պատմաբան |
Լեզու | գրաբար |
Սեբեոս եպիսկոպոս Բագրատունի (նաև՝ Եւսեբեոս, Սեբիոս, 6-րդ դար - 7-րդ դար), հայ պատմիչ, հայ եկեղեցու եպիսկոպոս։ Գրի է առել 6 - 7–րդ դարերի պատմությունը՝ այն հասցնելով մինչև 661 թվականը։ Եղել է բարձրաստիճան հոգևորական, մասնակցել Ներսես Գ Տայեցու գումարած Դվինի 645 և 648 թվականների ժողովներին[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբեոսի մասին կենսագրական տեղեկությունները բացակայում են. հայտնի չեն նրա ծննդյան և մահվան հստակ թվականները։ Միջնադարյան հայ մատենագիրներ՝ Ասողիկը, Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Անեցին և Մխիթար Այրիվանեցին հաղորդում են Սեբեոս անունով պատմիչի մասին, ով գրել է պատմություն հունական կայսր Հերակլի մասին՝ «Պատմութիւն Հերակլի»[2]։ Պատմիչ Ուխտանեսը հիշատակում է այդ նույն աշխատությունը, սակայն առանց Սեբեոս անվանումը նշելու։ Այն հարցերին, թե ով է եղել Սեբեոսը և ինչ ծավալի աշխատություն է եղել նրա Պատմությունը, հիշյալ աղբյուներում չեն նշում։ Մինչ այս պահը առկա կենսագրական փաստերը վերցված են Պատմության մեջ եղած ցուցումներից։ Սեբեոսը ճանապարհորդել է Միջագետքում, որտեղ Մար Աբաս Կատինայի աշակերտներից ձեռք է բերել «Մարաբասյան մատյանը»։ Պարսից Խոսրով թագավորի պալատում հանդիպել է Չինաստանից եկած դեսպաններին, նրանցից լսել Մամիկի ու Կոնակի զրույցը[1]։ Ըստ Ներսես Ակինյանի, 617 թվականին Սմբատ Բագրատունի Վրկանից մարզպանի նշխարները Տիզբոնից տեղափոխել է Կոգովիտի Դարույնք ամրոցը։ 645 թվականին Դվինի եկեղեցական ժողովի մասնակիցների մեջ եղել է նաև Սեբեոս Բագրատունյաց եպիսկոպոսը[3]։ Ենթադրվում է, որ նա էլ հենց Հերակլի մասին գրողն է։ Քանի որ պատմությունը վերջանում է 661 թվականով, իսկ մինչ 628 թվականը նա եղել է Խոսրով Ապրուեզի (590-628) պալատում, ուրեմն ծնված պետք է լինի 6-րդ դարի վերջերին, իսկ պատմությունը գրել է մոտ 70 տարեկան հասակում[1]։
Սեբեոսի «Պատմություն»-ը
[խմբագրել | խմբագրել կոդը]7-րդ դարը հայտնի է համաշխարհային պատմական նշանակություն ունեցող մի շարք իրադարձություններով. Պարսկա-բյուզանդական պատերազմներ, Երուսաղեմի գրավումը պարսիկների կողմից (614 թվական), արաբների նվաճողական քաղաքականությունը և նրանց առաջին արշավանքներ, Սասանյան Պարսկաստանի անկումը, Բյուզանդական տիրապետության նվաճումը արաբների կողմից և այլն։ Սակայն պարսկական, հունական, լատինական, ասորական, արաբական կամ այլ գրականություններ այս դարում չեն ստեղծել պատմագրական ժանի աշխատություններ, որում ամփոփված լինեին վերոնշյալ դեպքերի նկարագրությունները։ Համաշխարհային պատմագրության մեջ միակ բացառությունը հանդիսանում է «Սեբեոսի պատմությունը», որի հեղինակը ժամանակակից և ականատես է եղել դարաշրջանի այդ դեպքերին։ Պատմությունը մեզ է հասցրել Հարավային Կովկասի, Իրանի, Միջին Արևելքի և Բյուզանդիայի քաղաքական կյանքին վերաբերող նշանակալից տեղեկություններ[4]։
Այսպիսով, «Սեբեոսի պատմության» շնորհիվ հայ մատենագրությունը գրավում է առաջնակարգ դեր համաշխարհային պատմագրության ասպարեզում։ «Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն» մեծարժեք երկի հնագույն ձեռագրում (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ №2639) հեղինակի անունը և գրքի վերնագիրը բացակայում են։ Աշխատանքի պատվիրատուն հավանաբար եղել է Վարազտիրոց Բագրատունին։ Երկը բաղկացած է երկու բաժնից։ Առաջին բաժինը, որ բաղկացած է վեց գլխից (Ա-Զ), նվիրված է Հայաստանի հնագույն պատմությանը՝ Հայկ Նահապետից մինչև Արշակունիների թագավորության անկումը։ Այստեղ տեղ են գտել Հայոց նախնիների մասին վիպասանությունները, ժամանակագրական կարգով համառոտակի թվարկված են հայոց, պարսից և հունաց թագավորների տիրակալության տարիները, ներկայացված է Մամիկոնյան տոհմի ծագման վարկածը։ Ուսումնասիրողների մեծ մասը վաղուց եկել են այն եզրակացության, որ այս բաժինը պատկանում է այլ հեղինակի գրչին, բայց թյուրիմացաբար տեղ է գտել Սեբեոսի երկում, և պայմանականորեն հեղինակ է համարվել Անանունը։
Սեբեոսի բնագիրը սկսվում է «Է» գլխից՝ 5-րդ դարի կեսերի իրադարձությունների նկարագրությամբ և ավարտվում 661 թվականի դեպքերով (46 գլուխ)։ Աշխատության ժամանակագրությունը հիմնված է թագավորների իշխանության տարիների վրա։ Փաստացիորեն, նա շարունակում է Ղազար Փարպեցուն, որի նկարագրած դեպքերի շրջանակը կրկնելուց հետո անցնում է արդեն 6-րդ դարի դեպքերին։ Հեղինակն այն անվանել է «Մատեան ժամանակեան»։ Հեղինակն օգտվել է Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Եվսեբիոս Կեսարացու երկերից։ Հեղինակը 7-րդ դարի դեպքերը ներկայացրել է իբրև ժամանակակից և ականատես։ Այստեղ հեղինակը ներկայացնում է 5-7-րդ դարերի պարսկա-բյուզանդական պատերազմների, արաբների քաղաքական ասպարեզ իջնելու, նրանց արշավանքների ու նվաճումների, Սասանյան Պարսկաստանի անկման և այլ իրադարձությունների հենքի վրա։ Այստեղ ներկայացվում է երկրի քաղաքական, տնտեսական, իրավական դրությունը, վեր են հանված հայ ժողովրդի հերոսական մաքառման բազում դրվագներ, հայկական պետականության վերականգնման համար մղվող պայքարի մանրամասներն ու գործիչների բնութագրումները։ Դավանանքի հարցում հեղինակը կանգնած է հակաքաղկեդոնականության, ազգային եկեղեցու, հայրենի երկրի և ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերում, նա դատապարտել է հայերին քաղկեդոնականություն պարտադրելու կայսրության բռնի փորձերը[1]։
Սեբեոսի երկի այս բաժինը բացառիկ պատմագրական արժեք ունի Հայաստանի 6-7-րդ դարերի պատմության համար։ Հատուկ ուշադրություն է դարձված հայ և օտար գործիչների քաղաքական, ռազմական և դիվանագիտական հարաբերություններին, մանրամասն նկարագրված են Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության տիրապետությունը թոթափելու և անկախ հայկական թագավորություն ստեղծելու համար հայ նախարարների գործադրած ջանքերը, Սմբատ Բագրատունու, Թեոդորոս Ռշտունու և այլոց հերոսական պայքարը։
Պատմության մեջ մեծ տեղ են գրավում փաստաթղթերի (նամակներ, պայմանագրեր և այլն) պատճենները։ Կարևոր են Սասանյանների դեմ ապստամբություն կազմակերպող Վահրամ Մեհրևանդակի (Չուբին) նամակները Մուշեղ Մամիկոնյանին և վերջինիս պատասխան-նամակները։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ պարսիկ ապստամբ նախարարը խոստանում է հայերին տալ անկախ թագավորություն՝ Արշակունյաց ժամանակաշրջանի ամբողջական սահմաններով։ Բացառիկ նշանակություն ունի հայոց իշխան Թ. Ռշտունու և խալիֆայության ներկայացուցիչ Մուավիայի միջև կնքված դաշինքի պատճենը[1]։
Մեջբերելով պարսից Խոսրով II Ափարվեզ արքային գրած Մավրիկիոս (Մորիկ) կայսեր նամակը՝ Սեբեոսը բացահայտել է նրանց հայաջինջ քաղաքականությունը.
Սեբեոսի երկն արժեքավոր աղբյուր է նաև բյուզանդագիտության, արաբագիտության, իրանագիտության համար։ Տեղեկություններ կան աղվանների, ասորիների, եգերացիների, թետալացիների, հեփթաղների, հնդիկների, հոների, հրեաների, մազքութների, մարերի, վրացիների, քուշանների և այլ ժողովուրդների ու ցեղերի մասին։ Սեբեոսի երկից օգտվել են Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), Մխիթար Անեցին, Վարդան Արևելցին, Սիմեոն Ապարանցին և ուրիշներ[1]։
Պատմության մեջ առկա են նաև վիպական տարրը, ավանդական պատումները և զրույցները, որոնք գեղարվեստական երանգ են հաղորդել աշխատությանը։ Սեբեոսի լեզուն մոտ է դասական հայերենին, և նա միշտ զուսպ է և խուսափում է լեզվական ավելորդ պաճուճանքներից։ Այն հստակ է, կանոնավոր, երբեմն ստանում է գեղարվեստական երանգ։ Օրինակ, Պարսից սրքա Խոսրով II Ափարվեզի մասին բաժինը սկսվում է հանգավորված․
ժամանակեան, |
Այս և նման կտորները հայերեն առաշին հանգավոր շարադրանքներից են։ Սեբեոսի երկն առաջին անգամ հրատարակել է Թադեոս Միհրդատյանը՝ «Պատմութիւն ի Հերակլն» վերնագրով, 1851 թվականին։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու անգամ հրատարակվել է ռուսերեն (Քերովբե Պատկանյանի թարգմանությամբ, 1862 թվականին, Ստեփան Մալխասյանի՝ 1939 թվականին)։
- Ֆրանսերեն (Ֆրեդերիկ Մակլերի թարգմանությամբ, 1904 թվականին)։
- Հատվածաբար՝ գերմաներեն (Հայնրիխ Հյուբշմանի թարգմանությամբ, 1875 թվականին)[3]։
Աշխատությունը եվրոպական պատմագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանացի անվանի գիտնական Հ. Հյուբշմանը համալսարանական դասախոսի իրավունք ստանալու համար մրցանակաբաշխության է ներկայացրել «Սեբեոսի Պատմությանը» նվիրված հետազոտություն և այդ Պատմության արաբական արշավանքներին վերաբերող գլուխների թարգմանությունը։
- Պարսկա-բյուզանդական պատերազմների ուսումնասիրությամբ զբաղվող Է. Գերլանդը «Սեբեոսի Պատմությունն» օգտագործել է դոկտորական դիսերտացիայի համար ընտրած իր ուսումնասիրությունում։
- Իտալացի բյուզանդագետ Անժելո Պերնիչեն կայսր Հերակլի պատմությունը շարադրելիս, ի թիվս հունական, պարսկական, լատինական, ասորական, ղպտական աղբյուրների, օգտագործել է նաև «Սեբեոսի Պատմությունը»։ Իր օգտագործած աղբյուրների շարքում առաջին դերը հատկացրել է հենց այս աշխատությանը։
- Սկզբնաղբյուրը նյութ է հանդիսացել նաև ֆրանսիացի (Է. Դյուլորյե, Վ. Լանգլուա, Ֆ. Մակլեր), անգլիացի (Յ.Բ. Բյուրի), գերմանացի (Յ. Մարկվարտ), ռուս (Գ. Լասկին, Վ. Բոլոտով, Յու. Կուլակով) և բազմաթիվ այլ գիտնականներին[4]։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեբէոս, Պատմութիւն (Հայ մատենագրութեան թուանշային գրադարան)։
- Սեբեոս, Պատմություն, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, Երևան, 2005։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Greenwood im, En ries on ‘ he His ory of Sebeos’ (pp. 139–144); ‘ he Le er of Leo III in Ghewond’ (pp. 203–208); ‘Movsēs Daskhuran s‘i’ (pp. 261–267) and ‘Ghewond’ (pp. 866–871); in Chris ian-Muslim Rela ions. A Bibliographical His ory vol. 1 (600-900), ed. D. homas and B. Roggema, (Leiden, 2009) ISBN 900416975X ISBN 978-9004169753
- Պատմութիւն, աշխատասիր․ Գ․ Աբգարյանի, Ե․, 1979։ Գրկ Մալխասյան Ս․, Սեբեոսի պատմությունը և Մ․ Խորենացի, Թ․, 1893։
- Աբգարյան Գ․ Վ․, «Սեբեոսի Պատմությունը» և Անանունի առեղծվածը, Երևան, 1965։
- Անանյան Պ․, Սեբեոսի Պատմության գրքի մասին քանի մը լուսաբանություններ, Վենետիկ, 1972։
- Mapp Н․, О начальной истории Армении Анонима, «Византийский Временник», 1894;
- Адонц Н․, Начальная история Армении у Себеоса в её отношениях к трудам Моисея Хоренского и Фавста Византийского, «Византийский Временник», т․ 8, 1901․
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Աղայան Բ. (1976). Հայ մշակույթի նշանավոր գործիչները (V-XVIII դարեր). Եր.,: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 125.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Թորոսյան, Խոսրով (1969). Սեբեոս պատմիչը և նրա երկը. Եր.,: Բանբեր Մատենադարանի. էջեր 59–64.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 3,0 3,1 «Սեբեոս». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Մաթևոսյան Ռ.,. Վերցված է 13.02.2023-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 4,0 4,1 Աբգարյան Գ.Վ. (1965). «Սեբեոսի Պատմությունը» և Անանունի առեղծվածը. Եր.,: «Մատենադարան». էջեր 7–14.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|