Jump to content

Մտավոր հետամնացություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մտավոր հետամնացություն
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն, հոգեբանություն և նյարդաբանություն[1]
ՀՄԴ-9317
ՀՄԴ-10F79
 Intellectual disabilities Վիքիպահեստում

Մտավոր հետամնացություն, սակավամտություն, օլիգոֆրենիա (հուն․՝ ὀλίγος «սակավ» + φρήν «միտք»), ի ծնե կամ վաղ տարիքում ձեռքբերովի հապաղում, կամ հոգեկանի ոչ լիարժեք զարգացում, որը դրսևորվում է ինտելեկտի խանգարմամբ՝ առաջացած գլխուղեղի ախտահարման հետևանքով և տանում է սոցիալական դեզադապտացիայի[2]։ Առաջին հերթին դրսևորվում է բանականությունում (այդտեղից էլ անվանումը), նաև՝ հույզերում, կամքում, խոսքում և մոտորիկայում։

Մարիա Պետրովա։ Սերգեյ Կորսակովի հիվանդ, որը տառապում էր միկրոցեֆալիայով:

«Օլիգոֆրենիա» տերմինն առաջարկել է Էմիլ Կրեպելինը[3]։ Շատ դեպքերոմ այն հոմանիշ է ժամանակակից մտավոր հետամնացության հասկացությանը։ Միևնույն ժամանակ վերջին հասկացությունն ավելի լայն է. ներառում է ոչ միայն հոգեկան զարգացման հապաղումը, այլ օրինակ՝ սոցիալ-մանկավարժական բացթողումները և առաջին հերթին ախտորոշվում է ինտելեկտի զարգացման հապաղումների աստիճանով՝ առանց նշելու էտիլոգիական և ախտածին մեխանիզմները[4]։

Մտավոր հետամնացությունը՝ որպես ի ծնե հոգեկան թերություն, տարբերակում են ձեռքբերովի սակավամտությունից կամ դեմենցիայից (լատին․՝ de- «նվազում, պակասեցում, շարժում դեպի ցած» + mens «խելք, միտք»)։ Ձեռքբերովի մտավոր հետամնացությունը՝ նորմալ մակարդակից ինտելեկտի նվազումն է, իսկ օլիգոֆրենիայի ժամանակ հասուն մարդու ինտելեկտը չի հասնում նորմալ մակարդակի։ Մտավոր ունակությունների անբավարարությունը գնահատվում է ստանդարտ հոգեբանական թեստերի ինտելեկտուալ քանակական գործակցով[4]։

Որոշ գիտնականներ օլիգոֆրենը սահմանում են որպես՝ «... անհատ, որը ընդունակ չէ անկախ սոցիալական ադապտացիայի»[5]։

Հիվանդությունների միջազգային դասակարգման տասնմեկերորդ վերանայման (ՀՄԴ-11) մեջ «մտավոր հետամնացություն տերմինը» (անգլ.՝ mental retardation) փոխվել է՝ դառնալով «disorder of intellectual development» (անգլ. թարգմանաբար՝ «ինտելեկտուալ զարգացման խանգարում»)[6]: Ամերիկյան դասակարգման մեջ (DSM-5) կիրառվում է համանման անվանում՝ intellectual disability (intellectual development disorder)[7]:

Մտավոր հետամնացություն ունեցող անձի պատմական նկար

Մտավոր հետամնացությունը նկատվում է մանկության ընթացքում և ներառում է մտավոր ունակությունների, սոցիալական հմտությունների դեֆիցիտ՝ համեմատած հասակակիցների հետ[8]։ Թեթև մտավոր հետամնացության դեպքերում հաճախ չեն նկատվում որևէ ֆիզիկական նշաններ, չնայած կարող են լինել բնութագրող ֆիզիակական գծեր, երբ դրանք կապված են գենետիկական խանգարումների հետ (օրինակ՝ Դաունի համախտանիշ)[9]։

Խանգարման աստիճանը դասակարգվում է յուրաքանչյուր մարդու մոտ բարդության աստիճանով։ Որոշ վաղ նշաններ կարող են ներառել[9].

  • Զարգացման կամ շարժողական հմտությունների (նստել, քայլել) հապաղում
  • Խոսքի դանդաղ ձևավորում կամ խոսքի և լեզվական հմտությունների հետ կապված շարունակական դժվարություններ
  • Ինքնուրույնության և ինքնախնամքի հմտությունների հետ կապված դժվարություններ (օրինակ՝ հագնվելիս, լողանալիս և սնվելիս)
  • Խնդիրներ պլանավորելու և լուծելու դժվարություններ
  • Վարքային և սոցիալական խնդիրներ[10]
  • Մտավոր աճելու անկարողություն
  • Խնդիրներ դպրոցում
  • Նոր իրավիճակներում հարմարման դժվարություններ
  • Սոցիալական կանոնները հասկանալու և հետևելու դժվարություններ[8]

Վաղ մանկությունում թույլ մտավոր հետամնացությունը (IQ 50–69) կարող է ակնհայտ չլինել կամ չնույնականացվել՝ մինչ երեխայի դպրոց գնալը[11]։ Անգամ, եթե նկատվում է ցածր առաջադիմություն, անհրաժեշտ է փորձագիտական գնահատում, որպեսզի տարբերակվի թույլ մտավոր հետամնացությունը կրթական հատուկ կամ հուզական/վարքային խանգարումներից։ Թեթև մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են սովորել կարդալ և ունենալ մաթեմատիկական հմտություններ՝ մոտավոր 10-12 տարեկան երխաների մակարդակի։ Նրանք կարող են խնամել իրենց և ունենալ գործնական հմտություններ, ինչպիսիք են՝ սննդի պատրաստումը կամ տեղային տրանսպորտից օգտվելը։ Մտավոր հետամնացություն ունեցող շատ մարդիկ, դառնալով չափահաս, սովորում են ապրել անկախ և ունենալ վճարվող աշխատանք[11]։

Միջին մտավոր հետամնացությունը (IQ 35–49) դրսևորվում է կյանքի առաջին տարիներին։ Խոսքի հապաղումը մտավոր հետամնացության առավել տարածված նշաններից է։ Միջին մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ դպրոցում, տանը և հասարակությունում ունեն աջակցության կարիք։ Նրանց ակադեմիական ներուժը սահմանափակ է, նրանք կարող են սովորել պարզ առողջապահական և պաշտպանական հմտություններ։ Հասուն տարիքում կարող են ապրել իրենց ծնողների հետ, աջակցոեղ խմբերի տանը կամ լինել մասնակի անկախ[11]։

Ծանր (IQ 20–34) կամ խորը (IQ 19 կամ ցածր) մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ առավել ինտենսիվ աջակցության և հսկողության կարիք ունեն ամբողջ կյանքի ընթացքում։ Մտավոր հետամնացությունը համարվում է խիստ կամ խորը, երբ մարդիկ չեն կարողանում ինքնուրույն հոգ տանել իրենց մասին[11]։ Ծանր մտավոր հետամնացություն ունեցող անձինք իրենց ֆիզիկական առողջության և ապահովության հարցերում ամբողջությամբ կախված են ուրիշներից, չնայած նրանք սահմանափակ կերպով ունակ են մասնակցելու այդ տեսակի որոշ գործունեությունների[9]։

An eight-year-old boy
Դաունի համախտանիշը մտավոր հետամնացության ամենատարածված գենետիկական պատճառն է

Մեկ երրորդից մեկ հինգերորդ դեպքերում երեխաների մոտ մտավոր հետամնացության պատճառը հայտնի չէ[11]։ Դեպքերի մոտ 5% ժառանգվում է ծնողներից[12]։ Գենետիկական արատները, որոնք առաջացնում են մտավոր հետամնացության, բայց չեն ժառանգվում կարող են ի հայտ գալ դժբախտ պատահարների կամ գենետիկական զարգացման մուտացիաների արդյունքում։ Այդպիսի դեպքի օրինակ է լրացուցիչ 18-րդ քրոմոսոմի զարգացումը և Դաունի համախտանիշը, որն առավել տարածված գենետիկական պատճառ է[12]։ ԴիՋորջի համախտանիշն ու ֆետալ ալկոհոլային սպեկտրի խանգարումը երկու ամենատարածված պատճառներից են[11]։ Ինչևէ, կան նաև շատ այլ պատճռներ։ Առավել տարածվածներն են.

  • Գենետիկական
  • Պտղի ներարգանդային վնասումը ֆիզիկական (իոնացնող ճառագայթում), քիմիական կամ համաճարակային (ցիտոմեգալովիրուս, սիֆիլիս և այլն) նեյրոտոքսիկ գործոններով
  • Էական թերհասություն
  • Խանգարումներ ծննդաբերության ժամանամ (շնչահեղձություն, նորածինների ծննդաբերական վնասվածքներ)
  • Գլխուղեղի վնասվածքներ, գլխուղեղի հիպոքսիա, վարակներ, որոնք վնասում են կենտրոնական նյարդային համակարգը
  • Անբարենպաստ ընտանիքների երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին մանկավարժական բարձիթողի վիճակ
  • Անհայտ ծագման մտավոր հետամնացություն

Օլիգոֆրենիայի դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա օլիգոֆրենիայի մի քանի դասակարգում։ Ավանդաբար օլիգոֆրենիան դասակարգում են ըստ արտահայտվածության աստիճանի։ Նաև կա այլընտրանք, որակական դասակարգում ըստ՝ Մարիա Պեբզների, կլինիկական-ֆիզիոլոգիական դասակարգում ըստ՝ Ս. Ս Մնուխինի և Դ. Ն. Իսաևի և առաջացման պատճառի ախտաբանական դասակարգում ըստ՝ Գ. Սուխարևայի։

Միևնույն պատճառով խանգարման ծանրությունը կարող է տարբեր լինել։ Այսօր ՀՄԴ10-ն առանձնացնում է մտավոր հետամնացության 4 աստիճաններ։ Ըստ ավանդական դասակարգման գոյություն ունի նրա 3 աստիճաններ. դեբիլ, իմբեցիլ և ապուշ[4]։

«Դեբիլ», «իմբեցիլ» և «ապուշ» տերմիններն ամբողջությամբ հանված են ՀՄԴ-10-ից։ Դա արված է նրա համար, որ դրանք դուրս են եկել խիստ բժշկական սահմաններից և ձեռք են բերել սոցիալական (բացասական) երանգ։ Դրանց փոխարեն առաջարկվել է օգտագործել բացառապես չեզոք տերմիններ, որոնք քանակապես արտացոլում են մտավոր հետամնացության աստիճանը[13]։

Խորագիր
(ՀՄԴ-10)
Մտավոր հետամնացության աստիճան (ՀՄԴ-10) Ավանդական տերմիններ (ՀՄԴ-9) Ինտելեկտի գործակից Մտավոր տարիք
F70 Թեթև Դեբիլություն 50—69 9—12 տարեկան
F71 Չափավոր Ցածր արտահայտված իմբեցիլություն 35—49 6—9 տարեկան
F72 Ծանր Արտահայտված իմբեցիլություն 20—34 3—6 տարեկան
F73 Խորը Ապուշություն до 20 մինչեւ 3 տարեկան

Երբ մտավոր հետամնացության գնահատման աստիճանը դժվար է կամ անհնար (օրինակ՝ կուրության, խուլ համրության պատճառով) կիրառվում է F78 կատեգորիան. «մտավոր հետամնացության այլ ձևեր»։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է տալ օլիգոֆրենիայի տարածվածության հստակ գնահատական՝ կապված ախտորոշման մոտեցումների տարբերությունների, հոգեկան անոմալիաների հանդեպ հասարակության հանդուրժողականության, բժշկական օգնության հասանելիության հետ։ Արդյունաբերական զարգացում ունեցող երկրների մեծամասնությունում օլիգոֆրենիայի հաճախակիությունը հասնում է բնակչության 1 %-ի (0,39—2,7 %)[14]: Չափավոր, բարդ և խորը մտավոր հետամնացություն հետևվվում է 11,1—31,1 %-ի մոտ (1960—1970-ական թվականներ ԽՍՀՄ)[15]։ Տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը տատանվում է 1,5:1 մինչև 2:1։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bednařík J., Ambler Z., Růžička E. Klinická neurologie: část speciálníISBN 978-80-7387-389-9
  2. А. С. Тиганов, 1999, էջ 612
  3. А. С. Тиганов, 1999, էջ 613
  4. 4,0 4,1 4,2 «Умственная отсталость (олигофрения)». Психиатрия (ռուսերեն). Auno.kz. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  5. Фогель Ф., Мотульский А. Генетика человека. Т. 3. — М., 1989—1990. — С. 63.
  6. World Health Organization (2018). «ICD-11 for Mortality and Morbidity Statistics: 6A00 Disorders of intellectual development» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  7. American Psychiatric Association. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fifth Edition (DSM-5). — Arlington, VA: «American Psychiatric Publishing», 2013. — P. 33—41, 727. — 992 p. — ISBN 978-0-89042-554-1. — ISBN 978-0-89042-555-8. — ISBN 0-89042-554-X.
  8. 8,0 8,1 Kaneshiro, Neil K. (2015 թ․ ապրիլի 21). «Intellectual disability». MedlinePlus. U.S. National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. 9,0 9,1 9,2 American Psychiatric Association (2013). "Highlights of Changes from DSM-IV to DSM-5". Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (Fifth ed.). Arlington, VA: American Psychiatric Publishing. p. 809. doi:10.1176/appi.books.9780890425596. ISBN 978-0-89042-555-8. Lay summary Արխիվացված 2019-06-14 Wayback Machine (15 July 2013).
  10. Queensland Government (2015 թ․ հուլիսի 30). «Intellectual disability». qld.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Daily DK, Ardinger HH, Holmes GE (February 2000). "Identification and evaluation of mental retardation". Am Fam Physician. 61 (4): 1059–67, 1070. PMID 10706158. Archived from the original on 2010-12-04.
  12. 12,0 12,1 «Definition of mentally retarded». Gale Encyclopedia of Medicine.
  13. Менделевич В.Д. Психиатрическая пропедевтика: Практическое руководство для врачей и студентов. — 2-е изд., перераб. и доп. — Москва: ТОО «Техлит»; «Медицина», 1997. — 496 с. — ISBN 5-900990-03-6
  14. Исаев, 2003, էջ 27
  15. Гольдовская Т. И., 1970

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бухановский А. О., Кутявин Ю. А., Литвак М. Е. Общая психопатология. Пособие для врачей. 2-е изд. — Ростов-на-Дону: Феникс, 1998.
  • Жариков Н. М., Тюльпин Ю. Г. Психиатрия. — М.: Медицина, 2000. — ISBN 5-225-04189-2.
  • Жариков Н. М., Урсова Л. Г., Хритинин Д. В. Психиатрия. — М.: Медицина, 1989.
  • Коркина М. В., Лакосина Н. Д., Личко А. Е., Сергеев И. И. Психиатрия. 2-е изд. — М.: МЕДпресс-информ, 2002.
  • Руководство по психиатрии. Под ред. Г. В. Морозова. В 2-х тт. — М.: Медицина, 1988.
  • Бойков, Д. И. Общение детей с проблемами в развитии: Коммуникативная дифференциация личности. — СПб., 2005. — 150 с.
  • Вечканова И. Г. Театрализованные игры в абилитации дошкольников с интеллектуальной недостаточностью: Учебно-методическое пособие. — СПб.: КАРО, 2006. — 144 с.
  • Изучение, обучение и воспитание детей с глубокими нарушениями интеллекта: Сборник научных трудов. Под ред. А. Р. Маллера, Г. В. Цикото. Вып. III. — М., 1978. — 100 с.
  • Тиганов, А. С., Снежневский А. В., Орловская Д. Д. и другие. Руководство по психиатрии / Под ред. А. С. Тиганова. — М.: Медицина, 1999. — Т. 2. — 783 с. — 10 000 экз. — ISBN 5-225-02676-1
  • Исаев Д. Н. Умственная отсталость у детей и подростков. Руководство. — СПб: Речь, 2003. — 397 с. — ISBN 5-9268-0212-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մտավոր հետամնացություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 132