Jump to content

Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հունիս 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Հունիս ամսվա հոդվածները
Հունիսի 1
Հռչակագրի մասնակից պետությունները (կանաչ գույն՝ վավերացրած, մանուշակագույն՝ ստորագրած, բայց չվավերացրած, դեղին գույն՝ չստորագրած)
Հռչակագրի մասնակից պետությունները (կանաչ գույն՝ վավերացրած, մանուշակագույն՝ ստորագրած, բայց չվավերացրած, դեղին գույն՝ չստորագրած)

Երեխայի իրավունքների կոնվենցիա, ՄԱԿ-ի միջազգային իրավական փաստաթուղթ, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում: Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթ է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից: Կոնվենցիայի անդամ են Վատիկանը, Պաղեստինը և ՄԱԿ-ի բոլոր մասնակից պետությունները, բացի ԱՄՆ, որովհետև այն արգելում է երեխաների մահապատիժը, և Սոմալին, որովհետև այլևս չունի կազմակերպված պետական համակարգ։

Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջին քայլերից մեկը 1946 թվականին ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծումն էր: Երկու տարի անց՝ 1948 թվականին, Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդու իրավունքներին վերաբերող այս հռչակագրի և 1966 թվականի Միջազգային պակտերի դրույթներում խոսվում է, որ... Ավելին

Հունիսի 2
Սևանա լիճը և Սևանավանքը
Սևանա լիճը և Սևանավանքը

Սևանա լիճ, ջրային ավազան Հայաստանի տարածքում։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։

Երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախորը վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ... Ավելին

Հունիսի 3
Նաղաշ Յովնաթան
Նաղաշ Յովնաթան

Նաղաշ Յովնաթան (1661, գ. Շոռոթ (այժմ՝ Նախիջեւան) – 1722, գ. Շոռոթ), հայ միջնադարեան բանաստեղծ, աշուղ, նկարիչ, ծաղկող, Յովնաթանեան ընտանիքի հիմնադիրը։

Նախնական կրթութիւնը ստացեր է հօր՝ Յովհաննէս վարժապետի քով, այնուհետեւ ուսանած է Ագուլիսի Ս. Թովմա վանքի դպրոցը, ուր եւ աւարտելէն ետք, աշխատեր է որպէս ուսուցիչ։ Նաղաշ Յովնաթանի կեանքի մասին միակ գրաւոր աղբիւրը անոր աւագ որդիին՝ նկարիչ եւ բանաստեղծ Նաղաշ Յակոբի ողբն է («Ողբամ արտասուօք, կոծով տխրութեան»)՝ գրուած հօր մահուան առթիւ։ Յակոբի ողբէն կ'իմանանքՆաղաշ Յովնաթանի ծննդեան եւ մահուան թուականները, ինչպէս նաեւ կենսագրական քանի մը փաստեր, օրինակ՝ հասարակ դպիրէն դարձեր է «շնորհալց վարպետն իմաստուն», եղեր է «քարտուղար տառից հնոց եւ նորոց»)։

Որոշ ժամանակ ապրեր եւ ստեղծագործեր է Թիֆլիս։ Վրացական աղբիւրներու վկայութեամբ՝ ան եղեր է Վրաստանի Վախթանգ Զ․ թագաւորի պալատական երգիչն ու նկարիչը։

«Լաւ է ընդ իմաստնոց միշտ քաղցած մնալ, քան ընդ տգիտաց ուտել ու ցնծալ»։ «Գովեմ սրտիւ ուրախական» երգը, նուիրուած «Վրաստանի գոզալներին», գրեր է վրացական պալատին մէջ։ Ապրեր եւ ստեղծագործեր է նաեւ Երեւան, ուր գրեր է «Գովասանութիւն Երեւանայ քաղաքին» բանաստեղծութիւնը։ Նաղաշ Յովնաթանը ձգեր է գրական հարուստ ժառանգութիւն։ Անոր բանաստեղծութիւնները... Ավելին

Հունիսի 4
Իրաքի փոշոտ փոթորիկը, 2005 թվական
Իրաքի փոշոտ փոթորիկը, 2005 թվական

Փոշոտ (ավազե) փոթորիկ, մթնոլորտային երևույթ, որն ուղեկցվում է քամով և մեծ քանակությամբ հողի (բնահողի մասեր, ավազահատիկներ) տեղափոխմամբ։ Այն ընթանում է երկրային մակերևույթում՝ մի քանի մետր բարձրության շերտով, և դժվարացնում հորիզոնային տեսանելիությունը։ Նկատվում է հողի (ավազի) բարձրացում դեպի օդ և միաժամանակ հողի նստում մեծ տարածքներում։ Կախված տվյալ շրջանի բնահողի գույնից՝ հեռավոր առարկաները ձեռք են բերում մոխրագույն, դեղնավուն և կարմրավուն երանգներ։ Հիմնականում առաջանում է հողի չոր շերտի և ամենաքիչը 10 մ/վ արագության քամու դեպքում։

Սովորաբար առաջանում է անապատային և կիսաանապատային տարածքներում տարվա տաք եղանակներին։ «Սեփական» փոշոտ փոթորկի կողքին կան նաև այնպիսի դեպքեր, ինչպիսին օրինակ՝ անապատներից և կիսաանապատներից ներթափանցած ավազափոշին է, որը բավականին երկար ժամանակ կարող է մնալ մթնոլորտում և փոշոտ մշուշի տեսքով հասնել աշխարհի համարյա բոլոր անկյուններ։

Հաճախ փոշոտ փոթորիկներն առաջանում են տափաստանային, շատ հաճախ՝ անտառատափաստանային և նույնիսկ անտառային շրջաններում (վերջին երկու զոնաներում փոշոտ քամիները հիմնականում են լինում են ամռանը՝ ուժեղ չորայնության առկայության դեպքում)։ Տափաստանային և (հաճախ)... Ավելին

Հունիսի 5
Հայրենական մեծ պատերազմ
Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմ (ռուս.՝ Великая Отечественная война), 1941-1945 թվականներին Խորհրդային Միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) դեմ մղած պատերազմը, որը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մաս։ Այս եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։

Պատերազմի հիմնական շարժառիթ է հանդիսացել է Գերմանիայի կողմից Եվրոպայում նացիոնալ-սոցիալիզմի տարածումը:

«Հայրենական մեծ պատերազմ» անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո՝ 1941 թվականի հուլիսի 3-ին։ Ուղերձում «մեծ» և «հայրենական» բառերը գործածվում էին առանձին։

1914-1915 թվականներին «Մեծ Հայրենական պատերազմ» անվանումը երբեմն կիրառվում էր Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող ոչ պաշտոնական հրապարակումներում։ Առաջին անգամ այս բառակապակցությունը կիրառվեց ԽՍՀՄ-ի Գերմանիայի հետ պատերազմի առիթով «Պրավդա» թերթի 1941 թվականի հունիսի 23-ի և 24-ի հոդվածներում և... Ավելին

Հունիսի 6
Բեմբի
Բեմբի

Բեմբի (անգլ.՝ Bambi), 1942 թվականին թողարկված ամերիկյան անիմացիոն կինոնկար։ Ըստ ավստրիացի Ֆելիքս Սալթենի «Բեմբի» գրքի՝ նկարահանել է Ուոլտ Դիսնեյը։ Կինոնկարը թողարկվել է 1942 թվականի օգոստոսի 13-ին RKO ընկերությունում։ Սա Ուոլտ Դիսնեյի դասական անիմացիոն ֆիլմերից հինգերորդն է։

«Բեմբին» առաջադրվել է «Օսկարի» երեք անվանակարգում՝ լավագույն երգ («Love Is A Song»), լավագույն երաժշտություն և լավագույն հնչյունավորում, սակայն չի ստացել և ոչ մի մրցանակ։ Մուլտֆիլմի առաջին ցուցադրությունները կինովարձույթում տապալվեցին, բայց նոր (1947-1948) ցուցադրություններով աստիճանաբար ճանաչվածություն ձեռք բերեց և դարձավ կուլտային։ 1948 թվականին մուլտֆիլմն արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի։ «Բեմբին» նաև Ուոլթ Դիսնեյի ամենասիրելի մուլտֆիլմն էր։

Los Angeles Business-ի 2006 թվականի հարցումների արդյունքում «Բեմբին» ճանաչվեց դիսնեյյան լավագույն մուլտֆիլմը՝ հավաքելով ձայների 21 % (համեմատության համար՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հավաքել էր ձայների 20 %)։

2008 թվականի հունիսին Ամերիկյան ֆիլմերի ինստիտուտը ներկայացրեց... Ավելին

Հունիսի 7
Կլաուդիո Ռանիերի
Կլաուդիո Ռանիերի

Կլաուդիո Ռանիերի (իտալ.՝ Claudio Ranieri; 1951 թվականի հոկտեմբերի 20, Հռոմ), իտալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ: Հանդես է եկել պաշտպանի դիրքում: Անգլիական ֆուտբոլային ակումբ «Լեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ:

Կլաուդիոն իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռոմա» (նա համարվում էր նաև այդ ակումբի սան) ֆուտբոլային ակումբի կազմում: Նա ակումբի կազմում երկու մրցաշրջանի ընթացքում խաղում է ընդամենը 6 խաղ: Հետագայում նա հանդես է գալիս «Կատանձորո», «Կատանիա» և «Պալերմո» ֆուտբոլային ակումբների կազմում, սակայն այդ ակումբների հետ նա որևէ լուրջ հաջողության չի հասնում: Ռանիերիի կարիերայում առաջին մարզչական ակումբներն են դառնում «Վիգոր Լամեցիա» և «Պուտեոլանա» ֆուտբոլային ակումբները, սակայն այդ ակումբներում նա չի հասնում հաջողության և որպես մարզիչ հայտնի է դառնում... Ավելին

Հունիսի 8
Հաղթող Իսպանիայի հավաքականը
Հաղթող Իսպանիայի հավաքականը

Եվրո 2012 եզրափակիչ ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 1-ին Ուկրաինայի, Կիև քաղաքի Օլիմպիական մարզադաշտում, որտեղ որոշվեց Եվրո 2012-ի հաղթողը: Իսպանիան, որը հաղթել էր Գերմանիային 1–0 հաշվով Եվրո 2008ի եզրափակչում, հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը` հաղթելով Իտալիային 4-0 հաշվով և դարձավ առաջին հավաքականը, որը երկու անգամ անընդմեջ հաղթեց Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում և առաջին հավաքականը, որը երեք անգամ հաղթեց գլխավոր առաջնություններում` Եվրո 2008, 2010 թվականի աշխարհի գավաթ և Եվրո 2012: Այն ամենամեծ գոլային տարբերությամբ հաղթանակն էր Եվրոպայի եզրափակիչների պատմության մեջ:

Սովորաբար Եվրոպայի չեմպիոնը մասնակցում է Կոնֆեդերացիայի գավաթին, սակայն քանի որ Իսպանիան որակավորվել էր որպես 2010 թվականի Աշխարհի չեմպիոն, ապա Եվրոպայից Կոնֆեդերացիայի գավաթ 2013-ին մասնակցեց... Ավելին

Հունիսի 9
Մոսկվայի զինանշանը
Մոսկվայի զինանշանը

Մոսկվա (ռուս.՝ Москва), Ռուսաստանի մայրաքաղաքը։ Դաշնային նշանակության քաղաք է, Կենտրոնական դաշնային շրջանի և Մոսկվայի մարզի ադմինիստրատիվ կենտրոնն է, հերոս-քաղաք է։

Բնակչության թվաքանակով Ռուսաստանի և Եվրոպայի խոշորագույն քաղաքն է՝ 2013 թվականի տվյալներով՝ 11 միլիոն 979 հազար 529 մարդ։

Կարևորագույն տրանսպորտային հանգույց է, ինչպես նաև երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը։ Քաղաքը սպասարկում են միջազգային Դոմոդեդովո, Շերեմետևո, Վնուկովո օդակայանները, 9 երկաթուղային կայարան, 3 գետային նավակայան (ելքեր կան դեպի Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրային տարածքներ)։ 1935 թվականից սկսած քաղաքում գործում է մետրոպոլիտեն։

Պատմականորեն եղել է Մոսկովյան Մեծ իշխանապետության, Ռուսական թագավորության, Ռուսաստանի կայսրության (1728-1730), Խորհրդային Ռուսաստանի և Խորհրդային Միության մայրաքաղաքը։

«Ֆորբս» ամսագրի 2011 թվականի տվյալներով Մոսկվան դոլլարային միլիարդատերների քանակով (79 հոգի) աշխարհում գրավում է... Ավելին

Հունիսի 10
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 («ՈՒԵՖԱ Եվրո 2016»), Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 15-րդ խաղարկությունն է, որը անց է կացվելու Ֆրանսիայում, 2016 թվականի հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը։ Իսպանիան պետք է պաշտպանի իր չեմպիոնական տիտղոսը։

Առաջնությունում առաջին անգամ կմրցեն 24 հավաքական, նախկին 16 հավաքականի փոխարեն: Նախկին ձևաչափը գործում էր սկսած 1996 թվականի Եվրոպայի առաջնությունից։ Այս ձևաչափով եզրափակիչ փուլ հասած հավաքականներից կկազմվի վեց խումբ, որից հետո կլինի փլեյ-օֆֆ-ի երեք փուլ և եզրափակիչ։ 19 հավաքական միացան Ֆրանսիային որակավորման փուլի արդյունքներով և մասնակցելու են առաջնության եզրափակիչ փուլին, ևս 4 հավաքական հայտնի դարձան 2015 թվականի նոյեմբերին լրացուցիչ խաղերի արդյունքում։

Ֆրանսիան ընտրվել է որպես ընդունող երկիր 2010 թվականի մայիսի 28-ին՝ հայտերի գործընթացից հետո, երբ Ֆրանսիան առաջ անցավ Իտալիայից և Թուրքիայից։ Բոլոր խաղերը կկայանան տասը քաղաքների տասը մարզադաշտերում... Ավելին

Հունիսի 11
100 000 դրամնոց թղթադրամը, որ հրապարակուած է 2009 թուականէն
100 000 դրամնոց թղթադրամը, որ հրապարակուած է 2009 թուականէն

Հայկական դրամը (ISO կոդ՝ AMD) Հայաստանի Հանրապետութեան ազգային դրամանիշն է։ Ազգային դրամանիշ արտադրելու բացառիկ իրաւունքը կը պատկանի Հայաստանի Հանրապետութեան Կեդրոնական դրամատան, որ նաեւ կը կազմակերպէ եւ կը կարգաւորէ ոչ- պարտքով դրամաշրջանառութիւնը ամբողջ երկրի տարածքին: Շրջանառութեան մէջ գտնուող դրամանիշները կը հանդիսանան Կեդրոնական դրամատան անվերապահ պարտաւորութիւնը եւ ապահվուած են անոր բոլոր միջոցներով։ «Դրամ» բառը թարգմանաբար կը նշանակէ «փող» եւ կը ծագի «դրախմա» բառէն (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի գրանշանն է «» նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign)։

ՀՀ ազգային դրամանիշի ներդրումը իրականացուած է ՀՀ Գերագոյն խորհուրդին կողմէ ստեղծուած ՀՀ-ի մէջ դրամաշրջանառութեան կարգաւորման պետական յանձնաժողովի՝ 19 Նոյեմբեր, 1993-ի որոշումով, որու համաձայն՝ «22 Նոյեմբեր, 1993-ին, ժամը 00:00-ին ՀՀ տարածքին վրայ օրինական վճարամիջոց կը հանդիսանան... Ավելին

Հունիսի 12
Անիի Մայր տաճարի ավերակները
Անիի Մայր տաճարի ավերակները

Անի, ավերված միջնադարյան բերդաքաղաք Թուրքիայի Հանրապետությունում։ Գտնվում է Կարսի նահանգում՝ Հայաստանի հետ սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցի։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները... Ավելին

Հունիսի 13
Կասսանոն Եվրո 2012-ին Անգլիայի դեմ խաղում
Կասսանոն Եվրո 2012-ին Անգլիայի դեմ խաղում

Անտոնիո Կասսանո (իտալ.՝ Antonio Cassano; հուլիսի 12, 1982, Բարի), իտալացի ֆուտբոլիստ, ջենովայական «Սամպդորիա» ֆուտբոլային ակումբի հարձակվող:

Կասսանոն «Բարի» ֆուտբոլային ակումբի սանն է: Նա իտալական Սերիա A-ում կատարել է իր նորամուտը 1999 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 1999-2000 մրցաշրջանի 13-րդ տուրի «Լեչչեյի» դեմ խաղում (տան տերը՝ «Բարին», այդ խաղում հաղթում է 1-0 հաշվով): Արդեն մյուս տուրում՝ դեկտեմբերի 18-ին «Սան-Նիկոլա» տնային մարզադաշտում Կասսանոն Սերիա A-ում բացելով իր խփած գնդակների թիվը՝ խփում է «Ինտերի» դեմ (2-1) խաղի հաղթական գոլը (արագությամբ անցում կատարելով ձախ եզրով՝ Կասսանոն շարժվում է դեպի տուգանային հրապարակի կենտրոն, շրջանցում է Լորան Բլանին և Քրիստիան Պանուչչիին և հարվածելով իր կողմից ձախ անկյունը գրավում է Ֆաբրիցիո Ֆեռոնայի պաշտպանած դարպասը): Երկու մրցաշրջանի ընթացքում Fantantonio-ն իր ակումբի կազմում անց է կացնում 48 խաղ և դառնում է 6 գոլի հեղինակ:

2001 թվականին Կասսանոն տեղափոխվում է «Ռոմա», որն այդ տարի մրցաշրջանի գործող չեմպիոնն էր: Տրանսֆերի գինը կազմում է 28 մլն եվրո: Իր առաջին գոլը նոր թիմի կազմում Կասսանոն հեղինակում է մրցաշրջանի 18-րդ տուրի «Վերոնայի» դեմ խաղում: Կասսանոն ցուցադրում էր հիանալի խաղ և ուներ բարձր արդյունավետություն, սակայն... Ավելին

Հունիսի 14
Էլ Կաստիլյո, Չիչեն Իցա
Էլ Կաստիլյո, Չիչեն Իցա

Զբոսաշրջությունը Մեքսիկայում, Մեքսիկայի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։ Մեքսիկան աշխարհի առավել այցելվող երկրներից մեկն է։ Ըստ 2014 թվականի տվյալների, ընդունած զբոսաշրջիկների թվով և բնական ռեսուրսների քանակով Մեքսիկան աշխարհում գրավում է 10-րդ տեղը` Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Չինաստանից, Իտալիայից, Թուրքիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից և Ռուսաստանից հետո։

Մեքսիկան զբոսաշրջիկներին գրավում է հիմնականում մի քանի գործոնների ազդեցությամբ՝ յուրահատուկ մշակույթ և տարբեր երկրների ժողովրդական մշակույթների համադրություն, բարձր ճարտարապետական արժեքներ, իսպանական ներդաշնակություն և բարձր քաղաքակրթություն։

Դրան զուգահեռ երկրում զբոսաշրջության զարգացման համար կարևոր պայման է հանդիսանում արևադարձային տաք կլիման։

Մեքսիկայում զբոսաշրջության շրջանը սկսվում է դեկտեմբեր ամսին և ավարտվում ամռան կեսերին։ Սակայն երկիրը մեծ թվով զբոսաշրջիկներ է ընդունում նաև Զատկի և այլ գարնանային տոների ժամանակ, երբ... Ավելին

Հունիսի 15
Փիթ Սամփրաս
Փիթ Սամփրաս

Պետրոս «Փիթ» Սամփրաս (անգլ.՝ Petros "Pete" Sampras, հուն․՝ Πιτ Σάμπρας, օգոստոսի 12, 1971, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ և աշխարհի թիվ մեկ ռակետ, համարվում է թենիսի պատմության մեջ ամենաականավոր թենիսիստներից մեկը։ Նա պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1988 թվականին և ավարտել 2002 թվականին, US Open մրցաշարում, որում նա հաղթանակ է տանում՝ եզրափակիչում հաղթելով Անդրե Աղասիին։ Նա հատկապես հայտնի էր իր ճշգրիտ մատուցումներով և արժանացել է «Ատրճանակ Փիթ» մականունին։

Սամփրասը դառնում է առաջին թենիսիստը, ով գերազանցում է Ռոյ Էմերսոնի ռեկորդը, ով «Բաց դարաշրջանում» հաղթանակ էր տարել Մեծ Սաղավարտի 12 մրցաշարերում և ավարտում է ելույթները 14 տիտղոս արդյունքով (յոթ տիտղոս Ուիմբլդոնի մրցաշարում, հինգ՝ US Open , երկու՝ Australian Open ), չնայած դա արդեն ռեկորդ չէ։ Մինչ այժմ նա պահպանում է ATP մրցաշրջանի վերջին թիվ 1 ռակետի վեց վարկանիշային ռեկորդը, որին նա արժանացել է... Ավելին

Հունիսի 16
Վեներա նախագծի տարբերանշանը
Վեներա նախագծի տարբերանշանը

«Վեներա նախագիծ» (անգլ.՝ The Venus Project), շահույթ չհետապնդող միջազգային հասարակական կազմակերպություն՝ հիմնադրված Ժակ Ֆրեսկոյի կողմից Ռոքսաննա Մեդոուզի հետ համատեղ, ով զբաղվում է ռեսուրսակենտրոն տնտեսության, համընդհանուր ավտոմատացման, մարդկային կյանքի բոլոր ոլորտներում գիտության վերջին ձեռքբերումների և որոշումների կայացման գիտական մեթոդոլոգիայի ներդրման միջոցով զարգացող համաշխարհային քաղաքակրթության խաղաղ, կայուն, հաստատուն զարգացումն ապահովող նախագծի իրականացմամբ:

Նախագծի հետազոտական կենտրոնը գտնվում է Վենուս (Venus) քաղաքում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) 21,5 ակր (≈ 0,087 կմ²) տարածության վրա: Նախագծի անվանումը տրվել է քաղաքի անգլալեզու անունով, ինչը ռուսերեն թարգմանությամբ նշանակում է «Վեներա»՝ «Венера»:

Ժակ Ֆրեսկոն «Վեներա նախագիծը» մշակել է իր ողջ կյանքի ընթացքում՝ ԱՄՆ-ի Մեծ ճգնաժամից ի վեր: Ըստ Ֆրեսկոյի, 1975 թվականին նա հիմնել է... Ավելին

Հունիսի 17
Հայկազեան Համալսարանի Մուկար շէնքը
Հայկազեան Համալսարանի Մուկար շէնքը

Հայկազեան Համալսարան (անգլ.՝ Haigazian University արաբ․՝ جامعة هايكازيان‎‎) բարձրագոյն ուսմանց հաստատութիւն, որ կը գործէ Լիբանանի մէջ եւ կը հետեւի ազատ արուեստից (liberal arts) կրթական սկզբունքին եւ բարձրագոյն կրթութեան ամերիկեան համակարգին։

Հիմնուած է 17 Հոկտեմբեր 1955-ին Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան եւ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան միացեալ ջանքերով։

Ուսանողութիւնը կը բաղկանայ ազգային եւ կրօնական տարբեր պատկանելիութեան տէր երիտասարդ-երիտասարդուհիներէ։

Դասաւանդութեան լեզուն անգլերէնն է։

Նշանաբանն է «Ճշմարտութիւն, Ազատութիւն... Ավելին

Հունիսի 18
«Մարսեցին» 2015 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ է, որը նկարահանել է Ռիդլի Սքոթը, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Մեթ Դեյմոնը։ Ֆիլմը հիմնված է Էնդի Ուիրի 2011 թվականին լույս տեսած «Մարսեցին» վեպի վրա, որն էկրանավորել է Դրյու Գոդդարդը։ Դեյմոնը խաղում է մի տիեզերագնացի դեր, ով, համարվելով մահացած, միայնակ է մնում Մարսում։ Ֆիլմում նկարագրվում է ողջ մնալու նրա պայքարը և մյուսների թափած ջանքերը՝ նրան փրկելու համար։ Կինոնկարի գլխավոր դերերում հանդես են եկել նաև Ջեսիկա Չեսթեյնը, Կրիստեն Ուիգը, Ջեֆֆ Դենիելսը, Մայքլ Փենյան, Քեյթ Մառան, Շոն Բինը, Սեբաստիան Սթենը, Էքսել Հեննին, և Չիվեթել Էջիոֆորը։

2013 թվականի մարտին 20th Century Fox-ի կողմից վեպի ընտրությունից հետո պրոդյուսեր Սայմոն Քինբերգը սկսեց ֆիլմի աշխատանքները։ Գոդդարդը գիրքն ադապտացրեց սցենարի և որոշված էր, որ հենց ինքն էլ լինելու է ռեժիսորը, սակայն ֆիլմն առաջ չէր գնում։ Սքոթը հեռացրեց Գոդդարդին և նրա փոխարեն ընդունելով Դեյմոնին՝ նաև որպես գլխավոր հերոս, արտադրությունն առաջ գնաց։ Նկարահանումները սկսեցին 2014 թվականի նոյեմբերին և տևեցին... Ավելին

Հունիսի 19
Կզաքիսով տիկինը
Կզաքիսով տիկինը

Կզաքիսով տիկինը (իտալ.՝ Dama con l'ermellino), Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող կտավ: Շատ հետազոտողների կարծիքով այն Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորզայի սիրուհու` Չեչիլիա Գալերանիի դիմանկարն է, ինչը հաստատվում է կտավի խորհրդանշական բարդ համակարգով: «Մոնա Լիզա», «Ջինևրա դե Բենչիի դիմանկար», «Չքնաղ Ֆերոնիերան» կտավների հետ «Կզաքիսով տիկինը» Դա Վինչիի` կանանց պատկերող չորս կտավներից մեկն է:

Ավանդաբար համարվում է, որ նկարի բնորդուհին Միլանի դուքսի սիրուհի Չեչիլիա Գալերանին է: Նախկինում կար վարկած, համաձայն որի` այս նույն կինն է պատկերված «Չքնաղ Ֆերոնիերան» կտավում: Սակայն այժմ ենթադրվում է, որ այդ կտավում պատկերված է դուքսի մեկ այլ սիրուհին` Լուկրեցիա Կրիվելին:

Կտավի նույնացումը Գալերանիի կերպարին կատարվել է նոր ժամանակներում: Դեռևս 1877 թվականին Լեոնարդո դա Վինչիի արվեստը հետազոտողները գրում էին. «Բանաստեղծների փառաբանած այս նկարից մնացել են մի քանի վիճելի կրկնօրինակներ և Բելինչոնիի սոնետները: Մատնանշում են, որ գեղեցկուհի Չեչիլիայի կտավի բնօրինակը 18-րդ դարում պատկանել է Միլանի մարքիզին: Բայց ու՞ր է այն այսօր... Ավելին

Հունիսի 20
Ասմիր Բեգովիչ
Ասմիր Բեգովիչ

Ասմիր Բեգովիչ (բոս․՝ Asmir Begović, հունիսի 20, 1987, Տրեբինյե), բոսնիացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դարպասապահը:

2003 թվականին Ասմիրը անգլիական «Պորտսմութ» ակումբի հետ կնքեց երիտասարդական պայմանագիր, իսկ 2 տարի անց պոմպեյների հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Երկարաժամկետ պայմանագրի կնքումից հետո խաղացողին սկսեցին վարձավճարով հանձնել կարգով ավելի ցածր թիմերի այն նպատակով, որ ֆուտբոլիստը փորձառու դառնա թիմի հիմնական կազմում խաղալիս: Վարձակալների երկար ցանկում առաջին ակումբը դարձավ բելգիական «Լա Լուվյերը»: Բելգիական ակումբի կազմում Ասմիրը անցկացրեց ընդամենը 2 խաղ, ինչից հետո վերադարձավ Անգլիա, որտեղ սկսեց հանդես գալ «Մակլսֆիլդ Թաունում»: Վերջինս նրան վարձակալեց 2006-2007 մրցաշրջանում: Բեգովիչը նոր ակումբում իր նորամուտը նշեց 2006 թվականի նոյեմբերի 25-ին «Ստոկպորտ Քաունթիի» դեմ խաղում, երբ հանդիպման 80-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած Ջոնի Բրեյնին: Սակայն հետագայում վարձակալության համաձայնությունը ժամկետից շուտ չեղարկվեց, քանի որ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք ստացավ:«Մակլսֆիլդ Թաունի» կազմում խաղացողը անցկացրեց ընդամենը 3 հանդիպում:

2007 թվականի օգոստոսին Բեգովիչը վարձավճարով հանձնվեց «Բորնմութին»: Ակումբների միջև վարձակալական պայմանագիրը կնքվեց... Ավելին

Հունիսի 21
Ջոն Մաքինրոյ
Ջոն Մաքինրոյ

Ջոն Պատրիկ Մաքինրոյ-կրտսեր (անգլ.՝ John Patrick McEnroe, Jr., 1959 թվականի փետրվարի 16, Վիսբադեն, ԳՖՀ), ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստ, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ։ Մենախաղում՝ աշխարհի թիվ մեկ ռակետ ընդհանուր առմամբ 170 շաբաթվա ընթացքում, Մեծ Սաղավարտի մրցաշարերի յոթակի հաղթող, «Մասթերս» ամփոփիչ մրցաշարի կրկնակի հաղթող և WCT Ամփոփիչ մրցաշարի հնգակի հաղթող։ Զուգախաղում՝ աշխարհի թիվ մեկ ռակետ ընդհանուր առմամբ 269 շաբաթվա ընթացքում, Մեծ Սաղավարտի մրցաշարերի իննակի հաղթող տղամարդկանց զուգախաղում և 1977 թվականի Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության հաղթող խառը զուգախաղում, «Մասթերս» և WCT Ամփոփիչ մրցաշարերի ութակի հաղթող։ Դևիսի Գավաթի հնգակի հաղթող և ԱՄՆ ազգային հավաքականի կազմում թիմային Աշխարհի Գավաթի հաղթող։ 1999 թվականից Թենիսի Փառքի Միջազգային Սրահի անդամ։ Բազմաթիվ մասնագետներ նրան համարում են այդ մարզաձևի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկը... Ավելին

Հունիսի 22
Քրոմիումի տարբերանշանը
Քրոմիումի տարբերանշանը

Chromium (IPA ['krəumɪəm], անգլ.՝ chromium — քրոմ), բաց ընթացիկ կոդով վեբ դիտարկիչ, որը ստեղծել և զարգացնում են Google ընկերության The Chromium Authors խորհուրդը և մի քանի այլ ընկերություններ (Opera Software, Яндекс, NVIDIA և այլն)։

Ստեղծողների հավաստմամբ՝ Chromium-ը ստեղծվել է համացանցին ավելի արագ, անվտանգ և հուսալի միանալու համար։

Վեբ դիտարկչի մշակման աշխատանքները սկսել են 2008 թվականի հուլիսի 25-ին։ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Google ընկերության պաշտոնական բլոգում Սանդեր Պաչաին (Sundar Pichai) և Լինուս Ապսոնը (Linus Upson) ներկայացրին Google Chrome դիտարկիչը։ Հաջորդ օրը կայացավ դիտարկչի բետա տարբերակի թողարկումը Google-ի կողմից, ինչպես նաև հրապարակվեց դիտարկչի կոդերի մեծ մասը։ Նախագիծը ստացավ Chromium (քրոմիում) անվանումը։ Google-ի աշխատակիցները բաց և ազատ Chromium նախագծի ստեղծումը բացատրում էին... Ավելին

Հունիսի 23
Արաբերենի այբուբեն
Արաբերենի այբուբեն

Արաբերենի այբուբեն արաբերենի, ինչպես նաև իսլամ դավանող մի շարք այլ ժողովուրդների լեզուների, այդ թվում՝ պարսկերենի, ուրդուի, աֆղաներենի և որոշ թյուրքական լեզուների գիր։ Կազմված է 28 հարֆից, գրվում է աջից ձախ։

Արաբերենը, ինչպես նաև եբրայերենը, արամեերենը, ամհարերենն ու այլ լեզուներ, կազմում են սեմական լեզվաընտանիքը։ Այդ լեզուներն ունեն ընդհանուր նախալեզու՝ օժտված կանոնակարգված միասնական քերականական համակարգով։ Սեմական մյուս լեզուներից արաբերենը տարբերվում է կայուն հնչյունական համակարգով, հստակ քերականական կառուցվածքով ու հարուստ բառապաշարով, որը հանգեցրել է բառաձևերի զարգացմանը ու քերականության առանձին ճյուղի՝ բառարանագիտության զարգացմանը... Ավելին

Հունիսի 24
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2016 թվականի փետրվարի 17-ին
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2016 թվականի փետրվարի 17-ին

Ֆրանցիսկոս (լատին․՝ Franciscus, իտալ.՝ Francesco, իսպ.՝ Francisco, ավազանի անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո, իսպ.՝ Jorge Mario Bergoglio, [berˈɡɔʎʎo] (իտալերեն)), դեկտեմբերի 17, 1936, Բուենոս Այրես, Արգենտինա), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապ։ Հռոմի պապ ընտրվելուց հետո վերցրել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։

Ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Նախքան ճեմարանում ուսանելը որոշ ժամանակ աշխատել է որպես քիմիական տեխնոլոգ և դռնապան՝ գիշերային ակումբում։ 1969 թվականին ձեռնադրվում է քահանա։ 1973-1979 թվականներին եղել է Արգենտինայի ճիզվիտների գավառական ավագ։ Արգենտինայում Ազգային վերակազմավորման գործընթացի կառավարության (1976-1983) տապալումից հետո նա մեղադրվեց Կեղտոտ պատերազմի ժամանակ երկու քահանաների առևանգման գործում մասնակցություն ունենալու մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով դատական գործը վերջ ի վերջո կասեցվեց։ 1998 թվականին դարձավ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, իսկ 2001 թվականին Հովհաննես Պողոս II պապի կողմից արժանացավ կարդինալական աստճանի։ 2001 թվականի դեկտեմբերին երկրում տիրող խռովությունների ժամանակ գլխավորում էր... Ավելին

Հունիսի 25
Խորէն Ա. կաթողիկոս Մակարայ վանքին մէջ (30 Ապրիլ, 1969)
Խորէն Ա. կաթողիկոս Մակարայ վանքին մէջ (30 Ապրիլ, 1969)

Կիպրոսի Սուրբ Մակարայ Վանքը՝ պատմութեան մէջ Կիպրոսի հայոց կրօնական եւ մշակութային կարեւորագոյն կեդրոնը հիմնադրուած է 9-րդ դարուն։ Վանքը ծանօթ է նաեւ «Արմենոմոնաստիրօ» անունով, որ կը նշանակէ հայկական վանք։ Անիկա կը գտնուի հիւսիս-կիպրական Պենտատաքթիլոյի լեռնաշղթային վրայ, Հալեֆկա գիւղին մօտ։ Սուրբ Մակարը 1974 թուականէն ի վեր կը գտնուի թրքական գրաւման տակ. անիկա իր ճակատագրով կը յիշեցնէ Արեւմտահայաստանի վանքերն ու եկեղեցիները, որոնք Հայկական ցեղասպանութեան ժամանակ եւ անկէ ետք ալ ենթարկուեցան աւերումի եւ կողոպուտի։

Սկզբնական շրջանին, վանքը ճգնարան մը եղած է։ Կ՛ենթադրուի, որ ճգնաւորները շատ խիստ պայմաններու տակ կ՛ապրէին այնտեղ. վանքի մատուռին մօտ մինչեւ այսօր կը հանդիպինք քարայրանման խուցերու, որոնք ծառայած են իբրեւ ճգնաւորներու կացարան։ Օսմաներէն հին արձանագրութիւններու համաձայն, Մակարայ վանքը հայերուն սեփականութիւնը դարձած է 15րդ դարուն։ Մինչեւ այսօր կը պահուին 1642-ին եւ 1701-ին Օսմանական կառավարութեան կողմէ տրուած կալուածագրերը, որոնք կը հաստատեն թէ վանքը հայերու սեփականութիւնն է։ Այդ փաստաթուղթերուն համաձայն, վանքը ազատուած է... Ավելին

Հունիսի 26
Բրիտանական կայսրության զինանշանը 1837-1952 թվականներին
Բրիտանական կայսրության զինանշանը 1837-1952 թվականներին

Բրիտանական կայսրություն (անգլ.՝ British Empire), աշխարհի երբևէ գոյություն ունեցած ամենամեծ պետությունը, ունեցել է գաղութներ բոլոր աշխարհամասերում: Իր հզորության գագաթնակետին կայսրությունը հասել է 20-րդ դարի 30-ականներին, երբ Միացյալ Թագավորության տարածքը կազմում էր 34 650 000 կմ² (առանց Անտարկտիդայի մոտ 8.1 միլիոն կմ² տարածքի), ինչն էլ հավասար էր մոլորակի ցամաքի 22%-ին, իսկ բնակչությունը՝ 480 միլիոն (մոտավորապես Երկրի բնակչության մեկ քառորդ մասը)։ Անգլերեն լեզվի ներկայիս տարածվածությունը տրանսպորտի և առևտրի ոլորտներում համարվում է «Pax Britannica»-ի` բրիտանական գերիշխանության ժառանգությունը։

Բրիտանական կայսրությունը զարգացել է երկու հարյուր տարվա ընթացքում: Հսկայական պետության ընդլայնման գագաթնակետը ընդունված է համարել 20-րդ դարի սկիզբը: Այդ ժամանակ... Ավելին

Հունիսի 27
Նեյտրոնային աստղերի բախում

Նեյտրոնային աստղ, աստղագիտական օբյեկտ, աստղերի էվոլյուցիայի վերջնական մնացուկ, բաղկացած է նեյտրոնային միջուկից և այլասերված նյութի համեմատաբար բարակ (∼1 կմ) թաղանթից, որը կազմված է ծանր ատոմի միջուկներից։ Նեյտրոնային աստղի զանգվածը գործնականում մոտ է Արեգակի զանգվածին, սակայն շառավիղը անհամեմատ փոքր է՝ մոտ 10 կմ։ Այդ պատճառով նրա նյութի միջին խտությունը մի քանի անգամ գերազանցում է ատոմական միջուկի խտությանը, որը ծանր միջուկների համար մոտ 2,8×1017 կգ/մ³ է)։ Այն այնքան խիտ է, որ նեյտրոնային աստղի նյութ պարունակող լուցկու տուփը կունենար մոտավորապես 13 միլիոն տոննա զանգված, ինչը համապատասխանում է Երկրի 2500 մ3 ծավալին: Նեյտրոնային աստղը ծնվում է գերնոր աստղի բռնկման ժամանակ։

Նեյտրոնային աստղերը խիստ տաք են, և նրանց մակերևույթի ջերմաստիճանը մոտ 6×105 Կ է: Նեյտրոնային աստղերն ունեն ուժեղ մագնիսական դաշտ՝ 108-ից 1015 անգամ ավելի ուժեղ, քան Երկրի մագնիսական դաշտն է, իսկ գրավիտացիոն դաշտը... Ավելին

Հունիսի 28
Դյուպենի խոսակցությունը նավաստու հետ, Բայեմ Շոուի նկարազարդումը (1909)
Դյուպենի խոսակցությունը նավաստու հետ, Բայեմ Շոուի նկարազարդումը (1909)

Սպանություն Մորգ փողոցում (երբեմն թարգմանվում է որպես «Սպանություններ Մորգ փողոցում», «Մորգ փողոցի կրկնակի սպանությունը», անգլ.՝ The Murders in the Rue Morgue), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի պատմվածքը, որը համարվում է գրականության պատմության մեջ դետեկտիվ ժանրի առաջին ստեղծագործությունը։ «Մարի Ռոժեի գաղտնիքը» (1842) և «Գողացված նամակը» (1844) պատմվածքների հետ միասին նովելը կազմում է եռերկ ստեղծագործություն` նվիրված ֆրանսիացի ազնվական Օգյուստ Դյուպենին: Գեղարվեստական շարքի մյուս պատմությունների և «Ոսկյա բզեզ» նովելի հետ միասին «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը ներառված է Էդգար Պոյի «տրամաբանական պատմվածքների» շարքում:

Պատմության մեջ երիտասարդ Օգյուստ Դյուպենը, ով ունի արտասովոր վերլուծական ունակություններ, հետախուզում է երկու կանանց դաժան և առեղծվածային սպանությունը, որն իրականացվել է Փարիզում` Մորգ փողոցում գտնվող տանը: Դյուպենի՝ դետեկտիվ ժանրում առաջին հերոսի կերպարի բացահայտման և նրա արկածների նկարագրման համար Էդգար Պոն օգտագործել է բազմաթիվ ոճաձևեր, որոնք հետագայում օգտագործվել են այնպիսի հայտնի կերպարների նկարագրման մեջ, ինչպիսիք են Շերլոք Հոլմսը և Էրքյուլ Պուարոն:

էդգար Պոյի պատմվածքին նախորդող երկու ստեղծագործությունները՝ Վոլտերի «Զադիգ, կամ ճակատագիր» պատմվածքը և Էռնստ Հոֆմանի «Մադմազել դը Սկյուդերի» նովելը, ունեն դետեկտիվ ժանրին բնորոշ տարրեր:

18.. թվականին Փարիզում անանուն հերոսը, ով պատմում է իրադարձությունները, ծանոթանում է մսյո Օգյուստ Դյուպենի հետ: Նա դեռ երիտասարդ է, ազնվական ընտանիքի հետնորդ, ով կորցրել է իր ողջ ընտանեկան հարստությունը և ներկայումս ստիպված է ապրել խիստ տնտեսող կյանքով: Պատմողին հաճելի է Դյուպենի ներկայությունը, և նա... Ավելին

Հունիսի 29
Տաթևի վանք
Տաթևի վանք

Տաթևի վանք, սուրբ Եվստաթեոս առաքյալի ուխտ, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի, ով հեղինակել է «Սիսական նահանգի պատմություն» աշխատությունը, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։

Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է... Ավելին

Հունիսի 30
Արտադրական հնարավորությունների կոր
Արտադրական հնարավորությունների կոր

Արտադրական հնարավորությունների կոր (անգլ.՝ production–possibility frontier), հաստատուն ռեսուրսներով և տեխնոլոգիայով արտադրվող երկու տարբեր ապրանքների արտադրության հնարավոր համադրության գրաֆիկական ներկայացումը։

Սա մի որոշակի տնտեսության արտադրողականության գրաֆիկական ներկայացումն է, որտեղ ռեսուրսները ֆիքսված են։ Արտադրական հնարավորությունների կորը գրաֆիկորեն ներկայացնում է որևէ տնտեսության առավելագույն արտադրողականությունը երկու տարբեր ապրանքների համար` օգտագործելով ռեսուրսները ամբողջովին և ամենաարդյունավետ ձևով։

Միկրո- և մակրոէկոնոմիկայում այս գրաֆիկը ցույց է տալիս երկու տարբեր ապրանքների համադրություններ, որոնք կարող են արտադրվել մի տնտեսության կողմից` օգտագործելով ֆիքսված քանակով արտադրության գործոններ և արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ։

Մակրոէկոնոմիկայում այն կարող է ներկայացնել... Ավելին

2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր