Happier Than Ever (անգլերենից՝ Ավելի երջանիկ, քան երբևէ), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երկրորդ ստուդիական ալբոմը, որի թողարկումը նախատեսված էր 2021 թվականի հուլիսի 30-ին Darkroom և Interscope լեյբլներով։ Ալբոմի պրոդյուսերը նրա եղբայր Ֆինաս Օ' Քոնելն է, և այն ծառայում է որպես «When We All Fall Asleep, Where Do We Go?» (2019) դեբյուտային սկավառակի շարունակություն։ Թողարկմանը նախորդել են «My Future» և «Therefore I Am» սինգլները[4]։
Բիլլի Այլիշը թողարկել է իր դեբյուտային «When We All Fall Asleep, Where Do We Go?» ստուդիական ալբոմը, որը առևտրային հաջողություն է ունեցել 2019 թվականին։ Նա առաջին տեղն Է զբաղեցրել ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթում և հավաստագրվել 3× պլատինե կարգավիճակով Ամերիկայի ձայնագրման ինդուստրիայի ասոցիացիայի «Recording Industry Association of America» (RIAA) կողմից[5][6]։ Ալբոմը Գրեմմի մրցանակ է ստացել «Տարվա ալբոմ» կատեգորիայում, իսկ նրա «Bad Guy» (2019) սինգլի հետ միասին, Այլիշն ստացել է հինգ Grammy Award մրցանակ[7]։ Դրա թողարկումից հետո Այլիշը շարունակել է առանձին սինգլների թողարկումը, այդ թվում՝ «Everything I Wanted» (2019) և «My Future» (2020), որոնք նորամուտը նշել են Billboard Hot 100-ի թոփ-10-ում[8]։
2020 թվականի հունվարին տված հարցազրույցում Այլիշը հայտարարել է, որ տարվա ընթացքում կսկսի աշխատել իր առաջիկա երկրորդ ստուդիական ալբոմի վրա[9]։ Բիլլի Այլիշի եղբայրը՝ Ֆինեաս Օ 'Քոնելը, ևս մեկ անգամ հաստատել է դա՝ հայտարարելով, որ այն «բավականին պարզ կլինի իր մտահղացմամբ», ինչպես և Այլիշի դեբյուտը, և այդ երկուսը կշարունակեն երաժշտություն ստեղծել, որն իրենց դուր է գալիս «կենդանի նվագել»[10]։ 2020 թվականի հուլիսի 30-ին՝ ալբոմի թողարկման պլանավորված ամսաթվից ուղիղ մեկ տարի առաջ, նա թողարկել է ալբոմի լիդ-սինգլը՝ «My Future»-ը[4][11]։ Երկրորդ ալբոմի «Therefore I Am» սինգլը թողարկվել է նույն թվականի նոյեմբերին։ 2021 թվականի հունվարին Այլիշը հայտարարել է, որ ալբոմը «զգացվում է հենց այնպես, ինչպես ես եմ ուզում», և ինքը չի ցանկանում ոչինչ փոխել։ Նրա վավերագրական «Billie Eilish: The World's a Little Blurr» ֆիլմը թողարկվել է հաջորդ ամիս[12]։ Բացի այդ, փետրվարին Այլիշը հայտարարել է, որ ալբոմը, հավանաբար, պարունակելու է 16 երգ[13]։ Նա 2021 թվականի ապրիլին սկսել է ակնարկել նոր երաժշտության գալիք թողարկման մասին և բացահայտել է «Happier Than Ever» անվանումը Instagram-ում ամսի 26-ի հաղորդագրության մեջ, որը ներառում էր նույն անվանումով երգի 15-վայրկյանանոց հատվածը, որն ավելի վաղ հայտնվել էր թիզերի տեսքով վավերագրական ֆիլմում[14][15][16]։
2021 թվականի ապրիլի 27-ին Այլիշը հաստատել է «Happier Than Ever» ալբոմի անվանումը, այն բանից հետո, երբ գովազդային վահանակները, ինչպես հաղորդվում է, սկսել են հայտնվել տարբեր քաղաքներում[17]։ Եվս մեկ սինգլ նախատեսվում էր թողարկել 2021 թվականի ապրիլի 29-ին, իսկ ալբոմի թողարկումը նախատեսված էր 2021 թվականի հուլիսի 30-ին[18][19]։