Քրդական թատրոն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Քրդական թատրոն պետական, Հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ, քրդական թատերական ինքնագործ խմբերի հիման վրա կազմակերպվել է 1937 թվականին, Ապարան գյուղում, որպես շրջիկ պետական թատրոն։ Բացվել է նոյեմբերի 7-ին Ս․ Կաժոյանի «Արևի ծագումը» պիեսի բեմադրությամբ։ 1938 թվականին քրդական թատրոն տեղափոխվել է նորաստեղծ Ալագյազի շրջանի Ալագյազ գյուղը, դարձել շրջանային շրջիկ պետական թատրոն։ Քրդական առաջին և միակ պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Մկրտիչ Ջանանը, ռեժիսոր՝ Ցոլակ Նիկողոսյանը, տնօրեն՝ Ջալլադ Կոտոյանը։
Թատերախմբի դերասան–դերասանուհիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերախմբում էին դերասան–դերասանուհիներ՝ Միշաե Շամոն, Ղահրամենե Ռաշոն, Ղաչաղե Ագիտը, Սլոե Բրդոն, Չիլա Ջալիլը, Ալիե Հաջին, Ղադրե Սամանդը, Անուշ Սահակյանը և ուրիշներ։ Հետագայում հիմնադիր խումբը համալրվել է երիտասարդ կադրերով։
Դերասանական կազմը՝ 1940թ.
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշոյան Ղարաման, Համիդ Ուսումյան, Մհոյան Ղաչախ, Մհոյան Իսո, Խդրյան Ագիթ, Դրբոյան Սլո, Ղասոյան Ղադր, Ամոյան Ալի, Ասլանյան Ասիյա, Մկրտիչյան Վարտուշ, Սհակյան Անուշ, Ֆերոյան Չիլե, Ամոյան Ահմադ, Սուլթանյան Ադո, Խուդոյան Սհիդ, Խաթիֆյան Խարիֆ, Հարությունյան Մանիյա, Բաքրյան Բասո։
Թատրոնի տնօրենները
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնում տարբեր տարիներ տնօրեններ են եղել Ջաֆարով Սալահը, Միրոե Ասադը, Ջարդոե Գենջոն, Ալիե Ամոն, Ամրիկե Դալոն, ռեժիսորներ՝ Ջերջիզ Ժամհարյանը, Զ․ Ղամբարյանը, Ա․ Մարտիրոսյանը, Ռ․ Արմենյանը, Վարոս Սարոյանը Կարո Վարդանյանը և ուրիշներ։
Թատրոնը ձևավորողները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորումներ են կատարել նկարիչներ Ա․ Գրիգորյանը, Գ․ Բաբայանը, Ս․ Թարյանը, Սիրանույշ Գևորգյանը և ուրիշներ։
Բեմադրված գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրվել են՝ Սունդուկյանի «Պեպո», Մդիվանու «Հայրենիք» («Պատիվ»), Ջաբարլու «Սևիլ», Հաշիե Ջնդիի «Մուրազ», Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի», Ս․ Գինոսյանի «Միրաքի աղջիկը», «Հերոսը Ջզիր քաղաքից», «Կյառ ու Քուլլըք», Ա․ Շայբոնի «Պարաշյուտով փեսացուն», Վ․ Շողերյանի «Գնացք», մանուկների և պատանիների համար՝ «Գիքորը» (ըստ Հովհաննես Թումանյանի), «Մամո Աշե», «Հայր», «Խռովություն» և այլն։
Քրդական թատրոնը նպաստել է քուրդ աշխատավորների քաղաքական, գեղագիտական դաստիարակությանը։ Թատրոնը փակվել է 1947 թվականին։ 1975 թվականից, Արագածի շրջանի Ալագյազ գյուղում գործում է քրդական ժողովրդական թատրոն։ [1] Արխիվացված 2017-02-20 Wayback Machine, ԳԱԹ, թատերական բաժին՝ Սարգիս մելիքսեթյանի ֆոնդ №1101
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 490)։ |