Քլեր Մարտեն
Քլեր Մարտեն | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Claire Montreuil |
Ծնվել է | ապրիլի 18, 1914[1][2] |
Ծննդավայր | Քվեբեկ քաղաք, Կանադա |
Վախճանվել է | հունիսի 18, 2014[3] (100 տարեկան) |
Վախճանի վայր | Քվեբեկ, Կանադա[4] |
Գրական անուն | Claire Martin |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ակնարկագիր, թարգմանչուհի և վիպասան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Կանադա |
Ժանրեր | պատմույթ |
Անդամակցություն | Կանադայի թագավորական ընկերություն |
Պարգևներ | |
Claire Martin (writer) Վիքիպահեստում |
Քլեր Մարտեն (ֆր.՝ Claire Martin, իրական ազգանունը՝ Մոնթրյոլ, Montreuil, ապրիլի 18, 1914[1][2], Քվեբեկ քաղաք, Կանադա - հունիսի 18, 2014[3], Քվեբեկ, Կանադա[4]), կանադացի կին գրող-արձակագիր, վիպասան, պատմվածքների և ինքնակենսագրական արձակների հեղինակ, գրական թարգմանիչ։ Մարտենը, որի ֆրանսերեն ստեղծագործություններն արժանացել են բազմաթիվ մրցանակների, օրինակ՝ Գեներալ-նահանգապետի մրցանակը, Կանադայի թագավորական ընկերության անդամ էր և Կանադայի շքանշանի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլեր Մարտենը ծնվել է 1914 թվականին, Քվեբեկում։ Սովորել է Քվեբեկի ուրսուլինների դպրոցում, ապա` Բոսորի կանանց վանական դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է որպես հաղորդավար Քվեբեկի «CKCV», «CBV» և «Radio-Canada» ֆրանսալեզու ռադիոկայաններում։ Հենց նրան է պատիվ տրվել 1945 թվականին Քվեբեկի բնակչությանը հայտարարել Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ եվրոպական թատերաբեմում ռազմական գործողությունների ավարտի մասին[7][8]։
1945 թվականին ամուսնանալով Ռոլան Ֆոշեի հետ և ամուսնացած կին լինելու պատճառով կորցնելով աշխատանքը ռադիոյում՝ Քլերը տեղափոխվել է Օտտավա և իրեն նվիրել գրական գործունեությանը[8]։ 1958 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Սիրով կամ առանց սիրո» (ֆր.՝ Avec ou sans amour) պատմվածքների ժողովածուն, որի համար նա շատ չանցած արժանացել է Քվեբեկի «Le Cercle du livre de France» հրատարակչության գրական մրցանակի։ Այդ ժողովածուից անմիջապես հետո, 1960 և 1962 թվականներին հրատարակվել են նրա երկու վեպերը, իսկ 1965 թվականին լույս է տեսել «Երկաթե ձեռնոցի մեջ» ինքնակենսագրական երկերգությունը (ֆր.՝ Dans un gant de fer): Այդ երկհատորյակը նրան ճանաչում է բերել որպես գրող-արձակագիր և արժանացրել մի շարք մրցանակների՝ 1965 թվականին Քվեբեկի մրցանակից և «Ֆրանսիա-Քվեբեկ» ասոցիացիայի մրցանակից մինչև 1967 թվականին Գեներալ-նահանգապետի մրցանակ[9]։ Բռնակալ հոր կողմից կառավարվող[10] բազմազավակ ընտանիքում մեծացած Քլերի մանկության մասին պատմող «Երկաթե ձեռնոցի մեջ» գիրքը Քվեբեկի պատմության մեջ առաջին բացահայտ ֆեմինիստական գիրքն է[7]։ Քլեր Մարտենի մյուս վեպը՝ «Մեռածները» (ֆր.՝ Les Morts), լույս է տեսել 1970 թվականին, իսկ երկու տարի անց Մոնրեալի «Կանաչ վարագույր» թատրոնում ներկայացվել է վեպի դրամատիկական մշակումը[9]։
1972-1982 թվականներին Քլեր Մարտենը բնակվել է Ֆրանսիայում՝ զբաղվելով գրքերի թարգմանությամբ։ Այդ ժամանակաշրջանում նրա կողմից կանադական անգլալեզու գրականությունից ֆրանսերեն են թարգմանվել այնպիսի դասական ստեղծագործություններ, ինչպիսիք են Մարգարետ Լորենսի «Քարե հրեշտակը» և Ռոբերտսոն Դևիսի «Մանտիկորան»։ Կանադա վերադառնալուց հետո նրա գրական գործունեությունում սկսվել է տևական դադար, որն ընդհատվել է 1986 թվականին՝ Ռոլանդի մահից հետո, երբ Քլերի ստեղծագործություններն սկսել են տպագրվել գրական ամսագրերում[10]։ 1999 թվականին հրատարակվել է «Ամբողջ կյանքը» (ֆր.՝ Toute la vie) պատմվածքների ժողովածուն, որի համար հեղինակն արժանացել է Քվեբեկի գրական ակադեմիայի մեդալի[11]։ Նոր դարաշրջանի առաջին տասնամյակին լույս են տեսել Քլեր Մարտենի ևս չորս վեպ և պատմվածքների երկու ժողովածու[12]։
Քլեր Մարտենը մահացել է 2014 թվականի հունիսին՝ 100 տարեկան դառնալուց մի քանի ամիս անց[8]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադական հանրագիտարանում Քլեր Մարտենին նվիրված հոդվածում նշվում է, որ նրա ստեղծագործությունների հիմնական թեման սերն է, դրա հետ կապված ռիսկն ու «հիվանդությունները»։ Նրա գրքերը տարբերվում են մաքուր, գեղեցիկ լեզվով և նուրբ հեգնանքով, որը նրա ինքնակենսագրության մեջ երբեմն վերածվում է խայթող և անողոք սարկազմի[9]:Նրան Կանադայի շքանշանի ասպետի կոչում շնորհելիս նշվել է, որ նրա ստեղծագործությունները բնորոշում են մարդկային հոգու խոր ըմբռնումը[13]։
- Avec ou sans amour (1958)
- Doux-Amer (1960)
- Quand j’aurai payé ton visage (1962)
- Dans un gant de fer — La joue gauche (1965)
- Dans un gant de fer — La joue droite (1965)
- Les Morts (1970)
- Toute la vie (1999)
- L'amour impuni (2000)
- Il s’appelait Thomas (2003)
- L’inconnu parle encore (2004)
- Le feu purificateur (2008)
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվեբեկի և Կանադայի ազգային գրական մրցանակներից բացի, Քլեր Մարտենն արժանացել է մի շարք պետական պարգևների։ 1984 թվականին նրան արժանացել է Կանադայի շքանշանի սպայի կոչման, իսկ 2001 թվականին դարձել է այդ շքանշանի ասպետ, ինչը Կանադայում բարձրագույն քաղաքացիական պարգևն է[13]։ 2007 թվականին Քլեր Մարտենը դարձել է Քվեբեկի ազգային շքանշանի սպա, իսկ 2010 թվականին՝ Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի սպա[7]։
1967 թվականից Քլեր Մարտենը Կանադայի թագավորական ընկերության անդամ էր[14]։ 2001 թվականին ներառվել է Մեծագույն քվեբեկցիների ակադեմիայի ցանկերում, իսկ 2009 թվականին դարձել է Լավալի համալսարանի պատվավոր դոկտոր[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 https://www.thecanadianencyclopedia.ca/fr/article/martin-claire
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=1435
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=1435
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/recipiendaires-doctorat-honoris-causa-2009-2010/claire-martin.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Claire Martin (1914 – 2014)» (ֆրանսերեն). Ordre National du Québec. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Isabelle Beaulieu (2014 թ․ հունիսի 19). «Décès de l'auteure Claire Martin à l'âge de 100 ans». Les Libraires (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Gilles Dorion. (2008 թ․ ապրիլի 10). «Claire Martin». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 10,0 10,1 Aiden Roberts. (2014 թ․ ապրիլի 18). «Claire Martin: The Writer with the Enduring Smile Celebrates her 100th Birthday». Reflections on Books. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Médaille de l'Académie» (ֆրանսերեն). Académie des lettres du Québec. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Claire Martin, écrivaine» (ֆրանսերեն). Université Laval. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 13,0 13,1 «Claire Martin, C.C., O.Q.». The Governor General of Canada. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Martin, Claire». Library and Archives Canada. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gilles Dorion. (2008 թ․ ապրիլի 10). «Claire Martin». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- «Claire Martin (1914 – 2014)» (ֆրանսերեն). Ordre National du Québec. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլեր Մարտեն» հոդվածին։ |
|