Jump to content

Քարե զառիթափի բնանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարե զառիթափի բնանկար
տեսակկախովի թղթագլան և գեղանկար
նկարիչՍեսսոն Սյուկեյ
տարի16-րդ դար
բարձրություն30,2 սանտիմետր
լայնություն46,7 սանտիմետր
ստեղծման վայրՃապոնիա[1]
ստեղծման երկիր Ճապոնիա[1]
ժանրբնանկար
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
Ծանոթագրություններ

«Քարե զառիթափի բնանկարը» (ճապ.՝ 雪村周継筆 山水図), նկար հորիզոնական թղթագլանի վրա, որը ստեղծվել է ճապոնացի նկարիչ և զեն-բուդայական վանական Սեսսոն Սյուկեյի կողմից մոտավորապես, 16-րդ դարի վերջին։ Աշխատանքը կատարվել է թանաքի ներկերի և թղթի միջոցով։ 2015 թվականին ստեղծագործությունը Մերի և Ջեքսոն Բյորկով հիմնադրամի կողմից նվիրաբերվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին[2]։

Գնալով Սեսսյուի հետքերով` Սեսսոնը 16-րդ դարում շարունակեց և պահպանեց սևաներկով ճապոնական գեղանկարչության ավանդույթները[3]։ Ինչպես Սեսսյուն, Սեսսոն Սյուկեյը ձգտում էր օգտագործվող սևաներկի հատկությունների և գունային սպեկտրի միջոցով ստեղծել արտահայտիչ և դինամիկ բնանկարներ[4]։ «Քարե զառիթափի բնանկարը», Մուրոմատի[5] ժամանակաշրջանի պահպանված հայտնի թղթագլաններից մեկն է, որտեղ արտահայտված է կոմպոզիցիայի արտասովոր զգացողությունը, որտեղ նկարիչն աշխատանքի միջնամասն առանձնացրել է դինամիկ և հստակ նրբագծերով[3]։ Սեսսոն Սյուկեյի այս և մյուս բնանկարներին բնորոշ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են վեհությունը և լակոնիկությունը[6]։ Նկարիչը հմտորեն օգտագործել է սևաներկի մուգ սև նրբերանգից դեպի մուգ գորշ նրբերանգի աստիճանական անցումները[2]։ Սևաներկի փոփոխվող նրբերանգները և կրկնվող ձևերը ստեղծում են նկարչի կողմից հորինված չինական լեռնային բնանկարը գետի և մարդկանց հետ[2]։ Չինաստանի նման տեսարանները Սեսսոն Սյուկեյի ժամանակ արդեն դարձան հանրահայտ մոտիվ ճապոնացի նկարիչների մոտ, որոնք էլ իրենց կոլորիտը մտցրին այնտեղ[6]։ Առջևի պլանում գտնվում է ոչ մեծ շինություն, որտեղից մի խումբ մարդիկ անցնելով գետը գնում են դեպի լեռնային արահետ։ Անկյունագծային վրձնախազերով Սեսսոն Սյուկեյը պատկերում է ժայռերի կազմվածքը` ընդգծելով ժայռերի ստորոտում կամարների և ելուստների կորացված ձևը[2]։ Լեռան վրա գտնվում են մի շարք շինություններ, անտառ և ժայռեր որոնք սուզված են մառախուղի մեջ։ Առանձին նրբագծերով նկարիչը ստեղծում է լողունակության տպավորություն, տները կարծես լողում են մառախուղի մեջ[2]։ Աշխատանքի տարբեր մասերում պատկերված են մի քանի մարդիկ, որը ստեղծում է հեռանկարի տպավորություն, մի քանի մարդ նավակով լողում են գետում, մի մասը գտնվում են առաջին պլանում գետի ափին, մեկը անցնում է գետը, ևս երկուսը գտնվում են լեռան վրա հետին պլանում[2]։ Պատմաբան Կոմիտա Մեյն ընդգծում է կամրջի և լեռան հստակ և ցայտերանգ պատկերման հակադրությունը, ճանապարհի բարդությունը, որն ի վերջո տանում է դեպի լեռների հովվերգական վայրեր` պատկերված ավելի նուրբ վրձնախազվածքով և նրբերանգներով[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «雪村周継筆 山水図 Landscape with Rocky Precipice». The Metropolitan Museum of Art.
  3. 3,0 3,1 Stephen Addiss,Gerald Groemer,J. Thomas Rimer, ed. (2006). Traditional Japanese Arts And Culture: An Illustrated Sourcebook. University of Hawaii Press.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  4. «Sesson Shūkei». Encyclopedia Britannica. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 Norman, Howard. (2011). «On Bold Ocean». Dwell.
  6. 6,0 6,1 «Сэссон Сюкэй». Хронос.