Տոնե Պարտլիչ (սլովեներեն՝ Tone Partljič. օգոստոսի 5, 1940(1940-08-05), Մարիբոր, Սլովենիա), սլովենիացի արձակագիր, թատերագիր, քաղաքական գործիչ։ 1990-ից 2004 թվականների միջակայքում եղել է Սլովենիայի Ազգային ժողովի պատգամավոր, 1994 թվականից՝ Սլովենիայի ազատական-ժողովրդավարական կուսակցության անդամ։ 1983-1987 թվականներին՝ Սլովենիայի գրողների ընկերակցության (ասոցիացիայի) նախագահ[1]։
Ծնվել է Մարիբորում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել ծննդավայրի մոտ գտնվող Պեսնիցա պրի Մարիբորու ավանում։ Սովորել է Մարիբորում, ստացել սլովեներենի և անգլերենի ուսուցչի որակավորում, 1965 թվականից ուսուցչություն է արել, հետագայում անցել գրական աշխատանքի, հանդես եկել որպես թատերագիր, այնուհետև իր ուժերը փորձել է նաև արձակում։ Տարիներ անց դարձել է նախ՝ Սլովենիայի ազգային թատրոնի, ապա՝ Լյուբլյանայի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Իր հեղինակած երգիծական թատերգությունների համար 1980 թվականին արժանացել է Պրեշերենի հիմնադրամի մրցանակի[2]։ 2016 թվականին նրան՝ ստեղծագործական իր ողջ գործունեության համար շնորհվել է Պրեշերենյան մրցանակ, որը ստեղծագործող անհատների համար Սլովենիայում սահմանված ամենաբարձր պարգևն է[3]։