Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1896-1904) Լ․ Ն․ Բենուայի մոտ։ 1911 թվականից ճարտարապետության ակադեմիկոս։ Շչուկոյի լավագույն ստեղծագործություններին բնորոշ է դասական ճարտարապետության սկզբունքների ստեղծագործաբար կիրառումն ու պարզ լակոնիկ ձևերի որոնումը հասարակական շենքերի նոր տիպերի և նոր տեխնիկայի հետ օրգանապես շաղկապումը։ Մինչև հեղափոխությունը կառուցել է Լենինգրադի Կիրովի պողոտայի № 63-65 տները (1908-1911), ռուսական տաղավարը Հռոմի Միջազգային ցուցահանդեսում (1911)։ Վլադիմիր Գելֆրեյխի հետ խորհրդային շրջանում ստեղծած խոշոր գործերից են Սմոլնու մուտքը (1923-1925) Լենինգրադում, Մ․ Գորկու անվան դրամատիկական թատրոնը Դոնի Ռոստովում (1930-1935), Վ․ Ի․ Լենինի անվան ԽՍՀՄ գրադարանի նոր շենքը (1928-1940), Քարե մեծ կամուրջը (1936-1938, Մ․ Ա․ Մինկուսի մասնակցությամբ), Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի գլխավոր տաղավարը (1939) Մոսկվայում, Աբխազական ԻԽՍՀ Կառավարական տունը (1932-1939) Սուխումում։ Ստեղծել է դեկորների և հագուստների ձևավորման էսքիզներ Պետերբուրգի «Հինավուրց թատրոնի» (1907), Լենինգրադի թատրոնների (1919-1932), Մոսկվայի Փոքր թատրոնի «Բորիս Գոդունով» ներկայացման (1937) համար, ինչպես և բարձրարվեստ գծանկարներ ու ջրաներկ գործեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 552)։