Վիրուսային մարքեթինգ
Վիրուսային մարքեթինգ, գովազդի տարածման տարբեր մեթոդների ընդհանուր անվանում, որը բնութագրվում է երկրաչափական պրոգրեսիայի նմանությամբ։ Տեղեկատվության գլխավոր տարածողը հենց տեղեկատվություն ստացողներն են՝ ստեղծելով բովանդակություն, որը կարող է տեղեկատվության նոր ստացողներին գրավել վառ, ստեղծագործական, անսովոր գաղափարի կամ սովորական, պաշտոնական ուղերձի միջոցով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նախահամացանցային դարաշրջանում» օգտագործել են այսպես կոչված «սարաֆանային ռադիո» մեթոդը՝ իրականացնելով վիրուսային մարքեթինգ անձնական կապերի, ֆոկուս-խմբերի, տպագրված գովազդային ակցիաների, հեռուստատեսության և այլ միջոցներով։ Այս մարքեթինգային տեխնիկան օգտագործում է գոյություն ունեցող սոցիալական ցանցերը բրենդի/ապրանքի/ծառայության մասին իրազեկությունը բարձրացնելու համար։ Օգտագործում են էլեկտրոնային մարքեթինգին բնորոշ մեթոդաբանական սկզբունքներ, որոնք անհատին խրախուսում են մարքեթինգային հաղորդագրությունը փոխանցել այլ անձանց։ Այդ տեխնոլոգիաները վիրուսների նման օգտագործում են ցանկացած բարենպաստ հնարավորություն փոխանցված հաղորդագրությունների թիվը մեծացնելու համար։ Վիրուսային բովանդակության օգնությամբ առաջխաղացումը կարող է ընդունել տարբեր ձևեր՝ վիդեո, նկար, ֆլեշ-խաղ, զանգ տեսանյութից (WOW-call), անգամ միայն տեքստ (օրինակ՝ անեկդոտ)։
Քանի որ մարդիկ հիմնականում քիչ են վստահում գովազդներին, հատկապես եթե դրանք ներկայացվում են արտադրող ընկերությունների կողմից, վիրուսային մարքեթինգի հիմնական սկզբունքն այն է, որ տեղեկատվություն ստացողը վստահ լինի, որ այն ասում է չհետաքրքրված մարդը։ Օրինակ՝ սպառողը պատրաստակամությամբ լսում է ապրանքի մասին դրական կարծիքներ այլ «կենդանի» մարդկանցից, ինչը մեծացնում է ապրանքը գնելու հավանականությունը։ Եվ, ընդհակառակը, դիտելով ապրանքի մասին գովազդը՝ սպառողը կարող է այն անտեսել՝ հաշվի առնելով, որ գովազդը սովորաբար չափազանցնում է ապրանքի որակը։
Եզրույթի ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսաբանական եզրույթին հղում տալը պատահական չէ։ Ակցիաները կամ միջոցառումները կարող են համարվել վիրուսային, երբ տեղեկատվության տարածման գործընթացը սկսում է ենթարկվել վիրուսների տարածման կենսաբանական օրենքներին, այսինքն՝ ցանկացած տեղեկատվություն ստացող անկեղծորեն հետաքրքրվում է դրանով և համակվում այն հնարավորինս արագ փոխանցելու գաղափարով։ Դա արվում է հնարավորինս շատ մարդկանց ներգրավելու, առավել օպերատիվ եղանակներ (ավելի հաճախ ինտերնետ-մեսենջերները և սոցիալական ցանցերը) օգտագործելու միջոցով։ Այլ կերպ ասած՝ վիրուսային տեղեկատվության տարածման գործընթացը նման է վիրուսային համաճարակներին, արագ տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով, դժվար է դադարեցնել այն, և հաճախ առաջանում են ռեցիդիվներ (թվում է, թե տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունը թուլացել է, բայց այն աճում է տարածման նոր ալիքով)։
«Վիրուսային մարքեթինգ» եզրույթը ճանաչում է ձեռք բերել 1996 թվականին Ջեֆրի Ռեյպորտի The Virus of marketing հոդվածի շնորհիվ[1]։
Վիրուսային մարքեթինգի օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտերնետում վիրուսային մարքեթինգի օգտագործման առաջին հայտնի օրինակներից մեկը Hotmail-ի ակցիան է, երբ օգտագործողի կողմից գրված յուրաքանչյուր նամակին միացել է ընկերության հաղորդագրությունը, որը կոչ է անում էլեկտրոնային փոստի հասցեատերերին անվճար փոստ ստանալ Hotmail-ում։
Վիրուսային մարքեթինգի օգտագործման ամենահաջողված օրինակներից մեկը Old Spice վիրուսային տեսահոլովակներն են, որոնք արձանագրվել են 2010 թվականի գովազդային արշավի ընթացքում։ Գովազդային հոլովակում դերասանը կարճ տեսաուղերձներով պատասխանել է ինտերնետ-օգտատերերի հարցերին։ Եռօրյա վիրուսային արշավի շնորհիվ Old Spice վիրուսային գովազդն առաջին տեղն է զբաղեցրել YouTube-ի հաճախելիության ցուցանիշով՝ ապահովելով ավելի քան 61 միլիոն դիտում։ Այս արշավը գնահատվել է բազմաթիվ փորձագետների կողմից՝ համարվելով «նորարար» և «առաջադեմ»։ Old Spice ակցիայի շրջանակներում վիրուսային հոլովակի թողարկումից հետո գովազդողներն ընտրել են Թվիթերում, YouTube ալիքում և այլ ռեսուրսներում ուղարկված մենակաբանությունները և դրանցից ամենահետաքրքիրներին պատասխանել 30 վայրկյանանոց հումորային տեսահոլովակներով։ Հատկանշական է, որ այդ պատասխաններում ապրանքը անմիջականորեն չէր գովազդվում։ Երեք օրվա ընթացքում թողարկվել է շուրջ երկու հարյուր այդպիսի տեսահոլովակ։ Պատասխանների հասցեատերերի շարքում կային ինչպես հայտնի մարդիկ (օրինակ՝ Դեմի Մուր), այնպես էլ հասարակ օգտատերեր[2]։ Արդյունքում ընկերությանը հաջողվել է բրենդի նկատմամբ ուշադրություն հրավիրել, ինչի մասին վկայում է բրենդի հիշատակմամբ որոնողական հարցումների կտրուկ աճը[3]։ Առաջին ամսվա ընթացքում Old Spice ընկերության վաճառքի ծավալն աճել է 107%-ով[4], իսկ 6 ամսվա ընթացքում՝ միջինում 27%-ով[5]։
Վիրուսային տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեթե յուրաքանչյուր խոշոր ընկերություն փորձում է ստեղծել որակյալ գովազդային հոլովակներ, որպեսզի դրանք ունենան վիրուսային ազդեցություն։ Տեսագովազդը վիրուսային էֆեկտ ստանալու առավել արդյունավետ եղանակ է, քանի որ ունի ավելի խորը հնարավորություններ լսարանին հետաքրքրելու համար։ Անվանի ընկերությունները կարող են օգտագործել վիրուսային հոլովակները որպես անոնս, օրինակ՝ ընկերությունը նոր Fashion Show-ի նախաշեմին թողարկել է Maroon 5 խմբի «Moves Like Jagger» երգի տեսահոլովակի ռիմեյքը՝ իր ճանաչված մոդելների մասնակցությամբ։ Կիրառելի են նաև ինտերակտիվ վիրուսային հոլովակներ, որոնցում գործողությունների զարգացման վրա դիտողը կարող է ազդեցություն ունենալ։ Ինչպես օրինակ՝ պաղպաղակի մի գովազդում երգչուհին և դերասանուհին մրգերի հետ տարբեր գործողություններ են կատարում, որոնց անունները դիտողը կարող է գրել հատուկ տողում։ Մեկ այլ գովազդում, որտեղ նշվում է արջի ծննդյան տարեդարձը, գլխավոր հերոսները ճանապարհորդում են ժամանակի մեջ։ Դիտողը կարող է ընտրել տարեթիվը, ինչից կախված՝ փոխվում է գովազդի սյուժեն։
Տարածման ուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրուսային բովանդակության տարածման հիմնական եղանակներն են[6]․
- Սոցիալական ցանցեր (Ֆեյսբուք, ՎԿ)
- Թոփ բլոգեր
- Համայնքներ (LiveJournal)
- Տեղեկատվական պորտալներ
- Խմբեր մեսենջերներում (Տելեգրամ, Վայբեր)
- Ֆոտո/վիդեո հոսթինգներ (YouTube)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Virus of Marketing | Fast Company
- ↑ РИА НОВОСТИ: «Old Spice вывел свой рекламный канал на первое место в YouTube»
- ↑ Sazbean: «Measurable Effects of Old Spice Viral Campaign»
- ↑ «Rhetoric and Popular Culture: «Artefact Analysis #2:Old Spice Youtube Commercial Campaign»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Digital Buzz Blog: «Old Spice Social Campaign Case Study Video»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Посев вирусного материала Արխիվացված 2012-01-18 Wayback Machine, Social Hunters
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Годин, Сет. Идея-вирус? Эпидемия!։ Заставьте клиентов работать на ваш сбыт / пер. с англ. А. Буланов, — СПб։ Питер, 2005. — 192 с. ISBN 5-469-00195-4