Jump to content

Սուրբ Սարգիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
ԾննդավայրԿապադովկիա, Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա
Վախճան362 կամ 363
Վախճան պատճառգլխատում[1]
Սրբացված կարգսուրբ
Աշխատանքռազմական գործիչ

Սուրբ Սարգիս, Զորավար Սուրբ Սարգիս, ըստ ավանդության՝ քրիստոնեական հավատի համար նահատակված և սրբադասված մեծ վկա։

Ծնվել է Գամիրքի (Կապադովկիա) Մաժաք (Կեսարիա) քաղաքում մոտ 330 թվականին, սպանվել է 363 թվականին Պարսկաստանի Դամղան քաղաքում, ապա թաղվել է Դաշտային Կիլիկիայի Համիան քաղաքում։ Սուրբ Սագիսը ազգությամբ հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է Հայոց աշխարհի հետ։ Քրիստոսի քաջ, առաքինի զինվորը և անհաղթ վկան՝ Սուրբ Սարգիսը ազգությամբ հույն էր։ Իր որդու՝ Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Արիության համար Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ՝ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում։ Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ։ Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր հայկական բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին ու կարոտյալներին և տարածում քրիստոնեությունը։ Օգտվելով կայսեր հոժարությունից՝ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը։

Ներսես Շնորհալու կազմած մի վարքագրության մեջ Սուրբ Սարգիսը համարվում է Կեսարիայի հռոմեական զորավար, որը, խուսափելով Հուլիանոս Ուրացող կայսեր (361-363) հալածանքից, ապաստանել է նախ Հայոց Արշակ Բ արքայի մոտ, ապա վերջինիս խորհրդով անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ II-ի զորահրամանատար։ Զորականներից շատերը, տեսնելով քաջ զորավարի բարեպաշտությունը, նրա վարքով վկայված նվիրումն առ Աստված և աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա։ Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել։ Զորավարը մերժում է՝ ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Արարողը երկնքի և երկրի։ Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»։ Այդ խոսքերից հետո Սարգիսը կործանում է բագինը։ Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա։ Առաջինը նահատակության պսակը ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը։ Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ՝ գլխատվում։ Նահատակվելուց հետո Սարգսի մարմնի վրա լույս է իջնում։

Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում ու Դագա դաշտում՝ հիմնել Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի։ Հետագա դարերում Սուրբ Սարգսի անունով եկեղեցիներ են հիմնվել Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում, նրա պաշտամունքը մեծ տարածում է ստացել հայերի մեջ։ Սուրբ Սարգսին են վերագրվում նաև նախաքրիստոնեական պաշտամունքների և հավատալիքների մի շարք գծեր։ Հայերի մեջ տարածված սովորույթ էր՝ Սուրբ Սարգսին նվիրված պասքի վերջին շաբաթ օրվա գիշերը (փետրվարին) բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինձ, որի վրա Սուրբ Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը (համարվել է բարիքի, երջանկության խորհրդանշան)։ Արվեստում, հատկապես մանրանկարչության մեջ, Սուրբ Սարգիսը պատկերվել է արագավազ և ճերմակ նժույգի վրա զինավառ ու գեղեցիկ տղամարդու կերպարանքով, հաճախ վիշապօձին (չարության մարմնավորում) նիզակով շամփրելիս։

Սարգիսը համաժողովրդականություն ունի հայերի մեջ, վկայում են Հայաստանում նրա անունով կառուցված մոտ 220 սրբավայրերը՝ վանքերը (Դերսիմում, Վասպուրականի Հայոց ձորում, Արցախում, Այրարատում, Տուրուբերանում, Կիլիկիայում և այլուր), եկեղեցիները, մատուռները (Լոռիում)։ Հայոց աշխարհում ամենուրեք հիմնադրվել են սրբավայրեր Սուրբ Սարգսի անվամբ։ Դրանցից ամենահնագույնը Ուշիի Սուրբ Սարգիս վկայարան-եկեղեցին է։ Սուրբի անունով մեզ հայտնի են նաև բերդեր (Դերսիմում, Նախիջևանում և Շապին-Գարահիսարում), գյուղեր (Ծոփքում, Աղձնիքում, Տայքում, Բարձր Հայքում, Այրարատում, Արցախում և այլուր), լեռներ (Կիլիկիայում, Ծոփքում, Վասպուրականում, Լոռիում), գետեր (Օլթի գետի ավազանում), աղբյուրներ (Գուգարքում), թաղամասեր (Ծոփքում), բլրակներ (Գուգարքում), ձմեռանոցներ (Գուգարքում), մենաստաններ (Բարձր Հայքում):

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը ժողովրդական սովորույթներից է փոխինդով լի մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սապսել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին։ Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 215