Սարգիս Արարատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արարատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Արարատյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1886 |
Ծննդավայր | Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1943 |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Հայաստան |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և քիմիկոս |
Կուսակցություն | ՀՅԴ |
Sargis Araratyan Վիքիպահեստում |
Սարգիս Շահնազարի Արարատյան (հոկտեմբերի 1, 1886, Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1943, Բուխարեստ, Ռումինիա), հասարակական գործիչ և քիմիկոս, Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարար, հասարակական օգնության և ներքին գործերի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նուխիում (Կովկաս), 1884 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական ծխական վարժարանում։ Նա միակն էր տեղի ծխական դպրոցից, որ հետագա կրթություն ստացավ ռուսական քաղաքային դպրոցում։ Թիֆլիսի պետական գիմնազիայում քննություն է տվել սպայական վարժարան ընդունվելու համար, ապա Ներսիսյան դպրոցում տվել է ավարտական քննությունը։ Գնացել է Ժնև և ավարտելով բնական գիտությունների համալսարանը՝ ստացել է գիտությունների դոկտորի աստիճան՝ մասնագիտանալով բժշկագիտության մեջ։
Որպես տնօրեն պաշտոնավարել է նավթային ընկերությունում և նավթի արդյունաբերական ընկերությունների խորհրդի կողմից նշանակվել է ներկայացուցիչ պետական տեխնիկական ընկերությունում որպես քիմիկոս։
1903 թվականին անդամակցել է Հ. Յ. Դաշնակցությանը[փա՞ստ] և եկեղեցական կալվածքների բռնագրավման ժամանակ անդամակցել է Նուխիի շրջանի բողոք կազմակերպող հանձնախմբին։ Հայ-թաթարական կռիվների ժամանակ կազմակերպված ժողովրդական ինքնապաշտպանության գործում ստանձնել է ղեկավարի դերը։
Պատերազմի ընթացքում մասնակցել է կամավորական շարժման ղեկավարմանը, նախ որպես Կենտրոնական հանձնաժողովի ներկայացուցիչ՝ Քեռու բանակում, իսկ Վան արշավող բանակում՝ կենտրոնական շտաբի անդամ։ Այդ բանակի հետ մտել է Վան։ Վանի նահանջից հետո ռուսական կառավարության կողմից իբրև մասնագետ հրավիրվել է Բաքվի Ռազմա-արդյունաբերական կոմիտեի բացած պատերազմին՝ Քիմիական արտադրությունների գործարանի փոխտնօրեն և քիմիական բաժնի տնօրեն։ Այդ գործարանը Հարավային Կովկասում առաջին տեղն էր զբաղեցնում։
1917 թվականի ռուսական հեղափոխության ընթացքում և դրանից հետո ակտիվ գործունեություն է ծավալել Բաքվի շրջանում Հ. Յ. Դաշնակցության կազմակերպած գործում։ Բաքվի հերոսամարտում Ռոստոմի և Ա. Գյումխանդանյանի հետ ղեկավարել է ինքնապաշտպանական շարժումը։ Համաձայն մի աղբյուրի՝ 1917 թվականի վերջերին № 4 ցանկով ընտրվել է Ռուսաստանի Սահմանադիր ժողովում Դաշնակցության կողմից[1], սակայն այլ աղբյուրներում նրա անունը բացակայում է ընտրված պատգամավորների ցանկում[2]։
Բաքվի ճակատագրական օրերին իբր Բաքվի Ազգային խորհրդի անդամ վարել է անգլիական բանակը Բաքու հրավիրելու գործը և Պարսկաստան գնալով կարողացել է զորքը Բաքու բերել 1918 թվականի օգոստոսի 3-ին, որի շնորհիվ Բաքուն կարողացավ իր ինքնապաշտպանությունը շարունակել մինչև սեպտեմբերի 15-ը։ 1918 թվականին եկել է Երևան։
Եղել է Բաքվի Ազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչը Թեհրանում՝ պարսիկ կառավարության և Դաշնակից կառավարությունների դեսպանատներում։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 1919 թվականին նշանակվել է Պարսկաստանի առաջին հայ դեսպանը, սակայն մերժելով վերադարձել է Հայաստան։ 1919 թվականի մայիսի 5-ին ընտրվել է Ազգային խորհրդի փոխնախագահ։
1919 թվականի օգոստոսի 5-ից մինչև 1920 թվականի մայիսի 5-ը եղել է Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարար Ալեքսանդր Խատիսյանի ղեկավարությամբ։ 1920 թվականի մայիսի 5-իս նշանակվել է պարենավորման, հասարակական օգնության նախարար Համազասպ Օհանջանյանի նախագահության օրոք, մնացել է այդ պաշտոնում մինչև 1920 թվականի նոյեմբերի 23-24-ը։ 1920 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերը եղել է ներքին գործերի նախարար։
Հայաստանի խորհրդայնացումից հետո մեկնել է Պոլիս, Փարիզ, Լոնդոն, կրկին Պոլիս և դրանից հետո Բուխարեստ[3][4], որտեղ զբաղվել է մասնագիտությամբ։ Այստեղ 1940-1941 թվականներին նրան այցելում էր Գարեգին Նժդեհը[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարիներին, չնայած ՀՅԴ որոշմանը՝ չօգնել նացիստական ուժերին Հայաստանի անկախության նվաճման հույսով, նա դարձել է հանձնախմբի անդամ, որտեղ ընդգրկված էին նաև Վահան Փափազյանը, Դավիթ Դավիթխանյանը, Եփրեմ Սարգսյանը և Դրաստամատ Կանայանը, որոնք պետք է հարթեցնեին հարաբերությունները Դաշնակցության Փարիզի կենտրոնական գրասենյակի և ֆաշիստական Իտալիայի միջև։ Հետագայում Սարգիս Արարատյանը լքել է հանձնախումբը[6]։
Արարատյանը հանրային գործերի մեջ մասնակցել է ազգային համագումարների և աչքի ընկնող ազգային ու կուսակցական բոլոր նախաձեռնություններին։ Ռումինիայի տարբեր բեմերում հասարակական և քաղաքական թեմաներով դասախոսություններ է ունեցած։
Արարատյանը աշխատակցել է «Ազատամարտ», «Հորիզոն» թերթերին, խմբագրել է Թավրիզի «Առավոտը», Եվրոպայի Հայ ուսանողական միության «Ուսանող» պարբերականը, Բաքվի «Արևը»։ Աշխատակցել է արտասահմանյան տարբեր պարբերականների։
Սարգիս Արարատյանը մահացել է 1943 թվականին Բուխարեստում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Под фамилией Шахназарян-Араратян, Саркис Шахназарянович: Всероссийское Учредительное собрание (1917 г. в документах и материалах). — М. – Л., 1930. [1] Արխիվացված 2018-10-27 Wayback Machine
- ↑ Члены Всероссийского Учредительного Собрания. Биографический справочник Ш, Щ и Биографический справочник А
- ↑ «Sargis Araratyan - Encyclopaedia Orientica». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Ministry of Finance». 2016 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Протокол допроса Тер-Арутюняна Гарегина Егишевича (Нжде), От 18-го октября 1944 г. Sargis Araratyan // Orientica Արխիվացված 2017-02-23 Wayback Machine
- ↑ Гарегин Нжде и КГБ Sargis Araratyan // Orientica Արխիվացված 2017-02-23 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Араратян Саргис Шахназарович // Энциклопедия фонда «Хайазг»
- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938, Պուքրէշ, Հատոր Բ., էջ 263։
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Շաքի քաղաքում ծնվածներ
- 1943 մահեր
- Բուխարեստ քաղաքում մահացածներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քիմիկոսներ
- ՀՀ ֆինանսների նախարարներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ ազգայնականներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Հայաստանի ներքին գործերի նախարարներ