Սադհգուրու
Սադհգուրու | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Մայսուր, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | Shaivism? |
Կրթություն | Մայսուրի համալսարան |
Մասնագիտություն | գրող, Յոգեր, բարեգործ, բնապահպան և Միստիկա |
Ամուսին | Vijaykumari? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Radhe Jaggi? |
Կայք | isha.sadhguru.org |
Sadhguru Վիքիպահեստում |
Ջագգի Վասուդև (անգլ.՝ Jaggi Vasudev, թամիլերեն՝ சத்குரு ஜக்கி வாசுதேவ், հինդի՝ सदगुरु जग्गी वासुदेव, կան. ಸಧ್ಗುರು ಜಗ್ಗಿ ವಾಸುದೇವ್, տելուգու՝ సద్గురు జగ్గి వాసుదేవ్), հայտնի է նաև որպես Սադհգուրու (անգլ.՝ Sadhguru, սեպտեմբերի 3, 1957, Մայսուր, Հնդկաստան), հնդիկ յոգ և միստիկ։ Նա հիմնել է «Իշա» հիմնադրամը՝ բարեգործական կազմակերպություն, որն իրականացնում է յոգայի ծրագրեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Լիբանանում, Սինգապուրում, Կանադայում, Մալայզիայում, Ուգանդայում և Ավստրալիայում։ Հիմնադրամը ներգրավված է նաև սոցիալական և հասարակական տարբեր նախաձեռնություններում, որի արդյունքում նրան տրվել է հատուկ խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում։ Սադհգուրուն ներկայումս համարվում է Հնդկաստանի 50 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջագգի Վասուդևը ծնվել է 1957 թվականի սեպտեմբերի 3-ին Մայսուր քաղաքում (Կառնատակայի նահանգ, Հնդկաստան)։ Եղել է ընտանիքի 4 երեխաներից ամենակրտսերը։ Նրա հայրը «Հնդկական երկաթուղիներ»-ում ակնաբույժ էր, ուստի նրա ընտանիքը հաճախ տեղափոխվում էր։ 12 տարեկանում Ջագգին սկսեց յոգայով զբաղվել, մասնավորապես ասանաներով և պրանայամայով՝ Ռագհավենդրա Ռաոյի խնամակալության ներքո, ով ավելի շատ հայտնի է որպես Մալլադիհալլիի Սվամի։ Մահադիհալլիի Սվամին իրեն սովորեցրեց այն պարզ ասանաների հաջորդականությունը, որով ինքն էր պարբերաբար զբաղվում։
Սադհգուրուն շատ հաճախ էր բաց թողնում դպրոցը՝ նախընտրելով իր ժամանակը անցկացնել ջունգլիների բնության գրկում։ Նա առանձնակի հետաքրքրություն չէր ցուցաբերում դասերի նկատմամբ։ Դպրոցական կյանքը իր համար շատ ձանձրալի էր, իսկ ուսուցիչները հրաժարվում էին պատասխանել նրա «տարօրինակ» հարցերին։ Հետագայում Մայսուրի համալսարանում նա ստանում է անգլերեն գրականության բակալավրի աստիճան։ Ուսման տարիներին Սադհգուրուն հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում ճանապարհորդությունների և մոտոցիկլետների նկատմամբ։
Պայծառացման փորձառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականի սեպտեմբերի 23-ին քսանհինգ տարեկան Ջագգին ապրեց խորը հոգևոր փորձառություն. դա արմատապես վերափոխեց նրա հետագա կյանքը։ Սադհգուրուն նկարագրում է, թե ինչպես է նա բարձրանում Մայսուրում գտնվող Չամունդի կոչվող բլուրը և նստում ժայռի վրա։ Հանկարծ նա դադարում է զգալ մարմնի սահմանները և միասնություն ապրում իրեն շրջապատող ամեն ինչի հետ։ Նրա շուրջ գտնվող ամեն ինչը՝ ժայռերը, ծառերը, հողերը նա սկսում է ընկալել որպես իր մի մասը։ Նրան թվում է, որ անցել է 10-15 րոպե, բայց երբ նա վերադառնում է իր բնականոն վիճակին, անցած է լինում մոտ 4-5 ժամ։ Հաջորդ օրերին այս վիճակը կրկնվում է մի քանի անգամ և առաջացնում աննկարագրելի երանության զգացում։ Այս դրվագը ամբողջովին փոխում է նրա կյանքը։ Ջագգին որոշում է իր ողջ կյանքը նվիրել այս փորձի փոխանցմանը մարդկությանը՝ հնարավորություն տալով բոլորին մոտենալու իրենց աստվածային բնույթին։
Հոգևոր գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին նա Մայսուրում անցկացրեց յոգայի իր առաջին դասը 7 հոգու համար։ Ժամանակի ընթացքում տարբեր բնակավայրերում նա սկսեց անցկացնել յոգայի դասընթացներ՝ անցնելով գյուղից գյուղ իր մոտոցիկլով։ Քանի որ նա թռչնաբուծական ֆերմայի բավականին հաջող բիզնես ուներ և կարողանում էր հոգալ իր սեփական կարիքները, Սադհգուրուի համար սովորական պրակտիկա էր ուսանողների կողմից հավաքված գումարները տեղական բարեգործությանը նվիրաբերելը։
1994 թվականին Ջագգի Վասուդևն առաջին ծրագիրը վարեց նոր հիմնադրված «Իշա» յոգայի կենտրոնում, որտեղ պատմեց Դհյանալինգայի մասին։ Դհյանալինգան մեդիտացիայի յուրահատուկ տաճար է, որտեղ նույնիսկ նախկինում փորձառություն չունեցողները կարող են ապրել խորը մեդիտատիվ վիճակներ։ Սադհգուրուն Դհյանալինգայի ստեղծումը համարում է իր կյանքի առաքելությունը, որն իրեն է փոխանցվել իր ուսուցչից։ 1996-ին սկսեց նախագծվել քարե շենքը։ 3 տարի հետո՝ 1999 թվականի հունիսի 23-ին, Դհյանալինգան ստացավ իր վերջնական օծումը, իսկ հասարակության համար բացվեց նոյեմբերի 23-ին։
Դհյանալինգան մեդիտացիայի վայր է և չի պատկանում որևէ կոնկրետ հավատքի։ 23 մետր բարձրությամբ գմբեթը, որը կառուցված է առանց պողպատի և բետոնի, ծածկում է սրբարանը։ Բուն սրբարանը ունի ավելի քան 4 մետր բարձրություն և պատրաստված է սև գրանիտից։ Առջևի մուտքի մոտ կանգնած է զորասյունը (Սառվա Դհարմա Սթհամբա)` հինդուիզմի, իսլամի, քրիստոնեության, սիկխիզմի, ջայնիզմի, դաոսականության, զրադաշտականության, հուդայականության, բուդդիզմի և սինտոիզմի խորհրդանիշների քանդակագործական ռելիեֆներով։
Եղել է ամուսնացած (1984)։ Կինը մահացել է 1996 թվականին։ Ունի մեկ դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սադհգուրուի պաշտոնական կայքը
- «Իշա» հիմնադրամի կայքը
- Սադհգուրուի պաշտոնական կայքը Ռուսաստանում
- Սադհգուրուի ելույթը TEDIndia 2009-ին — Հոյակապ քաոս (Ջագգի Վասուդև) = Sadhguru Jaggi Vasudev: Majestic chaos : տեսանյութ։ թարգմ. անգլ․ // YouTube. — 17 ր.
- Սադհգուրուն Ռուսաստանում // Սադհգուրու — Ռուսական պաշտոնական ալիքը : ալիք YouTube. — 2018. — 30 հունվարի. — 3 ր. 16 վրկ․.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադհգուրու» հոդվածին։ |
|