Պրոտեոլիտիկ ֆերմենտներ
Պրոտեոլիտիկ ֆերմենտներ, սպիտակուցալուծիչ ֆերմենտներ, պրոտեազներ, պեպտիդհիդրոլազներ, հիդրոլազների դասի ֆերմենտներ։ Կատալիզում են բջջային և սննդի սպիտակուցների պեպտիդային կապերի հիդրոլիզը։
Պարունակվում են բոլոր կենդանի օրգանիզմներում։ Պրոտեոլիտ ֆերմենտներ բաժանում են՝
- պեպտիդազների (էքսոպեպտիդազներ)
- պրոտեինազների (էնդոպեպտիդազներ)։
Պեպտիդազներն առավելապես հիդրոլիզում են սպիտակուցների և պեպտիդների արտաքին, պրոտեինազները՝ ներքին պեպտիդային կապերը։ Ակտիվ կենտրոնի կառուցվածքից կախված տարբերում են սերինային, թիոլային (ցիստեինային) պրոտեոլիտ ֆերմենտներ, թթու պրոտեինագներ և ակտիվ կենտրոնում մետաղ (հաճախ Zn) պարունակող մետաղաֆերմենտներ։ Պրոտեինազները տարբերվում են նաև որոշակի ամինաթթվային մնացորդների միջև եղած կապերը հիդրոլիզելու առանձնահատկությամբ։
Ենթաստամոքսային գեղձի պրոտեոլիտիկ ֆերմենտները սինթեզվում են նախաֆերմենտների ձևով և չեն քայքայում այն հյուսվածքի սպիտակուցները, որտեղ առաջացել են։ Պրոտեոլիտիկ ֆերմենտների պատրաստուկներն օգտագործվում են կենսբանաբանական հետազոտություններում, սննդի, թեթև արդյունաբերության և բժշկության մեջ։ Որոշ պրոտեոլիտիկ ֆերմենտների մոլեկուլում պարզված է ամինաթթուների հաջորդականությունը, իսկ ռենտգենկառուցվածքային վերլուծությամբ բացահայտվել է մի քանի կարևորագույն ֆերմենտների՝ պեպսինի, տրիպսինի, քիմոտրիպսինի լրիվ տարածական կառուցվածքը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոտեոլիտիկ ֆերմենտներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 447)։ |