Jump to content

Պոզիտիվ հոգեթերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոզիտիվ հոգեթերապիա (PPT after N. Peseschkian since 1977)

Պոզիտիվ հոգեթերապիան (կրճատ PPT (ՊՀԹ)՝ 1977 թ. ի վեր) հոգեթերապևտիկ ուղղություն է, որը մշակվել է հոգեբույժ և հոգեթերապևտ Նոսրաթ Պեզեշկիանի և իր գործընկերների կողմից 1968 թ.՝ Գերմանիայում։ ՊՀԹ-ն հումանիստական-հոգեդինամիկ հոգեթերապևտիկ ուղղություն է, որը հիմնված է մարդու բնույթի դրական ընկալման վրա: Այն ինտեգրատիվ մեթոդ է, որը ներառում է հումանիստական, համակարգային, հոգեդինամիկ և կոգնիտիվ-վարքային ուղղությունների տարրեր։ 2024 թ. դրությամբ մոտ 20 երկրներում գործում են PPT կենտրոններ և անցկացվում են դասընթացներ։ Պետք չէ շփոթել Դրական հոգեբանության հետ։[1]

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ հոգեթերապիան (PPT-ՊՀԹ) թերապևտիկ մոտեցում է, որը մշակվել է Նոսրաթ Պեզեշկիանի կողմից՝ 1970-1980-ական թվականներին [2][3][4]։ Սկզբնական տարբերակում կոչվել է դիֆերենցիալ վերլուծություն։ Հետագայում, երբ 1977 թ. Պեզեշկիանը հրատարակեց իր աշխատանքը, մեթոդը վերանվանվեց պոզիտիվ հոգեթերապիայի։ "Պոզիտիվ" եզրույթը (լատ. positivus բառից) PPT-ում վերաբերում է մարդու փորձառության առկա, իրական և հստակ ասպեկտներին։ Պոզիտիվ հոգեթերապիայի և այս մեթոդը կիրառողների հիմնական նպատակն է աջակցել մարդկանց գիտակցել և զարգացնել իրենց կարողությունները, ուժեղ կողմերը, ռեսուրսները և ներուժը։ Այս մոտեցումը համատեղում է հոգեթերապևտիկ տարբեր մոդալությունների տարրեր, ինչպես օրինակ.

  • Հումանիստական մոտեցումը մարդու էության և թերապևտիկ ալիանսի վերաբերյալ
  • հոգեկան և հոգեսոմատիկ խանգարումների հոգոդինամիկ հասկացողությունը
  • համակարգային մոտեցումը, որը հաշվի է առնում ընտանիքը, մշակույթը, աշխատանքն ու շրջապատը
  • նպատակի իրականացմանն ուղղված հինգ քայլանոց թերապիայի գործընթացը, որը համադրում է տարբեր թերապևտիկ մեթոդներից տեխնիկաներ [5]

PPT-ն (ՊՀԹ) բնութագրվում է որպես կոնֆլիկտի վրա կենտրոնացած և ռեսուրսներին միտված մոտեցում, որը հիմնված է ավելի քան քսան տարբեր մշակույթներում անցկացված տրանսկուլտուրալ դիտարկումների վրա [6]։ Աշխատելով կոգնիտիվ վարքային և վերլուծական հոգեթերապիաների տիրույթների միջև՝ PPT-ն կիրառում է կիսակառուցվածքային մոտեցում ախտորոշման, բուժման, հետ-թերապևտիկ ինքնօգնության և ուսուցման գործընթացներում։

Հիմնադրի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոսրատ Պեսեսչկյանը դոկտ

Նոսրաթ Պեզեշկիանը՝ պոզիտիվ հոգեթերապիայի հիմնադիրը, իրանական ծագում ունեցող գերմանացի հոգեբույժ, նյարդաբան, հոգեթերապևտ և հոգեսոմատիկ բժշկության մասնագետ էր։ 1960-ականների վերջերին և 1970-ականների սկզբին նա իր գործունեության մեջ ոգեշնչվել է մի քանի աղբյուրներից.

  • Այդ ժամանակաշրջանի գերիշխող ոգուց, որը զարկ տվեց հումանիստական հոգեբանությանը և նրա հետագա զարգացմանը
  • Նշանավոր և ազդեցիկ հոգեթերապևտների ու հոգեբույժների հետ անձնական շփումներից, ինչպիսիք են՝ Վ. Ֆրանկլը, Ջ. Լ. Մորենոն և Հ. Մենգը և այլոք
  • Բահայիստական հավատքի հումանիստական և ինտեգրատիվ սկզբունքներն ու արժեքները
  • Ինտեգրացնող մոտեցում գտնելու մղումից՝ հատկապես Գերմանիայում վերլուծական և վարքային թերապևտների միջև այդ ժամանակահատվածում առկա հակամարտությունների բացասական փորձի պատճառով
  • Լայնածավալ տրանսկուլտուրալ դիտարկումներից, որոնք կապված էին մշակութային գործոնը կարևորող մեթոդաբանություն գտնելու ձգտման հետ։

Պեզեշկիանի անունն անքակտելիորեն կապված է այս մեթոդի զարգացման հետ, քանի որ նրա կյանքի պատմությունն ու անձը մեծ ազդեցություն են ունեցել մեթոդի ստեղծման և տարածման վրա: Նրա կենսագիրները վերջինիս նկարագրել են որպես «երկու աշխարհների միջև ճամփորդ» ([7])։ Պեզեշկիանի կենսագրությունը կրում է՝ «Արևելքը և Արևմուտքը» վերնագիրը։

Ըստ Պեզեշկիանի՝ պոզիտիվ հոգեթերապիայի զարգացումը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ 1954թ. նա, լինելով իրանցի, բնակություն հաստատեց Եվրոպայում։ Այս փորձառությունը թույլ տվեց Պեզեշկիանին ուսումնասիրել այս երկու մշակույթների միջև վարքի, սովորույթների և վերաբերմունքների տարբերությունները։ Այս գիտակցումը սկսվել էր վաղ մանկությունից, երբ նա նկատեց, թե ինչպես են իր կրոնական սովորույթները տարբերվում իր մուսուլման, քրիստոնյա և հրեա դասընկերների և ուսուցիչների ավանդույթներից։ Նա սկսեց ուսումնասիրել, թե ինչպիսին են փոխհարաբերությունները տարբեր կրոնների և ազգությունների մարդկանց միջև, ինչպես են աշխարհընկալումն ու ընտանեկան արժեքներն ազդում մարդու դիրքորոշումների վրա։ Մասնագիտական ուսուցման ընթացքում Պեզեշկիանը դարձավ տարբեր հոգեբուժական, նյարդաբանական և հոգեթերապևտիկ մեթոդների միջև բախումների ականատես։ Այս ամենն էլ ավելի ամրապնդեց իր դիրքորոշումն առ այն, թե որքան կարևոր է զերծ մնալ նախապաշարումներից։[8]

Պոզիտիվ հոգեթերապիան իր արմատներով գնում է դեպի հումանիստական հոգեբանության և հոգեթերապիայի հիմնասյուները, որոնք ձևավորվել էին Կ. Գոլդշտեյնի, Ա. Մասլոուի և Կ. Ռոջերսի կողմից։[9] Մեծ ազդեցություն են ունեցել նաև հոգեվերլուծությունն ու նրանից սերող հետագա մեթոդները՝ ներառյալ նեո-ֆրոյդյան, հոգեսոմատիկ և բալինտյան մոտեցումները։ Պեզեշկիանը ձգտում էր կառուցել մետատեսություն, որը կկարողանար կամրջել այդ տարբեր մեթոդների միջև բացերը։ Միաժամանակ, ողջ կյանքի ընթացքում Պեզեշկիանը մեծապես ոգեշնչվել է բահայիստական հավատքի մի շարք սկզբունքներով։ Այս սկզբունքները ներառում էին գիտության և կրոնի համատեղ գոյությունը, մարդու վերաբերյալ Բահայի տեսությունը, որը դիտարկում է անհատին որպես «բարձրագույն արժեք ունեցող թանկարժեք քարերի հանք»[10], և համաշխարհային հասարակության տեսլականը, որն ընդունում է մշակութային բազմազանությունը։ Այս սկզբունքները մեծ դեր ունեցան Պեզեշկիանի աշխատանքում և փիլիսոփայական հայացքներում։

Պոզիտիվ հոգեթերապիայի առաջընթացը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք նպաստել են նրա զարգացմանը ժամանակի ընթացքում։ Այս գործոնները ներառում են շարունակական բժշկական կրթությունից ստացված գիտելիքները, հիվանդների հետ հոգեթերապևտիկ և հոգեսոմատիկ պրակտիկայում աշխատելու ընթացքում ձեռք բերված փորձը, շփումները տարբեր մշակույթների, կրոնների և արժեքային համակարգերի անձանց հետ, ինչպես նաև՝ հոգեթերապիայի մեթոդների բազմազանությունն ու բազմաբնույթությունը։ Այս կուտակված գիտելիքը հանգեցրեց «Դիֆերենցիալ վերլուծություն» մեթոդի ստեղծմանը 1969թ., որը հետագայում վերանվանվեց և, 1977թ. իր վեր, հայտնի է որպես պոզիտիվ հոգեթերապիա (PPT)։

Զարգացումն ու պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականները կարևոր ժամանակաշրջան էին պոզիտիվ հոգեթերապիայի զարգացման և տարածման համար այնպիսի տեսքով, ինչպիսին մենք այն ճանաչում ենք այսօր։ Սա շրջադարձային փուլ էր, որից հետո պոզիտիվ հոգեթերապիան (PPT) ավելի լայն ճանաչում գտավ հոգեթերապիայի ոլորտում։ Մեթոդի հիմքային սկզբունքները սկսեցին կիրառվել բազմաթիվ պացիենտների և նրանց ընտանիքների բուժման մեջ։ Նաև, այս սկզբունքները ենթարկվեցին փորձարկման և ներկայացվեցին միջազգային դասախոսություններում, ինչպես Գերմանիայում, այնպես էլ՝ արտասահմանում։ Այս նշանակալի ժամանակահատվածում հրատարակվեցին պոզիտիվ հոգեթերապիայի հինգ հիմնական գրքերից չորսը։ Այդ գրքերն են՝ «Առօրյա կյանքի հոգեթերապիա» (1974թ.), «Պոզիտիվ հոգեթերապիա» (գերմանական հրատարակություն՝ 1977թ.), «Արևելյան պատմությունները պոզիտիվ հոգեթերապիայում» (գերմանական հրատարակություն՝ 1979թ.) և «Պոզիտիվ ընտանեկան հոգեթերապիա» (գերմանական հրատարակություն՝ 1980թ.)։ Ավելին, 1970-ականները նշանավորվեցին նաև մեթոդի առաջին հետբուհական դասընթացների ստեղծմամբ, երբ 1974թ. հիմնադրվեց ուսումնական կազմակերպություն, որը դարձավ Վիսբադենի հոգեթերապիայի ակադեմիայի (WIAP) նախատիպը։ Հեսսեի բժշկական պալատը ճանաչեց այս կազմակերպությունը 1979թ. որպես հոգեթերապևտիկ մասնագիտական վերապատրաստման կազմակերպություն։ Այսպես, 1977թ. Գերմանիայում հիմնադրվեց Պոզիտիվ հոգեթերապիայի գերմանական ասոցիացիան, որը դարձավ Պոզիտիվ հոգեթերապիայի՝ աշխարհում առաջին ազգային ասոցիացիան։

1980-ականներին մեթոդը շարունակեց իր զարգացման ուղին, հրատարակվեցին նոր գրքեր, ինչպես օրինակ՝ «Իմաստի որոնումը» (գերմանական հրատարակություն՝ 1983թ. և անգլերեն թարգմանություն՝ 1985թ.)։ Հոգեթերապևտիկ համագործակցությունները երիտասարդ գործընկերների հետ նպաստեցին մեթոդի հետագա համակարգմանը։ Այդ ընթացքում նշանակալի իրադարձություն էր Նոսրաթ Պեզեշկիանի որդու՝ Համիդ Պեզեշկիանի ատենախոսության ավարտը՝ 1988թ.[11], որն առաջին ատենախոսությունն էր՝ բացառապես նվիրված պոզիտիվ հոգեթերապիային։ Այս ատենախոսության կարևոր առաջընթացը վերաբերում էր Պոզիտիվ հոգեթերապիայում առաջին հարցազրույցի կառուցվածքավորմանը։ Ներկայացվեց և ըստ հոգեդինամիկ չափանիշների քննության ենթարկվեց այս հարցազրույցի համար կազմված հատուկ հարցաթերթիկը։ 1988թ. այս հարցաթերթիկը, «WIPPF»[12] հարցաթերթիկի հետ միասին, հրատարակվեց չնչին փոփոխություններով։

1980-ականներին Պեզեշկիանը լայնորեն ճամփորդում էր՝ անցկացնելով PPT սեմինարներ Ասիայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում։ Այդ ժամանակահատվածում PPT-ի կարևոր աշխատությունները թարգմանվեցին անգլերեն։ Պեզեշկիանը նաև սեմինարներ էր անցկացնում կառավարման և քոուչինգի ոլորտներում՝ խթանելով մեթոդի հանդեպ հետաքրքրությունը այս ոլորտներում ևս։

Այս ժամանակահատվածում Պեզեշկիանը հրատարակեց իր վերջին հիմնական աշխատությունը՝ «Հոգեսոմատիկա և պոզիտիվ հոգեթերապիա» (գերմանական տարբերակը 1991թ.-ին), որը 2013թ. թարգմանվեց անգլերեն։ Այս գիրքը ներկայացնում էր կառուցվածքային և հոգոդինամիկ մոտեցումը տարբեր հոգեկան և ֆիզիկական խանգարումների բուժման մեջ։

1990-ականների ընթացքում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները էականորեն նպաստեցին PPT-ի միջազգային ընդլայնմանը, որն արդեն սկսվել էր 1980-ականներին։1990թ. դրությամբ աշխարհում գործում էին 30-ից ավելի կենտրոններ, որոնցից առաջինը բացվել էր Ռուսաստանի Կազան քաղաքում։ Պոզիտիվ հոգեթերապիայի առաջին ազգային ասոցիացիաները ձևավորվեցին Բուլղարիայում (1993թ.), Ռումինիայում (2004թ.) և Ռուսաստանում։[13] PPT-ի միջազգայնացումը շարունակվեց 1996թ.-ին Գերմանիայում Պոզիտիվ հոգեթերապիայի միջազգային կենտրոնի իրավաբանական գրանցմամբ՝ որպես NGO։ Հետագայում այն դարձավ Պոզիտիվ և տրանսկուլտուրալ հոգեթերապիայի համաշխարհային ասոցիացիա (WAPP)։ Այս իրադարձությունները համընկան 1990թ.-ին Վիենայում Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի (EAP) ստեղծման հետ, որը սահմանեց հոգեթերապևտների մասնագիտական և իրավական չափանիշները։ Պոզիտիվ հոգեթերապիայի ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն են ունեցել EAP-ում վերջինիս հիմնադրումից ի վեր։

1999թ.-ին հրապարակվեց PPT-ի ուսումնասիրության միջազգային կրթական ծրագիրը՝ հիմնված տարբեր երկրներում ձեռք բերված փորձի վրա։ 2000թ.-ին առաջին անգամ մեկնարկեց Պոզիտիվ հոգեթերապիայի մարզիչների վերապատրաստման տարեկան միջազգային ուսուցման ծրագիրը։ PPT-ն պաշտոնապես հաստատվեց Գերմանիայում, երբ Վիսբադենի հոգեթերապիայի ակադեմիան (WIAP)[14] ստացավ պետական ճանաչում՝ հոգեթերապևտների մասնագիտական վերապատրաստման համար հոգեդինամիկ հոգեթերապիայի ոլորտում, ինչպես նաև՝ մանկավարժների և սոցիալական աշխատողների համար մանկական և մեծահասակների հոգեթերապիայի ուսուցման մեջ։ 1998թ.-ին Գերմանիայի ընդունած օրենքը հոգեթերապևտների մասին[15] նպաստեց PPT-ի ուսումնական ծրագրերի հետագա զարգացմանը և համակարգմանը, ինչն ընդլայնեց մեթոդի ազդեցությունը Գերմանիայից դուրս։ PPT-ն դուրս եկավ իր սկզբնական բժշկական համատեքստից և սկսեց կիրառվել տարբեր ոլորտներում՝ դպրոցներում և համալսարաններում, կառավարման և քոուչինգի ոլորտներում։[16][17] Պոզիտիվ հոգեթերապիայի առաջին համաշխարհային կոնգրեսը կազմակերպվեց 1997թ.-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանում, և այդ ժամանակից ի վեր անցկացվում է ամեն 3–4 տարին մեկ։ 2005թ.-ին հաջողությամբ ավարտվեց առաջին մագիստրոսական ծրագիրը UTEPSA համալսարանում` Բոլիվիայի Սանտա Կրուզ քաղաքում։ 2005թ.-ին Մանիժե և Նոսրաթ Պեզեշկիանները հիմնեցին «Պրոֆեսոր Պեզեշկիանի հիմնադրամը», որը հայտնի է որպես Պոզիտիվ և տրանսկուլտուրալ հոգեթերապիայի միջազգային ակադեմիա (IAPP)։ Այն համակարգում է միջազգային նախաձեռնությունները և վերահսկում է Պոզիտիվ հոգեթերապիայի միջազգային արխիվները։

2010 թվականից ի վեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ., Նոսրաթ Պեզեշկիանի մահից հետո, պոզիտիվ հոգեթերապիայի համայնքը մտավ զարգացման նոր փուլ: Պոզիտիվ և տրանսկուլտուրալ հոգեթերապիայի համաշխարհային ասոցիացիան (WAPP) աշխարհում պոզիտիվ հոգեթերապայի հիմնական վերահսկող կազմակերպությունն է։ 1996 թ., հիմնադրվելով որպես Պոզիտիվ հոգեթերապիայի միջազգային կենտրոն, WAPP-ը ներառում է անհատ անդամներ, ազգային ասոցիացիաներ, ուսումնական հաստատություններ, կենտրոններ և ներկայացուցչական գրասենյակներ ազգային և տարածաշրջանային մակարդակներում։ Նրա հիմնական նպատակն է աջակցություն տրամադրել իր անդամներին և այն անձանց, ովքեր հետաքրքրված են պոզիտիվ հոգեթերապիայի ուսումնասիրությամբ, կիրառմամբ և տարածմամբ։ WAPP-ը գրանցված է որպես ոչ առևտրային կազմակերպություն Վիսբադենում՝ Գերմանիայում, և 2023 թ. դրությամբ ունի ավելի քան 2,200 անհատ անդամ՝ մոտ 50 երկրից։[18]

Պոզիտիվ հոգեթերապիան Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի (EAP) կողմից պաշտոնապես ճանաչված ուղղություն է։ Պոզիտիվ հոգեթերապիայի հենտրոնների եվրոպական ֆեդերացիան (EFCPP) մի կազմակերպություն է, որը գործում է ողջ Եվրոպայում։ Հետաքրքրված հոգեթերապևտները կարող են ձեռք բերել Հոգեթերապիայի եվրոպական հավաստագիր (Eurpean Sertificate of Psychology/ECP) պոզիտիվ հոգեթերապիայից՝ անցնելով ուսուցում EFCPP-ի կողմից։[19]

Պոզիտիվ հոգեթերապիան ԱՄՆ-ում գրանցված առևտրային նշան է (գրանցման համարը՝ համարը 6,082,225)։[20] 2016 թ. Պոզիտիվ հոգեթերապիան պաշտոնապես գրանցվել է նաև Եվրամիությունում և Շվեյցարիայում։

2023 թ. դրությամբ PPT-ի ազգային ասոցիացիաները ստեղծվել են Բուլղարիայում, Վրաստանում, Գերմանիայում, Ռումինիայում, Կոսովոյում, Ուկրաինայում և Էթովպիայում։[21] Ավելին, PPT-ն ակտիվորեն տարածվում է նաև տեղական ու տարածաշրջանային ուսուցման կենտրոնների միջոցով՝ Հայաստանում, Ավստրիայում, Բելառուսում, Բուլղարիայում, Չինաստանում, Կիպրոսում, Վրաստանում, Գերմանիայում, Կոսովոյում, Լատվիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում և Միացյալ Թագավորությունում։ PPT-ի սեմինարները և դասախոսությունները հասանելի են աշխարհի ավելի քան 80 երկրներում։ Պոզիտիվ հոգեթերապիան այժմ ընդգրկված է հոգեբանության և հոգեթերապիայի ուսումնական ծրագրերում Բուլղարիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի համալսարաններում։

Հիմնական առանձնահատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

PPT-ի հիմքում ընկած գիտական տեսությունները կարելի է տեսնել նաև այլ թերապևտիկ մեթոդներում։ Պեզեշկիանի մեթոդը համատեղում է հոգեվերլուծական և հումանիստական հոգեթերապիայի տեսություններն ու պրակտիկաները՝ ստեղծելով տրանսկուլտուրալ հոգեթերապիայի մոտեցում։ PPT-ն կիրառում է ինտեգրատիվ մոտեցում, որը հաշվի է առնում այցելուի անհատական կարիքները, սալուտոգենետիկ սկզբունքները, ընտանեկան թերապիայի և ինքնօգնության գործիքները։[22]

PPT մեթոդի հիմնական առանձնահատկությունները.

  • Ինտեգրատիվ հոգեթերապևտիկ մեթոդ
  • Հումանիստական հոգեդինամիկ մեթոդ
  • Միավորված, թերապևտիկ համակարգ
  • Կոնֆլիկտի վրա կենտրոնացած կարճաժամկետ մեթոդ
  • Մշակութային համատեքստի հանդեպ զգայուն մոտեցում
  • Զրույցների, պատմությունների, անեկդոտների և առակների կիրառում
  • Նորարարական միջամտություններ և տեխնիկաներ
  • Կիրառում ոչ միայն հոգեթերապիայում, այլ նաև՝ բժշկական գիտություններում, խորհրդատվության մեջ, կրթության ոլորտում, կանխարգելման, կառավարման և ուսուցման մեջ

Հիմնական սկզբունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ հոգեթերապիայի երեք հիմնական սկզբունքները կամ սյուներն են.[23]:

  1. Հույսի սկզբունքը
  2. Բալանսի սկզբունքը
  3. Խորհրդատվության սկզբունքը

Հույսի սկզբունքը ենթադրում է, որ հոգեթերապևտը պետք է օգնի այցելուին հասկանալ և ընկալել իր խանգարման կամ կոնֆլիկտի հետևում ընկած նշանակությունն ու նպատակը։ Հետևաբար, խանգարումը վերաձևակերպվում է «դրական» տեսանկյունից՝ հանգեցնելով դրական մեկնաբանությունների։ Ահա մի քանի օրինակներ.

  • Քնի խանգարումը դիտարկվում է որպես զգոն մնալու և սահմանափակ քնով բավարարվելու ունակություն
  • Դեպրեսիան ընկալվում է որպես կարողություն խորապես զգալ և արտահայտել հույզերը՝ ի պատասխան կոնֆլիկտներին
  • Շիզոֆրենիան դիտարկվում է որպես երկու աշխարհներում միաժամանակ գոյություն ունենալու ունակություն կամ գերհարուստ երևակայության առկայություն

Նման լավատեսական տեսանկյունից դիտարկումը շրջադարձային է ոչ միայն այցելուի, այլև՝ նրա շրջապատի համար։ Հիվանդությունները կատարում են խորհրդանշական գործառույթ, որի հետ պետք է հաշվի նստեն և՛ այցելուն, և՛ հոգեթերապևտը։ Այցելուն սովորում է, որ հիվանդության սիմպտոմներն ու բողոքները հանդես են գալիս որպես ազդակներ՝ վերականգնելու կյանքի չորս ոլորտների հավասարակշռությունը։

Բալանսի սկզբունքն ընդունում է, որ անկախ սոցիալական և մշակութային տարբերություններից՝ բոլոր մարդիկ դժվարությունների հետ գործ ունենալիս հակված են կիրառել ընդհանուր քոփինգ մեխանիզմներ։ Նոսրաթ Պեզեշկիանը, պոզիտիվ հոգեթերապիայի Բալանսի մոդելում համադրելով, մշակել է տարբեր մշակույթներում կոնֆլիկտների լուծմանն ուղղված դինամիկ և ժամանակակից մոտեցում։ Բալանսի մոդելն ընդգծում է կյանքի չորս հիմնարար ասպեկտները.

  • Մարմին/Առողջություն – հոգեսոմատիկ խնդիրներ
  • Ձեռքբերում/Աշխատանք – սթրեսին նպաստող գործոններ
  • Կոնտակտ/Հարաբերություններ – դեպրեսիայի հնարավոր տրիգերներ
  • ԿԱպագա/Ֆանտազիաներ/Կյանքի իմաստԿ – վախեր և ֆոբիաներ

Թեև այս չորս ոլորտները բնորոշ են բոլոր մարդկանց, արևմտյան հասարակություններում հիմնականում առաջնային են ֆիզիկական առողջության և մասնագիտական հաջողության ասպեկտները, մինչդեռ արևելյան կիսագնդում մեծ ուշադրություն է դարձվում միջանձնային շփումներին, երևակայությանը և ապագայի ձգտումներին (պոզիտիվ հոգեթերապիայի տրանսկուլտուրալ ասպեկտը)։

Յուրաքանչյուր մարդ, կոնֆլիկտների հետ բախվելով, զարգացնում է իր սեփական քոփինգ մեխանիզմները։ Այնուամենայնիվ, երբ կոնֆլիկտների հաղթահարման որոշակի ձևը գերիշխում է, մյուս ձևերը մնում են ստվերում։ Կոնֆլիկտների բովանդակությունը կազմող որակները, ինչպես օրինակ՝ ճշգրտությունը, կարգապահությունը, քաղաքավարությունը, վստահությունը, ժամանակը և համբերությունը, դասակարգվում են որպես առաջնային և երկրորդային կարողություններ, որոնք հիմնված են սիրելու և ճանաչելու հիմնարար, բազային կարողությունների վրա։ Սա կարող է դիտարկվել որպես Ֆրոյդի դասական՝ «իդ, էգո և սուպեր էգո» մոդելի՝ բովանդակության վրա հիմնված տարբերակ։

Խորհրդատվության սկզբունքը ներկայացնում է թերապիայի և ինքնօգնության հինգ փուլերը, որոնք իրար մեջ սերտ փոխկապակցված են։ Այս փուլերում թե՛ այցելուն, թե՛ նրա ընտանիքը տեղեկացվում են խնդրի և դրա անհատականացված լուծման տարբերակների մասին։ Այս հինգ փուլերն են՝

  1. Դիտում և դիստանցավորում: Այս փուլը ներառում է ցանկությունների և խնդիրների ընկալումը և արտահայտումը՝ պահելով որոշակի հուզական հեռացվածություն։
  2. Ինվենտարիզացիա: Այցելուն անդրադառնում է իր կյանքում վերջին 5-10 տարիների կարևոր իրադարձություններին։ Այս փուլում կոգնիտիվ կարողությունները մեծ կարևորություն են ստանում։
  3. Իրավիճակային խրախուսում: Ինքնօգնությունը և ներքին ռեսուրսների ակտիվացումն ուշադրության կենտրոն են դառնում հենց այս փուլում։ Հոգեթերապևտը մեծապես խրախուսում է այցելուին ուշադրություն դարձնել կոնֆլիկտների հաղթահարման անցյալ, հաջող փորձառություններին։
  4. Վերբալիզացիա: Այժմ կարևորվում են այցելուի հաղորդակցման հմտությունները՝ թույլ տալով նրանց հնչեցնել և արտահայտել կյանքի չորս կարևոր ասպետկներին առնչվող ամենաակնառու կոնֆլիկտները։
  5. Նպատակների ընդլայնում: Այս փուլի նպատակն է խթանել դեպի առաջ, դեպի հեռանկարները նայելու ուղղվածությունը։ Այցելուին տրվում են հուշող հարցեր, օրինակ՝ «Ի՞նչ կուզենայիք անել, երբ բոլոր խնդիրները լուծվեն, «Ի՞նչ նպատակներ ունեք հաջորդ հինգ տարիների համար»։

Այս հինգ փուլերն ընդգրկում են ամբողջական մոտեցում թերապիայի և ինքնօգնության ոլորտնելում՝ տրամադրելով հնարավորություն անձի բարեկեցության տարբեր ասպետկները դիտարկելու և նրա անձնային աճն ու ապագայի ձգտումները խթանելու համար։

  1. Theo A. Cope, Positive Psychotherapy: 'Let the Truth be Told'. International Journal of Psychotherapy, Vol 18, No 2, July 2014, http://www.ijp.org.uk
  2. Peseschkian N. Schatten auf der Sonnenuhr: Erziehung, Selbsthilfe, Psychotherapie. Wiesbaden: Verlag Medical Tribune; 1974.
  3. Peseschkian N. Positive Psychotherapie. Theorie und Praxis einer neuen Methode. Frankfurt: Fischer; 1977.
  4. Peseschkian N. Positive Psychotherapy. Theory and practice of a new method. Berlin, Heidelberg: Springer-Verlag; 1987. (first German edition in 1977)
  5. Henrichs, C., Hum, G. (2020). Positive Psychotherapy and other psychotherapeutic methods. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 401–408), Springer, Cham (Switzerland).
  6. Remmers, A. (2020). Theoretical Foundations and Roots of Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 297–308), Springer, Cham (Switzerland).
  7. Kornbichler T, Peseschkian M. Nossrat Peseschkian: Morgenland – Abendland; Positive Psychotherapie im Dialog der Kulturen. Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag; 2003.
  8. Kornbichler T, Peseschkian M. Nossrat Peseschkian: Morgenland – Abendland; Positive Psychotherapie im Dialog der Kulturen. Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag; 2003.
  9. Kornbichler T, Peseschkian M. Nossrat Peseschkian: Morgenland – Abendland; Positive Psychotherapie im Dialog der Kulturen. Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag; 2003.
  10. Baha’u’llah. Gleanings from the Writings of Baha’u’llah. Wilmette: US Baha’i Publishing Trust; 1990 (pocket-size edition, pp. 259–260).
  11. Peseschkian H. (1987). Psycho-soziale Aspekte beim lumbalen Bandscheibenvorfall – Eine orthopädisch-psychosomatische Untersuchung von 100 Patienten. Medizinische Dissertation. Universität Mainz.
  12. Peseschkian N, Deidenbach H. Wiesbadener Inventar zur Positiven Psychotherapie und Familientherapie WIPPF. Berlin: Springer; 1988.
  13. https://www.positum.org/ppt-centers/
  14. https://www.wiap.de/ueber-wiap/geschichte-der-wiap/
  15. https://www.bgbl.de/xaver/bgbl/start.xav?start=%2F%2F*%5B%40attr_id%3D%27bgbl198s1311.pdf%27%5D#__bgbl__%2F%2F*%5B%40attr_id%3D%27bgbl198s1311.pdf%27%5D__1734953729970
  16. Peseschkian H. Die Anwendung der Positiven Psychotherapie im Managementtraining. In: Graf J, (ed). Seminare 2002 – Das Jahrbuch der Management-Weiterbildung (ManagerSeminare). Bonn: Gerhard May Verlags GmbH; 2001.
  17. Remmers A. An integrated model for salutogenesis and prevention in education, organisation, therapy, self-help and family consultation, based on positive family psychotherapy [Realized projects and experiences in Bulgaria 1992–1994]. 1995.
  18. https://www.positum.org/wapp-members-list/
  19. https://www.positum.org/training-standards/
  20. https://tmsearch.uspto.gov/bin/showfield?f=doc&state=4809:2znph.2.1
  21. https://www.positum.org/ppt-centers/
  22. Peseschkian, N.; Tritt, K. (1998). "Positive psychotherapy effectiveness study and quality assurance". European Journal of Psychotherapy & Counselling. 1: 93–104. doi:10.1080/13642539808400508.
  23. Peseschkian N. Positive Psychotherapy. Theory and practice of a new method. Berlin, Heidelberg: Springer-Verlag; 1987. (first German edition in 1977)