Նորայր Սիսակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիսակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Մարտիրոսի Սիսակյան | |
---|---|
Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի դիմանկար Աշտարակի տուն թանգարանում | |
Ծնվել է | 1907, հունվարի 25 Աշտարակ |
Մահացել է | 1966, մարտի 12 Մոսկվա |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Կենսաքիմիկոս Կենսաբան Քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[1] |
Գործունեության ոլորտ | Կենսաքիմիա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[2][1] և ՀՀ ԳԱԱ[2][3] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան և Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1940) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4] |
Պարգևներ | ԽՍՀՄ Պետական մրցանակ |
Երեխա(ներ) | Իոսիֆ Սիսակյան, Ալեքսեյ Սիսակյան և Ludmila Budagova? |
Norair Sisakian Վիքիպահեստում |
Նորայր Մարտիրոսի Սիսակյան (հունվարի 12 (25), 1907, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 12, 1966[5], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), հայ կենսաքիմիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից[6]։ Կենսաբանական գիտությունների դոկտոր 1940 թվականից, ապա նաև պրոֆեսոր՝ 1944 թվականից։ 1960 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ապա 1965 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, իսկ 1945 թվականից՝ վերջինիս թղթակից անդամ[7]։
Նրա անունը հավերժացվել է Մոսկվայում՝ Ա. Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքին փակցվել է հուշատախտակ։ Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով հավերժացվել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա։ Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։ Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս անվանակոչված է Նորայր Սիսակյանի անունով՝ «Սիսակյանի ծով»[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորայր Սիսակյանը ծնվել է 1907 թվականի հունվարի 25-ին Աշտարակում, գյուղացու ընտանիքում։ 1928 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։ 1932 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան։ 1935 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում։ 1942-1966 թվականներին ՀԽՍՀ ԳԱ բիոքիմիայի ինստիտուտի լաբարատորիայի վարիչ, 1946-1959 թվականներին՝ փոխտնօրեն, 1959–1963 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական բաժանմունքի ակադեմիայի քարտուղար, 1963–1966 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ և գլխավոր գիտքարտուղար։
Գործունեության բնագավառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հետազոտությունները վերաբերում են տիեզերական կենսաբանության պրոբլեմներին, բույսերի ընդհանուր կիրառական կենսաքիմիայի և տեխնիկական կենսաքիմիայի հիմնահարցերին։
Գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները՝
- նյութափոխանակությունը կենդանի օրգանիզմում
- տեխնիկական կենսաքիմիա
- ենթաբջջային կառուցվածքների ֆունկցիոնալ կենսաքիմիա
- տիեզերական կենսաբանություն
Գիտական գործունեության սկզբնական տարիները գիտնականը նվիրել է բույսերի կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի մի շարք կարևորագույն հիմնարար և գործնական խնդիրներին, այն է՝ շաքարանյութերի նյութափոխանակության, իսկ այնուհետև բույսերի երաշտադիմացկանության օրինաչափությունների ուսումնասիրմանը։ Ստացված արդյունքները նորամուծություն էին գիտության այս բնագավառում և բույսերի նոր երաշտադիմացկուն սորտերի սելեկցիայի հիմք հանդիսացան։
Գիտնականի աննախադեպ նվաճումները ենթաբջջային գոյացությունների ուսումնասիրման բնագավառում սկիզբ դրեցին գիտության այդ նոր ուղղության զարգացման ինչպես նաև կարևորագույն նախապայման հանդիսացան մոլեկուլյար կենսաբանության ու կենսաքիմիայի նոր ուղղությունների զարգացման համար։
Շնորհիվ կենսաբանության բնագավառում ունեցած խոր և բազմակողմանի գիտելիքների՝ ակադեմիկոս Սիսակյանին կոսմիկական դարաշրջանի» նախաշեմին հաջողվեց լինել տիեզերագնացության զարգացման հիմքերն ու ուղղությունները նախանշող գիտնականների առաջին շարքերում։ Նա կարողացավ կանխատեսել ընդհանուր կենսաբանական գիտական ու գործնական բժշկության զարգացման հեռանկարները։
Նորայր Սիսակյանի նախաձեռնությամբ սկսվեցին և իրականացվեցին բազմաթիվ մանրակրկիտ ուսումնասիրություններ տիեզերքի անսովոր, յուրօրինակ գործոնների՝ անկշռելիության, երկրի ձգողականության (գրավիտացիայի), ճառագայթման, փակ համակարգերի էկոլոգիայի, տիեզերագնացների պատրաստման ու ընտրության հիմունքների, օրգանիզմների նյութափոխանակության և շատ այլ հարցերի ուղղությամբ։ Մշակվեց երկարատև տիեզերական թռիչքների պայմաններում տիեզերագնացների անվտանգությունն ապահովող միջոցների համալիր։ Ակադեմիկոս Գազենկոն Սիսակյանին նվիրված իր հոդվածներից մեկում նշում է, թե Նորայր Սիսակյանն այն գիտնականներից և ղեկավարներից մեկն էր, որի կարծիքն որոշիչ էր այս կամ այն տիեզերագնացի թռիչքի համար։
Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում անգնահատելի ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ։ Նշենք նաև, որ գնահատելով նրա ծառայությունները տիեզերքի նվաճման բնագավառում Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս «Սիսակյանի ծով» անվանումն է ստացել։
Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին՝ Ընտրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական գիտությունների գործնական և կոնսուլտատիվ կոմիտեների անդամ և 13-րդ նստաշրջանի նախագահ[8]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական և Ա. Ն. Բախի և Դ. Ի. Մեչնիկովի անվան մրցանակների դափնեկիր
- Աշխատանքային կարմիր դրոշի (3) և Պատվո նշան շքանշաններ
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биохимия обмена веществ, Москва, 1954, 275 с.
- Биохимия растений, Москва, 1956, 394 с.[9]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Кузовкин Г. В., Мартин Б. «К счастью для меня, я начал свое образование в 1944 году и поэтому мог изучать классическую генетику», “Fortunately for me, I started studying in 1944 and could therefore study classical genetics” (ռուս.) // Историко-биологические исследования — 2019. — Т. 11, вып. 2. — С. 76—95. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ 2,0 2,1 Рожнов В. В., Найденко С. В. История биологической науки в истории академического здания на Ленинском проспекте в Москве, The history of biological science in the history of the academic building on Leninsky Prospekt in Moscow (ռուս.) // Историко-биологические исследования — 2021. — Т. 13, вып. 1. — С. 7—23. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2021-11001
- ↑ «Я был рад и ошеломлён находкой сокровищницы материалов по российской генетике», “I Was Delighted and Aghast at the Treasure Trove of Materials on Russian Genetics” // Историко-биологические исследования — 2018. — Vol. 10, Iss. 1. — P. 52—80. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ CONOR.Sl
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Сисакян Норайр Мартиросович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 8,0 8,1 «Նորայր Սիսակյան - 100, UNESCO-ն 2007թ. հայտարարել է Նորայր Սիսակյանի տարի». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Նորայր Սիսակյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Սիսակյան» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հունվարի 25 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Աշտարակ քաղաքում ծնվածներ
- Մարտի 12 մահեր
- 1966 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի կենսաբաններ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Անձինք նամականիշերի վրա
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային կենսաքիմիկոսներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ կենսաքիմիկոսներ
- Հայ քիմիկոսներ