Մեդին (կոմպոզիտոր եղբայրներ)
Մեդին, Մեդինշ, լատիշ կոմպոզիտոր եղբայրներ։ Եկաբ Մեդին (1885-1971), Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։ Ավարտել է Ռիգայի երաժշտական ինստիտուտը (1905)։ 1921-1944 թվականներին եղել է Ելգավայի կոնսերվատորիայի տնօրեն։ 1944 թվականից խմբավարություն է դասավանդել Լատվիայի կոնսերվատորիայում (1945 թվականից՝ պրոֆեսոր), 1948-1951 թվականներին՝ ռեկտոր։ Լատվիական ԽՍՀ երգի տոների գլխավոր դիրիժորներից (1948-1970)։ Խմբերգերի, կանտատների, գործիքային 11 կոնցերտների, 3 լարային կվարտետների, ինչպես նաև «Խմբավարության հիմունքներ» գրքի (1956), ինքնակենսագրության («Ուրվագծեր», 1968) և այլնի հեղինակ է։ Յագեպ Մեդին (1877-1947), Լատվիական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։ 1896 թվականին ավարտել է Ռիգայի երաժշտական ինստիտուտը, ապա՝ նույն ինստիտուտի դասատու և ղեկավար։ 1906-1911 թվականներին Ռիգայի լատվիական թատրոնի, 1916-1922 թվականներին՝ Բաքվի օպերային թատրոնի, 1922-1925 թվականներին՝ Լատվիայի ազգային օպերայի (Ռիգա) դիրիժոր։ 1945-1947 թվականներին դասավանդել է (1946 թվականից՝ պրոֆեսոր) Լատվիայի կոնսերվատորիայում (դաշնամուր)։ Գրել է 2 օպերա, 3 սիմֆոնիա, սիմֆոնիկ պոեմներ «Հայկական մեղեդի», 2 սյուիտ, ջութակի և նվագախմբի կոնցերտ, խմբերգեր։ Յանիս Մեդին (1890-1966), 1909 թվականին ավարտել Է Ռիգայի երաժշտական ինստիտուտը։ Եղել է ջութակահար, ապա՝ Լատվիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1921-1944 թվականներին դասավանդել է Լատվիայի կոնսերվատորիայում (1929 թվականից՝ պրոֆեսոր)։ 1944 թվականից ապրել է արտասահմանում, 1965 թվականից՝ Ռիգայում։ Լատվիական դասական օպերայի (5 օպերա, այդ թվում՝ «Աստվածներ և մարդիկ», 1922) և բալետի («Սիրո հաղթանակը», 1935, «Պողպատե թևեր», 1936) հիմնադիրներից է։ Սիմֆոնիկ երկերի հեղինակ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 375)։ |