Մակեթաթոն
Մակեթաթոն | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 1348 |
Ծննդավայր | Թեբե |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 1338 |
Մահվան վայր | Էլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Էխնաթոն, մայր՝ Նեֆերտիտի |
Maketaten Վիքիպահեստում |
Մակեթաթոն (եգիպտերեն՝ Mˁkt Jtn՝ «Աթոնի պահած», մոտ մ. թ. ա. 1348, Թեբե - մոտ մ. թ. ա. 1338, Էլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս), եգիպտական փարավոն Էխնաթոնի և Մեծ թագուհու՝ Նեֆերտիտիի վեց դուստրերից երկրորդը։ Հնարավոր է, որ նա ծնվել է իր հոր՝ Էխնաթոնի թագավորության չորրորդ տարում[1]։ Թեև նրա մասին քիչ բան է հայտնի, սակայն Էխնաթոնի թագավորության 17-րդ տարվա առաջին երկու երրորդներում նա հաճախ իր քույրերի հետ պատկերվել է թագակիր ծնողներին ուղեկցելով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակեթաթոնը առաջին անգամ պատկերվել է իր մոր՝ Նեֆերտիտիի Հուտ-բենբեն տաճարի պատերին, որտեղ նա և իր ավագ քույր Մերիթաթոնը պատկերված են թագուհու կողքին[2]։ Նա պատկերվել է նաև սեպագիր արձանագրությունում Ախեթաթոնի՝ Էխնաթոնի կառուցած նոր մայրաքաղաքի սահմանները ցույց տալիս։ Մակեթաթոնն ընտանիքով տեղափոխվել է այնտեղ դեռ մանուկ հասակում։
Մակեթաթոնը մահացել է իր հոր թագավորության 13-րդ կամ 14-րդ տարում։ 12-րդ տարում նա դեռ ողջ էր, քանի որ ծնողների և քույրերի հետ պատկերվել է օտարազգիներից հարկը վերցնելու արարողության տեսարանում, որը կարելի է տեսնել բարձրաստիճան պաշտոնյաների (Ամարնայի կառավարիչ Հույայի և Աթոնի գլխավոր քուրմ Մերիր I-ի) դամբարանների մի քանի պատկերներում[1][2]։
Ամենհոտեպ III-ի և Էխնաթոնի սարկոֆագի բեկորների վրայի կարտուշները համարվում են երկու փարավոնների՝ հոր և որդու երկար կառավարման ապացույցը։
Եգիպտոսում Էխնաթոնի կառավարման 12-15-րդ տարիներին տարածված ժանտախտի համաճարակը համընկնում է թագավորական ընտանիքի շատ անդամների՝ մայր-թագուհի Տիայի, Նեֆերտիտի թագուհու, Էխնաթոնի երկրորդ կին Կիյայի, Մակեթաթոնի և երկու երիտասարդ արքայադուստրերի՝ Նեֆերնեֆրուրայի և Սետեպենրայի վերջին հիշատակումների հետ[1]։ Մակեթաթոնի մահվան մյուս պատճառը կարող է լինել ծննդաբերությունը, որը պատկերված է նրա դամբարանում[3]։
Մակեթաթոնի դամբարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաղվել է Էխնաթոնի դամբարանում։ Մարմինը չի գտնվել։
Արքայական ընտանիքի համար ժայռերի մեջ պատրաստված դամբարանի պատին պատկերված է մահացած աղջկա նկատմամբ ամուսինների հուսահատությունը։ Հայրը պատկերված է ճկված ձեռքը գլխավերևում պահած, իսկ մյուս ձեռքով կնոջ ձեռքը բռնած, որը ձեռքը սեղմել է դեմքին՝ կարծես դեռ չհավատալով իր կորստին։ Մահացածի ծեր դայակը նետվում է դեպի իր սիրելիի մարմինը, նրան հետ է պահում երիտասարդ սպասուհին։ Մակեթաթոնի մահվան տեսարանը փոխանցած զգացմունքների ուժգնությամբ, անկասկած, պատկանում է եգիպտական արվեստի գլուխգործոցների շարքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Tyldesley, Joyce A. Nefertiti : Egypt's sun queen. — London: Viking, 1998. — 232 с. — ISBN 0670869988
- ↑ 2,0 2,1 Redford, Donald B. Akhenaten, the heretic king. — Princeton, N.J.: Princeton University Press, 1984. — 255 с. — ISBN 0691035679
- ↑ Dodson, Aidan, 1962- Amarna sunset : Nefertiti, Tutankhamun, Ay, Horemheb, and the Egyptian counter-reformation. — Cairo: American University in Cairo Press, 2009. — 207 с. — ISBN 9781936190195
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Виктор Солкин Նեֆերտիտի, ճամփորդություն հավերժության ավազների միջոցով // Новый Акрополь. — 2000. — № 3.