Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում
Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում անգլ.՝ V-J Day in Times Square | |
---|---|
տեսակ | լուսանկար |
նկարիչ | Ալֆրեդ Էյզենշտադտ |
տարի | օգոստոսի 14, 1945 |
ժանր | ֆոտոլրագրություն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
V-J Day in Times Square (Alfred Eisenstaedt) Վիքիպահեստում |
Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում (անգլ.՝ V-J Day in Times Square)[1][2], Ալֆրեդ Էյզենշտադտի կողմից արված լուսանկար, որում պատկերված է Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը՝ 1945 թվականի օգոստոսի 14-ին, Թայմս-սքվերում սպիտակ շրջազգեստ հագած բուժքույր Էդիթ Շեյնին համբուրող ամերիկացի նավաստի Գլեն Մակդաֆին։ Մեկ շաբաթ անց լուսանկարը տպագրվել է Life ամսագրի «Հաղթանակ» 12 էջանոց բաժնի բազմաթիվ լուսանկարների շարքում, որոնցում պատկերված էր հաղթանակի տոնումն ամբողջ Ամերիկայում։ 2 էջանոց փռվածքի առաջին էջում ներկայացված էին 3 համբույրները Վաշինգտոնից, Կանզաս Սիթիից և Մայամիից, իսկ Էյզենշտադտի լուսանկարն զբաղեցնում էր ամբողջ հակառակ էջը։ Պատերազմի տարիներին համբույրը ԶԼՄ-ի սիրելի դիրքն էր, բայց Էյզենշտադտը լուսանկարել էր Թայմս-սքվերում տեղի ունեցող ինքնաբուխ իրադարձություններն այն ժամանակ, երբ Հարրի Տրումենը հայտարարել էր Ճապոնիայի դեմ պատերազմի ավարտը։ Հաղթանակի լուրն ստանալուց հետո ամենուրեք ցնծություն էր։ Պաշտոնապես տոնը ոչ թե օգոստոսի 14-ին է, այլ սեպտեմբերի 2-ին՝ ռազմական գործողությունների դադարեցման պայմանագրի պաշտոնական կնքման օրը[3] (Ճապոնիայում նշվում է որպես Հիշատակի օր)։
Լուսանկարը հայտնի է տարբեր անվանումներով՝ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում » (V-J Day in Times Square), «Հաղթանակի օրը» (V-Day), «Համբույրը Թայմս-սքվերում» և «Համբույր» (The Kiss)[4][5]:
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆրեդ Էյզենշտադտը լուսանկարներով սկսել է հետաքրքրվել 14 տարեկանից, երբ ծնողները նրան նվիրեցին իր առաջին Kodak տեսախցիկը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Պրուսիայում ծնված Էյզենշտադտը զորակոչվում է գերմանական բանակի կազմում և դառնում հրետանավոր։ Պատերազմում վիրավորվելով և վերադառնալով աշխարհային կյանքին՝ նա չի մոռանում մանկական իր հետաքրքրությունների մասին, բայց նաև չի մտածում այն իր մասնագիտությունը դարձնելու մասին։ 1927 թվականին նրան հաջողվում է վաճառել իր առաջին լուսանկարը։ Եվ արդեն 1930-ական թվականների սկզբին Էյզենշտադտը հռչակվում է իր լուսանկարներով, որոնք այսօր համարվում են լրագրության դասականներ. հենց նա է լուսանկարել Ադոլֆ Հիտլերի ու Բենիտո Մուսոլինիի առաջին հանդիպումը 1934 թվականին[6] և 1933 թվականին նկարել Յոզեֆ Գեբելսին՝ ատելությամբ լի դեմքով։ 1935 թվականին Էյզենշտադտը արտագաղթում է ԱՄՆ և աշխատանքի ընդունվում Life ամսագրում։ Նա աշխատում էր միջին ձևաչափի Rolleiflex տեսախցիկով, որը հնարավորություն էր տալիս նկարել մարդկանց՝ առանց ուշադրություն գրավելու։ Բայց Էյզենշտադտն իր ամենահայտնի լուսանկարն արել է բացահայտ՝ առանց ոչ մեկից թաքնվելու։
Հանգամանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի օգոստոսի 14-ին Ճապոնիան ընդունեց անձնատուր լինելու պայմանները։ Դրա մասին լուրերն արագ տարածվեցին ԱՄՆ-ում. փողոց դուրս եկան բազմաթիվ մարդիկ, և այդ օրը Նյու Յորքում գտնվող Life ամսագրի ֆոտոլրագրող Ալֆրեդ Էյզենշտադտն իր 35 միլիմետրանոց Leica լուսանկարչական ապարատով նետվեց տոնակատարությունը նկարելու։ Այդ օրը նա եղավ Թայմս-սքվերում, որտեղ նկարեց շատերին, սակայն մի երիտասարդ նավաստի անմիջապես գրավեց նրա ուշադրությունը։ Էյզենշտադտը հետագայում այսպես է հիշել.
Նրան հաջողվեց 4 լուսանկար անել։ Համբույրի ընթացքում Էյզենշտադտին հաջողվեց փոքր-ինչ փոխել լուսանկարչական ապարատի կարգավորումները. ըստ նրա խոսքերի՝ կադրերն արվել են Kodak Super Double X ժապավենով 1/125 վայրկյան ձգձգումներով ու 5,6 և 8 դիաֆրագմա։ Սակայն այդ շարքից ամենահաջողվածը մեկ լուսանկար էր, դա էլ նա հանձնեց ամսագրին։
1945 թվականի օգոստոսի 14-ին Գլենու Մակդաֆին 18 տարեկան էր, և նրա գործունեության շրջանը Բրուքլինն էր։ Նա մետրոյով մեկնեց Թայմս-սքվեր և դուրս գալով փողոց՝ իմացավ պատերազմի ավարտվելու մասին։ Նրան դիմեց երիտասարդ կինը. «Նավաստի՛, ես շատ ուրախ եմ ձեզ համար»։ «Իսկ ի՞նչ է պատահել»,- հարցրեց նրան Մակդաֆին։ «Պատերազմն ավարտվել է, դու կարող ես գնալ տուն»,- ասաց բուժքույրը։ Երիտասարդները գրկախառնվեցին և համբուրվեցին։ Ինչպես հետագայում պատմել է Մակդաֆին. «Ես գիտեմ, որ համբուրել եմ Էդիթ Շեյնին. այլևս երբեք չեմ համբուրվել մի կնոջ հետ, որն ունենար այդպիսի մեծ բերան՝ մի ականջից մյուսը։ Այդպիսին չի մոռացվում»[7]։
Էդիթ Շեյնը հաճախ էր հիշում Նյու Յորքի կենտրոնում տեղի ունեցած այդ դեպքը՝ պատմելով, որ անծանոթ նավաստին անսպասելի հայտնվելով ամբոխի միջից, գրկեց իրեն, համբուրեց և այդպես արագ էլ անհետացավ[8].
Ես աշխատում էի հիվանդանոցում։ Ես ընկերոջս հետ ռադիոյով լսեցի, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել է և դուրս եկանք փողոց, որտեղ արդեն վայրենի ամբոխն էր։ Ամեն ինչ տեղի ունեցավ շատ բուռն կերպով։ Մարդիկ դեսուդեն էին նետվում, գրկախառնվում և համբուրում միմյանց։ Մի նավաստի բռնեց ինձ և շատ երկար համբուրեց։ Ես նույնիսկ չտեսա նրան, քանի որ փակել էի աչքերս, երբ մենք համբուրվում էինք։ Իսկ այնուհետև ես շրջվեցի և գնացի մյուս ուղղությամբ։ Մենք նույնիսկ միմյանց ոչինչ չասացինք։ Ես նույնիսկ չգիտեմ՝ նայեց նա ինձ։ Հնարավոր է՝ ոչ[9]։ |
Ինքնության պարզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Թայմս-սքվերում իրարանցում էր, և Էյզենշտադտը լուսանկարում էր տոնական արագ փոփոխվող իրադարձությունները, նա նկարված մարդկանց չէր հարցնում անունները և չէր կարող պարզել այլ մանրամասներ։ Լուսանկարում անհնար է հստակ տեսնել համբուրվողների դեմքը, ինչի հետևանքով հետագայում որոշ մարդիկ պնդում էին, որ հենց իրենք են նկարված։ Համբուրվող զույգի ինքնության պարզմամբ զբաղվեցին տասնյակ լրագրողներ։ 1970-ական թվականների վերջին Լոս Անջելեսի 60-ամյա բնակչուհի Էդիթ Շեյնը, որը պատերազմից հետո որպես դաստիարակ 30 տարի աշխատել էր Բևեռլի Հիլզի մանկապարտեզում[9], տեղական ամսագրում կարդաց Էյզենշտադտի հարցազրույցը։ Դրանից հետո նա որոշեց լուսանկարչին պատմել իր մասին և 1980 թվականին նրան ջերմ նամակ գրեց, որով հաղորդում էր, որ հենց ինքն է նկարում։ Կարդալով նամակը, որով Շեյնն իր համար խնդրում էր միայն նկարի կրկնօրինակը, Էյզենշտադտը նրա մասին պատմեց Life ամսագրում։ Այնուհետև Էյզենշտադտն անձամբ հանդիպեց Շեյնի հետ և նրան նվիրեց լուսանկարի կրկնօրինակը։ Սակայն, ինչպես պատմում է ամսագրի խմբագիր Բոբի Բեյքեր Բերոուզը, Էյզենշտադտը մինչև վերջ համոզված չէր, որ Շեյնն ինքնակոչ չէր[10]։ Խմբագրությունը որոշեց այդ դեպքի մասին փոքրիկ հոդված տպագրել, և միաժամանակ Շեյնին համբուրող նավաստուն խնդրեցին արձագանքել։ 1980 թվականի հոկտեմբերին որպես նավաստի ներկայացավ 11 հոգի։ Հետագայում ևս 2 կանայք՝ Գրետա Ֆրիդմանը և Բարբարա Սոկոլը, հայտարարեցին, որ նկարում իրենք են։ Նրանց չհաջողվեց ապացուցել իրենց ճշմարտացիությունը, չնայած բացառված չէ, որ նրանք նույն օրը Թայմս-սքվերում համբուրվել են զինվորականների հետ։
Շեյնը պաշտոնապես դարձավ «լուսանկարի աղջիկը», սակայն երկար ժամանակ նավաստու ինքնությունը պարզել հնարավոր չեղավ։ Նրա տեղը հավակնում էին Ջորջ Մենդոսան, Կարլ Մուսկարելլոն և Գլեն Մակդաֆին։ Երկար ժամանակ Էդիթ Շեյնը գտնում էր, որ հենց Մուսկարելլոն է լուսանկարի հերոսը և նույնիսկ հանդիպեց նրա հետ ավելի քան կես դար անց, որպեսզի կրկնի նույն համբույրը։ Հետագայում նա խոստովանեց, որ լիովին համոզված չէ, որ Մուսկարելլոն է հենց այդ մարդը[11]։ Սակայն համբուրվող նավաստուն ճանաչեց հարազատ մայրը։ Գնելով Life ամսագրի հերթական համարը՝ զանգահարեց որդուն և ասաց. «Դու ինչ է չգիտե՞ս, որ չպետք է համբուրվել անծանոթների հետ։ Դու կարող ես վարակվել»։ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ Էդիթ Շեյնին ուղեկցում էր ֆլորիդացի պաշտոնաթող ոստիկան Կարլ Մուսկարելլոն, որը պնդում էր, որ ինքն է լուսանկարի նավաստին։ Շեյնը նրան մի քանի հարց տվեց այն օրվա մասին, և Մուսկարելլոն դրանց ճիշտ պատասխանեց. երիտասարդները համբուրվել էին և անմիջապես անհետացել ամբոխի մեջ[7]։
Սակայն որոշ ժամանակ անց հայտնվեց Մուսկարելլոյի մրցակիցը։ Նա ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի 80-ամյա վետերան Գլեն Մակդաֆին էր։ Որպեսզի ապացուցի իր արդարացի լինելը, 2007 թվականին Մակդաֆին լուսանկարը վերլուծելու համար դատական փորձագետ Լոիս Գիբսոնի մոտ տարավ մոտ 100 լուսանկարներ, որտեղ վետերանը հագել էր ծովային համազգեստ և կանգնած էր նույն դիրքով, ինչ-որ նկարում, միայն աղջկա փոխարեն ձեռքին բռնել էր բարձ։ Թվային լուսանկարների և դեմքի ու ձեռքի ոսկորների չափումների միջոցով Գիբսոնը եզրակացրեց, որ հենց Մակդաֆին է լուսանկարում։ Բացի այդ, նա հաջողությամբ անցավ պոլիգրաֆի 10 թեստերը, սակայն հասարակական կարծիքում նա չկարողացավ ապահովել հայտնի նավաստիի իր տեղը։ Լոս Անջելեսում բնակվող Էդիթ Շեյնին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ այս առումով[7]։
2008 թվականի նոյեմբերի 10-ին Էդիթ Շեյնը ներկա գտնվեց Բրոդվեյում ներկայացվող South Pacific մյուզիքլին, որից հետո հանդիսավոր կերպով լուսանկարվեց ռազմածովային համազգեստ հագած դերասանների հետ։ Նոյեմբերի 11-ին՝ Վետերանների օրը, նախկին բուժքույրը գլխավորում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների շարասյունը[10]։
2010 թվականի հունիսի 20-ին Էդիթ Շեյնը 91 տարեկան հասակում մահացավ Լոս ԱՆջելեսի իր տանը։ Նա ուներ 3 երեխա, 6 թոռ և 8 ծոռ[8]։
2014 թվականի մարտի 9-ին Գլեն Մակդաֆին 86 տարեկան հասակում մահացավ Տեխասի ծերանոցում։ Նրա մահվան պատճառը չի նշվում, բայց կյանքի վերջին տարիներին նա ծանր հիվանդ էր (2007 թվականին հաղորդվել էր, որ նա ուռուցք ունի)։ Նա ուներ 1 դուստր[11]։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կադրի կենտրոնում գտնվող զույգն առաջին իսկ հայացքից ուշադրություն է գրավում, նավասատու սև և բուժքրոջ սպիտակ հագուստի երանգային լուծումը, չնայած կատարյալ ներդաշնակության խիստ տարբերությանը, հետին պլանում երևացող փողոցի հեռավոր տարածությունը մեծացնում են խորությունը։ Նրբերանգները, որոնք անմիջապես չես նկատվում, ավելացնում են միայն վստահությունը, որ քո առջև արվեստի ստեղծագործություն է։ Այդ զույգին շրջապատողների բարեսրտություն արտահայտող դեմքերը բացահայտ խոսում են այդ օրվա ընդհանուր մթնոլորտի մասին, իսկ գրաֆիկորեն գլխավոր հերոսների բեկված ձեռքերը նկարին հաղորդում են դրամատիզմ և այն հարստացնում լուռ հակամարտությամբ։
Մշակութային ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանկարն սկսեցին տպագրել շապիկների վրա, ֆոնը ջնջելով՝ այն իրենց տանը կախել էին հազարավոր մարդիկ, որոնցից որոշները նույնիսկ հորինել էին զույգի նոր կյանքը Լեգո խաղալիքների պատկերների տեսքով[12]։ 2005 թվականին Life ամսագիրը լուսանկարը կրկին տեղադրեց իր համարներից մեկի շապիկին։ 2007 թվականին Թայմս-սքվերում, ի պատիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյակին, հայտնվեց լուսանկարը պատկերող գունավոր քանդակ, սակայն քաղաքային իշխանությունները որոշեցին այն չտեղադրել մշտական հիմունքներով։ ԱՄՆ-ի՝ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 65-ամյակի առթիվ օգոստոսի 13-ին Թայմս-սքվերում բացվեց նավաստու և բուժքրոջ համբույրի 26 ֆուտանոց արձանը։ Էդիթ Շեյնի մասին «Պահպանում ենք 45-ի ոգին» շարժման ազգային տեսուչ Ուորեն Հեգն այսպես է արտահայտվել.
Նա ասում էր, որ մենք պետք է կազմակերպենք բոլոր սովորական տղամարդկանց և կանանց այն սերնդի օրը, որոնք նմանատիպ զարմանալի շատ բաներ են արել, բայց այդպես էլ երբեք դրա համար ճանաչում չեն ստացել։ Նրանց հիշատակի օրը, ովքեր ապրել են Մեծ դեպրեսիան, փրկել Արևմտյան ժողովրդավարությունը և հաստատել խաղաղություն[13]։ |
Ամեն տարի օգոստոսի 14-ին արձանի մոտ հավաքվում են հարյուրավոր մարդիկ, որպեսզի վերաստեղծեն լուսանկարը։ Նշանակված ժամանակ զույգերն սկսում են միաժամանակ համբուրվել, ընդ որում՝ շատ աղջիկներ հագնում են կարճ սպիտակ շրջազգեստներ, իսկ տղամարդիկ՝ նավաստու հագուստ[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ V-J Day in Times Square in The Photo Book (London: Phaidon, 2000; 0-7148-3937-X), p.134. V-Day in Twentieth Century Photography: Museum Ludwig Cologne (Cologne: Taschen, 2005; 3-8228-4083-1), pp. 148–9.
- ↑ Harnisch, Larry (2005 թ․ օգոստոսի 14). «The Daily Mirror: Voices -- Edith Shain and 'The Kiss'». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
- ↑ September 2 is the official celebration of V-J Day in the United States
- ↑ V-J Day in Times Square in The Photo Book (London: Phaidon, 2000; ISBN 0-7148-3937-X), p.134. V-Day in Twentieth Century Photography: Museum Ludwig Cologne (Cologne: Taschen, 2005; ISBN 3-8228-4083-1), pp. 148-9.
- ↑ Harnisch, Larry (2005 թ․ օգոստոսի 14). «The Daily Mirror: Voices -- Edith Shain and 'The Kiss'». Los Angeles Times. Tribune Company. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Alfred Eisenstaedt - The First Meeting of Mussolini and Hitler @ GALLERY M». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Lenta.ru: Из жизни: Судебный эксперт разрешила загадку знаменитого фотоснимка
- ↑ 8,0 8,1 Lenta.ru: Мир: Умерла целующаяся медсестра со знаменитой фотографии
- ↑ 9,0 9,1 Lenta.ru: Из жизни: История одного поцелуя
- ↑ 10,0 10,1 Lenta.ru: Мир: Медсестра со знаменитого снимка устроила торжественную фотосессию
- ↑ 11,0 11,1 Lenta.ru: Из жизни: Люди: В США умер моряк с фотографии «Поцелуй»
- ↑ V.J. Day Times Square | Flickr - Photo Sharing!
- ↑ В Нью-Йорке в честь победы над Японией открыли статую целующихся - Архив - zn.ua
- ↑ История одной фотографии: «Поцелуй на Таймс-Сквер» | Актуальная классика | Культура | Аргументы и Факты
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- V-J Images from Life, article and slideshow Արխիվացված 2017-09-19 Wayback Machine
- "V-J Day − Is He the Real McCoy?" The Art Quarterly, 2007
- The Kissing Sailor, or “The Selective Blindness of Rape Culture” - A feminist perspective from Crates and Ribbons
- Համբույր Թայմս-սքվերում