Հովասափ Սեբաստացի (մոտ 1510[1], Սեբաստիա - մոտ 1564), XVI դարի հայ տաղասաց, գրիչ, վկայագիր։ Կրթությունն ստացել է հոր՝ Թադեոս քահանայի մոտ։ Հովասափ Սեբաստացիից մեզ են հասել սիրո երգեր, պատմական պոեմներ, բանաստեղծություններ, բարոյախրատական, ինչպես նաե հոգևոր թեմաներով գրված և տոմարագիտական գործեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի, մասնավորապես Արևմտյան Հայաստանի բնակչության կյանքը, միջնադարյան Հայաստանի քաղաքական անցուդարձերը։ 1535 թ-ին Հովասափ Սեբաստացին ընդօրինակել է Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը։ Երկի վերջում եղած հիշատակարանը վկայում է, որ նա իր սիրերգերը, օժտված կյանքի ու բնության նկատմամբ լավատեսությամբ, ստեղծել է 1535 թ-ին։ Հովասափ Սեբաստացին գրել է նաև 17 տնից բաղկացած մի տաղ, որը նվիրված է Կոճա Սեբաստացուն (տաղի 7 տների ծայրակապն է «Ցովասաբ» բառը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 551)։