Jump to content

Հարյուր հազար միլիարդ բանաստեղծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարյուր հազար միլիարդ բանաստեղծություն
Տեսակգրական ստեղծագործություն և pop-up book?
ՀեղինակՌայմոն Քենո
Հրատարակվել է1961

«Հարյուր հազար միլիարդ բանաստեղծություն» (ֆր.՝ Cent mille milliards de poèmes), ֆրանսիացի բանաստեղծ Ռայմոն Քենոյի սոնետների ժողովածուն, որը հրապարակվել է 1961 թվականին։ Ժողովածուի օրիգինալ կառուցվածքը թույլ է տալիս ստանալ վերնագրում նշված բանաստեղծությունների քանակը։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Ռայմոն Քենոն իր ժամանակակից մաթեմատիկոս Ֆրանսուա Լե Լիոնեի հետ միասին հիմնադրել է ՈՒԼԻՊՕ խումբը (ֆր.՝ OULIPO, Ouvroir de littérature potentielle - Պոտենցիալ գրականության արհեստանոց)[1]։ Խմբի նպատակն է եղել ուսումնասիրել և ստեղծել հնարավոր բոլոր գրական սահմանափակումները, ինչպես նաև կանոնների մշակումը, որոնց օգնությամբ առանց ինչ-որ ներշնչման հնարավոր կլիներ կառուցել բանաստեղծական տեքստեր[2]։

Առաջին հայտնի նախագիծը, որն ստեղծել է Քենոն՝ որպես ՈՒԼԻՊՈՅԻ անդամ, դարձել է 1961 թվականին լույս տեսած «Հարյուր հազար միլիարդ բանաստեղծություններ» սոնետների ժողովածուն[3]։ Քենոյի խոսքով՝ ժողովածուի գաղափարն իրեն ներշնչել են ոչ այնքան ուլիպիստների էքսպերիմենտները, որքան Têtes de rechange («Փոփոխական գլուխներ») մանկական գրքույկը, որի թերթերը կարող են տարբեր կերպ համադրվել՝ պատկերելով զվարճալի մարդուկների մարմնի մասեր և հագուստ[4][5]։

Կազմման սկզբունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուն պարունակում է տասը սոնետ. յուրաքանչյուր սոնետի յուրաքանչյուր տողը տպագրվում է առանձին շերտով։ Քանի որ բոլոր սոնետներն ունեն հանգավորման նման սխեմա և նման հանգեր, տողերը կարելի է համատեղել ցանկացած կարգով՝ բացելով յուրաքանչյուր սոնետի համապատասխան տողը։ Հնարավոր համադրությունների քանակը հսկայական է. տասը սոնետներում պարունակվող 140 տողերը հնարավորություն են տալիս կազմել 1014 բանաստեղծություն, այսինքն՝ վերնագրում հայտարարված թիվը (100 000 000 000 000)։ Ժողովածուի թողարկման պահին (տեղավորված 38 էջերում) այդ թիվը գերազանցում էր ոչ միայն երբևէ գրված բոլոր սոնետների թիվը, այլև մարդկության կողմից մինչ այդ ստեղծված բոլոր տեքստերի թիվը[6];

Քենոն իր գյուտը կոչել է «բանաստեղծությունների արտադրության մեքենա»[4]։ Հաշվի առնելով տողերի հնարավոր համադրությունների քանակը՝ ցանկացած մարդ, անկախ իր գրական կարողություններից, կարող է ստեղծել նոր, նախկինում ոչ մեկի կողմից չընթերցված ստեղծագործություն։ Քենոյի հաշվարկներով՝ բոլոր հնարավոր տարբերակների ընթերցման համար կպահանջվի երկու հարյուր միլիոն տարի անընդմեջ շուրջօրյա ընթերցանություն[4]։

Ներկայում կան սոնետների ինտերակտիվ առցանց հրատարակություններ, որոնք թույլ են տալիս կամայականորեն կամ ինքնաբերաբար գեներացնել տեքստեր Քենոյի սոնետների հիման վրա։

Ժողովածուի բոլոր սոնետները գրված են ալեքսանդրյան ոտանավորով՝ վեցերորդ և յոթերորդ վանկերի միջև հատածով[7]։ Հանգավորման սխեման՝ aBaB aBaB ccD eeD, պայմանավորված է սոնետի ձևով։ Բոլոր սոնետները, բացի տասներորդից, ունեն նմանատիպ քերականական կառուցվածք։ Ինչ վերաբերում է թեմային, ապա թեմայի միասնությունը ավելի կամ պակաս տեսանելի է յուրաքանչյուր սոնետի սահմաններում, բայց, իհարկե, խախտվում է վերադասավորումների ժամանակ[7]։ Ոճական տեսանկյունից նույնպես սոնետները միատարր չեն․ նրանցում խառն են բարձր ոճը և ժարգոնը։ Բացի այդ, տեքստերում օգտագործվում են մեծ քանակությամբ համանուններ, բազմիմաստ բառեր և իդիոմատիկ արտահայտություններ, որոնք տեքստերը հարստացնում են լրացուցիչ իմաստներով[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Т. Бонч-Осмоловская Литературные эксперименты группы «УЛИПО» // НЛО. — 2002. — № 57. Архивировано из первоисточника 19 Դեկտեմբերի 2016.
  2. Литературная энциклопедия терминов и понятий / А.Н. Николюкин. — Москва: НПК «Интелвак», 2003. — С. 1114.
  3. Roland Greene & Co OULIPO // The Princeton Encyclopedia of Poetry and Poetics. — Princeton University Press, 2012. — P. 987.
  4. 4,0 4,1 4,2 «Cent mille milliards de poèmes» (ֆրանսերեն). Gallimard. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  5. Бонч-Осмоловская
  6. Roland Greene & Co OULIPO // The Princeton Encyclopedia of Poetry and Poetics. — Princeton University Press, 2012. — P. 987.
  7. 7,0 7,1 7,2 Бонч-Осмоловская, 2002

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնետ-հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]