Նախորդ տարի Բարձրագույն խումբը լքեցին մի շարք ակումբներ, որոնք զբաղեցրել էին ցածր ենթախմբի չորսից տասներկու հորիզոնականները։ Նրանց փոխարեն այս տարի հանդես եկավ Արարատի «Արարատ» ակումբը, որը նախորդ տարվա Առաջին խմբում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։ Սակայն մինչ մրցաշրջանի սկսելը այս ակումբը անվանափոխվեց՝ «Ցեմենտ»։ Նախքան մրցաշրջանի սկսելը եղան նաև մի քանի տարբեր իրադարձություններ։ «Շենգավիթ» ֆուտբոլային ակումբը լուծարվեց, իր տեղը զիջելով Ստեփանակերտի «Երազանք» բանակային մարզական ակումբին։ «Երազանքի» տնօրինությունը պատերազմի պատճառով ստիպված ակումբը տեղափոխեց Երևան։ Նախորդ տարի պատերազմի պատճառով «Երազանքը» հանդես չէր եկել Հայաստանի առաջնություններում։ Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը նույնպես լուծարվեց և հրաժարվեց առաջնությանը մասնակցելուց։ «Կիլիկիա» և «Մալաթիա» ֆուտբոլային ակումբները միավորվեցին՝ ստեղծելով «Մալաթիա-Կիլիկիա» ֆուտբոլային ակումբը։ «Նաիրի» ֆուտբոլային ակումբը վերանվանվեց՝ «Նաիրիտ»։