Հակոբ Սարկավագ
Հակոբ Սարկավագ | |
---|---|
Ծնվել է | 1840 |
Ծննդավայր | Մուշի գավառի Հորկնոց գյուղ |
Մահացել է | 1890 |
Մահվան վայր | Խծկոնքի ձոր |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Կոստանդնուպոլսի Կալաթասարայի լիցեյ |
Զբաղեցրած պաշտոններ | ուսուցիչ, հեղափոխական գործիչ |
Հակոբ Սարկավագ, ավազանի անունը՝ Հակոբ Տեր-Ղևոնդյան (1840, Հորկնոց (Մուշի գավառ) - 1890), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունն ստացել է ծննդավայր Հորկնոց գյուղում, ապա սովորել Սուրբ Կարապետ (Գլակա) վանքի ժառանգավորաց վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել Կոստանդնուպոլսի Կալաթասարայի լիցեյում` կատարելագործվելով թուրքերեն և արաբերեն լեզուներում։ Վերադառնալով՝ ուսուցչություն է արել ծննդավայրում, ապա՝ Ալաշկերտի Սուրբ Հովհաննես վանքում։
Հակոբ Սարկավագը 1880–ական թթ. սկզբից զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ` փորձելով գաղափարական ու զինական աշխատանքներով կազմակերպել ժողովրդի ինքնապաշտպանությունն ու ստեղծել հայ–քրդական դաշինք։ Քարոզել է հայերի և քրդերի մեջ բարեկամություն հաստատելու գաղափարը։ Նա նույնիսկ քրդերի հետ պատրաստել էր բողոքագիր` թուրք կառավարությանը ներկայացնելու համար։ Իր գործունեության շրջանակներն ընդգրկելով հիմնականում Մուշ–Խնուս–Կարին–Դերսիմ հատվածում` նա քանիցս Վանի հոգևոր առաջնորդ Մկրտիչ Խրիմյանի հանձնարարությամբ անցել էր Կովկաս` տեղեկություն տալու արևմտահայության դրության մասին և հետաքրքրություն շարժելու դեպի արևմտահայության ծանր վիճակը։
Գործակցել է Արաբոյի և նրա ընկերների հետ։ Տարոնի հայության ծանր վիճակի վերաբերյալ կենտրոնական կառավարությանն ուղղված դիմումների համար բանտարկվել է։
1884 թվականին Կարինում Խաչատուր Կերեքցյանի և Ներսես Իշխանյանի հետ հիմնել է «Հայ հեղափոխական ընկերություն» կազմակերպությունը։
Հանդիպում Սարգիս Կուկունյանի հետ։ Սպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1890 թվականին Թիֆլիսում ծանոթացել է Սարգիս Կուկունյանի հետ, որը խումբ էր կազմակերպել Արևմտյան Հայաստան անցնելու և ժողովրդին թուրքական բռնապետության դեմ հանելու համար։ Արևմտյան Հայաստանի իրավիճակին լավ ծանոթ Հակոբ Սարկավագը գտնում էր, որ Կուկունյանի մտահղացումը դատապարտված է անհաջողության, և առաջարկում էր զենք ձեռք բերել, մերձենալ քրդերի հետ և միացյալ ապստամբություն բարձրացնել։ Նա գտնում էր, որ առանց նախապատրաստական աշխատանքների անհնար է բազմամարդ խմբով անցնել Արևմտյան Հայաստան և ակնկալված օգնությունը հասցնել արևմտահայ եղբայրներին։ Սարկավագի այս պնդումները Սարգիս Կուկունյանի ու իր գործակից Սարդար Ավետիսյանի կողմից դիտարկվում էին որպես արշավանքը խափանելու փորձ, ուստի վճիռ է կայացվում «հանուն սուրբ գործի» մեջտեղից հանել նրան։ Սարգիս Կուկունյանը պատվիրում է ղարաբաղցի Աբրահամ Աղամալյանին հարմար տեղ հասնելիս սպանել Հակոբ Սարկավագին։ Գործելով Սարգիս Կուկունյանի տված հրահանգով` մի գիշեր Խծկոնքի ձորում Աբրահամ Աղամալյանը և Սարդար Ավետիսյանը սպանում են Հակոբ Սարկավագին, մարմինը թաղում քարակույտի տակ և վերադառնում Կաղզվան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոստանդյան Էմմա, Ակնարկներ արևմտահայ մշակութային և հասարակական-քաղաքական կյանքի պատմության (19-րդ դարի 80-ական թվականներ), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2005, 175 էջ։
- Հովհաննիսյան Էդգար, Գալֆա Հակոբ Սարկավագը` իբրև պահպանողական-հեղափոխական, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, ՀՀ ԳԱԱ, 2007, թիվ 1, էջ 226–230:
- Բդէեան Սարգիս և Միսաք, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, խմբ. Աղան Տարօնեցի, Գահիրէ, 1962, 676 էջ։
- Մ. Շ.-ի յուշերը, Հայոց հասարակական շարժումների պատմութիւնից, գրի առաւ` Ն. Հանգոյց, «Հայրենիք» ամսագիր, 1923, թիւ 5, էջ 27-39, թիւ 6, էջ 50-66։
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 193։
- Սասունի Կարօ, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
- Վարդանեան Մեսրոպ, Կուկունեանի արշաւանքի մասին,, Դրօշակ'', Փարիզ, 1930, թիւ 5, էջ 132-135, թիւ 6-7, էջ 168-173։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |