Կախարդը (ֆիլմ, 1906)
Կախարդը ֆր.՝ La Fée Carabosse ou le Poignard fatal | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | համր կինո |
Թվական | 1906 |
Ռեժիսոր | Ժորժ Մելիես |
Սցենարի հեղինակ | Ժորժ Մելիես |
Դերակատարներ | Ժորժ Մելիես |
Կինոընկերություն | Star Film Company |
Տևողություն | 12 րոպե[1] |
Կախարդը (ֆր.՝ La Fée Carabosse ou le Poignard fatal, բառացի՝ «Փերի Կարաբոսը կամ Ճակատագրական Պույանարը») Ժորժ Մելիեսի 1906 թվականի ֆրանսիական կարճամետրաժ համր ֆիլմն է։ Ֆիլմը անվանվել է կախարդ Կարաբոսի պատվին, ով ասում է մի աղքատ տրուբադուրի, որ նրան վիճակված է փրկել դժբախտության մեջ ընկած աղջկան, սակայն կախարդական հմայիլի համար, որը կօգնի տրուբադուրին իր որոնումներում, բարձր գին է պահանջում։ Երբ տրուբադուրը խաբում է կախարդական հմայիլը ձեռք բերելու համար, վհուկը սկսում է հետապնդել նրան և ճանապարհին զանազան խոչընդոտներ է ստեղծում, նախքան բարի ուժերի վերջնական հաղթանակը։
Ֆիլմը, որը ոգեշնչված է բրետոնական բանահյուսությունից, համատեղում է Կարաբոսի ավանդական կերպարը, որն առաջին անգամ ստեղծվել է 17-րդ դարի գրական հեքիաթում Մադամ դ'Օլնուայի կողմից, այլ կախարդական և լեգենդար տարրերի բազմազանությամբ, ներառյալ ուրվականները, դրուիդները և հրեշավոր գազաններ։ Այն պատվիրվել է Grands Magasins Dufayel հանրախանութի կողմից, որպեսզի երեխաները դիտեն, մինչ նրանց ծնողները գնումներ են կատարել։ Մելիեսը նկարահանել է շքեղ, հատուկ էֆեկտներով բեմադրված ֆիլմ՝ փերիային ավանդույթներին համաձայն, հնարավոր է հենց ինքն էլ նկարհանվել է դրանում։ Ֆիլմը պահպանվել է. պատմաբանները մատնանշում են ֆիլմի տպավորիչ հատկությունները, հեքիաթային տեսարանները և այն երկիմաստ հարցը, թե արդյոք Կարաբոսի պարտությունը բարոյապես արդարացված է ֆիլմի աշխարհում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշում․ Քանի որ ֆիլմը համր է և չունի ենթագրեր, ստորև բերված ամփոփագրում որոշ անուններ և մանրամասներ վերցված են Մելիեսի ամերիկյան կատալոգում ներկայացված ֆիլմի նկարագրությունից[2]։
Լոթարը՝ աղքատ տրուբադուրը, վերջինը քաջարի ասպետների շարքից, այցելում է կախարդ Կարաբոսին՝ պարզելու, թե ինչ է սպասվում իրեն ապագայում։ Կախարդն ասում է նրան, որ նա կփրկի և կսիրվի նեղության մեջ գտնվող մի աղջկա կողմից, որը ներկայումս փակված է զնդանում հոր կողմից, ժառանգությունը զավթելու նպատակով։ Կարաբոսը կախարդանքով ստեղծում է աղջկա դիմանկարը, որպեսզի Լոթարը ճանաչի նրան։ Լոթարը խնդրում է հմայական խոսք, որը կօգնի նրան փրկել աղջկան։ Վհուկն առաջարկում է կախարդական չորստերևանի երեքնուկ, բայց դրա համար թանկ գին է պահանջում։ Լոթարը, փող չունենալով, խաբում է կախարդին՝ տալով նրան ավազով լցված փողի քսակ և շտապ հեռանում է՝ իր որոնումները սկսելու։ Կարաբոսը, բացահայտելով, թե ինչպես է Լոթարը խաբել իրեն, զայրանում է։ Նա երդվում է վրեժ լուծել և ուղևորվում է տրուբադուրի ետևից։ Որպես զենք իր համար նա ընտրում է կախարդված դաշույնը, որը կարողանում է թռչել և կրակ ժայթել։ Հետապնդումը սկսվում է.
Լոթարը փորձում է փախչել Կարաբոսից՝ նրա վրա քարերի կույտեր թափելով, բայց դրանք չեն կարողանում դիմադրել վհուկի կախարդական ուժերին, և նա շարունակում է հետապնդումը՝ թռչելով ցախավելի վրա։ Անցնելով հին դրուիդների կողմից կառուցված սուրբ մոնոլիտների դաշտը, Լոթարը հասնում է գերեզմանոց։ Նա շրջապատված է ուրվականներով, բայց նրանցից ազատվում է չորստերևանի երեքնուկի օգնությամբ։ Նա հասնում է բանտարկված աղջկա ամրոցին և հայտնաբերում է, որ այն հսկվում է հրեշների կողմից՝ հսկա դոդոշ և բու, կրակ արտաշնչող վիշապ և զանազան օձեր։ Լոթարին պատրաստվում է ուտել, երբ մոտակայքում գտնվող հին զոհասեղանի ավերակների վրա դրուիդ է հայտնվում։ Նա սրբազան մղամուճի մի կտոր է տալիս տրուբադուրին, որի օգտագործությամբ վերջինս ընտելացնում է կենդանիներին։ Լոթարը շարունակում է իր ճամփան դեպի ամրոց, որտեղ ուրվական ասպետը նրան խաչակրաց արշավանքների ժամանակ օգտագործված օծված սուր է նվիրում։ Լոթարը, այն ատամներով պահելով, բարձրանում է ամրոցի պատերով դեպի աղջկա բանտախուցը, մինչ դրուիդը հետ է պահում հետապնդող կախարդին։
Վերջապես նա հասնում է աղջկան, արձակում նրա շղթաները և հարմար ծեծող խոյով բացում խցի դուռը։ Տրուբադուրն ու աղջիկը փախչում են հենց այն պահին, երբ Կարաբոսը հասնում է պատուհանին, և զայրացած թռչելով ցախավելի վրա՝ ամպրոպ է ստեղծում։ Նա հասնում է փախչող զույգին լճի ժայռերի վրա և հարձակվում նրանց վրա իր կախարդական դաշույնով։ Նա համարյա հաղթանակ է տանել, երբ կրկին հայտնվում է դրուիդ-քուրմը, հարձակվում է Կարաբոսի վրա իր սեփական ցախավելով և գցում է նրան լիճը։ Նրա օգնականններից մեկը՝ թզուկը, փորձում է կացնով սպանել դրուիդին, բայց նա թզուկի վրա ուղղում դաշույնը և հաղթում նրան։ Զույգը, վերջապես, ապահով է, օրհնություն է ստանում դրուիդից և հավերժական սիրո երդում է տալիս։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ֆիլմը Դուֆայելի մեծ հանրախանութի պատվերով[3] Մելիեսի ստեղծած ֆիլմերից մեկն է, որը ցուցադրվում էր հանրախանութում երեխաների, մինչ նրանց ծնողները գնումներ էին կատարում[4]։ Դուֆայելի ցուցադրություններն ուղեկցվում էին զանազան ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ և խոսակցական մեկնաբանություններով։ Դրանք այնքան հաջողված էին, որ, ըստ մի հիշողության, երեխաները միշտ բողոքում էին, երբ ծնողները գալիս էին նրանց տանելու[3]։
Համաձյան գովազդի՝ ֆիլմը ոգեշնչված էր բրետոնական բանահյուսությունից[5], նախաարտադրական էսքիզները ցույց են տալիս, որ Մելիեսն ի սկզբանե ծրագրել էր այն անվանել «Ճակատագրական արքայադուստրը» («La Princesse Fatale»)[4]։ Կախարդ Կարաբոսը, ում պատվին վերջապես անվանվեց ֆիլմը, եղել է ֆրանսիական հեքիաթների կենտրոնական կերպարը մադամ դ'Օլնուայի կողմից «Արքայադուստր Մեյբլոսոմը» պատմվածքում հայտնվելուց ի վեր։ Կարաբոսը, հանդես գալով որպես չար փերի-կնքամայր, հայտնի է Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետային տարբերակում[6]։
Ֆիլմում հատուկ էֆեկտներն իրականացվել են բեմական մեխանիզմների, հորիզոնական պտտվող դեկորացիաների, պիրոտեխնիկայի, փոխարինող միաձուլման, բազմաթիվ էքսպոզիցիաների և տարրալուծումների միջոցով։ Վերնագրի տառերի ոճը, կարծես ոգեշնչված գոթական արվեստից, օգտագործվել է նաև նույն թվականին Մելիեսի «Թափառաշրջիկն ու ներքնակ պատրաստողները» (ֆր․ La Cardeuse de matelas) և «Օճառի պղպջակները» (ֆր․ Les Bulles de savon animées) ֆիլմերում[4]։ Դերասանները նշված չեն տիտրերում, սակայն կինոյի պատմաբան Ժորժ Սադուլը կարծում է, որ Մելիեսն ինքը ֆիլմում նկարահանվել է կախարդ Կարաբոսի դերում[5]։
Թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակույթի պատմաբան Ռիչարդ Աբելը գտնում է, որ «Կախարդը» համապատասխանում է Մելիեսի այլ տպավորիչ կախարդական ֆիլմերին՝ ընդգծելով «Փերիների թագավորությունը» (1903 թ.) հետ նմանությունը։ Աբելը ֆիլմը դնում է «ատրակցիոնների կինո» կոչված գեղարվեստական ավանդույթի մեջ, նշելով ֆիլմի գրավչության համար ձեռքով ներկելու կարևորությունը և մատնանշելով, որ պատմության ենթադրյալ վերջաբանը, աղջկան փրկելը, «թվում է մակերեսային»՝ համեմատած հրեշների դեմ պայքարի հետ[7]։
Մշակույթի պատմաբան Ջեք Զայփսը նույնպես ֆիլմը դիտում է որպես «հեքիաթային մոտիվների խառնուրդ, համակցված փերիների մասին պատմությունների տիպիկ կառուցվածքի հետ»։ Զայփսը, գովաբանելով Մելիեսի խաղը Կարաբոսի դերում, նշում է, որ խաբվելուց հետո նրա անկումը սովորական հեքիաթային տրամաբանության հակադարձումն է և հիմնավորվում է հիմնականում կրոնական մոտիվների ընդգրկմամբ, որոնք պետք է հաղթեն «չարի մութ ուժերին»։ Զայփսը եզրակացնում է, որ «ուրվականների, դրուիդի, ասպետի, հրեշների և սողունների հայտնվելը ենթադրում են, որ հանդիսատեսը կժպտա և կխորհի, թե արդյոք էկրանի աբսուրդները հնարավոր է այդքան հեշտությամբ հաղթահարել, ինչպես թվում է»[6]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կախարդ»-ը վաճառվել է Մելիեսի Star Film Company-ի կողմից և կատալոգներում համարակալված է 877–887 համարների տակ, որտեղ այն գովազդվել է որպես grande légende fantastique bretonne en 20 tableaux («մեծ ֆանտաստիկ բրետոնական լեգենդ քսան ֆոտոնկարերում»)[5]։ Ֆիլմը վաճառվում էր 820 ֆուտ երկարությամբ մեկ կինոժապավենով, որը Մելիեսի նախընտրած կադրերի արագությամբ տալիս է մոտ տասնհինգ րոպե տևողություն[2]։ Ֆիլմը հասանելի էր և՛ սև ու սպիտակ, և՛ ձեռքի գույնի տարբերակով, որը վաճառվում էր ավելի բարձր գնով; Ֆիլմի տասներկու գովազդային կադրերի հավաքածուն նույնպես հասանելի էր առանձին[2]։
«Կախարդ»-ի ձեռքի գունավոր նիտրատային ֆիլմը պահպանվել է Cinémathèque Française- ում[8]։ Կինոպահպանման մասնագետ Դեյվիդ Շեպարդի վերականգնումը թողարկվել է տնային տեսահոլովակով 2008 թվականին՝ Էրիկ Բեհեյմի երաժշտական պարտիտուրով՝ որպես Մելիեսի հավաքածուի մաս[9]։ Նոր 8K թվայնացում և 4K վերականգնում նախաձեռնել է Cinémathèque-ը 2020 թվականին, և պրեմիերան կայացել է նույն տարվա օգոստոսին Il Cinema Ritrovato կինոփառատոնում[8]։
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Méliès, Georges (1905), Complete Catalogue of Genuine and Original "Star" Films, New York: Geo. Méliès, էջեր 113–118, doi:10.7282/T3CR5TJ3
- ↑ 3,0 3,1 Barnier, Martin (2014), «Le son féerique de Méliès», in Malthête, Jacques; Gaudreault, André; Le Forestier, Laurent (eds.), Méliès, carrefour des attractions; suivi de Correspondances de Georges Méliès (1904-1937), Rennes: Presses universitaires de Rennes, էջեր 73–83 (here 80–81)
- ↑ 4,0 4,1 4,2 Essai de reconstitution du catalogue français de la Star-Film; suivi d'une analyse catalographique des films de Georges Méliès recensés en France, Bois d'Arcy: Service des archives du film du Centre national de la cinématographie, 1981, էջ 267, ISBN 2903053073
- ↑ 5,0 5,1 5,2 Malthête, Jacques; Mannoni, Laurent (2008), L'oeuvre de Georges Méliès, Paris: Éditions de La Martinière, էջ 204, ISBN 9782732437323
- ↑ 6,0 6,1 Zipes, Jack (2010), The Enchanted Screen: The Unknown History of Fairy-Tale Films, New York: Routledge, էջեր 41–43, ISBN 9781135853952
- ↑ Abel, Richard (1998), The Ciné Goes to Town: French Cinema, 1896–1914, Berkeley: University of California Press, էջ 158, ISBN 9780520912915
- ↑ 8,0 8,1 Pichard, Hervé (2020), «La Fée Carabosse ou le Poignard fatal», Il Cinema Ritrovato, Cineteca di Bologna
- ↑ Méliès, Georges (2008), Georges Méliès: First Wizard of Cinema (DVD; short film collection), Los Angeles: Flicker Alley, ISBN 978-1893967359
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կախարդը (ֆիլմ, 1906)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում