Jump to content

Ծովային քարադր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովային քարադր
Ծովային քարադր (արու)
Ծովային քարադր (արու)
Ծովային քարադր (էգ)
Ծովային քարադր (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Քարադրներ (Charadriidae)
Ցեղ Charadrius
Տեսակ Ծովային քարադր (C. alexandrinus)
Միջազգային անվանում
Charadrius alexandrinus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ծովային քարադր (լատին․՝ Charadrius alexandrinus), քարադրների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 15-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-45 սմ, կենդանի զանգվածը՝ 38-47,5 գ։ Փետրածածկը բաց գույնի է, ոտքերը՝ սևավուն։ Բնադրման շրջանում արուի գագաթի միջին մասը և ծոծրակը դարչնագույն են՝ շիկակարմրավուն երանգով փոփոխական, իսկ հոնքը՝ սպիտակ։ Գագաթի առջևի մասի սևը չի հասնում սև ակնաշերտին, կրծքի կողքերը սև բծերով են։ Էգի գագաթը և թիկնոցը միատարր դարչնագույն են, գագաթի առջևի մասը, ակնաշերտը և կրծքի կողքերի բծերը՝ մուգ դարչնագույն։ Չափազանց շարժուն և բավական զգույշ թռչուն է։

Բնակման վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին, մանրաքարոտ գետափերին, ինչպես նաև աղուտներում, աղային և կավային տեղամասերում։ 1986-1994 թվականներին Արարատյան դաշտի ճահճուտներում ու լճափերին կատարված յուրաքանչյուր հաշվառման արդյունքում՝ 8 կմ տարածության վրա գրանցվել է 1-10, առանձին դեպքերում՝ 24-35 թռչուն։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային ամենավաղ վերադարձը մարտի երկրորդ տասնօրյակի վերջին է։ Բնադրում է չոր, աղքատիկ կիսաանապատային բուսականության պայմաններում։ Հաճախ ոչ մեծ բնադրագաղութներ է կազմում այլ քարադրների և ջրածիծառների հետ համատեղ։

80-90 մմ տրամագծով բույնը ոչ խորը փոսիկ է։ Ցամքարը պատրաստված է չոր ջրային բույսերից։ Բնադրում է գետնին։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի երրորդ տասնօրյակից հուլիսի առաջին կեսը։ Դնում է 31 մմ տրամագծով, բաց կանաչավուն-դարչնագույն, մուգ դարչնագույն և բաց կապտամանուշակագույն պտերով 3 ձու։ Երիտասարդ, ձմեռային թարմ փետրածածկով անհատները հասուն թռչունների խմբերում հանդիպում են սեպտեմբերի ընթացքում։ Թխսակալման ժամանակ վտանգի դեպքում քարադրը աշխատում է թաղվել բնի մեջ և հնարավորին չափ մնալ անշարժ, վտանգի անխուսափելիության դեպքում և բույնը փրկելու նպատակով անաղմուկ, գաղտագողի դուրս է սողում բնից, կռացած ու մանրաքայլ, թևերը քարշ տալով անցնում է որոշակի տարածություն և իր վրա հրավիրում վտանգը։ Պաշտպանական ճիչերը սրնգի զրնգուն հնչյուններ են հիշեցնում։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Պորտուգալիայից մինչև Ճապոնիա, դեպի հարավ` մինչև Կապյան Երկիր, Ցեյլոն, Տասմանիա, ԱՄՆ, Վեստ Ինդիա ու Չիլիի ափերը։

Բնադրում է Արարատի մարզում` Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, հավանաբար, նաև մասնատված` Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքի շրջակայքում[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքից։ Պոպուլյացիան կազմված է հավանաբար 30-40 զույգից։

Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի ոչնչացումը և ենթադրվող բնադրավայրերի մոտ անասունների արածեցումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային քարադր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային քարադր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։