Երևանի մնջախաղի պետական թատրոն
Երևանի մնջախաղի պետական թատրոն | |
---|---|
Տեսարան «Գիրք Ծաղկանց» ներկայացումից, Լոս Անջելեսի կենտրոնական գրադարան, 2012 թ․: | |
Տեսակ | թատերախումբ |
Երկիր | Հայաստան |
Գտնվելու վայրը | Երևան |
Հիմնադրման ամսաթիվ | 1974 |
Երևանի Մնջախաղի Պետական Թատրոն, մնջախաղի ժանրի պետական թատրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թատրոնը ստեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983 թվականին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ժիրայր Դադասյանը, ով ղեկավարում է թատրոնը 1998 թվականն ի վեր։
Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ 2017 թվականի փետրվարի 15-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու նպատակով հատկացվել է ազգային գրապալատի շենքը[1]։
Թատրոնի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի պատմության սկիզբը դրվեց 1969 թվականին՝ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանի կողմից, որի ստեղծած «Տուշպա» թատերախումբը մանրապատումների ծրագրով 1969 թվականին դարձավ հանրապետության ուսանողական «Գարուն» փառատոնի դափնեկիր։ Պողոսյանի ղեկավարած թատերախումբը գործում էր Հայաստանի արվեստի աշխատողների տանը։ 1972 թվականին Պողոսյանը թատրոն է հրավիրում Արսեն Փոլադովին, ով ուսանում էր Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ Փոլադովը արդեն ավարտել էր ռուս անվանի մնջախաղաց Ա․ Ռումնևի ղեկավարած մնջախաղի երկամյա դասընթացները։ Իրադարձությունների բերումով Պողոսյանը այս թվերին թողեց թատրոնը և խումբը ցրվեց։ Փոլադովը ստիպված եղավ վերստին սկսել թատրոնի կազմավորումը և ամբողջովին նորացված կազմով շուտով բեմադրեց Վիլյամ Սարոյանի «Սովյալներ» մնջախաղային ներկայացումը և մի շարք մանրապատումներ։ Իր առաջին ամբողջական ներկայացմամբ թատերախումբը հանդես եկավ 1974 թվականի մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ, որի շնորհիվ ճանաչվեց «Պրոֆեսիոնալ կոլեկտիվ» և ընդգրկվեց Հայհամերգի կազմում։ Այս տարեթիվն էլ համարվում է թատրոնի ծննդյան տարեթիվը։
Պետական կարգավիճակ թատրոնը ստացավ 1983 թվականին[2] և վերանվանվեց «Երևանի մնջախաղի պետական թատրոն»։ Ստանալով պետական հովանավորություն՝ թատրոնը սակայն չստացավ իր տարածքը և ցայսօր էլ չունենալով իր բեմահարթակը, թատրոնի բամադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տարածքում։
Թատրոնը Հայաստանի անկախության հռչակումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի անկախության հռչակում հետո 1990-ական թվականների սկզբին վատանում է Փոլադովի առողջությունը և իր առաջարկով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն է ստանձնում Յուրի Կոստանյանը։ Կոստանյանի օրոք թատրոնը ստանում է ժամանակավոր տարածք՝ Գեղարվեստի ակադեմիայի նախկին ուսանողական թատրոնի բեմը, որը վերակառուցվում է ամբողջ թատերակազմի ջանքերով։ 1998 թվականին Կոստանյանի առաջարկով թատրոնի գեղարվեստական ղեկավար է դառնում Ժիրայր Դադասյանը, ով ղեկավարում է թատրոնը ցայսօր։
1999 թվականին Երևանի Մնջախաղի Պետական Թատրոնում իր առաջին քայլերն է անում այժմյան Եվրոպական Շարժման Թատրոնի և Ժամանակակից մնջախաղի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, ֆրանսահայ դերասան - մնջախաղաց, ռեժիսոր և խորեոգրաֆ, Վահրամ Զարյանը[3], որը եղել է աշխարահրչակ մնջախաղաց Մարսել Մարսոյի [2](չաշխատող հղում) վերջին ուսանողը։
Վահրամ Զարյանը հիմնում է իր թատերախումբը՝ «VAHRAM ZARYAN COMPANY», որի հիմնական գործունեությունը ծավալված է նոր մնջախաղի և ժամանակակից շարժման թատրոնի զարգացման բնագավառում [3](չաշխատող հղում)</ref>։
1999 թվականին Երևանի մնջախաղի պետական թատրոնին կից ստեղծվում է մնջախաղացներ պատրաստելու ստուդիա՝ թատրոնի դերասան Համլետ Չոբանյանի ղեկավարությամբ։ Ստուդիայի շրջանավարտներից այսօր արդեն ընդգրկված են թատրոնի հիմնական կազմում։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի խաղացանկում են հետևյալ բեմադրությունները․
- «Գիրք ծաղկանց»
- «Արդաղիոն»
- «Դեվը»
- «Չարի Ծաղիկներ»
- «Շրջանակից դուրս»
- «Արթմնի Երազ»
- «Թռիչք»
- «Խաղը»
- «Ինչպես նկարել թռչուն»
- «Մետամորֆոզ»
- «Գեներ»
- «Շերանիկ»
- «Մագաղաթ»
- «Այծ-Ծես»
- «Աթոռի ոգին»
- «Սոնետ N 90»
- «Գալաթեա»
- «Գահի ոգին»
- «Անքնություն»
- «Թատրոն ափի մեջ»
- «Պիերոյի Երազը»
Փառատոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։ 2010 թվականին Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ Իսկ արդեն 2012 թվականին, երբ Ծաղկաձորում անցկացվեց հերթական Մնջախաղի միջազգային փառատոնը, կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։ 2014 թվականին անցկացվեց Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը, և ծրագրում ընդրկվեց նաև ավազանկարչություն, աճպարարություն, կենդանի արձան։
Փառատոնը զբոսաշրջությունը խթանելու և նոր ներդրումային հոսքեր ներգրավելու միտում ունի, ինչը հնարավորություն կտա ներկայանալ աշխարհին ժամանակակից ժամանցային ռեսուրսներով և հարուստ մշակութային ավանդույթներով։ 2008, 2010, 2012, 2014, 2016, 2017, 2019 թվականներին անցկացված փառատոների շրջանակներում մասնակցել են թատերախմբեր և անհատ կատարողներ Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ուկրաինայից, Իրանից, Թայլանդից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Արգենտինաից ինչպես նաև հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, հրե շոուներ, երիտասարդական խմբեր։
Ներկայացումներն անցկացվում են հենց փողոցում կամ հրապարակում տեղադրված բացօթյա բեմում։ Հինգ օրերի ընթացքում Ծաղկաձորի փողոցները լցվում են հրավիրված թատրոների ներկայացումներով, ֆիլմերի ցուցադրությամբ, ցուցահանդեսներով, տոնավաճառներով, բազմաթիվ խաղերով, ինչպես նաև կրկեսային, լարախաղային ներկայացումներով, որոնց ընթացքում տեղի է ունենում անմիջական կոնտակտ հանդիսատեսի հետ, իրագործվում են տարբեր թատերախմբերի համատեղ ծրագրեր, տեղի է ունենում փորձի փոխանակում, ինչպես նաև փողոցային մնջախաղի վարպետության դասընթացներ։ Փառատոնի ընթացքում անցկացվում են նաև պարարվեստի վարպետության մասնագիտացված դասընթացներ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանի մնջախաղի պետական թատրոնը արդեն իր շենքն ունի։». armenpress.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Հին և նոր Երևան», պատմական տեղեկագիր-ուղեցույցի թատրոններին նվիրված գլուխ
- ↑ [1]