Ենթամթերքներ
Ենթամթերքներ, անասունների սպանդի և մսեղիքի մասնատման ժամանակ ստացված մթերքների (բացի մսեղիքից) արտադրանքի անվանումը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ապրանքագիտների դասակարգման՝ ենթամթերքների բաժանում են 2 կարգի. 1-ին կարգի ենթամթերքներն են՝ լյարդը, լեզուն, երիկամները, ուղեղը, մսային կտորտանքները, սիրտը, ստոծանին, կուրծը, խեկ-ների պոչի մսոսկրային մասը, որոնք ունեն ավելի բարձր սննդային արժեք, 2-րդ կարգի՝ գանձակը, շրդանը, փայծաղը, գլուխը, թոքերը, ցանցը, հազարաթերթիկը, խոզի ստամոքսը, տավարի և խոզի ականջները, կերակրափողի պատի մսային շերտը, ոտքերը և խոզերի պոչի մսոսկրային մասը, խեկների շրթունքներն ու կապհոդը, խոզերի ու խեկների շնչափողը։ Սիրտը, թոքերը, շնչափողը, լյարդը և ստոծանին կազմում են լերդութոքը։ Ենթամթերքի քիմիական կազմում ջուրը 65–85% է, սպիտակուցները՝ 10–19%, ճարպերը՝ 2–13%, պարունակում է նաև վիտամիններ, ֆերմենտներ, հանքային նյութեր։ Լյարդը պարունակում է A, D, E, B խմբի վիտամիններ, ֆերմենտներ, երկաթի ու ֆոսֆորի միացություններ։ Գլխուղեղն ու ողնուղեղը հարուստ են ֆոսֆատիդներով։ Մշակման ժամանակ (լվացում, խաշում, խանձում) ենթամթերքից առանձնացնում են ոչ սննդային մնացուկները, ճարպային հյուսվածքները, մաքրում են աղտոտվածությունից։ Մշակման վերջնական փուլում ենթամթերքը սառեցնում են։ Խեկ–ների մշակված ենթամթերքի ելքը (ենթամթերքի զանգվածի հարաբերությունը կենդանի զանգվածին՝ %-ով) կազմում է 10,5%, խոզինը՝ 10%, մանր եղջերավորներինը՝ 9,5%, այդ թվում՝ առաջին կարգի՝ համապատասխանաբար՝ 3,5, 2,8 և 3,2%։
Ենթամթերքը օգտագործում են մսային և խոհարարական տարբեր սննդամթերքներ ստանալու նպատակով։ Առևտրի ցանցում և հասարակական սննդի ձեռնարկություններում իրացնելու համար ենթամթերքի արտադրությունն ու պահպանությունը պետք է համապատասխանի սահմանված պետական չափորոշիչների պահանջներին և տեխնիկական պայմաններին:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |