Բասմաչություն (ռուս.՝ Басмачество, թուրք. բասմակ` անակնկալ հարձակվել), ազգայնական զինված շարժում Միջին Ասիայում 1917-1926-ին՝ ուղղված Ռուսական կայսրության և խորհրդային ուժերի դեմ։
Բասմաչության գլխավոր գաղափարներն էին պանիսլամիզմը, պանթյուրքիզմը, ազգայնականությունը։ Անմիջական ղեկավարներն էին «Շուրա-ի-իսլամ», «Ուլե-մա», «Ալաշ» և այլ կազմակերպություններ, որոնք, 1917-ին ստեղծելով Կոկանդի ինքնավար կառավարությունը, կազմեցին բասմաչների գնդեր և ձեռնարկեցին զինված հարձակումներ խորհրդային ուժերի դեմ` նպատակ ունենալով Թուրքեստանն անջատել ՌԽՖՍՀ-ից։ Բասմաչությունը իր հզորության գագաթնակետին հասավ 1919 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ Ֆերգանայի բասմաչների և կուլակների զինված ուժերը զավթեցին Օշը, Ջելալ-Աբադը, շրջափակեցին Անդիժանը և սկսեցին սպառնալ Ֆերգանային։ Թուրքեստանի ռազմաճակատի հրամանատար Միխայիլ Ֆրունզեի զորքերը 1920-ին պարտության մատնեցին բասմաչներին։ 1921-ի հոկտեմբերին Բուխարա ժամանեց Թուրքիայի նախկին ռազմական նախարար, ռազմական հանցագործ, 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Էնվեր փաշան, որին հաջողվեց միացյալ բանակի (մոտ 16 հազար մարդ) մեջ միավորել բասմաչների ցաքուցրիվ հրոսակախմբերը և 1922-ի գարնանը զավթել Բուխարայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետության տարածքների զգալի մասը։ Խորհրդային կառավարությունը և ՌԿ(բ)Կ Կենտկոմը վճռական միջոցներ ձեռնարկեցին Էնվեր փաշայի բասմաչների դեմ։ Կարմիր բանակի կանոնավոր զորամասերին մեծ օգնություն ցուցաբերեցին դեհկանների ինքնապաշտպանական, կամավոր միլիցիայի ջոկատները։ 1922-ի հունիս-հուլիսին Էնվերի բանակը պարտվեց, իսկ փաշան սպանվեց ընդհարումներից մեկի ժամանակ Հակոբ Մելքումովի հրամանատարության տակ գտնվող հեծելազորային բրիգադի կողմից օգոստոսին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 304)։