Արևելքի ժողովուրդների առաջին համագումար
Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը տեղի է ունեցել 1920 թվականի սեպտեմբերի 1-8-ին, Բաքվում, Կոմունիստական ինտերնացիոնալի որոշմամբ։
Համագումարին մասնակցել են Արևելքի 37 ազգեր ներկայացնող 2045 պատգամավորներ, ինչպես նաև կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմի, Եվրոպայի մի շարք կոմունիստ, և սոցիալիստ, կուսակցությունների, երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի պատվիրակությունները։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են նաև Հայաստանի 101 պատգմավորներ։ Համագումարը լսում և քննարկում է Կոմինտերնի գործկոմի նախագահ Գրիգորի Զինովևի «Կոմինտերնը և Արևելքի ժողովուրդների խնդիրները». Կոմինտերնի գործկոմի քարտուղար Կ. Ռադեկի «Միջազգային իրադրության և Արևելքի աշխատավոր զանգվածների խնդիրների մասին», Կոմինտերնի գործկոմի անդամ Մ. Պավլովիչի՝ «Ազգային և գաղութային հարցերի մասին» և այլ զեկուցումներ։ Արծարծված հարցերի վերաբերյալ ընդունվում են բանաձևեր ու որոշումներ, կոչ (մանիֆեստ)՝ ուղղված Արևելքի ժողովուրդներին, ուղերձ՝ Եվրոպայի, Ամերիկայի, ճապոնիայի սոցիալիստներին։
Խորհրդային Հայաստանի պատվիրակների զեկուցումներում, ելույթներում, հայտարարություններում և այլ փաստաթղթերում արծարծվում էին Հայաստանի տնտեսական և քաղաքական ծանր իրավիճակի, հայերի ցեղասպանության, թուրքական բռնաճնշումների, արևմտյան դիվանագիտության դրսևորումների և այլ հարցեր։ Քննադատվել են երիտթուրքերի և քեմալականների ծավալապաշտական ձգտումները։ Դատապարտելով երիտթուրքերի հակահայկական քաղաքականությունը՝ Կոմինտերնի գործկոմի ներկայացուցիչը համագումարում նշում է Բրեստի կոնֆերանսում Թուրքիայի ներկայացուցչի «զայրացուցիչ վարքագծի», թուրք ազգայնականների կողմից պայմանագրով չբավարարվելու և Հայաստանի վրա արշավելու մասին։
Համագումարին (ղեկավարության նախաձեռնությամբ) հրավիրվել էր նաև թուրք քաղաքական գործիչ, Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Էնվեր փաշան, ով ցանկանում էր հանդես գալ Մարոկկոյի, Ալժիրի, Թունիսի, Եգիպտոսի և այլ երկրների ճնշված ժողովուրդների անունից, պահանջելով իր ղեկավարությամբ ստեղծել «իսլամական բանակ»՝ իբրև թե ազատագրելու Արևելքի ժողովուրդներին իմպերիալիզմի լծից։ Էնվեր փաշային չթույլատրվեց մասնակցել համագումարի նիստերին, սակայն նրա հայտարարությունն ընթերցվեց։ Դրանում էնվերը աշխատում Էր իրենից հեռացնել ցեղասպանության մեղավորությունը, ինչպես նաև մերժում էր Անդրկովկասի դեմ թուրքական նվաճողական գործողությունները, գովաբանում թուրք կառավարողների քաղաքականությունը «ազգերի ինքնորոշման և հավասարության» հարցում։ Էնվերի հայտարարությունը համագումարում չարժանացավ պաշտպանության, ընդունված բանաձևը թուրք, կառավարողների և հատկապես էնվերի քաղաքականության դատապարտումն էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Համագումարի մի շարք պատգամավորների ելույթներում քննադատվեցին երիտթուրքերի և քեմալականների նպատակները, որոշակիորեն նշվեց, որ քեմալական շարժումը ոչ ժոդովըրդական Է և ոչ Էլ կոմունիստական։ Համագումարին՝ էնվեր փաշայի հրավիրումը առաջացրեց Եվրոպայի մի շարք երկրների կոմունիստ, և սոցիալիստ, կուսակցությունների խիստ տարակուսանքը։ N ինտերնացիոնալի պարագլուխներից ժան Լուրեն սխալ է համարել համագումար հրավիրել մեկին, «որի ձեռքերին միլիոնավոր հայերի արյուն կա...»։
Համագումարի ընդունած որոշումներում և հայ պատվիրակների՝ համագումարին ներկայացրած փաստաթըղթերում հայ ժողովրդի ազատագրական պայքարին և պատմական ճշմարտության վերականգնման նրա ձգտմանը տրվել է ոչ ճիշտ, միտումնային գնահատական։ Հայաստանի Հանրապետության փորձերը հայկական հարցի լուծման ուղղությամբ գնահատվել են որպես «դաշնակ իմպերիալիստների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ», որոնք, իբր, ժողովրդին մղում են պատերազմի ընդդեմ «բուրժ. լծից ազատագրված Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովրդի»։ Խոշտանգված և կործանման եզրին հասած Հայաստանը հայտարարվել է «իմպերիալիստական»։ Նմանօրինակ սխալ քաղաքականություն է վարել նաև համագումարում ընտրված Արևելքի ժողովուրդների պրոպագանդայի և գործողության խորհուրդը։
Саакян Рубен, Первый съезд народов Востока (стенографический отчёт: Армения и Армянский вопрос). Вестник общественных наук, 2021, N 2, с. 37-65, http://www.lraber.sci.am/arm/sites/default/files/Lraber%20%202021-2_1.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |