Արցախյան շարժում
Արցախյան շարժում, հասարակական-քաղաքական շարժում՝ ի պաշտպանություն Լեռնային Արցախի հայ բնակչության ինքնորոշման։ Հայրենական պատերազմից հետո Հայկական ԽՍՀ ղեկավարությունը դիմել էր ԽՍՀՄ իշխանություններին՝ Լեռնային Արցախը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդրանքով։ 1945 թվականին, մեծ հայրենադարձության հետ կապված և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել էր ԽՍՀՄ ղեկավարությանը՝ փորձելով լուծել Արցախը Հայաստանին միավորելու հարցը։ Երկրորդ անգամ, ազգային զարթոնքի տարիներին (1965-1968), նման խնդրանքով հանդես էր եկել Անտոն Քոչինյանը։ Մինչ այդ՝ 1956 թվականին Արցախի հարցը բարձրացրել էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը[1]։
Գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին (1985-91) Լեռնային Արցախի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայությունը օրակարգ էր մտցրել պահանջ՝ տարածաշրջանը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու համար։
Վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականների երկրորդ կեսին ԽՍՀՄ-ում տեղի են ունենում գաղափարախոսության, տնտեսական և քաղաքական կյանքի զանգվածային փոփոխություններ, որն ընդունված է անվանել «Վերակառուցում»։ Բարեփոխումների նպատակը ԽՍՀՄ-ում զարգացած սոցիալ-քաղաքական և տնտեսական համակարգի համակողմանի ժողովրդավարացումն էր։ Տնտեսական բարեփոխումների ծրագրերը մշակվել են դեռևս 1983-1984 թվականներին՝ ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովի անունից, բայց իրագործվել Միխայիլ Գորբաչովի կողմից։ 1985 թվականի ապրիլի 23-ին հարցը բարձրացվեց ԽՍԿԿ կենտկոմի պլենումում։ Այնուամենայնիվ, այս միջոցները վերաբերում էին միայն տնտեսությանը, հիմնականում վարչական բնույթ էին կրում և չեն ազդում «զարգացած սոցիալիզմի» էության վրա։ Ամբողջ համակարգի հիմնարար բարեփոխումը, ներառյալ քաղաքական փոփոխությունները, սկսվեց 1987 թվականի հունվարին, երբ ԽՄԿԿ Կենտկոմի պլենումում հայտարարվեց որպես նոր պետական գաղափարախոսություն։ Օգտվելով դրանից՝ հայերը նորից բարձրացրին 1920-ական թվականներից սկիզբ առած արցախյան հիմնախնդիրը։
Դեռևս 1987 թվականին Լեռնային Արցախում և Հայաստանում ստորագրությունների զանգվածային հավաք տեղի ունեցավ Լեռնային Արցախը ՀԽՍՀ տեղափոխելու պահանջով, որը նրա կազմակերպիչները անվանեցին «հանրաքվե»։ Դեկտեմբերի 1-ին արցախահայության պատվիրակությունը ստորագրություններ, նամակներ և պահանջներ հանձնեց Մոսկվայում ԽՍՀՄ Կենտկոմի ընդունելությանը։ Ըստ տարբեր աղբյուրների, խորհրդային իշխանություններին ուղղված կոչով հավաքվեց 75-ից 80 հազար ստորագրություն։ Այդ պատվիրակությունները գլխավորում էր Իգոր Մուրադյանը։
1980-ական թվականներին, ավելի հաճախացան Ադրբեջանի հայության ներկայացուցիչներին տարբեր պաշտոններից հեռացնելը։ Հուլիսից դեկտեմբեր Շամխորի Կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար Ասադովը հայ բնակչության վտարման քաղաքականություն էր վարում Չարդախլու (Խաչիսար) գյուղից. այն հանդիսանում էր Խորհրդային Միության երկու մարշալների (Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան), երեք հերոսների, հինգ գեներալների հայրենիքը։ Երբ պաշտոնից հեռացվեց հայ գյուղապետը, և նրա փոխարեն նշանանակվեց ադրբեջանցին, տեղացիները բողոքի ալիք բարձրացրին[2]։ Հոկտեմբերի 17-ին Ազատություն ռադիոկայանի մեկնաբան Էլիզաբեթ Ֆուլերը հաղորդում է, որ զորքը շրջապատել և ուղեփակել է Չարդախլու գյուղը[3]։ Ադրբեջանի ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ իրագործեցին այդտեղ և հայաթափեցին այն[4]։ Միայն 320 ընտանիք գնաց դեպի Նոյեմբերյանի շրջան, հաստատվեց Զորական գյուղում, 120 ընտանիք հաստատվեց Կարմիրի շրջանում և այլուր։ Սպիտակ քաղաքում հաստատված գյուղացիներից 32 հոգի զոհ գնաց 1988 թվականի երկրաշարժին[5]։ Հոկտեմբերի 18-ին Իգոր Մուրադյանի գլխավորությամբ Կոմկուսի շենքի մոտ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը. մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 1000-ի, նրանց ձեռքերում Գորբաչովի նկարն էր[6]։ Նրանք մի փորձ արեցին Պռոշյան փողոցից մինչև Դեմիրճյան փողոցի հատվածում, բայց ոստիկանությունը ցրեց[7]։ Երեք օր անց՝ հոկտեմբերի 21-ին, Հեյդար Ալիևը հեռացվեց Քաղբյուրոյից։ Մինչ այդ նա ղեկավարել էր Ադրբեջանը 13 տարի՝ 1969-1982, ապա և ԽՍՀՄ վարչապետի օգնական (1982-1987)։
Չարդախլուի և այլ հայկական բնակավայրերի դատարկմանն ի պատասխան՝ 1987 թվականի նոյեմբերից Հայաստանի Ղափանի ու Մեղրու շրջաններից սկսեցին աստիճանաբար վտարել ադրբեջանցիներին։ Նոյեմբերի 16-ին ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանը, ելույթ ունենալով Փարիզում, ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու պաշտպանությամբ արտահայտվեց։ Դեկտեմբերի 20-ին` ԽՍՀՄ ՊԱԿ-ի օրը, Օպերայի թատրոնին կից Թատերական հրապարակում տեղի է ունենում ցույց, որին մասնակցում էր շուրջ հազար մարդ։ Հիմնական թեման Ղարաբաղի խնդիրն էր։
1988 թվականի հունվարին գրող Զորի Բալայանի աջակցությամբ և Իգոր Մուրադյանի ակտիվ մասնակցությամբ արցախահայության նոր պատվիրակություն մեկնեց Մոսկվա, սակայն այս անգամ ոչ միայն դիմումներով, այլև 84 այլ փաստաթղթով, որոնք կապված էին Արցախի պատմության, ազգագրության, տնտեսության և մշակույթի հետ։ Հանդիպում եղավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի հետ։ Պատվիրակության անդամները հանդիպեցին ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարանի վարիչ Ա. Կրիգինի, ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Պյոտր Դեմիչևի, ԽՄԿԿ Կենտկոմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Վյաչեսլավ Միխայլովի հետ[8]։ 1988 թվականի փետրվարին ևս մեկ պատվիրակաություն հանդիպեց Վ. Միխայիլովի հետ, իսկ հետո հանդիպում եղավ ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի հետ։ Ա. Սուլթանովի հավաստմամբ 1988 թվականի հունվարին ԼՂԻՄ-ում բաժանվել են հետևյալ գրությամբ թռուցիկներ[9]. ։
Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը Գրողների միությունում հանդես եկավ ի պաշտպանություն արցախահայության[10]։ Փետրվարի 16-ից մինչև մարտի 2-ը Ստեփանակերտում ցույցերը գրեթե չդադարեցին։
Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության[11]։
Բաքվում վիճակը սրվեց այն ժամանակ, երբ Հայաստանի Կապանի շրջանից այդտեղ եկան փախստականներ, նրանցից շատերը այցելեցին իրենց բաքվեցի հարազատներին։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում, բայց շատ փախստականներ ենթարկվեցին ծեծի[12]։ Ադրբեջանցի փախստականներ էին տեղավորվել նաև Սումգայիթի շրջանի Ֆաթամի և Սարայի գյուղերում[12]։ Փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ։
Իրադարձությունների զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի գարնանը Ստեփանակերտ էին ժամանել բնակիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բալթիկայից, նույնիսկ Մոսկվայից ու Լենինգրադից, որոնք եկել էին ուսումնասիրելու Ղարաբաղյան շարժման փորձը։ Մոսկվայում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Փաշա Ռուստամզադեն մոսկովյան թերթերում տպագրած իր հարցազրույցներում նշել էր, թե իբր Ստեփանակերտից դուրս են քշել 18 հազար ադրբեջանցիների։ Մինչդեռ, համաձայն 1988 թվականի հունվարի 1-ի տեղեկությունների, Ստեփանակերտում բնակվում էր 4.5 հազար ադրբեջանցի։ Չի նշվում, որ Ադրբեջանից արտագաղթած հայերը 2.8 անգամ ավելի շատ էին, քան Հայաստանից փախած ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանից հեռացած հայերը թողել են 103.7 հազար բնակարան, 1322 հայկական գյուղեր կամ 8 հազար քառ կմ. տարածք, իսկ ադրբեջանցիները Հայաստանում ունեին 27.6 հազար բնակարան[13]։
1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Աղդամ շրջկենտրոնի մոտակայքում, ադրբեջանցիները հարձակվեցին Հադրութի շրջանի Մեծ Թաղերի պետտնտեսության՝ Ստեփանակերտ խոշոր եղջերավոր անասուններ մսամթերման տանող ավտովարորդ Ռաֆիկ Ալթունյանի «Գազ-53», 81-06 ԱԳՅԱ համարանիշի ավտոմեքենայի վրա, քարկոծելով ջարդել առաջամասի ապակին, հարկադրել կանգնեցնելու այն, բարձրացել շարժիչի ծածկոցի ու ոտնակի վրա, դանակի ծանր հարված հասցրել վարորդին, ուշագնացության աստիճան ծեծել զոոտեխնիկ Անդրանիկ Մելքումյանին, քշել-տարել անասունները, ապա շրջել մեքենան ու վառել։ Բեռնատարի կմախքը առ այսօր էլ պահվում է որպես Հեյդար Ալիևի «ազգային կտրիճների» ցուցանմուշ[14]։ Կային նաև խմբեր, որոնց հանձնարարված էր կատարել նաև ահաբեկչություններ, հայերի սպանություններ, հայկական տնտեսություններին պատկանող արտադրական շենքերի ավերումներ, հրկիզումներ, ավտովթարներ, և այլ կարգի հանցագործություններ։
Իրավիճակը կտրուկ փոխվեց Արցախյան շարժման օրերին՝ 1988 թվականի փետրվարի 20-ից հետո։ Ադրբեջանի ղեկավարները նորամուծություններ մտցրին ահաբեկչական ծրագրերում. նրանք ընդգրկվեցին օմօնականների զինված խմբավորումների մեջ։ Իսկ վայրագ գործողությունները համակարգելու համար Բաքվից Արցախ էին ուղարկվել ավելի փորձառու, արտասահմանյան ահաբեկչական հանգրվաններում մարզված տասնյակ մասնագետներ, որոնք հասցրել էին սերտ կապեր հաստատել թուրքական «Գորշ Գայլեր»-ի, արաբական «Համաս» և աֆղանական «Մոջահեդ» կազմավորումների հետ։ Զինված զանազան զենքերի նորագույն տեսակներով և պայթուցիկ նյութերով՝ նրանք սկսեցին լայնածավալ հարձակումներ կատարել հայկական գյուղերի, ֆերմաների վրա։ Սպանում, պատանդ էին վերցնում հայ անասնապահներին և անտեր մնացած հոտը, նախիրը քշում-տանում ադրբեջանական գյուղերը, շրջանները։ Ճանապարհներին գրավում էին հայերին պատկանող ավտոմեքենաները, զինված հարձակում գործում ավտոբուսների վրա, գնդակահարում ուղևորներին։ Միաժամանակ կտրտում, հրդեհում էին հայերին պատկանող այգիները, ցորենի արտերը[15]։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Արցախի Հանրապետությունը, որը և վավերագրվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով[16]։
Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Ադրբեջանի Ազգային մեջլիսը Լեռնային Արցախի ինքնավար մարզի կարգավիճակը վերացնելուց անմիջապես հետո հապշտապ անվանափոխեց, այսինքն՝ թուրքացրեց Արցախի հայկական անուն ունեցող բոլոր բնակավայրերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական Հանրագիտարան, Ղարաբաղյան ազատագրական շարժում
- ↑ Алексей Зверев, Этнические конфликты на Кавказе, 1988—1994 г. Արխիվացված 2014-04-15 Wayback Machine
- ↑ Սումգայիթ, 1988, փետրվար
- ↑ Հայաթափությունը սկսվեց Չարդախլու գյուղից
- ↑ «Հայրենաթափ. Չարդախլու». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ [Շարժում 1988/25]. Իգոր Մուրադյան` «Օտար տարր էի` ամենասկզբից մինչեւ վերջ»
- ↑ Իգոր Մուրադյան. Շարժում-88-ի ներշնչողն ու առանցքային դեմքը
- ↑ 18 лет назад, в январе… Интервью с Дж. Мартиросяном. Азат Арцах, 17 января 2006 г.
- ↑ «Султанов Ч. А. Последний удар Империи». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Том де Ваал. «Чёрный сад». Глава 1. Февраль 1988 года
- ↑ «[Շարժում 1988/25]. Աշոտ Սարգսյան ՝ Շարժումը սկսվեց տարերայնորեն». www.mediamax.am. 2013 թ․ մարտի 6.
- ↑ 12,0 12,1 Том де Ваал. «Чёрный сад». Глава 2. Февраль 1988 года։ Азербайджан
- ↑ Ուլուբաբյան, Բագրատ (1993). Արցախյան գոյապայքարը. Երևան: Գիր Գրոց.
- ↑ «[Շարժում 1988/25]. Էմիլ Աբրահամյան՝ Շարժման սկիզբը դրվեց Հադրութում». www.mediamax.am. 2013 թ․ մարտի 4.
- ↑ Մկրտչյան, Շահեն (2003). Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի իրականացրած ցեղաասպանության անատոմիան. Ստեփանակերտ: Ազատ Արցախ. էջ 137.
- ↑ Մկրտչյան, Շահեն (2003). Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի իրականացրած ցեղաասպանության անատոմիան. Ստեփանակերտ: Ազատ Արցախ. էջ 14.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մտորումներ Արցախյան շարժման մասին
- Сахаров А. Д. Воспоминания։ в 2 т. / ред.-сост.։ Е. Холмогорова, Ю. Шиханович. - М. ։ Права человека, 1996. Гл. 5. Азербайджан, Армения, Карабах
- [https://web.archive.org/web/20120229105809/http://history.kubsu.ru/pdf/ar_mar.pdf Արխիվացված 2012-02-29 Wayback Machine Марутян А. Т. Геноцид армян. Историческая память и трансформация этнических стереотипов (по материалам транспарантов и плакатов Карабахского движения). Центр понтийско-кавказских исследований. Краснодар, 1995]