Արշակ Ջամալյան
Արշակ Ջամալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1882[1][2] |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1940[1][2] |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1901) |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | communications minister? |
Կուսակցություն | ՀՅԴ |
![]() |
Արշակ Ջամալյան (Իսահակյան) (1882[1][2], Գանձակ, Ռուսական կայսրություն - 1940[1][2], Փարիզ), հասարակական-քաղաքական, պետական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշակ Իսահակյանն իր նախնական կրթությունը ստացել է Գանձակի հայոց ծխական դպրոցում, իսկ երբ 1892 թ.-ին ցարական հրամանագրով փակվեցին հայոց ծխական վարժարանները, նա հաճախել է Գանձակի ռուսական գիմնազիան։ 1897 թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սակայն իր հեղափոխական գործունեության հետևանքով հեռացվել է 1901 թ.։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայատյաց ցարական ոստիկանապետի ահաբեկչությանը, որի համար բանտարկվել է։ 1906 թ.-ին Գերմանիայում զբաղվել է հասարակական գիտությունների ուսումնասիրությամբ, հիմնադրել ՀՀԴ «Եվրոպայի հայ ուսանողական միությունը», հրատարակել «Ուսանող» պարբերականը և հայ ազատագրական պայքարը լուսաբանող գրքույկներ (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն)։
1909 թ.-ին վերադարձել է Կովկաս, դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Հորիզոն» օրաթերթին։ 1914 թվականին, ՀՀԴ 8-րդ Ընդհանուր Ժողովում ընտրվել է կուսակցության Բյուրոյի անդամ (պաշտոնը վարել է մինչև 1933 թ.)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է հայ կամավորական ջոկատների կազմակերպիչներից (անձամբ կռվել է ուսանողական կամավորական ջոկատում)։ 1917 թ.-ի հոկտեմբերից՝ Հայոց ազգային խորհրդի անդամ։ Մասնակցել է Երզնկայի զինադադարի կնքմանը (1917 թ.-ի դեկտեմբեր)։ 1918 թ.-ին՝ Անդրկովկասյան սեյմի անդամ։ Եղել է Հայոց ազգային խորհրդի (1918 թ.-ին)՝ Բեռլին մեկնած ազգային պատվիրակության կազմում։
1918 թ.-ին՝ Հայաստանի Հանրապետության դեսպանը Թիֆլիսում, 1919 թ.-ին՝ Հայաստանի խորհրդարանի անդամ, զինահավաքման արտակարգ կոմիսար, 1920 թ.-ին՝ հաղորդակցության ճանապարհների նախարար։ 1920 թ.-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսիում ստորագրել է զինադադարի համաձայնագիր Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բ. Լեգրանի հետ։ 1921 թ.-ին մասնակցել է բոլշևիկների և դաշնակցականների միջև Ռիգայի բանակցություններին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է Թիֆլիս, ապա՝ Կ.Պոլիս, այնուհետև՝ Ֆրանսիա։ 1925-1933 թ.-ին Փարիզում հրատարակվող «Դրոշակ» ամսագրի խմբագրության անդամ էր։
1934 թ.-ին կազմակերպել է «Հայ-վրացական միությունը»։ Գրել է «Դաշնակցության տեսությունը» գիտական աշխատությունը (1908 թ.), թատերգություններ՝ «Տարերքի ընդվզումը», «Գծից դուրս», «Նահապետ Նահապետյան» և այլն։
Մահացել է Փարիզում, 27 դեկտեմբերի 1940 թ.-ին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ-վրացական կնճիռը, «Հայրենիք», 1928 թ., հ. 6, N 6-12, հ. 7, N 1. 1929, հ.7, N4-6[3]։
- Յովհաննէս Քաջազնունի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, «Հայրենիք», 1924 թ., հ.2, N 3, 4, 5, 8, 9։
- Մարքսիզմի փոխակերպութիւնները, «Դրօշակ», 1926 թ., N 251-253։
- Ազգային հարցը մարքսիզմի քուրայում, «Դրօշակ», 1928 թ., N 277։
- Հայաստանի անկախութեան խնդիրը եւ Ռուսաստանը, «Յուսաբեր», 1938 թ., հունիսի 8-11։
- Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը։ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2016, 185 էջ[4]։
- Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե չունի՞: Քաջազնունի, Վրացյան, Ջամալյան, Դարբինյան, Նավասարդյան։ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2016, 143 էջ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ջամալեան, Արշակ (2011). Հայ-վրացական կնճիռը. "Mitkʻ" verlutsakan kentron. ISBN 9789994125227.
- ↑ Ջամալյան, Արշակ (2016). Հ.Քաջազնունին եվ Հ.Յ.Դաշնակցությունը. Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ.
- ↑ Ջամալեան, Արշակ (2016). Հ.Յ.Դաշնակցությունը անելիք ունի՞, թե չունի՞: Քաջազնունի, Վրացյան, Ջամալյան, Դարբինյան, Նավասարդյան. Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ. ISBN 9789939102993.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |