Արծրունիներ
Արծրունիներ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ և նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | |
Տիրույթներ | Վասպուրական, հետագայում Սեբաստիա |
Ծագում | Տորք Անգեղ |
Տիտղոսներ | Թագաւոր Վասպուրականի, իշխան Մեծ Աղբակի, Մահկանաբերդի, տէր Հադամակերտի |
Հիմնադիր | Վաչե Արծրունի |
Մեծագույն ներկայացուցիչ | Գագիկ Բ Արծրունի |
Հիմնում | 338 |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Արծրունիներ, հայ նախարարական տոհմ։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների՝ Արծրունիների իշխանական տունը ծագում է Հայկ Նահապետից սերած Տորք Անգեղից։ Արծրունիների նախնիները եկել են Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառից։
Ըստ Մովսես Խորենացու՝ Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարն է եղել, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ՝ սպանելով հորը՝ պատսպարվել էր Հայաստանի Սիմ կոչվող լեռներում։ Այս վարկածը նման է Մովսես Խորենացու այն պնդմանը, որ իբր Բագրատունիները հրեա են եղել, որը, սակայն, բազմիցս հերքվել է ապացույցներով։
Մեծ Հայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշեսյան և Արշակունի հայոց թագավորների օրոք Արծրունիները խաղացել են ռազմաքաղաքական կարևոր դեր։ Արծրունիների մրցակիցն է եղել Մարդպետունի նախարարական տոհմը։ Արշակունիների և Մարդպետների համագործակցությունը, և վերջիններիս մրցապայքարը Արծրունիների դեմ, ինչպես և Պարսկաստանի տիրույթների սահմանակցությունը պատճառ են դարձել 4–րդ դարում Արծրունիների կենտրոնախույս և պարսկամետ քաղաքականության։ Արծրունիները ձգտել են Սասանյանների օգնությամբ բարձր դիրքի հասնել Մեծ Հայքում։ Բայց նմանօրինակ ակնկալիքները Արծրունիների համար ապարդյուն էին և նրանք հուսախաբվել և երես են թեքել Սասանյաններից։
Մարզպանական Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո պարսից արքունիքը հավասարապես սպառնացել է թե՛ Արծրունիներին, և թե՛ նրանց մրցակից Մարդպետունիներին։ Այս տոհմերը գերադասել են միավորվել՝ պարսից տիրապետությանը համատեղ դիմակայելու բնական մղումով։ Միավորումն ընթացել է Արծրունիների գերակայության ներքո և ավելի է զորեղացրել նրանց։ 449 թվականին կայացած Արտաշատի ժողովին մասնակցող նախարարների և հոգևորականների մեջ են եղել նաև Արծրունիների տոհմի ներկայացուցիչները։
Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը Ներշապուհ Արծրունին է եղել։ Ըստ Եղիշեի՝ Ավարայրի ճակատամարտում զոհվածների և հետագայում նահատակվածների թվում եղել են նաև Արծրունիներից։
Արաբական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծրունիների ազդեցությունն ավելի է ուժեղացել արաբական տիրապետության շրջանում, երբ նրանք գլխավորել են Վասպուրականի պայքարը Արաբական խալիֆայության դեմ։ Թեև 8–րդ դարի սկզբին Արծրունիները ծանր հարված են ստացել արաբներից, բայց դարի կեսից նրանց հաջողվել է Բագրատունիներին դուրս մղել Վասպուրականից և այնտեղ հաստատել իրենց տիրապետությունը։ Արծրունիները մասնակցել են 774–775 թվականներին Աբբասյանների խալիֆայության դեմ Հայաստանում ծավալած ժողովրդական ապստամբությանը։ Ապստամբությունից հետո Արծրունիները տիրացել են Ռշտունյաց նախարարության տարածքներին։ Արծրունիները Բագրատունիների հետ գլխավորել են խալիֆայության դեմ ուղղված 851 թվականի ժողովրդական ապստամբությունը։
Թագավորության շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում գերիշխանության հասնելու համար 9–րդ դարի երկրորդ կեսին ուժեղ մրցակցություն էր սկսվել Արծրունիների և Բագրատունիների միջև։ Խալիֆայությունը ջանում էր ավելի սրել այդ լարված իրադրությունը։ Բագրատունյաց թագավորության սկզբնական շրջանում Արծրունիների և Բագրատունիների միջև տեղի էր ունեցել քաղաքական մերձեցում, բայց Գագիկ Արծրունու գահերեցության ժամանակ Արծրունիները դրսևորել էին անջատողական սուր հակումներ և 908 թվականին ստեղծել են Վասպուրականի թագավորությունը։ Վասպուրականն ընկել էր Բյուզանդիայի տիրապետության տակ և մշտապես ենթակա էր օտար ցեղերի ասպատակումներին։
1021 թվականին Արծրունիներից ոմանք տեղափոխվել են Կիլիկիա։ Նրանց մասունքները սելջուկ-թուրքական և մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում Վասպուրականում շարունակել են իրենց գոյությունը՝ ամփոփվելով Վանում և նրա շրջակայքում։
Գահացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը | Իշխել է | Նշումներ |
---|---|---|
Վահան Արծրունի | ||
Սահակ Բ | ? - 762 | Վահան Արծրունու որդին, Վասպուրականի իշխան |
Գագիկ Ա | 762 - 772 | Սահակ Բ-ի եղբայրը, Վասպուրականի իշխան |
Համազասպ Ա | 772 - 785 | Գագիկ Ա-ի որդին, Վասպուրականի իշխան |
Մերուժան Բ | Համազասպ Ա-ի եղբայրը, Վասպուրականի իշխան | |
Գագիկ Բ | 785 - 800 | Վասպուրականի իշխան |
Համազասպ Բ | 800 - 836 | Գագիկ Ա-ի որդին, հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունու դստեր՝ Հռիփսիմեի ամուսինը, գահերեց իշխան |
Աշոտ Ա | 836 - 852, 868 - 874 | Համազասպ Բ-ի ավագ որդին, գահերեց իշխան |
Գուրգեն Ա | 852 - 855 | Ապուպելճ Արծրունու որդի |
Գրիգոր Ա | 857 - 868, 874 - 887 | Աշոտ Ա Արծրունու որդին, հայոց թագավոր Աշոտ Բագրատունու դստեր՝ Սոֆիայի ամուսինը, գահերեց իշխան |
Աշոտ Բ | 887 - 904 | Գրիգոր-Դերենիկի որդին, գահերեց իշխան |
Գագիկ Գ | 904 - 943 | Աշոտ-Սարգսի որդին, 908-ից - Վասպուրականի թագավոր |
Գուրգեն Բ | 904 - 925 | Պարսկահայքի իշխան, Աշոտ-Սարգսի որդին |
Դերենիկ-Աշոտ | 943 - 959 | Գագիկ Ա-ի որդին |
Աբուսահլ-Համազասպ | 959 - 972 | Գագիկ Ա-ի որդին |
Աշոտ-Սահակ | 972 - 991 | Աբուսահլ-Համազասպի որդին |
Գուրգեն-Խաչիկ | 991 - 1003 | Աբուսահլ-Համազասպի որդին |
Սենեքերիմ | 1003 - 1021 | Աբուսահլ-Համազասպի որդին |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 75)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |