Անտուան Մեյե
Անտուան Մեյե (ֆր.՝ Antoine Meillet, նոյեմբերի 11, 1866[1][2][3][…], Մուլեն[2][4][5] - սեպտեմբերի 21, 1936[2][4][6][…], Շատոմեյան[2][4][7]), ֆրանսիացի լեզվաբան, հայագետ, սլավոնագետ, հասարակական գործիչ։ Ֆրանսիական ակադեմիայի (1924 թ.), արտասահմանյան շատ ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1906 թ.)։
1885-1889 թթ.-ին սովորել է Սորբոնի համալսարանում։ Աշակերտել է Մարսել Բրեալին, Ֆերդինանդ դը Սոսյուրին, Օկյուստ Կարիերին, որից սովորել է ժամանակակից հայերեն։ 1890-1891 թթ.-ին եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, աշակերտել Հակովբոս Տաշյանին, նրանից սովորել է գրաբար։ 1891 թ.-ին այցելել է Հայաստան (երկրորդ անգամ՝ 1903 թ.-ին), Էջմիածնի մատենադարանում զբաղվել բանասիրական աշխատանքով, ուսումնասիրել գրաբարի հնչյունաբանությունը։ 1902-1905 թթ.-ին գրաբար ու ժամանակակից հայերեն է դասավանդել Արևելյան կենդանի լեզուների դպրոցում, 1906-1936 թթ.-ին հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն և ընդհանուր լեզվաբանություն՝ Քոլեժ դը Ֆրանսում։ 1919 թ.-ին Ֆ. Մակլերի և ուրիշների հետ հիմնել է «Սոսիետե դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Հայագիտական ընկերություն»-ը), 1920 թ.-ին՝ «Ռևյու դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Revue des Études Arméniennes»), 1921 թ.-ին՝ «Ռևյու դեզ էայուդ սլավ»-ը («Revue des Études Slaves»)։
Ընդհանուր լեզվաբանական հայացքներով հարել է Ֆ. դը Սոսյուրի հիմնադրած հասարակագիտական ուղղությանը, հետազոտական սկզբունքներով՝ երիտքերականներին, տարբերվելով լեզվի էության և զարգացման պատճառների իր մեկնաբանությամբ։ Հետևելով Ֆ. դը Սոսյուրին՝ Մեյեն լեզուն դիտել է որպես նշանների համակարգ։ Լեզվական երևույթները և հատկապես լեզվի զարգացումը բացատրել է հասարակության զարգացման պայմաններով, իսկ լեզվի հասարակական էությունը կապել նրա հաղորդակցական գործառույթի հետ։ Համեմատական լեզվաբանության մեջ ընդունել է լեզուների ցեղակցության և ծագումնաբանական դասակարգման սկզբունքները, հնդեվրոպական բարբառների փոխհարաբերություններն ու տեղաբաշխումը պարզելու համար դիմել է լեզվաբանական աշխարհագրության մեթոդներին, հասարակագիտական ուղղության դիրքերից մեկնաբանել երիտքերականների առաջ քաշած հիմնական դրույթները հնչյունական օրենքի, համաբանության, փոխառության վերաբերյալ, սակայն չի սահմանափակվել նշված սկզբունքներով և առաջ է քաշել լեզվի զարգացման ընդհանուր օրենքներ սահմանելու հարցը։
Զբաղվել է առանձին հնդեվրոպական լեզուների (հունարեն, լատիներեն, հին պարսկերեն, թոխարերեն, գերմաներեն, սլավոներեն, և այլն) ուսումնասիրությամբ։
«Հայերենի բարբառային դիրքը» (1896 թ.) առաջին հայերենագիտական ուսումնասիրության մեջ Մեյեն, հիմք ընդունելով հայերենի և այլ լեզուների հնչյունական փոփոխությունները, որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» (1903 թ.) աշխատության մեջ քննության է ենթարկել հայերենի քերականությունն ամբողջությամբ և անդրադարձել հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքին, նրա առանձնահատկություններին։ Ձևաբանության հարցերին զուգահեռ քննել է ձևույթների շարահյուսական կիրառությունները («Հետազոտություններ հայերենի համեմատական շարահյուսության վերաբերյալ», 2-րդ հրատարակություն, 1968 թ., տե՛ս «Mémoires de la Société de Linguistique de Paris» ամսագրում) ցեղակից լեզուների համեմատությամբ, այն իր տեսակի մեջ ցարդ միակն է և մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Մեյեն անդրադարձել է հայերենագիտության այլևայլ խնդիրների՝ այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» (1913 թ., գերմաներեն) դասագիրքը։ Նա հանդես է եկել հայերին հուզող զանազան հարցերի քննությամբ, քննադատել է ցարիզմին (հայկական դպրոցների փակման կապակցությամբ), Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ծննդական
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Мейе Антуан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 ծննդական
- ↑ 6,0 6,1 6,2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.persee.fr/doc/crai_0065-0536_1952_num_96_4_10016
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ 9,0 9,1 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ www.aibl.fr (ֆր.)
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118782878 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 http://www.slp-paris.com/spip.php?article4
- ↑ http://www.bibliotecadeva.eu/periodice/romlit/1976/11/romania_literara_1976_11_48.pdf
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 19,0 19,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտուան Մեյե, Հայագիտական ուսումնասիրություններ, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 1978, 822 Էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտուան Մեյեն՝ հայերի մասին
- Անտուան Մեյե. Այդ լեզվի ճոխությունը և ճկունությունը զորավիգ է եղել հայ ազգի համար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 453)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Մեյե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Մեյե» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Սեպտեմբերի 21 մահեր
- 1936 մահեր
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի հայագետներ
- Ֆրանսիացի լեզվաբաններ
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ
- Սլավոնագետներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Հնդեվրոպագետներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Հայագետներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Գիտությունների դոկտորներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Ֆրանսիացի արևելագետներ