XIX ամառային Օլիմպիական խաղերը Մեխիկոյում հանրային բողոքի պատճառ են հանդիսացել ինչպես մեքսիկացի երիտասարդների, այնպես էլ մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստների համար։ Լայն տարածում էր գտել ինքնաբոյկոտը։ Մեքսիկայի ուսանողական կազմակերպությունները փորձում էին գրավել համաշխարհային հասարակության ուշադրությունը։ Նրանք բողոքում էին Մեքսիկայի կառավարության դեմ, որը ղեկավարվում էր ԱՄՆ-ի իշխանությունների ցուցումներով։ Հոկտեմբերի 2-ին` օլիմպիական իրադարձություններից 10 օր առաջ, նրանք քաղաքով երթ են կազմակերպել և երկրի արհմիությունների աջակցությամբ Երեք մշակույթների հրապարակ են դուրս բերել 15 հազար մարդ։ Ցուցարարների հիմնական կարգախոսն էր «Մենք չենք ուզում Օլիմպիական խաղեր, մենք հեղափոխություն ենք ուզում» (իսպ.՝ ¡No queremos olimpiadas, queremos revolución!): Երկրի իշխանությունները` հույս դնելով ԱՄՆ-ի տնտեսական հզորության վրա, մայրաքաղաք զորքեր են մտցրել, իրականացրել զանգվածային ձերբակալություններ և ուժ գործադրել ամբոխը ցրելու համար։ Արդյունքում պաշտոնական տեղեկություններով զոհվել է չորս մարդ, իսկ ուսանողների տեղեկություններով` 200-300-ից մինչև մի քանի հազար մարդ։ Չնայած դրան ոչ մի պատժամիջոցներ չեն հետևել, քանի որ ՄՕԿ-ը բոլոր իրադարձությունները ճանաչեց որպես Մեքսիկայի ներքին գործեր։