Հերովդես I Մեծ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հերովդես I Մեծ եբրայերեն՝ הוֹרדוֹס և լատին․՝ Herodus | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 74 |
Ծննդավայր | Եդոմ |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 4[1][2] |
Մահվան վայր | Երիքով, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[3][4][5] |
Գերեզման | Herodium |
Կրոն | հեթանոսություն և հուդայականություն |
Մասնագիտություն | գերիշխան, քաղաքական գործիչ և միապետ |
Ամուսին | Մալթակե, Կլեոպատրա Երուսաղեմցի, Մարիամնե[6], Դորիս[7], Mariamne?, անհայտ և Elpis? |
Ծնողներ | հայր՝ Անտիպատրոս Եդումեացի, մայր՝ Կիպրոս |
Զբաղեցրած պաշտոններ | թագավոր |
Երեխաներ | Անտիպաս, Օլիմպիաս, Անտիպատրոս[8], Արքելաոս, Սալոմե, Հերովդես 2-րդ, Aristobulus IV?, Philip the Tetrarch?, Herod IV?, Ալեքսանդր, Salampsio? և Cypros? |
Herod the Great Վիքիպահեստում |
Հերովդես I Մեծ (եբրայերեն՝ הוֹרְדוֹס, հուն․՝ Ἡρῴδης, լատին․՝ Herodus, մոտ մ. թ. ա. 74, Եդոմ - մոտ մ. թ. ա. 4[1][2], Երիքով, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին[3][4][5]), հռոմեացիների նշանակած Հրեաստանի (Հուդայի) թագավոր մ. թ. ա. 40-4 թվականներին։ Նրա գահակալության ժամանակ Հրեաստանը բարգավաճել է, կառուցվել են բազմաթիվ բերդեր, ջրանցույցներ, թատրոններ ևն[9]։ Հիշատակվում է Նոր Կտակարանում որպես դաժան բռնակալ, որի օրոք ծնվել է Հիսուսը։
Ծագում և վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտ մ․թ․ա․ 74 թվականին, Հրեաստանից հարավ գտնվող Եդովմ երկրում։ Ազգությամբ եղել է եդովմացի, սակայն դավանել է hուդայականությունը և մեծացել է հրեական միջավայրում։ Հերովդեսի նախնիները հուդայականությունն են ընդունել մ․թ․ա․ 2-րդ դարում։ Հերովդեսի հայրը՝ Անտիպատրոս Եդովմացին սատար էր հռոմեական բռնատիրությանը (որի ծայրագույն դրսևորումն էր մ․թ․ա․ 36 թվականին Երուսաղեմի գրավումը Պոմպեոսի կողմից)՝ հուսալով Հռոմի օգնությամբ պահպանել իր իշխանությունը Հրեաստանում։ Մ․թ․ա․ 47 թվականին Անտիպատրոսը նշանակվել է Հուդայի կառավարիչ (պրոկուրատոր) և ստացել հռոմեական քաղաքացիություն, որը ժառանգել են Հերովդեսը և իր զավակները։ Նույն տարի Հերովդեսի հայրը նրան նշանակել է Գալիլեայի կառավարիչ։
Գահակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր քաղաքական գործունեությունը Հերովդեսն սկսել է մ․թ․ա․ 48 թ. (25 տարեկանում)՝ կարգվելով Գալիլեայի նահանգապետ (տետրարքոս՝ չորրորդապետ)։ Այդ պաշտոնում նա աչքի ընկավ Հեզեկիայի (Հուդա Գալիլեացու) ապստամբության ճնշումով։ «Գալիլեացի ավազակների» ջախջախումն ու մահապատիժը արժանացան Սիրիայի հռոմեացի փոխարքաների գոհունակությանը և պահպանողական հրեության պարսավանքին։
Մ․թ․ա․ 40 թվականին պարթևների հարձակումը Հերովդեսին ստիպեց թողնել Գալիլեան և փախչել հարավ՝ սկզբում Երուսաղեմ, այնուհետև Եդովմ, Եգիպտոս (որտեղ նրան ընդունեց Կլեոպատրայի թագուհին), որտեղից և նավով շարժվեց Հռոմ։ Այնտեղ՝ ստանալով Մարկոս Անտոնիոսի աջակցությունը, ներկայացվեց հռոմեական սենատին և «ընտրվեց» Հուդայի թագավորության արքա։
Մ․թ․ ա․ 39 թվականին Հերովդեսը, ուղևորվելով Հռոմից, հասավ Հունաստանի Պտոլեմաիս քաղաքը,, որտեղ հռոմեական իշխանությունների աջակցությամբ վարձկաններից և տեղի հրեա փախստականներից բանակ հավաքեց պարթևական արշավանքներին դիմադրելու և Երուսաղեմն ազատագրելու համար։ Պարթևների պարտությունից հետո հռոմեացիները հզորացրին Հերովդեսի վարձու բանակը 11 կանոնավոր լեգեոններով։ Այսպիսով և հաջողվեց մ․թ․ա․ 37 թվականին գրավել Երուսաղեմը (ուր այն ժամանակ իշխում էր պարթևների կողմից նշանակված հրեա թագավոր Անտիգոնոսը)։ Դեռ պաշարման ընթացքում, գահին տիրանալու առավելություն ձեռք բերելու նպատակով՝ Հերովդեսն ամուսնացավ Մարիամնեի՝ Հյուրկանոս 2-րդ քահանայապետի թոռնուհու հետ, այդպիսով արյունակցական կապ հաստատելով իր դինաստիայի և Հասմոնյան տան միջև։
Իշխանության գալով՝ Հերովդեսը հաշվեհարդար տեսավ Անտիգոնոսի 45 ակտիվ կողմնակիցների հետ և կարողացավ հասնել այն բանին, որ Հասմոնյան դինաստիայի գահակալ՝ վերջին թագավորը մահապատժի ենթարկվի Անտիոքում։
Մ․թ․ա․ 31 թվականը Հերովդեսի համար «սև տարի» էր. Ակցիումի ճակատամարտում Մարկոս Անտոնիոսը պարտություն կրեց, Հուդայի թագավորություն ներխուժեցին հարավային ցեղերը, իսկ Երուսաղեմում խոշոր երկրաշարժ տեղի ունեցավ, որը 30 հազար մարդու կյանք խլեց։ Սակայն Հերովդեսը կարողացավ հաղթահարել դժվարությունները։ Նա կապեր հաստատեց Հռոմի նոր կայսր Օկտավիանոս Օգոստոսի հետ, կասեցրեց հարավային ցեղերի հարձակումները և լայնածավալ շինարարական աշխատանքներ սկսեց ողջ երկրում։
Շինարար թագավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերովդես Մեծի կարևորագույն գործերից մեկը Երկրորդ Տաճարի վերակառուցումն էր Երուսաղեմում։ Շինարարությունն սկսվել է մ․թ․ա․ 22 թվականին և շարունակվել 9 տարի։ Շինարարության ընթացքում տաճարում արարողությունները մշտապես տեղի էին ունենում։ 2009 թվականին հնագետները հայտնաբերեցին այն քարհանքերը, որտեղից բերվել է Տաճարի շինարարության համար անհրաժեշտ քարը[10]։
Հուդայի անապատում, Երուսաղեմից 15կմ դեպի հարավ, Հերվդեսը կառուցել է շքեղ Հերովդեյոն ամրոցը՝ թագավորական պալատով, որի պեղումները իսրայելացի հնագետների կողմից կատարվում են 1956 թվականից առ այսօր։ Վերջին գտածոներից է 2008 թ. հայտնաբերված ամֆիթատրոնը[11]։ Այդ և այլ ամֆիթատրոնների բեմերում անցկացվում էին գլադիատորական միջազգային մարտեր, մարտիկների և մարմնամարզիկների մրցումներ, ձիարշավներ։ Այսպիսի միջոցառումներով Հերովդեսը հելլենիզմի տարրեր էր ներմուծում Հուդայի թագավորություն, դժգոհություն առաջացնելով հրեա հասարակության մեջ։ Այդ ընդդիմադիրներն անգամ մահափորձ են կատարել թագավորի դեմ։ Բացի տաճարի վերականգնումից, Երուսաղեմում Հերովդեսը Անտոնիոսի համար պալատ և միջնաբերդ կառուցեց։ Իր հանգուցյալ եղբոր՝ Ֆազայելի համար Հերովդեսը աշտարակով դամբարան կառուցեց, որն իր բարձրությամբ չէր զիջում Ալեքսանդրիայի փարոսին։ Կարևոր նշանակություն ուներ նաև Երուսաղեմի ջրամատակարարման բարելավումը։
Հերովդեսը նաև հիմնեց Կեսարիա միջերկրածովյան նավահանգիստը, որտեղ կառուցեց թատրոն՝ Ստրատոնի աշտարակի տեղում։ Լիակատար վերակառուցման ենթարկվեցին Սամարիան, որին տրվեց հունական՝ Սեբաստիա անունը։ Այստեղ Հերովդեսը կացարաններ կառուցեց իր զինվորների համար։
Հերովդեսը կառուցել է նաև նշանավոր Մացադա ամրոցը։
Սովի հաղթահարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ մ․թ․ա․ 25 թվականին հրեական թագավորությունում երաշտ սկսվեց և սով առաջացավ։ Կացությունը ծանր էր, որովհետև գանձարանը դատարկվել էր նախորդ տարիների լայնածավալ շինարարությունների հետևանքով։ Հերովդեսն այդուհանդերձ կարողացավ Եգիպտոսից հաց գնել և թեթևացնել ժողովրդի վիճակը։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր իշխանության վերջին տարիներին Հերվդեսը դարձել էր էլ ավելի կասկածամիտ, վրեժխնդիր և դաժան (մերօրյա գիտնականները գտնում են, որ նա ողջ կյանքում տառապել է ընճախտից և պարանոյայից)։ Եթե ավելի վաղ տարիներին նա իր իշխանության համար վտանգավոր էր համարում միայն մովսիսական պահպանողական տարրերին, ապա տարիքն առաջանալով՝ սկսել էր դավադրությունների մեջ կասկածել իր մերձավորներին՝ անգամ հարազատներին։ Զրպարտիչների դրդմամբ նա մահապատժի ենթարկեց իր հարազատ որդիներին՝ Ալեքսանդրին և Արսիտոբուլոսին, ինչպես նաև՝ Անտիպատրոսին և կնոջը՝ Մարիամնեին։
Վախճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերովդեսը վախճանվեց 70 տարեկանում, Երիքովում, մ.թ.ա. 4 թվականի գարնանը՝ 34 տարի Հրեաստանը կառավարելուց հետո։ Մահից առաջ նա խիստ տառապում էր որովայնի ցավերից։ Բուժման անհաջող փորձերից հետո նա համակերպվեց մահվան հետ։ Մահից չորս տարի առաջ կազմած կտակում Հերովդեսն իր ավագ որդուն Արքեղայոսին նշանակել էր գահաժառանգ, իսկ նրա եղբորը Անտիպասին՝ չորրորդապետ։ Սակայն Օգոստոս Օկտավիանոսը, Հերովդես Արքելայոսին պարգևեց Եդովմի, Հուդայի և Սամարիայի էթնարքոսի տիտղոս։ Հերովդեսի մյուս երկու որդիները, որպես չորրոդապետներ՝ ստացան Գալիլեան (Հերովդես Անտիպասը) և անդրհորդանանյան տարածքները (Փիլիպոսը)[12]։ Այսպիսով Հռոմը վերջնականապես լուծարեց Հրեաստանի գահը։
Արքելաղոսն իր հոր համար թաղման ճոխ արարողություն կազմակերպեց՝ հանգուցյալի մարմինը տեղադրվեց ոսկե օթյակում, որը ծածկված էր ծիրանիով։ Արարողության ընթացքում մասնակցում էր գալլ, գերմանացի և թրակիացի զինվորներից կազմված պատվո պահակախումբը։ Համաձայն հանգուցյալի ցանկության՝ նրա մարմինը հողին հանձնվեց Հերովդեյոնում։ Հերովդեսի մահվան սուգը շարունակվում էր 7 օր։
35-ամյա որոնումներից հետո, 2007 թվականին Երուսաղեմի Հրեական համալսարանի հնագետների խումբը, պրոֆեսոր Էհուդ Նեցերի ղեկավարությամբ հայտարարեց, որ Հերովդեյոնի գագաթին հայտնաբերված է Հերովդեսի դամբարանը[13]։ Դամբարանի տեղը ճշգրտորեն համապատասխանում է Հովսեպոս Փլավիոսի տված տեղեկություններին։
Մահվան տարեթիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահվան տարեթիվը ճշտվում է, ելնելով այն բանից, որ ժառանգների իշխանության սկիզբը հայտնի է՝ մ.թ.ա.4-5 թվական[14][15]։ Բացի այդ, հենց այդ թվականի հետ են կապվում Հռոմեական կայսրության առավել լայն կոնտեքստի իրադարձությունները[15][16]։ Ըստ աղբյուրների, Հերովդեսն ապրել է 70 տարի, նրա ծննդյան տարեթիվը հայտնի է, հետևաբար կարելի է հաշվել մահվան տարեթիվը (մ․թ․ա․ 74—73 թվականներ — մ․թ․ա․ 4—3 թվականներ = 70 տարի)։ Սակայն կան նաև առարկություններ. ոմանք Հերովդեսի մահվան տարեթիվը հասցնում են մինչև մ.թ.ա. առաջին դար, այդպիսով համաձայնեցնելով այն ավետարանական պատմության հետ։
Մանկանց կոտորած
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Մատթեոսի ավետարանի՝ Հերովդեսը, գուշակներից իմանալով, որ վերջիններս գնում են Բեթղեհեմ՝ խոնարհվելու նորածին «հրեաների թագավորին», վախեցավ իր իշխանությունը խլելու դավադրությունից և հրամայեց սպանել մանկանը։ Մոգերը, սակայն, թաքցրին նրանից մանկան գտնվելու վայրը, և Հերովդեսը հրամայեց սպանել Բեթղեհեմում գտնվող 2 տարին չբոլորած բոլոր մանուկներին՝ հուսալով, որ այդպիսով կոչնչացնի նաև նորածին «թագավորը»։ Ավետարանում նշված չէ սպանված մանուկների թիվը, եկեղեցական ավանդության մեջ թվերը տարբեր են, 14 000 (բյուզանդական ավանդության մեջ) հասնելով մինչև 64 000 (սիրիական ավանդության մեջ)։ Բրյուս Ալվորդի պնդմամբ[17], նման թվերը դժվար է պատկերացնել, հաշվի առնելով այն, որ Բեթղեհեմը փոքր քաղաք էր, իսկ այն ժամանակ մարդկանց այդպիսի թիվը կարող էր կազմել մի ամբողջ քաղաքի բնակչություն։ Սակայն այլ պատմաբաններ և աստվածաբաններ ուշադրություն են հրավիրում այդ ժամանակահաշրջանում մարդկանց հոծ զանգվածների հոսքին դեպի Բեթղեհեմ։ Ղուկասի ավետարանը պատմում է, որ Հովսեփը և Մարիամը գնում էին Բեթղեհեմ, որտեղ մարդահամար էր անցկացվում և քաղաքը գերբնակեցված էր այնքան, որ նրանք տեղ գտան միայն փարախում[18]։ Այլ աղբյուրներ, այդ թվում նաև Հովսեպոս Փլավիոսը մանկանց կոտորածը չեն հիշատակում։
«Մեծ»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեծ» մակդիրը Հերովդեսին տվել են պատմաբանները, ի նկատի ունենալով նրա ճկուն քաղաքական գործիչ, փառահեղ շինություններ կառուցող, շինարար, ինչպես նաև հմուտ կառավարիչ լինելու պարագան։ Այդ մակդիրը միայն զատում է Հերովդեսին՝ միևնույն անունը կրող, բայց ոչնչով աչքի չընկած այլ իշխանավորներից, սակայն, անշուշտ, հակասում է նրա բարոյական կերպարին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.telegraph.co.uk/news/worldnews/australiaandthepacific/australia/8737038/To-BC-or-BCE.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://search.ebscohost.com/login.aspx?direct=true&profile=ehost&scope=site&authtype=crawler&jrnl=14722089&AN=14326200&h=QXAUXEfCvfuk%2F4s5OmCXWV8xj5RRgy%2BWuu5aOLs%2F4GmL4oRr%2BL4fUCY0GEQg5IGerdI7DEtPFgaWZyLnXiDw9A%3D%3D&crl=f
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.ajol.info/index.php/actat/article/download/52580/41187
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nationalpost.com/story.html?id=15a40887-0d6d-435f-ba9d-0fca634e013c
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.jewishencyclopedia.com/articles/8597-jericho
- ↑ Мариамна (ռուս.) // Еврейская энциклопедия — СПб.: 1911. — Т. 10. — С. 625—627.
- ↑ Дорис (ռուս.) // Еврейская энциклопедия — СПб.: 1910. — Т. 7. — С. 303.
- ↑ Антипатр, Антипатр, сын Ирода Великого (ռուս.) // Еврейская энциклопедия — СПб.: 1908. — Т. 2. — С. 636—638.
- ↑ Perowne, Stewart Henry. «Herod». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «В Израиле обнаружена каменоломня времён царя Ирода». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Археологи обнаружили театр царя Ирода». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Иосиф Флавий Иудейская война. — Минск: Современный литератор, 1999. — С. 177, 197.
- ↑ Могила царя Ирода обнаружена археологами
- ↑ Christian-Georges Schwentzel, «Hérode le Grand», Pygmalion, Paris, 2011
- ↑ 15,0 15,1 M. SARTRE — D’Alexandre à Zénobie. Histoire du Levant antique Paris 2001 Éd. Arthème Fayard pp. 540,542.
- ↑ J.P. MEIER — Un certain juif Jésus Les données de l’histoire I Paris 2004 Éd. Cerf p. 425 note 18.
- ↑ Брюс Алворд. Комментарии к Евангелию от Матфея
- ↑ Уильям Баркли. Комментарий к Новому Завету. Евангелие от Луки
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иосиф Флавий. Иудейские древности, полный текст в 20-ти книгах.
- Лопухин А. П. Ирод, иудейские цари // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья об Ироде Великом и открытии его могилы на Иродионе
- Археологические раскопки Дортмундского Университета в долине Иордана в 2007 году Արխիվացված 2020-06-02 Wayback Machine
- Ирод Великий (по кн. Иосиф Флавий. Иудейская война)
- Иродиады
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 383)։ |