Գլադիատոր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլադիատոր (այլ կիրառումներ)
Գլադիատորներ (լատին․՝ ․ gladius՝ սուր) կամ կրկեսամարտիկ[1][2][3][4], ստրուկներ Հին Հռոմում (մեծ մասամբ՝ ռազմագերիներ, դատապարտված անձինք են), որոնք վարժեցված էին ամֆիթատրոններում միմյանց (երբեմն՝ գազանների) դեմ զինված մենամարտերի համար։ Գլադիատորների կռիվները, ըստ երևույթին, փոխ են առնվել էտրուսկներից և Հռոմում առաջին անգամ ցուցադրվել մ․ թ․ ա․ 264-ին։ Գլադիատորներին սովորեցրել են հատուկ դպրոցներում (Հռոմում, Կապուայում և այլուր)։ Գլադիատորների մենամարտերը կազմակերպվել են պլեբսին զվարճացնելու նպատակով (դադարեցվել են V դ․ սկզբին)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլադիատորական խաղերի առաջացման հիմնական պատճառը հանդիսանում են Էտրուսկյան մահվան ծեսերը։ Մարդկային զոհաբերությունների պոտենցիալ զոհերը /ոչ միայն ստրուկներ, այլև ազատներ/ պետք է սուրը ձեռքին կռվեին գերեզմանի մոտ։ Թույլը զոհվում էր, իսկ ուժեղը մնում կենդանի՝ արժանանալով ներկաների հիացմունքին։ Շատ ստրուկներ կամավոր ձգտում էին գլադիատորների դպրոց ընկնել, քանի որ արենայում կռվելով և հասարակության հարգանքը նվաճելով կարող էին նվաճել նաև ազատություն։ Հաճախ ստրուկները կռիվներ էին սարքում իրար մեջ, որպեսզի այդ կերպ ցուցադրեին ցենտուրիոններին իրենց ուժը։ Գլադիատորական դպրոցներում նորեկներին սպասում էին դաժան վարժանքներ, շատերը չէին դիմանում անսովոր ծանրաբեռնվածությանը։ Ք. ․ա. ․ 106 թվականին գլադիատորական խաղերը մտնում են հանրային հանդիսախաղերի շարքը։ Այդ ժամանակից սկսած՝ պետությունը իր մագիստրատների վրա էր դնում այդ հանդիսախաղերի կազմակերպման հոգսը։ Գլադիատորական խաղերը թե մայրաքաղաքում, թե՛ ողջ երկրում դառնում են ամենասիրված հանդիսախաղը, և այդ հանգամանքը արագ ըմբռնում ու հաշվի են առնում նրանք, ովքեր ձգտում էին առաջխաղացման։ Կեսարը մ. թ. ա. 65 թ. կազմակերպեց խաղեր, որոնց մասնակցեց գլադիատորների 320 զույգ։ Թշնամիները վախեցան. ահարկու էին այդ զինված կտրիճները և, բացի այդ, նրանց շքեղափայլ խաղերը դարձան վստահելի միջոց՝ շահելու ժողովրդի համակրանքը և ձայներ ապահովելու ընտրություններում։ Մ. թ. ա. 63 թ. Ցիցերոնի առաջարկությամբ ընդունվեց մի օրենք, որը մագիստրության թեկնածուներին արգելում էր ընտրություններին նախորդող երկու տարիների ընթացքում,,գլադիատորներ տալ՛՛։ Սակայն ոչ ոք չէր կարող մասնավոր անձանց արգելել, որ այդպիսիք,,տան՛՛ մահացած հարազատի հոգեհանգստի պատրվակով, մանավանդ, եթե վերջինս ժառանգներին կտակել էր այդ առթիվ գլադիատորական խաղեր կազմակերպել։
Մեր թվականության 63 թ. կայսր Ներոնը հրապարակեց մի հրաման, որը ազատ կանանց թույլատրում էր մասնակցելու գլադիատորական մրցախաղերին։ 66 թ. Ներոնը հայոց թագավոր Տրդատ Առաջինի պատվին Պուտեոլիք քաղաքում կազմակերպեց թանկարժեք մի ներկայացում, որին մասնակցում էին եթովպացիներ, այդ թվում՝ կանայք։ Իսկ Դոմեցիանուս կայսրը 89 թ. մրցասպարեզ հանեց թզուկ գլադիատորների։
Արևմտյան Հռոմեական կայսրությունում գլադիատորական խաղերն արգելվեցին մ. թ. 404 թվականին, երբ Հռոմեական կայսրությունում գերիշխեց քրիստոնեությունը։ Եվ դա ոչ այնքան արդյունք էր արիանոսականներին ու ռիգորիստներին /խստակյացներին/ զիջելու, որոնք դեմ էին բռնության տեսարաններին, սպանություններին ու ինքնասպանություններն, այլ հետևանք էր այն բանի, որ եպիսկոպոսների ընտրությունների ժամանակ գլադիատորները մեր ժամանակների պոպ - աստղերի պես ազդում էին ընտրությունների արդյունքների վրա, գլադիատորական դպրոցներն էլ թեկնածուների ու նրանց աջակիցների կողմից օգտագործվում էին մրցակիցների վրա բռնություն գործադրելու նպատակով։ Գլադիատորների միջև մարտերն արգելելուց հետո նրանք կռվում էին միայն գազանների դեմ։ Նրանց մարտարվեստը մինչև մեր օրերն է հասել ցլամարտի տեսքով(կորիդա)։ Այն բանից հետո, երբ գլադիատորական մարտերը դարձան պարզապես զվարճանքի միջոց, հիմնադրվեցին գլադիատորական դպրոցներ։ Գլադիատորների 90 տոկոսն արդեն կենդանի էր մնում, և միայն 10 տոկոսն էր զոհվում, այն էլ՝ մեծ մասամբ զուտ պատահականորեն։ Վիրավոր գլադիատորներին բժշկական որակյալ օգնություն էր ցուցաբերվում. հռոմեացի բժիշկները հռչակվել էին զանազան վերքեր, կոտրվածքներ բուժելու հմտությամբ։ Ընդ որում՝ վիրահատում էին անզգայացնելով /որպես նարկոզ օգտագործում էին օպիում/: Բայց ներքին արնահոսության դեպքում ոչինչ չէին կարողանում անել, և գլադիատորը մեռնում էր։ Իր առաջին մարտում հաղթած գլադիատորն ստանում էր հռոմեացի մեկ զինվորի տարեկան աշխատավարձի չափ վարձատրություն, իսկ երկու հաղթանակ տանելուց հետո հնարավորություն էր ունենում ձեռք բերելու մի առանձին սենյակ գլադիատորական դպրոցում և արձանիկ՝ աղոթքների համար։ Փորձառու գլադիատորները կարող էին որպես վարձու զորականներ մասնակցել ռազմարշավների։ Զորաբանակում նրանք ստանում էին անհրաժեշտ ամեն բան՝ զենք ու զրահ, սնունդ, բուժօգնություն։
Պահպանված արենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոլիզեյում
- Մարկոս Անտոնիոս Գորդիանի ամֆիթատրոնը Տիսդեյում(Էլ-Ջեմ, Թունիս), որն իր մեծությամբ երկրորդն է Կոլիզեյումից հետո
- Դի Վերոնի արենա-հետագայում վերածված օպերային հրապարակի, Վերոնայի գլխավոր սիմվոլը
- Պոմպեյի ամֆիթատրոնը
- Լյուտեցիայի արենան
- Պուլիի ամֆիթատրոնը-Խորվաթիա
Գլադիատորների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդաբադ-բարձունքի վրա գտնվող
- Բեստիար-նետով և դաշույնով զինվածներ, որոնք վայրի կենդանիների դեմ կռվելու դատապարտված հանցագործներ էին։
- Բուստուար-ծիսական խաղերի ժամանակ մահացածների պատվի համար կռվող գլադիատորներ։
- Դիմահեր- «երկու դաշույն կրողներ» սրանք այն գլադիատորներն էին ովքեր ամեն ձեռքում կրում էին մեկական դաշույն։
- Գալլ- նիզակով, սաղավարտով և գալական վահանով զինված գլադիատոր։
- Էսսեդար-ձիակառքով կռվողներ։
- Պեգնիար- կրում էր պարան, հաստ և ծանր փայտ, գոտիով ձախ ձեռքին կցված վահան։
- Ռետիար-գլադիատորի այս տեսակը հայտնվեց կայսրության ծաղկման շրջանում, կրում էր դաշույն, ցանց և եռաժանիք։
- Սեկուտոր-մարտիկների այս տեսակն նախատեսված էր հատուկ ռետիարների դեմ մարտնչելու համար, նրանք զինված էին օվալաձև վահանով, լաթով և սրով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 89)։ |
- ↑ «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - կրկեսամարտիկ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - կրկեսամարտիկ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - կրկեսամարտիկ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - կրկեսամարտիկ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.