Ֆինանսական իրավունք
Ֆինանսական իրավունք, իրավունքի ու իրավաբանական գիտության ճյուղ, որը կարգավորում է հանրային ֆինանսների (պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող ֆինանսներ) կուտակման և բաշխման ընթացքում առաջացող հասարակական հարաբերություները։
Առարկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական իրավունքի կարգավորման առարկա են համարվում այն հասարակական հարաբերությունները,որոնք առաջանում են պետության ֆինասական գործունեության ընթացքում, ֆինանսական միջոցների կուտակման, բաշխման, օգտագործման գործընթացում։ Ֆինանսական իրավունքի կարգավորման առարկայում կարևոր դեր են խաղում տուգանային հարաբերությունները, տարբեր մակարդակների բյուջեների ձևավորման հետ կապված հարաբերությունները։ Ֆինանսական իրավունքի տեսաբանները ֆինանսական իրավունքը համարում են հանրային իրավունքի ինքնուրույն ճյուղ, որը հիմնականում վարչաիրավական բնույթ ունի։ Սակայն հանրային իրավունքի շրջանակներում ֆինանսաիրավական հարաբերությունները հաճախ կարգավորվում են քաղաքացիական իրավունքի նորմերով։ Օրինակ՝ քաղաքացիների ու առևտրային բանկերի ու ապահովագրողների միջև հարաբերությունները։
Ֆինանսական իրավունքի նորմերով կարգավորվում են պետության և մունիցիպալ կազմավորումների ֆինանսական գործունեության ընթացքում ծագող հասարակական հարաբերությունները։ Ֆինանսական իրավունքի ճյուղով կարգավորվող հասարակական հարաբերությունները մի շարք առանձնահատկություններ ունեն․
- Դրանք ունեն կազմակերպական բնույթ, ձևավորվում են ֆինանսական գործունեության ընթացքում պետությանն անհրաժեշտ դրամական ֆոնդերի կազմավորման նպատակով։ Դրանց շարքում առանձնանում են էմիսիոն, հարկային և բյուջետային հարաբերությունները, որոնք պատմականորեն ծագել ու զարգացել են պետության հետ մեկտեղ։
- այդ հարաբերություններն ունեն իշխանական բնույթ, դրանց մասնակիցներից մեկը պարտադիր իշխանական լիազորություններով օժտված մարմին է։
- նշված հարաբերությունների գերակշռող մասն ունի գույքային բնույթ, կապված են դրամական ֆոնդերի կազմավորման և օգտագործման հետ։
Ֆինանսական իրավունքի մեթոդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավունքի համակարգում իրավունքի ճյուղերի առանձնացման չափանիշ է ոչ միայն կարգավորման առարկան, այլև մեթոդը։ Իրավունքի կարգավորման մեթոդը հասարակական հարաբերությունների մասնակիցների վրա ներգործության եղանակների, հնարքների ամբողջություն է։ Իրավական կարգավորման հիմնական մեթոդներն են թույլատրումը, արգելքը, պարտավորեցումը։ Ֆինանսական իրավունքում մեծամասնություն են կազմում պարտավորեցնող նորմերը։ Արգելող և թույլատրող նորմերը ֆինանսական իրավունքում ունեն ավելի շատ ապահովիչ դեր։ Արգելող մեթոդը պայմանավորված է իրավունքի արգելող նորմերով։ Դրանք պասիվ բնույթի պարտականություններ, որոնք նախատեսում են սուբյեկտի համար որոշակի գործողություններից ձեռնպահ մնալու պարտականություն։ Թույլատրող մեթոդի դեպքում սուբյեկտն իր իրավունքն իրացնում է իր ցանկությամբ ու գործողություններով։
Ֆինանսական իրավունքի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական իրավունքի առանձնահատկություններից են՝
- հասարակական հարաբերությունների վրա ֆինանսական ներգործության իմպերատիվ բնույթը,
- ֆինանսական իրավունքի սուբյեկտները հավասար չեն,
- հարմարվողականությունը՝ կոնֆորմիզմը, անձը ֆինանսաիրավական հարաբերության մեջ է մտնում իշխանական կարգադրագրերի ուժով,
- ֆինանսական պատասխանատվության վերականգնող բնույթը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нобель Петер. Швейцарское финансовое право и международные стандарты = Schweizerisches finanzmarktrecht und internationale standards / Переводчики Никита Сироткин, Юрий Волобуев, Виталий Иванов. — М.: Инфотропик Медиа, 2012. — 1104 с. — ISBN 978-5-9998-0008-4, 978-3-7272-8651-3
- Է․ Շաթիրյան, Ֆինանսական իրավունք, Երևան 2009
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինանսական իրավունք» հոդվածին։ |