Ազատ Վշտունի

հայ հասարակական գործիչ, բանաստեղծ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ազատ Վշտունի, ծննդյան անունը՝ Կարապետ Թաշճյան[2] (Կարապետ Սեթի Մամիկոնյան), (հուլիսի 17, 1894(1894-07-17), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 26, 1958(1958-03-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Ազատ Վշտունի
Ծնվել էհուլիսի 17, 1894(1894-07-17)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էմարտի 26, 1958(1958-03-26)[1] (63 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրող, հասարակական գործիչ և բանաստեղծ
Լեզուհայերեն
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1911) և Փարիզի համալսարան (1914)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ
Ազատ Վշտունի Վիքիդարանում

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Բանաստեղծի գրական անունը՝ Ազատ Վշտունի, 1910-ական թվականների հայ մտավորականության տրամադրությունների արտահայտությունն է։ Հայ ժողովրդի կյանքում հակասական էին ազատության իղձն ու վիշտը, որից էլ ծնվում է Ազատ Վշտունի գրական անունը։ Ի դեպ՝ Ազատ Վշտունի անունն է կրել գրական փորձեր կատարող թիֆլիսցի մի երիտասարդ, որի անվան դեմ Կարապետ Մամիկոնյանը բողոքի մի նամակ է տպագրել տալիս «Մշակ» օրաթերթի 1916 թվականի մարտի 4-ի համարում։ Բացի այդ, բանաստեղծը ստորագրել է նաև Կարապ, Ազատ, Կարապետ Թաշճյան, Սեիդ էլ Նուր անուններով։

1921 թվականին Ազատ Վշտունին մեկնում է Իրան և Իրաք։ Վերադառնալուց հետո «Խորհրդային Հայաստան» թերթում նա հրատարակում է մի քանի բանաստեղծություններ, որոնք իբր թարգմանել է արաբ բանաստեղծ Սեիդ Էլ Նուրից։ Սակայն շուտով Ազատ Վշտունին հայտնում է, որ աշխարհում Սեիդ էլ Նուր անունով ոչ մի բանաստեղծ էլ չկա, որ դա հենց ինքն է՝ Ազատ Վշտունին։

Կենսագրություն

խմբագրել
 
Ազատ Վշտունու հուշատախտակը Երևանում

Ազատ Վշտունին ծնվել է 1894 թվականի հուլիսի 17-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Երեմյան դպրոցում։ 1908-1911 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում։ 1911 թվականին մեկնել է Փարիզ և դարձել Սորբոնի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ 1914 թվականին մեկնել է Թիֆլիս։ 1918-1919 թվականներին աշխատել է Թիֆլիսի Հին Ներսիսյան որբանոցում, որտեղ հիմնադրել է Փարոս տպագիր հանդեսը։ 1919-1920 թվականներին եղել է Ղրիմում։ Հայրենադարձության գործով 1921- թվականին մեկնել է Իրան և Իրաք։ Խմբագրել է «Մուրճ» ամսագիրը (1922), «Դիրքերում» երկշաբաթաթերթը (Թիֆլիս, 1924), «Մուրճ-մանգաղ» թերթը (Հյուսիսային Կովկա), Դոնի Ռոստով, 1926-1927), «Գեղարվեստի ֆրոնտում», «Խորհրդային Հայաստան»-ի գրական հավելվածը (Երևան, 1930), «Խորհրդային արվեստ» (Երևան, 1932-1934) ամսագիրը։ Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության՝ Սովետական Հայաստանի գրողների ասոցիացիայի նախագահը, ներկայացուցիչը Մոսկվայում (1925), ՀԽՍՀ լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչ (1929)։ Գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն, ֆրանսերեն, չինարեն և այլ լեզուներով։ Մահացել է 1958 թվականի մարտի 26-ին Երևանում[3]։

Վշտունու հեղինակությամբ հրատարակված գրքեր

խմբագրել
  • Սրտիս լարերէն, Բաքու, 1915, 30 էջ
  • Կամաւորի յուշատետրից, Բաքու, 1915, 28 էջ
  • Բանաստեղծութիւններ, Թիֆլիս, 1918, 76 էջ
  • Հուզանք ու զանգ, Ալեք-պոլ, 1923, 47 էջ
  • Neo orientalia (զարթնող Արևելքի երգեր), Երևան, Պետհրատ, 1923, 48 էջ
  • Սալամնամե, Թիֆլիս, 1924, 39 էջ
  • Արևելքը հուր է հիմա, Երևան, Պետհրատ, 1927, 116 էջ
  • Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1929, 172 էջ
  • Խոսում է ռադիո-Ալժիրը, Երևան, Պետհրատ, 1931, 38 էջ
  • Երկեր, Երևան, Պետհրատ, 1935, 265 էջ
  • Ռամ Ռոյ, Երևան, Պետհրատ, 1936, 19 էջ
  • Լուսադեմին, Երևան, Պետհրատ, 1939, 58 էջ
  • Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1941, 280 էջ
  • Նոր սերունդը, Երևան, Հայպետհրատ, 1941, 29 էջ
  • Վիլլի Վոլֆ, Երևան, Հայպետհրատ, 1941, 28 էջ
  • Երբ կայծակը փայլատակում է, Երևան, Հայպետհրատ, 1942, 31 էջ
  • Մանկական ռազմախաղ, Երևան, Հայպետհրատ, 1942, 4 էջ
  • Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1944, 51 էջ
  • Մանկիկն ու կատվիկը, Երևան, Հայպետհրատ, 1944, 8 էջ
  • Սեր և ատելություն, Երևան, Հայպետհրատ, 1946, 63 էջ
  • Երկերի ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1947, 464 էջ
  • Մանկության օրեր, Երևան, Հայպետհրատ, 1953, 16 էջ
  • Բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 224 էջ
  • Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1956, 367 էջ
  • Երկեր երկու հատորով, հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1960, 264 էջ
  • Երկեր երկու հատորով, հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1961, 286 էջ
  • Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1971, 250 էջ
  • Գիրք մանուկների համար, Երևան, «Հայաստան», 1972, 47 էջ
  • Երբ կայծակը փայլատակում է (վիպերգ), Հալեպ, տպարան «Անի»( գրքում տպագրման թվականը նշված չէ), 30 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Вштуни Азат // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Բ․ Մ․ Հովակիմյան. «Հայոց ծածկանունների բառարան։ Առաջաբան» (PDF). http://publishing.ysu.am/hy/1465372149. Երևան: ԵՊՀ. էջ 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 541-542.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Վշտունի» հոդվածին։