Jump to content

Լիխտենշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Liechtensteinից)
Fürstentum Liechtenstein
Լիխտենշտայն
Լիխտենշտայնի իշխանություն
Լիխտենշտեյնի դրոշ
Դրոշ
Լիխտենշտեյնի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Oben am jungen Rhein
Լիխտենշտեյնի դիրքը
Լիխտենշտեյնի դիրքը
ՄայրաքաղաքՎադուց
Ամենամեծ քաղաք Շան
Պետական լեզուներ գերմաներեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 160 կմ² 
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 33 987 
 -  2000 մարդահամարը 33,307 
 -  Խտություն 210 /կմ² 
544 /մղոն²
Արժույթ Շվեյցարական ֆրանկ (CHF)
Ժամային գոտի CET (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST) CEST (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .li
Հեռախոսային կոդ +423

Լիխտենշտայն (միջազգային հնչյունական այբուբեն՝ [ˈlɪçtn̩ʃtaɪn]), պաշտոնապես՝ Լիխտենշտայնի իշխանություն (գերմ.՝ Fürstentum Liechtenstein), պետություն Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայի և Շվեյցարիայի միջև՝ Հռենոս գետի աջ ափին։ 1699-1712 թվականներին Վադուց կոմսության և Շելենբերգ տիրույթի (Սրբազան հռոմեական կայսրության կազմում) հողերը ձեռք է բերել Լիխտենշտայն տոհմի ավստրիական իշխանը և 1719 թվականին դրանք միավորել Լիխտենշտայն իշխանության մեջ։ Այն 1805 թվականի դեկտեմբերի 26-ին հռչակել է իր անկախությունն Ավստրիայից։ Հետագայում եղել է տարբեր երկրների կազմերում։ 1921 թվականին պաշտոնապես լինելով ինքնուրույն պետություն՝ անցել է Շվեյցարիայի հովանավորության տակ։ Վերջինս էլ իրականացնում է Լիխտենշտայնի դիվանագիտական ներկայացուցչությունը։

Անվանումն առաջացել է իշխող դինաստիայի ազգանունից, որն իր հերթին ծագել է աշխարհագրական անվանումից՝ Վիեննայի մոտ գտնվող Լիխտենշտայն ամրոցի անվանումից։ Վերջինս առաջացել է գերմաներեն Lichten «պարզել, մաքրել» և Stein «քար» բառերից[1]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պետությունը առանձնանում է իր չափերով։ Շատ փոքր լինելով՝ այն դեպի իրեն է ձգում բազմաթիվ տուրիստների։ Փոքր լինելու պատճառով է նաև, որ այն շատ հեշտ անկախացավ Ավստրիայից։ Այս պետությունը բանակ չունի, իսկ ոստիկանության համակարգում աշխատում է ընդամենը 120 մարդ։ Ուզբեկստանի հետ մեկտեղ այն հանդիսանում է ողջ աշխարհում այն երկու պետություններից մեկը, որ դեպի ծով հասնում է անցնելով 2 պետության տարածք։

Պետական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիխտենշտայնը սահմանադրական միապետություն է։ Պետության ղեկավարը իշխան Հանս-Ադամ II-ն է, ով գահին է նստել 1989 թվականի նոյեմբերի 13-ին, սակայն փաստացի սկսել է կառավարել 1984 թվականից։ Իշխանն իրականացնում է պետության կառավարումը՝ նրան է պատկանում պետական երեք մարմիններից մեկի՝ գործադիրի կառավարումը, հետևում է օրենսդիր մարմնի՝ լանդտագի աշխատանքին։ Նա իրավունք ունի վետո դնել լանդտագի կողմից ընդունված ցանկացած օրենքի վրա, ցրել այն և կառավարությունն ամբողջությամբ, միանձնյա ընդունել առավել կարևոր օրենքները, նշանակել դատական կազմին։ Այս ամենից բացի՝ նա համաներում շնորհելու իրավունք ունի։ Ներկա դրությամբ Լիխտենշտայնի իշխանն ունի Եվրոպայում ամենից առավել լայն իրավասությունները։

Օրենսդիր մարմնի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդիր մարմինը Լանդտագն է, որը բաղկացած է 25 պատգամավորից՝ ընտրված գաղտնի համամասնական ընտրակարգով և չորս տարի ժամկետով։ Պատգամավորներից տասնհինգը Օբերլանդից են, տասը՝ Ունտերլանդից։ Լանդտագի համաձայնությամբ իշխանը նշանակում է կառավարություն՝ բաղկացած իրենից և չորս օգնականներից։ Կառավարության ներկայացուցիչներից երեքը պետք է լինեն լանդտագի մեծամասնություն կազմող կուսակցությունից, իսկ մեկը՝ փոքրամասնականից։

Քաղաքական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական և քաղաքական կյանքը երկրում հաստատված է սահմանադրությամբ։ Քաղաքական կուսակցությունները և նրանց միջև ակտիվ փոխհարաբերությունները հանդիսանում են օրենսդիր մարմնի միջուկը։ Երկրում գործում են 4 կուսակցություններ՝ Պրոգրեսիվ Քաղաքացիական Կուսակցություն (աջակողմյան), Հայրենական Միություն (ժողլիբերալ), Ազատ Ցուցակ (էկոլոգիական), Քրիստոնյա-սոցիալական Կուսակցություն(ձախ ժողովրդավարական)։

Դատական մարմնի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական մարմինը Պետական դատարանն է, որն ընդգրկում է մի քանի աստիճաններ՝ Բարձրագույն դատարան, բարձր աստիճանի դատարաններ, վարչական իրավասության դատարաններ և առաջին ատյանի դատարաններ։

Պետական խորհրդանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիխտենշտայնի դրոշը, զինանշանը և օրհներգը համարվում են այդ պետության 3 խորհրդանիշները։

Սկզբնապես դրոշը բաղկացած էր դեղին և կարմիր երկու հորիզոնական և հավասար գույներից, որը իշխանների տոհմական զինանշանն էր։ 19-րդ դարավերջին դրոշի այդ ձևը սկսեց հիշեցնել պալատական տան ծառաներին ու դրա պատճառով 1921 թվականի նոյեմբերի 5-ին այն ձևափոխվեց կապտա-կարմիրի։ 1930-ականների սկզբից առաջացավ մի նոր խնդիր՝ այն միջպետական համաժողովների ընթացքում կարելի էր շփոթել Բահրեյնի այն ժամանակվա դրոշի հետ։ 1937 թվականին կապույտ մասի վրա ձախից ավելացվեց ոսկեգույն իշխանական թագի պատկեր, որի դիզայնը փոխվեց երկու անգամ՝ 1957 և 1982 թվականներին։

Դրոշի գույները ունեն հետևյալ նշանակությունը. կապույտ- երկնքի գույն, կարմիր- մայրամուտի արևի և բուխարիներում բոցկլտացող ածուխների գույնը, ոսկեգույն- իշխանական ընտանիքի և երկրի միջև կապվածությունը։

Լիխտենշտայնի պետական զինանշանը իրենից ներկայացնում է մի վահան, որի վրա պատկերված են պետության հետ կապված բոլոր իշխանական տոհմերի զինանշանները։ Եթե հերթականությամբ իրար միացնենք իշխանի տոհմի, Սիլեզիայի, Քվենրինգ տոհմի, Տրոպաու և Յանգենդորֆ դքսությունների, Րիտբերգ կոմսության զինանշանները՝ ապա կստանանք Լիխտենշտայնի զինանշանը։

Աշխարհագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա և ֆիզիկա-աշխարհագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական լայնությունը՝ 47 աստիճան և 10 րոպե (հյուսիսային), աշխարհագրական երկայնությունը՝ 9 աստիճան և 32 րոպե (արևելյան)։ Փոքր-ինչ եռանկյան նմանվող այս պետության տարածքը գտնվում է Վերին-հռենոսյան հարթավայրի և Ալպյան լեռների վրա։ Ամբողջ արևմտյան սահմանով անցնում է հռենոս գետը։ Շվեյցարիայի և Լիխտենշտայնի սահմանի վրա գտնվող Գրաուշպից (2599 մ) լեռը համարվում է Լիխտենշտայնի ամենաբարձր կետը։ Երկրի ձգվածությունը հյուսիսից հարավ կազմում է 24 կմ։ Տարածքի մակերեսը 160 քառ. կմ է, իսկ սահմանի երկարությունը՝ 77.9 կմ։ Մեղմ ալպյան կլիմա ունեցող երկրում տեղումների քանակը տատանվում է 700-ից 1200 մմ սահմաններում։ Հիմնականում եղևնիներով, կաղնիներով և հաճարենիներով ծածկված անտառները կազմում են երկրի տարածքի ավելի քան երրորդ մասը (35 տոկոսը)։ Թեև մշակվող հողերը կազմում են 24 տոկոս, այնուամենայնիվ հացահատիկի մշտական մշակման հողատարածքներ չկան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչությունը կազմում է 36 476 մարդ։ Տարեկան կտրվածքով ծնելիությունը կազմում է 0.975 %, մահացությունը՝ 0.739 %, որից մանուկ հասակում մահացությունը՝ 0.426, ներգաղթը՝ 0.466 %։ Փաստորեն, բնակչության տարեկան աճը կազմում է 0.7 %, իսկ բնական աճը՝ 0.236 %։ Տղամարդկանց միջին տարիք է համարվում 76.6-ը, իսկ կանանց մոտ՝ 83.5-ը։ Լիխտենշտայնի էթնոսին անվանում են ալեմաններ, որոնք կազմում են բնակչության 65.6։ Կան նաև իտալացիներ, շվեյցարացիներ և ավստրիացիներ։ Պաշտոնական լեզուն գերմաներենն է, բայց հիմնականում օգտագործում են նրա ալեմանյան բարբառը։ Ամենախոշոր քաղաքը Շանն է (5 765 մարդ), այնուհետև մայրաքաղաք Վադուցը (5 088 մարդ)։

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիխտենշտայնի իշխանությունը բաժանվում է 11 համայնքների։ Դրանք հիմնականում բաղկացած են միակ քաղաքից։ Համայնքներից հինգը ընդգրկված են Ստորին Լիխտենշտայնի ընտրական օկրուգի սահմաններում, իսկ վեց համայնքներ տեղակայված են Վերին Լիխտենշտայնում։ Չնայած իրենց փոքր չափերին՝ համայնքներն ունեն բավականին արտառոց սահմանագծեր։ Յոթ համայնքներ, իրենց հիմնական տարածքից բացի, ունեն առնվազն մեկ էքսկլավ։

Այս երկրի տուրիզմը կարող է ներկայացնել պատմական ամրոցներ, եկեղեցիներ, (դրանք պատկանում են հետ-բարբարոսյան ժամանակաշրջանին ու միջնադարի վերջին) և իշխանական տներ, թանգարաններ։ Թվում է թե այս փոքր պետությունը չի կարող պատմական հարուստ ժառանգություն թողած լինել, սակայն այդ ժառանգությունը այնքան մեծ է, որ դրա հետևանքով պետական բյուջեի մի զգալի մաս գալիս է հենց տուրիզմից։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիխտենշտայնը զարգացող արդյունաբերական երկիր է, որտեղ մեծ դեր է խաղում ֆինանսական համակարգը։ 2007 թվականին այս երկրի ՀՆԱ-ն կազմել է 134 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2012 թվականին՝ 141 հազար ԱՄՆ դոլար, և այս ցուցանիշներով զբաղեցրել է 2-րդ տեղը։ Տնտեեսության գլխավոր ճյուղերն են՝ մետաղների մշակումը, օպտիկան, միկրոպրոցեսորների, էլեկտրոնային համակարգերի, վակուումային տեխնիկայի արտադրությունը։ Արտահանումից ստացված եկամուտը 2008 թվականին կազմել է 2.47 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման վրա ծախսված գումարը կազմել է 0.9 միլիարդ ԱՄՆ դոլար։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության այս ոլորտի հիմնական մասը կազմում է մսա-կաթնատու կենդանաբուծությունը։ Նաև զբաղվում են հացահակտիկային կուլտուրաների, կարտոֆիլի, բանջարեղենի աճեցմամբ։

Արտաքին տնտեսական կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 74 հազար միջազգային ընկերություններ կան այս երկրի տարածքում, որը հետևանք է ցածր հարկերի և գրանցման դյուրին պայմանների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիխտենշտայն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 614