Լուկիոս Կոռնելիոս Սուլլա (մ.թ.ա. 81 թ. հունվարի 27 - 28՝ անվանն ավելացվել է Ֆելիքս (Երջանիկ) մականունը, լատին․՝ Lucius Cornelius Sulla (Felix); մ.թ.ա. 138 - մ.թ.ա. 78), հին հռոմեական պետական գործիչ, զորավար, մ.թ.ա. 82 - 79 թթ. դիկտատոր (այդ կոչմանն է արժանացել «օրենքների գրման և հանրապետության ամրապնդման» նպատակով[5]), կոնսուլ մ.թ.ա. 88 և մ.թ.ա. 80 թվականներին, կայսր, պետական կառավարման համակարգի բարեփոխիչ։
Հաղթական պատերազմներ է վարել Միհրդատ Եվպատորի դեմ։ Առաջին հռոմեացին էր, որը քաղաքացիական պատերազմների ընթացքում ուժով գրավել է Հռոմ քաղաքը, ընդ որում երկու անգամ։ Մնացել է հետագա սերունդների հիշողության մեջ որպես դաժան բռնապետ, որը սակայն կամովին հրաժարվել է անսահմանափակ իշխանությունից և հեռացել պետական կառավարման գործերից։
Աչքի է ընկել Յուգուրթական պատերազմի ժամանակ։ մ.թ.ա. 104-մ.թ.ա. 102 թվականներին մասնակցել է տևտոնների և կիմբրերի դեմ պատերազմին։ Մ.թ.ա. 93 թվականին՝ պրետոր, մ. թ. ա. 92 թվականին՝ պրոպրետոր Կիլիկիայում։ ԿապադովկիայումՀռոմի ազդեցությունը պահպանելու նպատակով պայքարել է Տիգրան Բ Մեծի և Միհրդատ VI Եվպատոր-ի դեմ։ Մ.թ.ա. 88 թվականին կոնսուլ։ Զրկվելով Պոնտոսի դեմ պատերազմը ղեկավարելու իրավունքից (ժողովրդական ժողովն այդ իրավունքը տվել է Գայոս Մարիոսին), Սուլլան իր զորքով մտել է Հռոմ (մ.թ.ա. 88, Հռոմի պատմության մեջ առաջին անգամ հռոմեական զորքը գրավել է Հռոմը), հաշվեհարդար տեսել հակառակորդների հետ, օրինագծեր է անցկացրել հօգուտ օպտիմատների։ Մեկնելով Արևելք, մ.թ.ա. 86 թվականին Քերոնեայի և Օրքոմենի ճակատամարտերում պարտության է մատնել Միհրդատ VI-ի զորքերին, գրավել Աթենքը և մ.թ.ա. 84 թվականին կնքել Դարդանոսի հաշտությունը։ Մ.թ.ա. 83 թվականին վերադարձել է Իտալիա, շախշախել իր հակառակորդների ուժերը, Հռոմը վերագրավել նրանցից և մ․ թ․ ա․ 82 թվականին հռչակվել անժամկետ դիկտատոր։ Սուլլան սկզբնավորել է պրոսկրիպցիաները։ Հենվելով պրոֆեսիոնալ զինվորականության վրա՝ անցկացրել է ծերակուտական օլիգարխիայի շահերից բխող և հայտնիների դեմ ուղղված օրինագծեր։ Մ.թ.ա. 79 թվականին վայր է դրել լիազորությունները, թեև քաղաքացիական կյանքում պահպանել է իր ազդեցությունը։ Սուլլայի դիկտատուրան հանրապետական կարգի խոր ճգնաժամի արտահայտություն էր և օբյեկտիվորեն նպաստել է պետական նոր ձևերի մշակմանը։