Ջենիֆեր Էնիսթոն
Ջենիֆեր Ջոաննա Էնիսթոն (անգլ.՝ Jennifer Joanna Aniston, փետրվարի 11, 1969[1][2][3][…], Շերման Օքս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1990-ականներին «Ընկերները» սիթքոմում Ռեյչել Գրինին մարմնավորելու համար, ինչի համար արժանացել է «Էմմի», «Ոսկե Գլոբուս» և «Կինոդերասանների գիլդիա»-ի մրցանակների։
Հետագայում Էնիսթոնը շարունակում է հոլիվուդյան հաջողակ դերասանուհու իր կարիերան։ Քննադատների կողմից դրական գնահատանքի արժանացավ այնպիսի ֆիլմերում ունեցած դերակատարումների համար, ինչպիսիք են «Նա է այն Միակը», «Գրասենյակային տարածք», «Լավ աղջիկը» և «Փողոտ ընկերներ»։ Էնիսթոնի մասնակցությամբ ամենաեկամտաբեր ֆիլմերն են «Ամենակարող Բրյուսը», «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», «Մարլին և ես», «Ձևացրու, որ իմ կինն ես», «Անտանելի տնօրենները» և այլն։ 2012 թվականին արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոս Անջելեսի Շերման Օուքս թաղամասում։ Հայրը՝ Ջոն Էնիսթոնը, ազգությամբ հույն է, ծնվել է Կրետեում, իսկ մայրը՝ Նենսի Դոուն, ծնունդով Նյու Յորքից է, ունի շոտլանդական, իտալական, իռլանդական և մի քիչ էլ հունական արմատներ։ Ջենիֆերը երկու խորթ եղբայր ունի. Ջոն Մելիքը՝ մոր որդին, և Ալեքս Էնիսթոնը՝ հոր որդին։ Երբ Ջենիֆերը դեռ երեխա էր, ծնողների հետ շուրջ մեկ տարի ապրել է Հունաստանում։ Հետագայում նրանք տեղափոխվում են Նյու Յորք, որտեղ Էնիսթոնն սկսում է հաճախել Ռուդոլֆ Սթեյներ դպրոցը, հետագայում ավարտում է Մանհեթանի Ֆիորելլո ԼաԳուարդիա երաժշտության և արվեստների քոլեջը։ Սկզբնական շրջանում կատարել է բազմաթիվ մեծ ու փոքր աշխատանքներ, ինչպես օրինակ մատուցողուհի, հեծանիվով առաքիչ և այլն։ 1989 թվականին նա տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին հեռուստատեսային դերը Էնիսթոնն ստացել է 1990 թվականին։ Այս սկզբնական շրջանում այն ֆիլմերը, որոնցում նա հանդես էր գալիս, սովորաբար կամ շուտ ավարտվում էին, կամ անհաջող էին դուրս գալիս։ Այս փոքրիկ ձախողումները պատճառ դարձան անգամ, որ Ջենիֆերը լրջորեն մտածի դերասանուհու իր կարիերան թողնելու մասին։ Այս մտքերը, սակայն, տեղի տվեցին, երբ Ջենիֆերին դեր առաջարկեցին «Ընկերներ» հեռուստասերիալում (1994-2004)։ Կատակերգական այս հեռուստասերիալի պրոդյուսերները նախապես Էնիսթոնին ուզում էին հանձնել Մոնիկա Գելլերի դերը, սակայն Քորթնի Քոքսը ավելի հարմար գտնվեց այդ դերի համար, ուստի Էնիսթոնին հանձնեցին Ռեյչել Գրինին։
Այս պահից էլ հաջողությունը դարձավ Էնիսթոնի մշտական ուղեկիցն իր կարիերայում։ Սերիալի վերջին երկու եթերաշրջանների ընթացքում դերասանուհին մեկ միլիոն դոլլար հոնորար էր ստանում յուրաքանչյուր սերիայի համար։ Բացի դրանից հենց այս դերն էր, որ նրան բերեց Էմմի (մրցանակ) մրցանակ «Կատակերգական սերիալում լավագույն առաջատար դերասանուհու» անվանակարգում։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն Էնիսթոնը (սերիալի իր խաղընկերուհիների հետ) դարձավ բոլոր ժամանակների հեռուստասերիալների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ «Ընկերներ»-ում նկարահանվելու ժամանակ դերասանուհին սկսեց առաջարկներ ստանալ արդեն ֆիլմերում նկարահանվելու համար։ Նրա դեբյուտը եղավ «Լեպրեկոն» ֆիլմը (1992), որը բացասական արձագանք գտավ քննադատների շրջանում, թեպետ ֆինանսապես հաջող ֆիլմ եղավ։ Սրան հաջորդեց չորս տարվա ընդմիջում, որից հետո՝ 1996 թ. նա վերադարձավ կինոարտադրություն. խաղաց «Նա է այն Միակը», «Մինչ դու կայիր», «Բարակ վարդագույն գիծը», ինչպես նաև քննադատների բարձր գնահատանքին արժանացած «Գրասենյակային տարածք» ֆիլմերում։ Այս ընթացքում շատ կինոքննադատներ եկան այն կարծիքին, որ Էնիսթոնը բավականին եթերային դերասանուհի է։ Էնիսթոնի ամենաեկամտաբեր դերը եղավ 2003 թ. «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Ջիմ Քերրիի հերոսի ընկերուհուն։ Նրա ֆիլմերից մեկը՝ «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», գրեթե 39.17 միլիոն դոլլար եկամուտ բերեց ցուցադրման միայն առաջին շաբաթվա ընթացքում։ Նրա հաջողված ֆիլմերից է նաև «Ձևացրու, որ իմ կինն ես», որտեղ Ջենիֆերը խաղում է Ադամ Սենդլերի հետ՝ մարմնավորելով Սենդլերի հերոսի՝ պլաստիկ վիրաբույժի օգնականին, որը հետագայում դառնում է նրա կինը։ 2012-ին Էնիսթոնին կարող ենք սպասել «Տեղափոխությունների մոլուցք» ֆիլմում Փոլ Ռուդի հետ։
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնիսթոնը նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակներում։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել Heineken գարեջրի և L'Oreal մազերի խնամքի միջոցների գովազդները։
Մոտ մեկ տարի շարունակ դերասանուհին աշխատել է իր նոր օծանելիքի վրա, որը թողարկվեց 2010 թ. հուլիսի 11-ին Լոնդոնում։ Նախապես որոշվել էր այն անվանել ՛՛Lolavie by Jennifer Aniston՛՛, սակայն համանման այլ օծանելիքի հետ չշփոթելու համար այն ի վերջո անվանեցին պարզապես Jennifer Aniston։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջենիֆերը հայտարարել է, որ կցանկանար նաև տղամարդու օծանելիք թողարկել։
2007 թվականից նա աշխատում է SmartWater ըմպելիքի գովազդային արշավներում։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնիսթոնը ՛՛Friends of El Faro՛՛ կազմակերպության հովանավորներից է. կազմակերպությունը զբաղվում է Մեքսիկայի Տիխուանա քաղաքի մանկատներից մեկի համար գումար հավաքագրելով։ Նա նաև հանդես է եկել St. Jude's Children's Research Hospital-ի մի շարք գովազդային հոլովակներում (նա հիվանդանոցի հովանավորներից է)։ Բացի այդ դերասանուհին իր մասնակցությունն է ցուցաբերել 2008 թ. սեպտեմբերին կայացած «Դիմադրի՛ր քաղցկեղին» շոուին։ Ի թիվս այլ բարեգործությունների, նա 500.000 դոլլար է նվիրաբերել «Բժիշկներ առանց սահմանների» ակցիային՝ ուղղված Հաիթիի աղետի զոհերի օգնությանը։
Հետաքրքիր տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Ֆորբս ամսագիրը Էնիսթոնին ընդգրկել է շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց տասնյակում 110 միլիոն դոլլար մաքուր եկամուտով։
Նա հայտնվել է People ամսագրի «Ամենագեղեցիկների», «Լավագույնս հագնվողների» ցուցակներում, FHM ամսագրի «Ամենասեքսուալ կանանց» ցուցակում, և այլն։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2008 | Սիրային մենեջմենտ | Management |
2009 | Becoming Icizzle | |
2010 | Ավելին քան ընկերը | The Switch |
2011 | Հինգ | Five |
2013 | Հինգից ավել | Five More |
Գորիի աղջիկները | The Goree Girls |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2006 | Սենյակ 10 | Room 10 |
2011 | Հինգ | Five |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.nytimes.com/movies/person/1831/Jennifer-Aniston/biography
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.examiner.com/x-2530-Celebrity-Profile-Examiner
- ↑ 5,0 5,1 http://people.com/celebrity/jennifer-aniston-and-justin-theroux-marry-in-bel-air-on-august-5/
- ↑ 6,0 6,1 6,2 People — Time Inc., Dotdash Meredith, 1974. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
- ↑ http://people.com/movies/jennifer-aniston-justin-theroux-breakup-relationship-details/
- ↑ http://web.archive.org/web/20180307164528/http://people.com/celebrity/jennifer-aniston-vince-vaughn-split-2
- ↑ https://walkoffame.com/jennifer-aniston/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջենիֆեր Էնիսթոնը Internet Movie Database-ում
- Ջենիֆեր Էնիսթոնը(չաշխատող հղում) All Rovi կայքում
- Ջենիֆեր Էնիսթոնը People.com կայքում
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Էնիսթոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» կինոմրցանակ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի