Տրաուն[2] (գերմ.՝ Traun), քաղաք Ավստրիայում՝ Վերին Ավստրիա նահանգի[3]
Լինց Լանդ շրջանում, Դանուբի վտակ Տրաուն գետի հյուսիսային ափին։ Արևելքից սահմանակից է նահանգի վարչական կենտրոնին՝ Լինց քաղաքին։ Անվանումը ծագել է կելտական dru բառից, որ նշանակում է գետ։ Զբաղեցնում է 15,49 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի տվյալներով եղել է 24.295[4]: Քաղաքում գործում են ավելի քան 1.200 արտադրական ընկերություններ, որոնցում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 11 հազար մարդ[5]։
Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Տրաունի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նորքարեդարյան ժամանակներից։ Առաջին բնակավայրերն ի հայտ են եկել հինհռոմեական ժամանակներում։ Շուրջ 790 թվականին պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է dru, 813-ին՝ Տրաուն տեղանունը։ 1113 թվականին կառուցվել է բերդը, որը հետագայում երկու անգամ ենթարկվել է վերակառուցման։ 1784 թվականին բնակավայրում բացվել է առաջին դպրոցը, շուրջ 1850 թվականին՝ առաջին արտադրական ձեռնարկությունները (տեքստիլի, թղթի, քացախի արտադրություն)։