Jump to content

Սննդահայթայթման վարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծների խմբակային որս
Սայրակը կերակրում է ձագին

Սննդահայթայթման վարք, կենդանիների վարքի տեսակ։ Սնունդ ձեռք բերելու և սնման առանձնահատկությունները կապված են կենդանու շարժողական, մարսողական, նյարդային և զգայական համակարգերի մորֆոֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ։ Օրինակ՝ ամուր և երկար ատամներ, երկար և սուր ճանկեր, լավ զարգացած հոտառություն ու տեսողություն և այլն։

Սնվելով նույն սննդով, տարբեր տեսակի կենդանիներն օգտագործում են սնունդ հայթայթելու տարբեր միջոցներ և եղանակներ։ Օրինակ, ծովաորորները թռչում են ջրի վրայով և որսում ջրի մակերեսին հայտնված ձկներին, մինչդեռ հավալուսները ձկներին որսում են՝ իրար հետ համագործակցելով. ջրի մակերեսին թևերով հասցնում են հզոր հարվածներ, ձկներին քշում են իրենց երամի մեջտեղը և որսում իրենց խոշոր կտուցնեով։ Սննդահայթայթման գործունեությունը կազմում է կենդանու օրական ակտիվության մեծ մասը։ Հյուսիսային եղջերուն իր օրվա ժամանակի 66%-ը ծախսում է միայն սննդի հայթայթման և բուն սնման պրոցեսի վրա[1][2]։

Օձը սնման պահին

Կենդանիների սննդային մասնագիտացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի ընդունման տեսակետից տարբերում են ստենոֆագ և էուրիֆագ կենդանիներ։ Կենդանիների մեծամասնությունը էուրիֆագեր են՝ ամենակերներ։ Չնայած, նույնիսկ ամենակերներն ունեն մեկ-երկու նախընտրելի սննդատեսակներ։ Ստենոֆագեր են որոշ տեսակի դելֆինները, որոնք հիմնականում սնվում են ձկներով, միայն տերմիտներով և մրջյուններով սնվող խոշոր մրջնակերը, կոալան՝ որը սնվում է միայն էվկալիպտի տերևներով։

Մսակերներ և խոտակերներ հասկացությունները որոշ չափով հարաբերական են։ Բազմաթիվ գիշատիչներ ժամանակ առ ժամանակ սնվում են նաև բույսերով, իսկ շատ բուսակերներ հազվադեպ ուտում են կենդանական սնունդ։

Կենդանիներն օժտված են սննդի կամ կերի նուրբ ընտրողական հատկությամբ, որը հնարավորություն է տալիս նրանց ընտրել իրենց համար անհրաժեշտ կերը։ Դրա վառ օրինակներից է փոկերի ընդունակությունը տարբեր տեսակի և արտաքնապես գրեթե իրարից չտարբերվող ծովատառեխներից ընտրել հենց այն տեսակին, որն ամենաճարպոտն է համարվում։

Որոշ դեպքերում կենդանիները կարող են ուտել այնպիսի կեր, որը մեկ այլ տեսակի կենդանու համար կարող է թունավոր լինել։ Կենդանիները շատ հաճախ ստիպված են լինում սնվել ոչ նախընտրելի կերով, որի հիմնական պատճառը նախընտրելի սննդի պակասը կարող է լինել։

Սննդահայթայթման վարքի ձևավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդահայթայթման վարքը և սննդի ընդունումը բաղկացած է մի քանի բարդ վարքագծային գործողություններից. քաղց, սննդի փնտրողական ռեակցիա, սննդի վերլուծություն և ընտրություն, սննդի գնահատում, սննդի բռնում (վերցնում), ծամում, սննդի պահեստավորում և այլն։

Սնման վարքի բարդ ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր վարքի առաջացում

Սննդի հայթայթումը, հատկապես ճկուն վարք ունեցող կենդանիների դեպքում, կարող է սննդի հայթայթման նոր վարքի առաջացման պատճառ դառնալ։ Օրինակ. Պո գետի ափերի մոտ բնակվող գորշ առնետները սկսել են սնվել ջրային խեցեմորթներով, որոնց բռնելու համար նրանք սուզվում են գետի հատակը։ Սովորական սարյակները, որոնք ոչ խիստ ձմռանը մնում են քաղաքում ձմեռելու, սկսում են սնվել փոքր կրծողներով, որը բնորոշ չէ այդ թռչուններին։ Սպիտակ արջերը սովորել են սնունդ գտնելու համար հասնել բևեռախույզների բնակատեղիներ ու սնվել սննդի մնացորդներով, կամ այն փնտրել հենց բնակատեղիների վրաններում։

Ճապոնական մակակաները ցուցադրում են սննդի նոր վարքի ձևավորման զարմացնող օրինակներ։ Մի օր հասուն էգերից մեկը վերցրեց ավազահատիկների հետ խառնված դդմի սերմերը և գցեց ջրի մեջ, որի արդյունքում ավազահատիկները սուզվեցին, իսկ դդմի սերմերը մնացին ջրի մակերեսին։ Դրանից հետո խմբի մյուս անդամներն ընդօրինակեցին այդ մեթոդը։ Որոշ ժամանակ անց բոլոր մակակաները սկսեցին «լվանալ» նաև մատուցվող արմատապտուղները։

Սիմբիոզներ

Կենդանիների միջև սնման սիմբիոզի օրինակ կարող է հանդիսանալ ամերիկյան պրերիաներում բնակվող բիզոնների և փոքրիկ թռչունների համագործակցությունը, որի ժամանակ թռչունները տաքանում և սնվում են բիզոնների հաստ մորթում բնակվող բազմաթիվ միջատներով, իսկ բիզոններն էլ ազատվում էին այդ միջատներից։ Սիմբիոզի օրինակներ կան նաև ձկների մոտ, երբ առավել փոքր տեսակի ձուկը սնվում է առավել մեծերի մարմնի մակերեսին ապրող մակաբույծներով։ Սիմբիոզի տիտիկ օրինակներից է հատուկ թռչունների սնվելը կոկորդիլոսի բերանում, երբ կոկորդիլոսը բերանը բացած հանգիստ նստում է, իսկ այդ թռչուննները փնտրում և ուտում են նրանց բերանում մնացած կերի մնացորդները։

Խմբակային որս

Խմբակային որսը հիմնականում բնորոշ է այն կենդանատեսակներին, որոնք որսում են առավել մեծ չափի կենդանիներ։ Օրինակ՝ առյուծները, գայլերը, բորենիները և այլ կենդանատեսակներ, որոնք որսում են զեբրերի, անտիլոպների, փղի ձագերի և այլն։ Խմբակային որսի վարք կա նաև դելֆինների, հավալուսների, ագռավների և այլն։

Գործիքների օգտագործում

Բազմաթիվ կենդանիներ և թռչուններ սննդի հայթայթման համար օգտագործում են տարբեր առարկաներ։ Գործիքների օգտագործումը կարող է հանդիսանալ որպես ինչպես մտածողության, այնպես էլ ուսուցման և ընդօրինակման արդյունք։ Մարդանման կապիկները տերմիտանոցները քանդելու կամ ընկույզներ ջարդելու համար օգտագործում են փայտ, ձող կամ քար։ Որոշ թռչուններ օգտագործում են ծառերի վրայի անցքերն ու ճեղքերը՝ կոների ամրացման և դրանցից սերմերը դուրս բերելու համար։

Սնման հետ կապված կառուցողական գործունեություն

Շատ տեսակի կենդանիներ սննդի ձեռքբերման համար կառուցում են տարբեր բնույթի կառույցներ։ Նմանատիպ վարքը խիստ բնորոշ է հատկապես անողնաշարավորներին։ Սննդի հայթայթման նպատակով կառուցվող միջոցներից են տարատեսակ թակարդները։ Օրինակ, որոշ միջատներ կառուցում են սորուն պատերով փոսեր, որտեղ հայտնված միջատները սահում են ներքև։ Նմանատիպ կառույցների յուրօրինակ տարբերակ են սարդոստայնները, որոնք առանձնանում են խիստ բազմազան ձևերով ու տեսակներով։

Սննդի պահեստավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի պահեստավորման վարքը շատ լավ է զարգացած թռչունների և կաթնասունների մոտ։ Սննդի կուտակման և պահեստավորման վարքի ձևավորման հիմնական պատճառը սննդի հասանելիության, որակի և քանակի սեզոնային փոփոխություններն են։ Այս վարքը հատկապես լավ է զարգացած մնայուն կենսակերպ վարող կենդանիների և թռչունների մոտ և բացակայում է միգրացիաներ կատարողների մոտ։ Ոչ պարբերական և կարճատև միգրացիաներ կատարող կամ ոչ խորը ձմեռային քուն մտնող որոշ կենդանատեսակներին (բևեռաղվես, սկյուռ, երկարապոչ գետնասկյուռ) նույնպես բնորոշ է որոշակի սննդի պահեստավորման վարքը։

Սննդի պահեստավորման վարքի ձևավորումն էապես կախված է աշխարհագրական գոտուց։ Եթե տվյալ տարածքում շուրջ տարին մշտապես կա սննդի աղբյուր, ապա այդ տարածքում ապրող կենդանիները սննդի պահեստավորման կարիք չունեն։

Գիշատիչ կաթնասունները կերը հիմնականում պահում են իրենց բնակության տարածքում՝ դրա համար չկառուցելով հատուկ «պահեստարաններ»։ Անտառային կզաքիսը զոհի մնացորդները պահում է քարերի արանքում կամ ծառերի ճյուղերի վրա։ Աֆրիկայի ընձառյուծները որսի մի մասը պահում են ծառերի վրա։ Աղվեսը զոհի մնացորդները հորում է ձյան հաստ շերտի մեջ, իսկ անապատային տարածքներում՝ ավազի մեջ կամ կրծողների կողմից լքված փոսերում։

Որոշ կրծողներ (ավազամուկ) բույսերը նախօրոք չորացնում են արևի տակ և դրանից հետո միայն պահեստավորում։ Կուղբերը ցրտերի ընկնելուց անմիջապես առաջ ողջ ընտանիքով հավաքում և կուտակում են ձմեռային պաշարներ։

Բուերի որոշ տեսակներ զոհերի մարմինները պահում են ծառերի փչակներում։ Կենդանիների մոտ հանդիպում է նաև պահեստավորված սննդի «գողանալու» վարքը, որբ սննուդն օգտագործվում է այլ կենդանում կամ կենդանատեսակի կողմից։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sahney, S., Benton, M.J. & Falcon-Lang, H.J. (2010). "Rainforest collapse triggered Pennsylvanian tetrapod diversification in Euramerica" (PDF). Geology 38 (12): 1079–1082. doi:10.1130/G31182.1
  2. Bakalar, N. (2005). "Elephants drunk in the wild? Scientists put the myth to rest" . Retrieved May 24, 2013.