Ամուսնություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամուսնություն (այլ կիրառումներ)
Ամուսնություն | |
---|---|
legal institution?, nominal kinship?, իրադարձություն և institution? | |
Նախկիններ | նշանադրություն և հարսանիք |
Ենթաճյուղեր | marital debt? |
Միջանձնային հարաբերություններ |
---|
Ամուսնություն, (հունարեն՝ γάμος) Հասարակության միջանձնային և սեռական կապերը կարգավորող պատմականորեն ձևավորված, հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։
Ամուսնության համար անհրաժեշտ են ամուսինների ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։ Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակական տարբեր ֆորմացիաներն ու նրանց փոփոխություններն ազդել են ամուսնական հարաբերությունների բովանդակության և ձևի վրա։ Ստրկատիրական հասարակարգում միայն ազատ քաղաքացիներին էր թույլատրվում ամուսնանալ։ Ստրուկների ամուսնական հարաբերությունները անվանում էին պարզ կենակցություն։
Մարդկանց միջև կարգավորված ամուսնական հարաբերությունների առաջին ձևը խմբամուսնությունն էր։ Հասարակության զարգացման ընթացքում աստիճանաբար սահմանափակվել են ամուսնությունները մերձավոր ազգականների միջև։ Մայրական տոհմի զարգացումով ձևավորվել է զուգամուսնությունը. երեխաները մնացել են մոր տոհմում, ազգակցությունը ճանաչվել է մոր գծով։ Տնտեսության մեջ տղամարդու առաջնակարգ դերի հաստատումով առաջացել է մենամուսնությունը։
Վաղ միջնադարում Եվրոպայում հասարակության բոլոր խավերի համար պարտադիր էր եկեղեցական ամուսնությունը։ Ճորտերը կարող էին ամուսնանալ միայն ճորտատիրոջ համաձայնությամբ։ Բուրժուական հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը զուգընթաց, եկեղեցական ամուսնությունից բացի, առաջացել է նաև քաղաքացիական իշխանությունների և նոտարի կողմից ձևակերպվող քաղաքացիական ամուսնությունը։
Ամուսնությունները վաղ Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս վաղ անցյալում Հայաստանում տիրապետող է եղել մենամուսնությունը, որը կարգավորվել է եկեղեցական կանոններով (քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն հռչակելուց հետո) և քաղաքացիական օրենսդրությամբ։ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի (387-439) սահմանած կանոններով, առանց զույգերի համաձայնության և տարիքային համապատասխանության, պսակադրությունն արգելվում էր։ Քահանաներին արգելվել է առանց քննության և հարցման պսակել ամուսնացողներին։ Զավակներին բռնի ամուսնացնող ծնողները ենթարկվել են կանոնական պատժի։
Հայոց եկեղեցին դեմ է եղել երկրորդ անգամ ամուսնությանը, ինչպես նաև գաղտնի ամուսնությանը։ Եկեղեցական կանոններով արգելվել է ազգականների՝ միմյանց հետ ամուսնությունը և ազատների (ազնվականների) ամուսնությունը անազատների հետ։ Փավստոս Բուզանդի (4-րդ կամ 5-րդ դարեր) վկայությամբ՝ Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թվականին հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովն արգելել է մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն։ Շահապիվանի 447 թվականի ժողովն ազգակցական (արյունակցական) կապեր ունեցող անձանց ամուսնությունը համարել է «պղծություն և գարշանք», հեթանոսական մնացուկ և արգելել մինչև 4-րդ սերունդը։
Կիլիկյան Հայաստանում հատուկ կարևորությամբ են վերաբերվել ամուսնաընտանեկան հարաբերություններին, անառողջների ամուսնությունը դիտվել է ազգի ապականություն և արգելվել բժշկական զննումից հետո։ Ըստ Մխիթար Գոշի (1120-1213) Դատաստանագրքի՝ պարտադիր էր կնոջ համեմատ տղամարդու մեծ (տարեց) լինելը (դա համարվում էր ամուսնու գերիշխանության պայման)։ Անհավատարիմ ամուսինների համար նախատեսված էր տուգանք։ Սմբատ Սպարապետի (1208-1276) Դատաստանագրքով արգելվում էր նոր ամուսնացածին բանակ տանելը։ Հաճախ էին քաղաքական նպատակներով կատարվող ամուսնությունները, որոնցով բարեկամություն էր ստեղծվում տարբեր տոհմերի, իշխանների, նաև պետությունների միջև։ Հայ պատմիչների (Ղազար Փարպեցի, Փավստոս Բուզանդ և ուրիշներ) վկայությամբ՝ ամուսնությունից հետո հարսը մնում էր չխոսկան, երեսը ծածկում քողով, և այն կրում էր մինչև մայր դառնալը։ Կինն ընդունում էր ամուսնու ազգանունը։
Ամուսնությունները Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ամուսնությունը հիմնված է ամուսինների ազատ ընտրության, նրանց փոխադարձ սիրո և հետաքրքրությունների ընդհանրության վրա։ Ամուսնությունն ազատ և իրավահավասար տղամարդու և կնոջ՝ օրենքով սահմանված կարգով կազմված կամավոր միություն է։
Ամուսնության և ընտանիքի պահպանության հարցերը կարգավորվում են ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքին համապատասխան։ Ամուսնությունը գրանցվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում՝ ամուսնացողների դիմում ներկայացնելուց հիմնականում 1 ամիս հետո։ Ամուսնության գրանցման համար անհրաժեշտ են ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը և ամուսնական տարիքը (18 տարեկան)։ Բացառիկ դեպքերում կանանց համար այդ տարիքը կարող է նվազեցվել 1 տարով։
Կան նաև պայմանագրով կարգավորվող ամուսնություններ. ամուսնացող կողմերի միջև կնքվում են պայմանագրեր, որոնցով սահմանվում են ամուսինների անձնական և գույքային իրավունքներն ու պարտականությունները։
Ամուսնություն չի թույլատրվում այն անձանց միջև, որոնցից մեկը այլ ամուսնության մեջ է, ազգակցության մեջ գտնվող անձանց, հարազատ և խորթ եղբայրների ու քույրերի, որդեգրողների և որդեգրվածների միջև, այն անձանց միջև, որոնցից մեկը հոգեկան հիվանդության կամ սակավամտության պատճառով անգործունակ է ճանաչված։ Ամուսիններն ունեն անձնական և գույքային հավասար իրավունքներ, նրանցից յուրաքանչյուրն ազատ է ընտրելու իր զբաղմունքը, մասնագիտությունը և բնակության վայրը։
Բազմակնությունն արգելվում է ՀՀ օրենքով։ Դրանք բացառելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում, նախկինում ամուսնացած անձանց միջև նոր ամուսնություն գրանցելիս, պահանջում են ամուսնալուծությունը կամ նախկին ամուսնու մահը հաստատող փաստաթուղթ։
Ազգականների ամուսնությունը արգելվում է, որովհետև դրանցից հաճախ ծնվում են բնածին արատներով և ժառանգական հիվանդություններով երեխաներ։ Այդպիսի ամուսնությունից մեռածածին երեխաների թիվը և մանկական մահացությունը 2 անգամ ավելի մեծ է։
Թվարկված պայմանների խախտումով կայացած ամուսնությունը համարվում է անվավեր։ Դատական կարգով այդպիսին կարող է ճանաչվել նաև ընտանիք չկազմելու միտումով գրանցված ամուսնությունը (կեղծ ամուսնություն)։ Սակայն այդպիսի ամուսնությունից ծնված երեխաները չեն կորցնում իրենց իրավունքները։
Քաղաքացիական ամուսնությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին լայն տարածում է ստացել եկեղեցական ամուսնությունը, սակայն Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է միայն քաղաքացիական ամուսնությունը, իսկ եկեղեցականը (քաղաքացիական ամուսնության հետ մեկտեղ) համարում է ամուսնացողների մասնավոր գործը։
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնացողներին ծանոթացնում Են գրանցման կարգին և պայմաններին, հավաստիանում են, որ նրանք տեղյակ են միմյանց առողջական և ընտանեկան վիճակին, ապագա ամուսիններին բացատրում են նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ ցանկության՝ ամուսինները, որպես իրենց ընդհանուր ազգանուն, ընտրում են իրենցից մեկինը (Հայաստանում՝ հիմնականում տղամարդունը) կամ պահպանում նախաամուսնականը։
Երեխաների դաստիարակության և ընտանեկան կյանքի հարցերն ամուսինները լուծում են համատեղ։ Նրանցից յուրաքանչյուրն ազատ է զբաղմունքի, մասնագիտության և բնակության վայրի ընտրության հարցում։ Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած ունեցվածքն ընդհանուր, համատեղ սեփականություն է, որի նկատմամբ նրանք հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղվել է տնային տնտեսություն վարելով, երեխաներին խնամելով և չի ունեցել ինքնուրույն վաստակ։
Մինչամուսնական, ինչպես նաև ամուսնությունից հետո նվիրատվություն կամ ժառանգություն ստացած ունեցվածքը նրանց համատեղ սեփականությունն է։ Ամուսինները պարտավոր են նյութապես օգնել միմյանց, անաշխատունակ ամուսինը և հղի կինը (հղիության ընթացքում և դրանից հետո 1 տարի) այդպիսի օգնությունից զրկվելու դեպքում կարող է դատարանով (նույնիսկ առանց ամուսնալուծություն ձևակերպելու) ապրուստադրամ (ալիմենտ) ստանալ ամուսնուց, եթե վերջինս ի վիճակի է վճարել։
Հայաստանի քաղաքացիների ամուսնությունն արտասահմանյան քաղաքացիների հետ գրանցվում է ընդհանուր հիմունքներով, սակայն նրանցից պահանջվում է փաստաթուղթ՝ գրանցված ամուսնության բացակայության մասին։
Ամուսնալուծությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնության ազատությունը ենթադրում է նաև ամուսնալուծության ազատություն։ Սակայն հասարակությունը շահագրգռված է ամրապնդել ընտանիքը, ուստի ամուսնալուծությունը նույնպես գտնվում է պետության հսկողության ներքո և, որպես կանոն, կատարվում է դատական կարգով։ Անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների ամուսնալուծությունը, փոխադարձ համաձայնությամբ, ձևակերպվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում։ Այստեղ է կատարվում նաև օրենքով սահմանված կարգով անհայտ բացակա, հոգեկան հիվանդության կամ սակավամտության հետևանքով անգործունակ ճանաչված, 3 տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձանց ամուսնալուծությունը։ Օրենքը չի թույլատրում առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության գործ հարուցել կնոջ հղիության ընթացքում և 1 տարեկանից փոքր երեխա ունենալու դեպքում։ Ամուսնությունը համարվում է դադարեցված՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնալուծությունը ձևակերպելուց հետո։
Ամուսնական և ընտանեկան հարաբերությունների պսիխոհիգիենա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքի խնդիրները պայմանավորված են հասարակության զարգացման նոր փուլի առանձնահատկություններով։ Ընտանիքը ոչ թե 2 և ավելի անհատների ֆիզիկական գումար է, այլ միայն իրեն բնորոշ առանձնահատկություններով օժտված հասարակության հիմնական բջիջը։ Ընտանիքի գոյության կարևոր պայմանն ամուսինների ներընտանեկան խնդիրներները լուծելու, բարդ հարցերը քննարկելու, փոխշահավետ որոշումներ ընդունելու ունակությունն է։ Ընտանիքը միավորվում է նաև համատեղ գործունեությամբ։
«Ամուսինը» կամ «կինը», «հայրը» կամ «մայրը» որոշակի հասկացություններ են, հստակ պարտականությունների ոլորտով դերեր, որոնք ամուսնացող անձը պարտավորվում է կատարել։ Դրանք կատարել չկարողանալը կամ կատարել չցանկանալն անխուսափելիորեն հանգեցնում են ընտանեկան գժտությունների։ Ընտանիքում գոյություն ունեցող դերերի համակարգը կայուն չէ, այն պայմանավորված է հասարակության մեջ և ընտանիքում կատարվող փոփոխություններով, հասարակության մեջ կնոջ դերի բարձրացմամբ, հասարակական ակտիվության դրսևորմամբ։ Վիճակագրական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձր կրթություն և զարգացման մակարդակ ունեցող ամուսինների ընտանիքներում կենցաղային և տնտեսական պարտականությունները հավասարաչափ են բաշխվում նրանց անդամների միջև։
Ընտանիքի անդամների միջև հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքի անդամների միջև հարաբերությունները պայմանավորված են սոցիալ-մշակութային նորմերով և անհատական առանձնահատկություններով։ Բարեկիրթ, առողջ ընտանիքում գործում է փոխլրացման սկզբունքը. ամուսիններից մեկի գիտելիքները և բնավորության գծերը հաջողությամբ լրացվում են մյուսի ընդունակություններով ու փորձով։ Հակումների և ճաշակի տարբերությունը չպետք է տարաձայնության պատճառ դառնա։ Եթե ընտանիքի անդամներից մեկն ունի բռնակալի, եսամոլի խառնվածք, ապա փոխհարաբերությունների անհավասարության պատճառով ընտանիքը դառնում է անկայուն։ Այն գոյություն է ունենում միայն ամենաբարենպաստ պայմաններում և հեշտությամբ է քայքայվում ճգնաժամային իրավիճակներում։
Ընտանիքի էվոլյուցիան, այսինքն նրա կենսական բոլորաշրջանը ձևավորվում է որոշակի փուլերից, մինչամուսնական, ամուսնական և նոր անդամների (երեխաներ) ավելացման, ընտանիքի առանձին անդամների հեռանալու (հասուն երեխաների ամուսնություն, ծնողներից մեկի մահը) շրջաններ։
Ամուսնական վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնության առաջին տարում առավել հաճախ ընդհարումների պատճառ են դառնում ամուսնական հարաբերությունների, այդ թվում նաև սեռական կյանքի նորություն լինելը։ Կյանքի այդ կողմի արտասովորությունը հաճախ վախ է ներշնչում 2 կողմերին էլ, խոչընդոտում ընտանիքի բնականոն գործունեությանը։ Բազմամյա «ընկերական հարաբերությունները» ամուսիններին չեն պաշտպանում սեռական աններդաշնակությունից, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կարոդ են ուղղակիորեն նպաստել դրան։ Այդպիսի շեղումները կանխելու նպատակով, երեխան դեռ մանկուց (դպրոցում և տանը) պետք է սեռական ճիշտ դաստիարակություն ստանա, որը կխոչընդոտի կյանքի այդ կողմի մասին նրա կեղծ պատկերացումների ամրապնդմանը։ Համատեղ կյանքի հենց սկզբում՝ միմյանց «ընտելանալու» առավել ծանր ժամանակաշրջանում, փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունն օգնում է խուսափել ընտանեկան ընդհարումներից։
Սովորաբար երիտասարդները նոր ընտանիքում ստեղծում են այնպիսի փոխհարաբերություններ, ինչպիսիք եղել են իրենց հայրական տանը։ Պարզվել է, որ ամուսնալուծված ծնողների երեխաներն ավելի հեշտ են համաձայնվում ամուսնալուծությանը։ Երբեմն ընտանիքում ձևավորված վարքագիծը, զգացմունքների արտահայտման ձևերը չեն հաղթահարվում ամբողջ կյանքի ընթացքում։ Այն ընտանիքներում, որտեղ ծնողների միջև չի եղել սեր և հաշտություն, կամ հարաբերություններն արտաքնապես եղել են սառը և զուսպ, հաճախ մեծանում են դիմացինի (մասնավորապես ամուսնու կամ կնոջ) նկատմամբ լավ վերաբերմունքի անկարող անհատներ։ Դա կարող է դառնալ ամուսինների միջև ծագող թյուրիմացությունների պատճառ, հանգեցնել փոխադարձ մեղադրանքների, իսկ հետագայում՝ մշտական, անհաղթահարելի օտարացման։
Երիտասարդ սերնդի դաստիարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքի ամենապատասխանատու պարտականությունը երիտասարդ սերնդի դաստիարակությունն է։ Հոգևոր մերձեցմանը, երեխաների նկատմամբ հոգատարությամբ, բարյացակամությամբ և փոխըմբռնումով իրար կապված ծնողների առողջ ընտանիքն աճող սերնդի ճիշտ, լիարժեք դաստիարակության գրավականն է։
Հղիությունը և առաջնեկի ծնունդը լրացուցիչ պարտավորություններ են դնում ամուսինների վրա, սակայն նրանց չեն ազատում փոխադարձ ուշադրության անհրաժեշտությունից։ Ուշադրության պակասը հատկապես ծանր են տանում հղիությունից ու ծննդաբերությունից թուլացած և այդ պատճառով հաճախակի տրտնջացող ու դյուրագրգիռ կանայք։ Առողջ ընտանիքում այդ ժամանակաշրջանում տղամարդը պետք է իրեն զգա և դրսևորի որպես ուժեղ անհատ, նեցուկ լինի կնոջը, դա օգնում է նաև տղամարդուն՝ գնահատելու հայր լինելու իր նոր դերը։ Երեխայի ծնվելուց հետո երիտասարդ ամուսինը պետք է հաշվի առնի ծննդաբերած կնոջ ոչ միայն յուրահատուկ հոգեբանական, այլև ֆիզիոլոգիական վիճակը և ամուսնական սեռական հարաբերությունների ժամանակավոր դադարը չդիտի որպես իր նկատմամբ կնոջ սառնության դրսևորում։
Հասուն տարիքն ունի իր ճգնաժամային շրջանները, օրինակ՝ դժվարին պահեր կարող են առաջանալ 2-րդ երեխայի ծննդյան հետ։ Մասնավորապես, մեծերի ուշադրության կենտրոնում գտնված առաջնեկի մոտ, եղբոր կամ քրոջ ծնվելուց հետո, այլևս չսիրված, ավելորդ լինելու մտքից կարող է առաջանալ նևրոզ, որի հետևանքով երեխան դառնում է խիստ կամակոր, քմահաճ։ Երեխայի այդպիսի վարքը կարող է կազմալուծել ընտանիքը։ Մեծերը հաճախ առաջնեկի վրա են սկսում «թափել» իրենց բարկությունը կամ, ընդհակառակը, նրա արտոնյալ վիճակի կորուստն աշխատում են փոխհատուցել ընդգծված ուշադրությամբ, որը երեխան սովորաբար, չի ընդունում՝ համարելով կեղծ։ Այս իրադրությունից միակ ելքը առաջնեկին ընտանիքի նոր անդամի հայտնվելուն նախապատրաստելն է։
Ամուսնության հասուն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր ընտանիքի կյանքում բարդ ժամանակաշրջան է սկսվում երեխաների հասունանալուց հետո։ Տանից նրանց հեռանալը, սեփական ընտանիք կազմելը հաճախ ծնողները ցավագին են ընդունում, հատկապես, երբ ընտանիքը լրիվ չէ (հաճախ առանց հայր է), կամ երբ երեխան միակն է։ Նման դեպքերում հիմնականում երեխայի դաստիարակությամբ միավորված ամուսիններին տիրում է հիասթափություն, կամ ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը հանգեցնում է օտարացման։ Շատ ծնողներ անհաջող փորձեր են ձեռնարկում իրենց հասուն զավակների կյանքին միջամտելու, կյանքի ուղեկցի ընտրության հարցում նրանց որոշումների վրա ազդելու համար։ Առանձնապես սխալ է հասուն զավակներին ապերախտության մեջ մեղադրելը, թե «նրանց են նվիրաբերել իրենց ողջ կյանքը»։ Սովորաբար հասուն զավակներն ընդդիմանում են ծնողների այդպիսի վարքագծին և պաշտպանում ինքնուրույն որոշումներ կայացնելու, անձնական կյանք ունենալու իրենց իրավունքը։ Բնականոն, բարյացակամ հարաբերություններով ընտանիքում, որտեղ դեռ փոքր տարիքից հաշվի են առնում երեխայի անհատականությունը, ամեն ինչ բարեհաջող ընթացք է ունենում։
Ամուսնության ճգնաժամային շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքի առավել ծանր ճգնաժամային շրջանը կապված է ծերության, ամուսիններից մեկի կյանքից հեռանալու հետ։ Այդպիսի դեպքերում միայնակությունը հաղթահարվում է հին ընկերների, հասուն զավակների ընտանիքների հետ սերտ կապեր պահպանելով, սեփական ուժերի համեմատ մասնագիտական, հասարակական կամ այլ աշխատանք կատարելով։
Ընտանիքը սովորաբար դիմում է բժշկի օգնությանը դժվարին ճգնաժամային ժամանակաշրջաններում, երբ ընտանեկան վեճը, ընդհարումը բավականին խորանում և բացասաբար է ազդում ընտանիքի անդամների հոգեկան ու ֆիզիկական վիճակի վրա։
Ընտանեկան հոգեկան ցնցումները, որքան էլ աննշան թվան, մեծերի և երեխաների նևրոզների գլխավոր պատճառներից են։ Ընդհանուր և հասարակության հոգեբանության ժամանակակից մակարդակը և շահագրգռված անձանց բարի կամքը հնարավորություն են տալիս կանխել նյարդային հիվանդությունները, ծանր ընդհարումները, ամուսնալուծությունը։ Հոգեբույժները և նյարդահոգեբաններն օգնում են լուծելու ներընտանեկան ընդհարումները։
Հայաստանի խոշոր քաղաքներում կան ընտանեկան հարցերի հատուկ խորհրդատվություններ, որտեղ կարելի է դիմել ընտանեկան փոխհարաբերությունների, երեխաների դաստիարակության և այլ հարցերով։
Ընտանիքում առավել ծանր ընդհարումներ են առաջանում ալկոհոլամոլության և թմրամոլության հետևանքով, որոնք հատկապես կործանարար են երեխաների համար։
Առողջ ընտանիքի համար ճգնաժամային շրջանները վտանգավոր չեն. դրանց հաջող հաղթահարումը նպաստում է փոխադարձ վստահության, կյանքի ուսանելի փորձ ձեռք բերելուն։ Շրջապատի, սեփական ընտանիքի անդամների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը առողջ ընտանիքի գոյության կարևոր նախապայմաններից է։
Ամուսնության այլ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլիգամիա - , երբ ամուսնացող կողմերից մեկը կարող է ունենալ մեկից ավելի հակառակ սեռի ամուսնական զույգ։ Ունի երկու տեսակ՝ պոլիգինիա, երբ տղամարդը ունի մեկից ավելի կին և պոլիանդրիա՝ երբ կինը ունի մեկից ավելի ամուսիններ։ Ներկայումս բազմաթիվ քաղաքակիրթ և ժողովրդավարական ռեժիմ ունեցող երկրներում արգելված է բազմակնությունը։ Բայց կան երկրներ, որտեղ ընդունված է այդ երևույթը, որոնց թվին են դասվում մուսուլմանական երկրները, Աֆրիկյան մի շարք երկրներ։
Նույնասեռ ամուսնություն - ամուսնությունն է նույն սեռն ունեցող մարդկանց միջև։
ժամանակավոր ամուսնություն մուսուլմանների ամուսնության տեսակ, որը կնքվում է որոշակի ժամանակահատվածով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեռականություն և ամուսնություն ֊ Սուրբ Զորավոր Աստվածածին Եկեղեցի
- Marriage and Love by Emma Goldman
- Քրիստոնեական ամուսնություն Արխիվացված 2007-08-10 Wayback Machine
- Ամուսնություն կնքելու մասին․ https://personallawyer.am/hy/company/article?url=marriage Արխիվացված 2020-08-15 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուսնություն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուսնություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 335)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |