The Police (հայերեն՝ Փոլիս), բրիտանականռոք խումբ, կազմավորված Լոնդոնում 1977 թվականին։ Տրիոն կազմված է բրիտանացիներ Գորդոն Սամներից (Սթինգ) (վոկալ, բաս կիթառ) և Էնդի Սամներսից (կիթառ, վոկալ) և ամերիկացի Ստյուարդ Քոուփլենդից (հարվածայիններ, վոկալ)։ Խումբը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1970-ականների վերջում և դիտարկվում էր որպես նոր ալիքի առաջին խմբերից, որը հաջողություն է ձեռք բերել, ստեղծագործելով ռոք ժանրում` ջազի, փանկի և ռեգիի տարրերով։ Խմբի «Synchronicity» ալբոմը 1983 թվականին բրիտանական և ամերիկյան չարթերում առաջին հորիզոնականն է զբաղեցրել և միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան ութ միլիոն օրինակով։
Չնայած նրան, որ խմբի լուծարման մասին երբեք չի հայտարարվել, խումբը, բացի 1986 թվականի կարճատև վերամիավորումից, համատեղ աշխատանքը դադարեցրել է 1984 թվականի մարտին։ 2007 թվականին նրանք վերամիավորվել են «Roxanne» հիթային սինգլի երեսուն ամյակի կապակցությամբ համաշխարհային շրջագայություն կատարելու համար, որը տևել է մինչև 2008 թվականի օգոստոսը։ Խմբի գործունեության ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան հիսուն միլիոն ալբոմ, ինչպես նաև իրենց շրջագայության շնորհիվ խումբը դարձել է 2008 թվականի ամենաբարձր վարձատրվող արտիստները[1]։ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 100 արտիստներ» ցանկում խումբը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը[2]։ 2003 թվականին The Police խումբը ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում։ Խումբը ունի Գրեմմիի վեց մրցանակ։ Խմբի չորս ալբոմներն ընդգրկվել են Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներ» ցանկում։
2019 թվականի հունիսի 25-ին The New York Times Magazine-ը The Police խմբին ընդգրկել է հարյուրավոր այն կատարողների մեջ, որոնց նյութերը ոչնչացվել են 2009 թվականի Universal Studios Hollywood ստուդիայի հրդեհի ժամանակ[3]։