Jump to content

Բաբ (կրոնական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբի տունը
Բաբի կնիքը

Բաբը ծնվել է 19-րդ դարում Պարսկաստանի Շիրազ քաղաքում։ Համարվում է Բահայի համաշխարհային հավատքի հիմնադիրներից մեկը։ Նա իրեն հռչակել է որպես Աստծո ինքնուրույն Հայտնության կրող։ Իր գործունեության 6 տարիների ընթացքում ձևափոխել է իսլամի որոշ օրենքները և ծեսերը, որոնք վերաբերվում էին աղոթքին, պասին, ամուսնությանը, ամուսնալուծությանը և ժառանգությանը։ Իր կենդանության օրոք Պարսկաստանի բնակչության ավելի քան 10 տոկոսը եղել են նրա հետևորդները, որոնց թվում էին հայտնի աստվածաբաններ, բարձրաստիճան հոգևորականներ, պետական պաշտոնյաներ և հասարակ մարդիկ։ Հետապնդվել է այդ ժամանակվա Պարսկաստանի աշխարհիկ և կրոնական իշխանությունների կողմից և 1850թ դատապարտվել է մահապատժի։

Վաղ տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբը[1](Սեյիդ Ալի-Մուհամմադ) ծնվել է Շիրազում 1819թ. հոկտեմբերի 20-ին վաճառականի ընտանիքում։ Ե՛վ նրա հայրը, և՛ մայրը Մուհամմադ մարգարեի սերունդներից են։ Բաբը վաղ տարիքում է զրկվել հորից և տղային մեծացրել է մորեղբայրը, ով հետո դարձել է նրա առավել հավատարիմ հետևորդներից մեկը և նոր հավատի առաջին նահատակներից։

Այն տունը, որտեղից Բաբը հայտարարեց Գործի մասին

Բաբը[2] դպրոցը թողեց, երբ դեռ տասներեք տարեկան էլ չկար, իսկ տասնհինգ տարեկանից սկսեց ավանդական ընտանեկան զբաղմունքը` առևտուրը։ Սկզբից Բաբն աշխատում էր մորեղբոր հետ Շիրազում, բայց շուտով նրան ուղարկեցին Բուշիր, որտեղ նա սկսեց կառավարել ընտանեկան առևտուրը։ Նա ամուսնացած է եղել Խաջիջայի հետ` վաճառականի ընտանիքից։

Բաբի հռչակումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1844թ Բաբն ուխտագնացություն կատարեց Արաբիայի Մեքքա և Մեդինա քաղաքներ։ 1844թ. դեկտեմբերի 20-ին մեծ քանակով մարդկանց ներկայությամբ Բաբն ազդարարեց, որ նա բոլոր Սուրբ Գրքերի  մարգարեություններում հիշատակված ավետյացն է։  Բաբին վերաբերվեցին մեծ հարգանքով, բայց իշխանությունները նրա հայտարարությունները լուրջ չընդունեցին։ Ոչ մի խոչընդոտի չհանդիպելով` Բաբը[3] ծովով մեկնեց Պարսկաստան, որտեղ իր ուսմունքը տարածելու արդյունքում, աճել նոր ուսմունքի հեղինակությունը։ Դա անհանգստության ալիք առաջացրեց ինչպե՛ս հոգևորականության, այնպե՛ս էլ հասարակության մեջ։

Այն տունը, որտեղից Բաբը հայտարարեց Գործի մասին

Չնայած հոգևորականության աճող սպառնալիքին` 1845-1847թթ. Բաբի հետևորդների քանակն արագ աճում էր։ Ավելին, նրանց շարքերն ավելանում էին նաև հոգևորականության միջավայրից դուրս եկածներով։ Նոր հավատի համախոհներից մեկը հեղինակավոր աստվածաբան Վահիդն էր։ Տեղական հոգևորականության պահանջով Շիրազի տիրակալը Բաբին տնային կալանքի ենթարկեց։ Վահիդին ուղարկեցին Բաբի մոտ Պարսկաստանի տիրակալ` Մուհամեդ շահի հրամանով, ով չցանկանալով բավարարվել ասեկոսեներով, ուզում էր նոր շարժման մասին առաջին ձեռքից ստանալ ճիշտ տեղեկություններ։  Զարմանալի չէ, որ տեղեկանալով Վահիդի` նոր հավատին միանալու մասին, շահն անմիջապես հրամայեց Բաբին մայրաքաղաք բերել զինված պահակախմբի ուղեկցությամբ, բայց հարգալից կերպով։ Բաբը մինչ այդ էլ էր հայտարարել, որ կուզեր հանդիպել տիրակալ հետ և մանրամասն պատմել իր առաքելության մասին։ Ցավոք, այդ պլանը չիրականացավ։

Բաբի ձերբակալությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախենալով, որ շահի հանդիպումը Բաբի հետ կբերի իր սեփական ազդեցության թուլացմանը` առաջին նախարարը հրամայեց, որ Բաբին գաղտնի ուղարկեն Մահ-Քու ամրոց, որը գտնվում էր երկրի հյուսիսում։ Առաջին նախարարը պատահաբար չընտրեց այդ վայրը. նա ակնհայտորեն սպասում էր, որ այնտեղ ապրող քրդերը` վայրի լեռնային ժողովուրդը, թշնամաբար կվերաբերվեն Բաբին ու նրա քարոզներին։ Ի դժգոհություն առաջին նախարարի, կատարվեց հակառակը։ Նոր հավատը սկսեց տարածվել նաև այդ վայրերում, իսկ նահանգապետը և Մահ-Քու ամրոցի այլ ծառայողներ անդրդվելի չմնացին իրենց բանտարկյալի խաղաղեցնող անկեղծության առջև։ Մոտեցող վտանգից խուսափելու համար Հաջի Միրզա Աղասին կատարեց վերջին փորձը` հրամայեց, որ Բաբին Մահ-Քուից տեղափոխեն մեկ այլ հեռավոր ամրոց` Չեհրիք։ Բայց այնտեղ էլ նույնը կրկնվեց։ Ամրոցի պարետ` քուրդ Յահյա-խանը դարձավ Բաբի ամենախանդավառ համախոհներից մեկը։  

Հասկանալով, որ շահը վերջին օրերն է ապրում և վախենալով վրեժխնդրությունից` իր իշխանությունից դժգոհ Պարսկաստանի ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների կողմից` Հաջի Միրզա Աղասին փորձեց աջակցություն գտնել իսլամական հզորագույն հոգևորականության մոտ, որը կատաղի կերպով հետապնդում էր Բաբին և նպատակ ուներ պաշտոնապես դատապարտել նոր կրոնական գաղափարները։ Մոլլաների պահանջով առաջին նախարարը հրամայեց Բաբին տեղափոխել Թավրիզ, որպեսզի նա այնտեղ կանգնի բարձրագույն հոգևորականության դատաստանի առջև։

Դատավարությունը կայացավ 1848թ. ամռանը։ Համաձայն ականատեսների միաձայն վկայությունների` այն դարձավ իսկական անամոթություն, որի նպատակն ակնհայտ էր` նվաստացնել դատապարտյալին։ Մեղադրյալին դատապարտեցին մարմնական պատժի` փայտով հարվածների։ Դատական որոշումն անսպասելի հետևանքներ ունեցավ` Բաբը սերտ շփման մեջ հայտնվեց արևմտյան աշխարհի ներկայացուցչի հետ, ով միակ եվրոպացին էր, որ շփվել է նրա հետ և այդ հանդիպման մասին թողել գրավոր վկայություն։

«Նա (Բաբը) շատ հեզ մարդ է, տեսքով նրբակազմ, ցածրահասակ, պարսիկի համար շատ սպիտակադեմ, ձայնը զարմանալիորեն նուրբ և մեղեդային… Ե՛վ Բաբի արտաքինը, և՛ շարժուձևը նրա հանդեպ համակրանք են առաջացնում։ Բաբի ուսմունքի մասին ես հենց իրենից չլսեցի, բայց ասում են, որ նրա կրոնում որոշ նմանություն կա քրիստոնեության հետ… Պարզ է, որ Բաբի ուսմունքում չկա քրիստոնեության նկատմամբ իսլամին բնորոշ մոլեռանդությունը. դրանում չկա նաև կանանց իրավունքները սահմանափակելու մեր ժամանակներում [իսլամում] տիրող ձգտում»:

Մինչ Բաբը գտնվում էր կալանքի տակ Իրանի հյուսիսում, նրա համախոհների թիվը երկրի ներսում շարունակում էր աճել։ Բաբի համախոհները նույնպես ենթարկվում էին մոլլաների կողմից հրահրվող մոլեռանդ ամբոխների դաժանագին հարձակումներին։ Նոր հավատի հետևորդների առջև կանգնեց ինքնապաշտպանության հարցը։ Դրությունն էլ ավելի սաստկացավ 1848թ. սեպտեմբերին, երբ բազմաթիվ հիվանդություններից մահացավ շահը։ Նրա մահից հետո սկսվեց քաղաքական տարաձայնությունների շրջան, որից օգտվելով Հաջի միրզա Աղասին ձեռնարկեց դավանանքն արմատախիլ անելու ևս մի փորձ։ Ամբողջ երկրով մեկ սկսվեցին Բաբի հետևորդների դաժան հետապնդումները։

Բաբի մահապատիժը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգապետը հրամայեց Բաբին բերել Թավրիզ, որտեղ նրան պետք է հրապարակայնորեն մահապատժի ենթարկեին։ Սակայն նահանգապետը` հարգանքով լցվելով իր գերու հանդեպ, հրաժարվեց կատարել հրամանը։ Վերջ ի վերջո, առաջին նախարարը ստիպված էր այդ հանձնարարությամբ այնտեղ ուղարկել իր սեփական եղբորը։ Բաբին շուտափույթ տեղափոխեցին Թավրիզ։ Մուջթահիդներին (ղեկավար մոլլա) առաջարկեցին Բաբին պատժել կրոնական օրենքների հիման վրա, քանի որ քաղաքացիական իրավունքով հիմքերը բացակայում էին։ Ինչպես և կանխատեսվում էր, հոգևորականությունը պատրաստակամորեն ընդառաջ գնաց և ստորագրեց Բաբի մահապատիժը` մեղադրելով նրան հերետիկոսության մեջ։ 1850թ. հուլիսի 9-ին Թավրիզի հրապարակներից մեկում, հազարավոր մարդկանց աչքերի առջև սկսվեցին մահապատժի նախապատրաստությունները։ Դրան հետևեցին բավականին արտասովոր իրադարձություններ։

Բաբին և նրա աշակերտներից մեկին պարաններով կախեցին զորանոցի պատին։ Գնդակահարմանը պետք է մասնակցեր յոթ հարյուր հիսուն հայ-քրիստոնյաներից բաղկացած գունդը։ Գնդապետը` ոմն Սամ-խանը, վախենալով բարկացնել Աստծուն, ինչպես նաև անձնական համակրանք զգալով Բաբի հանդեպ` ուզում էր հրաժարվել հրամանի կատարումից։ Սակայն Բաբը, ականատեսների պատմելով, հանգստացրեց նրան հետևյալ խոսքերով. «Կատարիր հրամանդ, և եթե քո մտադրությունները մաքուր են, Բարձրյալը քեզ չի թողնի դժվար կացության մեջ»։

Այն, ինչ տեղի ունեցավ հետո, հաստատվում է բազմաթիվ ականատեսների վկայություններով։ Գունդը շարեցին, որոտաց յոթ հարյուր հիսուն հրացաններից արձակած համազարկը։ Ծուխը պատեց հրապարակը, և այն ընկղմվեց մթության մեջ։ Երբ ծուխը ցրվեց, ներկաները չհավատացին իրենց աչքերին. Բաբի աշակերտն անվնաս կանգնած էր պատի մոտ, իսկ ինքը` Բաբը, անհայտացել էր։ Պարանները, որոնց վրա նրանք կախված էին, փամփուշտներով պոկոտված էին։ Տենդագին փնտրումներից հետո Բաբին գտան այն նույն սենյակում, որտեղ նա գիշերել էր նախօրեին։ Նա նստած էր այնտեղ ողջ ու անվնաս և հանգիստ վերջին կարգադրություններն էր տալիս իր քարտուղարին։

Հրապարակում խառնաշփոթություն սկսվեց։ Հայկական գունդը հրաժարվեց մասնակցել կրկնակի գնդակահարությանը։ Միրզա Հասան-խանը ստիպված էր հաշվի առնել, որ իրենց տրամադրություններում փոփոխական խաժամուժը, որը մե՛կ ողջունում էր Բաբին, մե՛կ հայհոյում, նրա փրկության մեջ կտեսնի նշան ի վերուստ և նրան պաշտպան կկանգնի։ Շտապ կանչեցին մուսուլմաններից բաղկացած գունդ։ Բաբին ու նրա ընկերոջը նորից կախեցին պատից, հնչեց երկրորդ համազարկը։ Այս անգամ դատապարտվածների մարմինները ծակծկված էին գնդակներով։

Բաբի մահվան արտասովոր հանգամանքները նրա ուսմունքի նկատմամբ հետաքրքրության նոր ալիք առաջացրեցին։ Տեղի ունեցածի մասին պատմությունը կայծակի արագությամբ տարածվեց ոչ միայն տեղական բնակչության մեջ, այլև արևմտյան դիվանագետների, առևտրականների, ռազմական խորհրդատուների, լրագրողների միջև` բոլոր նրանց, ովքեր այն ժամանակ կազմում էին Պարսկաստանի բավականին բազմաթիվ եվրոպական համայնքը։

Հետագայում Բահաուլլան[4] շարունակեց նրա գործը՝ այդ հավատը համաշխարհային դարձնելով։ Ներկայումս Բահայի հավատը ներկայացված է աշխարհի բոլոր երկրներում։

2019թ լրացավ Բաբի ծննդյան 200-ամյակը։ Բահայի համաշխարհային համայնքն այդ առիթով նկարահանել է ֆիլմ, որը կոչվում է Առաջին շողեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Library». Library (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  2. «The Baháʼí Faith - Home». www.bahai.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Bahai.am - Բահայի բլոգ». bahai.am/ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Learning to Love God: A Different Kind of Love». bahaiteachings.org/ (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.