Jump to content

Արտավան Արշակունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավան (այլ կիրառումներ)
Արտավան
6-րդ դար - ոչ վաղ քան 551
Քաղաքացիություն Մեծ Հայք և Բյուզանդական կայսրություն
Ծառայության տարիներ538-554
ԿոչումԱֆրիկայի մագիստեր միլիտում
Մարտեր/
պատերազմներ
Հայոց ապստամբություն
Գոթական պատերազմ,
Աֆրիկայում ապստամբությունների ճնշում
Հռոմեա-պարսկական պատերազմ

Արտավան Արշակունի (հուն․՝ Ἀρταβάνης, Արտաբանես), Արևելահռոմեական կայսրության հայազգի հրամանատար, ով ծառայել է Հուստինիանոս I-ին (գահակալած 527–565 թվականներին)։ Նախապես հանդիսանում էր ապստամբ ընդդեմ հռոմեական տիրապետության և որոշ ժամանակ բնակվում էր Սասանյան Պարսկաստանում։ Սակայն հետագայում դարձյալ անցավ հռոմեական ծառայության և վերջ ի վերջո դարձավ Աֆրիկա նահանգի պրետորիան պրեֆեկտը։ Այնտեղ նրան հաջողվեց սպանել ապստամբ հրամանատար Գունտարիքին և ետ բերել նահանգը Արևելահռոմեական կայսրության տարածք։ Նա նշանված էր Հուստինիանոսի զարմուհի հետ, սակայն կայսրուհու առարկությունների հետևանքով ամուսնությունն այդպես էլ չկայացավ։ Ետ կանչվելով Կոստանդնուպոլիս, մասնակցեց Հուստինիանոսի դեմ ուղղված անհաջող դավադրությանը 548 կամ 549 թվականին։ Սակայն նրա պատիժը համեմատաբար մեղմ էր։ Շուտով նրան նույնիսկ ներում շնորհվեց և ուղարկվեց Իտալիա մասնակցելու գոթական պատերազմին։ Այնտեղ Արտավանը նույնպես աչքի ընկավ, մասնակցելով հռոմեական վճռական հաղթանակին Կասիլինումի ճակատամարտում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավանը ծագում էր Արշակունիներից, ում հռոմեացիների կողմից տրվել էին որոշ տիրույթներ Հռոմեական Հայաստանում։ Հոր և եղբոր անունը Հովհան էր[1]։

Ապստամբություն ընդդեմ հռոմեացիների

[խմբագրել | խմբագրել կոդը]

538/539 թվականին Արտավանը մասնակցեց հայկական ապստամբությանը ընդդեմ Առաջին Հայքի պրոկոնսուլ Ակակիուսի։ Վերջինս ատված էր հայ բնակչության կողմից ծանր հարկերի և դաժան վերաբերմունքի պատճառով։ Արտավանն անձամբ սպանեց Ակակիուսին։ Շուտով ապստամբների և կայսերական բանակի միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով, Արտավանը գուցեև սպանել է հռոմեացի հրամանատար Սիտասին, ով ուղարկվել էր Հուստինանոսի կողմից ապստամբության ճնշման նպատակով (Պրոկոպիուսը տալիս է երկու վարկած, ըստ մեկի Սիտասը սպանվել է Արտավանի ձեռքվ, իսկ ըստ երկրորդի ոմն հայ Սողոմոնի կողմից)[2]։ Արտավանի հայրը փորձեց բանակցել Սիտասի հաջորդ Բուզասի հետ, սակայն սպանվեց վերջինիս կողմից։ Այս քայլը ստիպեց Արտավանին և նրա համակիցներին նահանջել Սասանյան Պարսկաստան և օգնաթյան դիմել Խոսրով I-ին (կառավարել է 531–579 թվականներին )։ Անցնելով Սասանյանների ծառայության, Արտավանը պարսիկների կողմից մասնակցեց Խոսրովի արշավանքներին ընդդեմ Արևելահռոմեական կայսրության[3]։

Ծառայություն Աֆրիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 544 թվականին Արտավանն իր եղբոր և մի քանի հայ ռազմական գործիչների հետ անցան ետ Արևելահռոմեական կայսրություն[3]։

Աֆրիկան Բիզակենա, Զևգիտանա և Նումիդիա նահանգներով:

545 թվականի գարնանը Արտավանն ու իր եղբայրը նշանակվեցին հայկական փոքր զորախմբի հրամանատարներ և ուղարկվեցին Աֆրիկա։ Այստեղ հռոմեացիները ներքաշված էին երկարատև պատերազմի մեջ մեջ ապստամբ մավրական ցեղերի հետ։ Ժամանումից որոշ ժամանակ անց, Արտավանի եղբայրը զոհվեց ճակատամարտերից մեկում[4]։ Արտավանն ու իր զորախումբը հավատարիմ մնացին կայսերը 545 թվականի Գունտարիքի ապստամբության ժամանակ։ Գունտարիքը միավորվելով մավրերի հետ արշավեց դեպի Կարթագեն և հասավ մինչև քաղաքի դարպասները։ Արտավանի և այլոց հորդորանքով հռոմեացիները որոշեցին ճակատամարտ տալ ապստամբին։ Երկու բանակները հավասար էին մինչև որ հռոմեացի հրամանատարը փախավ մարտի դաշտից և ապաստան գտավ մենաստանում։ Սրա հետևանքով հռոմեական զորքերը փախան և քաղաքն ընկավ ապստամբների ձեռքը[5]։

Արտավանը ստանալով երաշխիք կյանքի անվտանգության վերաբերյալ, անցավ ծառայության Գունտարիքի բանակում, սակայն իրականում նա մտադրվել էր ապստամբել Գունտարիքի դեմ։ Շուտով Արտավանին վստահվեց արշավել Անտալասի մավրական բանակի դեմ։ Նա շարժվեց հարավ դաշնակից մավրերի հրամանատար Կուտցինասի հետ միասին։ Տեսնելով Արտավանի բանակը, Անտալասի զորքը փախուստի դիմեց, սակայն Արտավանը չհետապնդեց վերջինիս և ետ շարժվեց։ Համաձայն Պրոկոպիուսի, Արտավանը մտածում էր միանալ կայսրին հավատարիմ մնացած զորքին, սակայն որոշեց ետ վերադառնալ Կարթագեն և սպանել Գունտարիքին[6]։ Արտավանը երկար ժամանակ իր ծրագիրը գատնի էի պահում, իմաց պահելով միայն իր երկու ամենամոտ հայ ընկերներին. նույնիսկ իր ձեռքվ ընտրված և լիապես հավատարիմ հայկական գունդը ոչինչ չգիտեր նրա ծրագրի մասին։ Այսպիսի կատարյալ գաղտնիություն կապված էր նրա հետ, որ Արտավանն ու իր ընկերները խոսում էին հայերենով, որն անհասկանալի էր Աֆրիկայում ծառայող զինվորների մեծ մասին[7]։

Վերադառնալով Կարթագեն, նա արդարացրեց իր ետ գալու որոշումը նրանով, որ ապստամբ մավրերին հաղթելու համար պետք էր ողջ բանակը և խորհուրդ տվեց Գունտարիքին անձամբ ղեկավարել այն։ Միևնույն ժամանակ նա սկսեց խորհրդակցել իր զարմիկի և մի քանի այլ հայ զինվորների հետ Գունտարիքին սպանելու նպատակով։ Բանակի շարժվելու առաջ Գունտարիքը կազմակերպեց մեծ ճաշկերույթ և հրավիրեց Արտավանին կիսելու նույն բազմոցը, որը համարվում էր հարգանքի նշան։ Հանկարծակի, ճաշկերույթի ժամանակ Արտավանի հայ զինվորները հարձակվեցին և սպանեցին Գունտարիքի պահակախումբը, իսկ Արտավանը անձամբ սպանեց ապստամբ Գունտարիքին[8]։

Այս արարքը Արտավանին բերեց մեծ համբավ. Հուստինիանոսի զարմուհին, ով գտնվում էր Կարթագենում և ում հետ Գունտարիքը մտադրվել էր ամուսնանալ, Արտավանին նվիրեց մեծամեծ նվերներ, իսկ կայսրը նրան շնորհեց Աֆրիկայի մագիստեր միլիտում (լատին․՝ magister militum) տիտղոսը։ Չնայած Արտավանն արդեն ամուսնացած էր, նա նշանվեց կայսրի զարմուհու հետ։ Արտավանը նրան ուղարկեց Կոստանդնուպոլիս և խնդրեց կայսրից իրեն ետ կանչել, որպեսզ նրանք կարողանան ամուսնանալ[9]։

Արտավանը Կ.Պոլսում և դավադրունն ընդդեմ կայսրի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուստինիանոս I (կառ 527–565):

Շուտով Արտավանը ետ կանչվեց Կոստանդնուպոլիս, ում Աֆրիկայում փոխարինեց Ջոն Տրոգիլտան։ Արտավանը արժանացավ մագիստեր միլիտում պրազենտալիս (լատին․՝ magister militum praesentalis) տիտղոսի և դարձավ պատվավոր հռոմեական կոնսուլ։ Սակայն չնայած այս պատիվներին, Արտավանը այդպես էլ չկարողացավ ամուսնանալ կայսեր զարմուհւ հետ. ամուսնությանը դեմ էր կայսրուհի Թեոդորան։ Նա պահանջեց Արտավանից ամուսնալուծվել առաջին կնոջից, սակայն դա նրան հաջողվեց անել միայն 548 թվականին, երբ կայսեր զարմուհին արդեն ամուսնացել էր[10]։

Արտավանին դուր չեկավ այդպիսի վերաբերմունքը և նա Թեոդորայի մահից հետո մասնակցեց այսպես կոչված ''հայկական'' կամ ''Արտավանի'' դավադրությանը։ Սակայն իրականում դավադրությունը կազմակերպվել էր Արտավանի բարեկամ Արշակը, ով առաջարկում էր սպանել Հուտինիանոսին և գահ բարձրացնել նրա զարմիկ Գերմանիուսին։ Դավադիրները կարծում էին, որ Գերմանուսը կմիանա նրանց, քանի որ Գերմանիուսը դժգոհ էր Հուստիանիոս որոշումից զրկելու իրեն իր մահացած եղբոր ժառանգության մեծ մասից[11]։ Դավադիրներն առաջին հերթին կապ հաստատեցին Գերմանուսի որդու հետ։ Վերջինս միանգամից դավադրության մասին տեղյակ պահեց հորը, ով իր հերթին տեղեկացրեց կոմս էքսկյուբիտորում (լատին․՝ comes excubitorum) Մարցելուսին։ Դավադրության մասին առավել մանրամասն իմանալու համար, Գերմանիուսը որոշեց անձամբ հանդիպել դավադիրների հետ, իսկ Մարցելուսի հավատարիմ մարդկանացից մեկը թաքնվել էր մոտակայքում[12]։ Չնայած Մարցելուսը երկմտում էր առանց լրացուցիչ փաստերի պատմել այս մասին կայսրին, վերջիվերջո նա հայտնեց նրանց ծրագրի մասին։ Հուստինիանոսը հրամայեց դավադիրներին բանտ նետել և հարցաքննել, սակայն նրանց նկատմամբ համեմատաբար մեղմ վերաբերմունք ցույց տրվեց։ Արտավանը զրկվեց իր պաշտոններից և տիտղոսներից և դրվեց կալանքի տակ պալատում։ Իսկ շուտով նրան նույնսիկ ներում շնորհվեց[13]։

Ծառայությունն Իտալիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

550 թվականին Արտավանը նշանակվեց Թրակիայի մագիստեր միլիտում (լատին․՝ magister militum per Thracias) և ուղարկվեց Սիցիլիա ետ շպրտելու օստրոգոթ արքա Տոտիլային, ով վերջերս սկսել էր ասպատակել կղզին։ Արտավանին չհաջողվեց ժամանակին հասնել արշավանքի դուր ելած նավատորմին, իսկ նրա սեփական նավատորմը մեծ կորուստներ տալով ետ վերադարձավ[14]։ Վերջ ի վերջո նա հասավ Սիցիլիա և, առաջնորդելով հռոմեական զորքը, ոչնչացրեց Տոտիլայի կողմից կղզում թողնված զորքերը։ Հետագա երկու տարին նա անցկացրեց Սիցիլիայում։ Համաձայն Պրոկոպիուսի, Իտալիայի պաշարված Կրոտոն քաղաքի բնակիչները բազմիցս Արտավանին դիմում էին օգնության նպատակով, սակայն նա ոչինիչ չձեռնարկեց[15]։

553 թվականին նա անցավ Իտալիա, ուր միացավ հայազգի Նարսեսի գլխավորած հռոմեական բանակին։ 553 թվականին ֆրանկները ներխուժեցին Իտալիա, և Նարսեսը հրամայեց Արտավանին և այլ հրամանատարներին փակել Ապենինյան անցումները և դանդաղեցնել թշնամու առաջխաղացումը։ Հռոմեական մի փոքր զորախումբ պարտություն կրեց Պարմայում, և մնացած զորքը նահանջեց Ֆավենտիա, մինչև որ Նարսեսը ևս մեկ անգամ հրամայեց շարժվել դեպի Պարմա[16]։ 554 թվականին Արտավանը գտնվում էր Պիզաուրումում հռոմեական և հոնական զորքերի հետ միասին։ Ֆանումում Արտավանը դարանակալեց և ջախջախեց ֆրանկական որոշ գնդերի, որոնք ետ էին վերադառնում Գալիա։ Սակայն Արտավանը որոշեց չկռվել ֆրանկական հիմանական բանակի դեմ, քանի որ վերջիններս քանակապես գերազանցում էին նրան[17]։ Այնուհետև նա արշավեց հարավ և միացավ Նարսեսին։ Նրանք շուտով մաքրեցին Իտալիան ֆրանկներից։ Վճռական ճակատամրտը տեցի ունեցավ Կասիլնումի մոտակայքում. նա ղեկավարում էր բանակի ձախ թևի հեծելազորը։ Նրանք Նարսեսի հրամանով թաքնվել էին անտառում և վճռական պահին կարողացան շրջապատել ֆրանկներին։ Ոչինչ հայտնի չէ Արտավանի մասին այս իրադարձություններից հետո[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջ. 125
  2. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջեր. 8–9, 125, 1162
  3. 3,0 3,1 Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջեր. 125, 255, 641
  4. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջեր. 108, 643
  5. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջեր. 108–109, 126, 575
  6. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջ. 126:
  7. Այվազյան 2012, էջ. 30
  8. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջեր. 126–127, 143, 576; Բյուրի 1958, էջ. 146.
  9. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջեր. 126–127, 143, 576; Բյուրի 1958, էջ. 146
  10. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջեր. 127–128, 1048–1049; Բյուրի 1958, էջ. 67
  11. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջ. 128; Բյուրի 1958, էջեր. 66–67
  12. Բյուրի 1958, էջեր. 67–68
  13. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջեր. 128–129; Բյուրի 1958, էջ. 68
  14. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջ. 129; Բյուրի 1958, էջեր. 69, 255–256
  15. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջ. 129; Բյուրի 1958, էջ. 260
  16. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջեր. 129–130
  17. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջեր. 130, 789–790
  18. Մարտինդալ, Ջոնաս & Մորիս 1992, էջ. 130; Բյուրի 1958, էջ. 279
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 145