Գանգի հիմի կոտրվածք
Գանգի հիմի կոտրվածք, գանգի հիմային հատվածում ոսկրային կոտրվածք[1]։ Ախտանշաններից են կապտուկները ականջի հետևում, աչքերի շուրջ և թմբկաթաղանթի հետևում առկա արյունազեղումը[1]։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկի (ՈՒՈՀ) արտահոսք դիտվում է դեպքերի 20%-ում և կարող է առաջանալ քթից կամ ականջից հեղուկի արտահոսքի պատճառով[1]։ Մենինգիտը, որպես բարդություն, առաջանում է 14% դեպքերում[2]։ Այլ բարդություններից են գանգային նյարդի կամ արյունատար անոթի վնասումը[1]։
Այս ախտաբանական վիճակն առաջանալու համար անհրաժեշտ է որոշակի աստիճանի վնասվածք[1]։ Կոտրվածքը առաջանում է հետևյալ ոսկրերից առնվազն մեկում՝ քունքոսկր, ծոծրակոսկր, սեպոսկր, ճակատոսկր կամ մաղոսկր[1]։ Այս կոտրվածքները լինում են առաջային գանգափոսի, միջին գանգափոսի և հետին գանգափոսի կոտրվածքներ[1]։ Դիմային կոտրվածքները նույնպես հաճախ են հանդիպում[1]։ Ախտորոշումը սովորաբար դրվում է ՀՇ հետազոտությամբ[1]։
Բուժումը հիմնականում կախված է գանգի խոռոչում առկա կառուցվածքների վնասման աստիճանից[1]։ Վիրահատությունը կատարվում է ՈւՈՀ-ի չդադարող արտահոսքի, արյունատար անոթի կամ նյարդի վնասման դեպքում[1]։ Հակաբիոտիկների կանխարգելիչ օգտագործման ապացուցողական փաստեր չկան[2][3]։ Այն առաջանում է ծանր գանգուղեղային վնասվածքների 12% դեպքերում[1]։
Նշաններ և ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաթլի նշան – քունքոսկրի պտկաձև ելունի հատվածում կապտուկ
- Ակնոցի ախտանիշ – կապտուկ աչքերի շուրջ, այլ կերպ՝ «սև աչքեր»
- Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քթահոսություն (ռինոլիկվոռեա)
- Գանգային նյարդի պարեզ
- Քթային (երբեմն առատ) և ականջային արյունահոսություն
- Արյունազեղում թմբկաթաղանթում
- Հաղորդչական կամ զգայական խլություն, նիստագմ, փսխում
- 1-10% դեպքերում առաջանում է տեսանյարդի ճնշում[4]։ Տեսանյարդը կարող է սեղմվել կոտրված գանգի ոսկրերով՝ բերելով տեսողության աղավաղման։
- Ծանր դեպքերը կարող են մահվան պատճառ դառնալ։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանգի հիմի կոտրվածքներն ընդգրկում են հետին գանգափոսի կամ առաջային գանգափոսի կոտրվածքներ։ Հետին գանգափոսն ընդգրկում է ծոծրակոսկրը, քունքոսկրը և սեպոսկրի որոշ մասը, իսկ առաջայինը՝ սեպոսկրի վերին մասը և մաղոսկրը։ Քունքոսկրի կոտրվածքը դիտվում է գանգի հիմի կոտրվածքների 75% դեպքում և կարող է լինել երկայնաձիգ, լայնաձիգ կամ խառը, կախված կոտրվածքի գծի հարաբերությունից բրգի երկայնական առանցքին[5]։
Ոսկրերը կարող են կոտրվել մեծ անցքի շրջանում՝ անցք գանգի հիմային հատվածում, որի միջով դուրս է գալիս ուղեղի ցողունը վերածվելով ողնուղեղի, և պայմանավորում դուրս եկող արյունատար անոթների և նյարդերի վնասման ռիսկը[6]։
Գանգային նյարդերի մոտ դասավորության պատճառով, հնարավոր է նրանց վնասում[4]։ Արդյունքում կարող է զարգանալ դիմանյարդի կամ ակնաշարժ նյարդի ֆունկցիայի կորուստ կամ լսողության կորուստ պայմանավորված 8-րդ նյարդի վնասմամբ[4]։
Վարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ուղեղ-ողնուղեղային հեղուկի արտահոսքի առկայությանը՝ կանխարգելիչ առումով հակաբիոտիկների օգտագործումը չունի ապացուցողական հիմք[2][3]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանց տեղաշարժ կոտրվածքները սովորաբար լավանում են առանց որևէ միջամտության։ Գանգի հիմի կոտրվածքով հիվանդները մենինգիտի առաջացման մեծ ռիսկ ունեն[7]։ Դժբախտաբար, կանխարգելիչ հակաբիոտիկների արդյունավետությունը անհայտ է[8]։
Քունքոսկրի կոտրվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին քնային զարկերակի սուր վնասումը (քնային զարկերակի շերտազատում, խցանում, կեղծ անևրիզմայի առաջացում) կարող է լինել ասիմպտոմատիկ կամ բերել կյանքին վտանգ սպառնացող արյունահոսության։ Քնային խողովակի վնասման դեպքում զարկերակը գրեթե միշտ ամբողջությամբ հետազոտվում է, չնայած նրան, որ քնային խողովակի կոտրվածքների միայն փոքր մասն է բերում անոթի վնասման։ Քնային խողովակի վնասման դեպքում վիմային մասի ընդգրման պարագայում քնային զարկերակի վնասման հավանականությունը համեմատաբար ավելի բարձր է[9]։
Հասարակություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանգի հիմի կոտրվածքները մահվան հաճախ հանդիպող պատճառ են մեքենաների մրցավազքի ժամանակ ։ Գանգի հիմի կոտրվածքնեից մահացած հայտնի վարորդներից են Ֆորմուլա Մեկի վարորդներ Ռոլանդ Ռացենբերգերը և Այրտոն Սեննան, IndyCar-ի վարորդներ Բիլլ Վուկովիչը, Թոնի Բեթթենհաուզենը, Ֆլոյդ Ռոբերտսը և Սկոտտ Բրայտոնը, NASCAR-ի վարորդներ Դեյլ Էարնհարդտը, Ադամ Փեթթին, Թոնի Րոփերը, Քեննի Իրվինը, Նեյլ Բոննետտը, Ջոն Նեմեչեկը, Ջ․Դ․ ՄակԴաֆֆին և Րիչի Էվանսը, CART-ի վարորդներ Ջովի Մարսելոն, Գրեգ Մուրը և Գոնսալո Ռոդրիգեսը, և ARCA-ի վարորդներ Բլեյս Ալեքսանդրը և Սլիք Ջոնսոնը։
Այս վնասման կանխարգելման համար շատ մրցավազքային սպորտաձևերում մարզիկներին տրամադրվում են գլխի և պարանոցի անվտանգությունն ապահովող սաղավարտներ, ինչպիսին է HANS սարքը[10][11][12]։ HANS սարքը բազմաթիվ անգամներ է ցուցադրել իր կյանքեր փրկող հատկությունները, ներառյալ Ջեֆֆ Գորդոնի դեպքը 2006-ի Պոկոնո 500-ում, Մայքլ ՄակԴոուելլը Թեքսասի մրցավազքում (2008թ․)[13], Ռոբերտ Կուբիկան 2007-ի Կանադական Գրան Պրի-ում և Էլիոթ Սեդլերը 2010-ի Պոկոնո կարմիր խաչ 500-ում[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Baugnon, KL; Hudgins, PA (August 2014). «Skull base fractures and their complications». Neuroimaging Clinics of North America. 24 (3): 439–65, vii–viii. doi:10.1016/j.nic.2014.03.001. PMID 25086806.
- ↑ 2,0 2,1 2,2 Nellis, JC; Kesser, BW; Park, SS (January 2014). «What is the efficacy of prophylactic antibiotics in basilar skull fractures?». The Laryngoscope. 124 (1): 8–9. doi:10.1002/lary.23934. PMID 24122671.
- ↑ 3,0 3,1 Ratilal, Bernardo O; Costa, João; Pappamikail, Lia; Sampaio, Cristina; Ratilal, Bernardo O (2015). «Antibiotic prophylaxis for preventing meningitis in patients with basilar skull fractures». The Cochrane Database of Systematic Reviews. 4 (4): CD004884. doi:10.1002/14651858.CD004884.pub4. PMID 25918919.
- ↑ 4,0 4,1 4,2 Head Trauma 907273, բաժին Pediatric Head Trauma(անգլ.) EMedicine կայքում
- ↑ Fracture 248108, բաժին Skull Fracture(անգլ.) EMedicine կայքում
- ↑ «About Brain Injury». Brain Injury Association of America. 2012 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Dagi, T.Forcht; Meyer, Frederick B.; Poletti, Charles A. (1983). «The incidence and prevention of meningitis after basilar skull fracture». The American Journal of Emergency Medicine. 1 (3): 295–8. doi:10.1016/0735-6757(83)90109-2. PMID 6680635.
- ↑ Butler, John. «Antibiotics in base of skull fractures». BestBets. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- ↑ Resnick, Daniel K.; Subach, Brian R.; Marion, Donald W. (1997). «The Significance of Carotid Canal Involvement in Basilar Cranial Fracture». Neurosurgery. 40 (6): 1177–81. doi:10.1097/00006123-199706000-00012. PMID 9179890.
- ↑ «NASCAR mandates HANS for 3 series». The Washington Times. The Washington Times LLC. 2001 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «MSA confirms Motor Sports Council decisions regarding Frontal Head Restraints». MSA. Motor Sports Association. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Head and Neck Restraints Mandatory!». NNJR SCCA. Sports Car Club of America. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ ANDERSON, LARS. «HOW SAFE IS RACING?». SI.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Sadler: Sunday's crash hardest in Cup history». ESPN.com. 2010 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
|